Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.03.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.604
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.03.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-2583

Քաղաքացիական գործ թիվ 3-17(ՎԴ)

2009թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Դ. Խաչատրյան 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ա. Մաթևոսյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մկրտիչ Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.08.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Գագիկ Մնացականյանի հայցի ընդդեմ Մկրտիչ Մնացականյանի` բաժնային սեփականությունում բաժնի դիմաց փոխհատուցում վճարելու և սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Գագիկ Մնացականյանը պահանջել է բաժնային սեփականությունում Մկրտիչ Մնացականյանին պատկանող բաժնի դիմաց 11.250.000 դրամի չափով փոխհատուցում վճարել և դադարեցնել պատասխանողի սեփականության իրավունքը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 07.04.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.08.2007 թվականի վճռով Գագիկ Մնացականյանի հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մկրտիչ Մնացականյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գագիկ Մնացականյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 19-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 94-րդ, 118-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքաննիչ դաատարանը գործը քննել է պատասխանողի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 19-րդ հոդվածներով նախատեսված սեփականության և երաշխավորված արդար դատական իրավունքը:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ, 61-րդ, 61.1-րդ, 62-րդ հոդվածները և 130-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա մի շարք ապացույցներ և հաստատված համարելով, որ Մկրտիչ Մնացականյանը չի բնակվում վիճելի բնակարանում, բնակարանի 606.8 քմ ընդհանուր մակերեսից 136 քմ մակերեսի նկատմամբ կողմերը հավասար բաժիններով համասեփականատերեր են, իսկ 470.8 քմ մակերեսի սեփականատեր է Գագիկ Մնացականյանը, հանգել է այն հետևության, որ պատասխանողի բաժինն աննշան է, և դրանից ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի:

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության 25.01.2006 թվականի եզրակացությունը, հաշվի չի առել, որ դրանով եզրակացություն է տրվել միայն 136 քմ բնակելի տունը երկու հավասար մասի բաժանելու հնարավորության մասին առանց հողամասի առկայությունը հաշվի առնելու: Բացի այդ, Մկրտիչ Մնացականյանը տվյալ հասցեում ունի 122,0 քմ վարձակալության իրավունքով հողամաս և 12,5 քմ սեփականության իրավունքով ավտոտնակ:

Ինչ վերաբերում է «Օլիվեր Գրուպ» ՍՊ ընկերության 22.05.2007 թվականի եզրակացությանը, ապա այն չի նշանակվել դատարանի կողմից, այլ հայցվորի պատվերով` դրանով խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.08.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Վերաքննիչ դատարանը կիրառել է բոլոր հնարավոր միջոցները Մկրտիչ Մնացականյանին դատական նիստին մասնակից դարձնելու համար:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, մինչև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ծանուցումն ուղարկելը, դատական նիստի ժամանակի և վայրի մասին տեղեկացրել և ծանուցել է պատասխանողի ներկայացուցիչ փաստաբան Արմեն Սիմոնյանին:

Վճռաբեկ բողոքում նշված այն պնդումը, թե պատասխանողն էական շահ ունի ընդհանուր գույքի օգտագործման մեջ, անհիմն է, քանի որ պատասխանողը և իր ընտանիքի անդամները 2000 թվականից մշտապես բնակվում են ԱՄՆ-ում, այս տարիների ընթացքում նշված բնակելի տանը չեն բնակվել և հետևաբար ընդհանուր գույքի օգտագործման մեջ էական շահ ունենալ չեն կարող:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Մկրտիչ Մնացականյանը հաշվառված է Երևանի Սովխոզային փողոց, թիվ 59 հասցեում գտնվող տանը (գ.թ.5, 29 հ.1-ին):

2. Վերաքննիչ դատարանը 20.07.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցել է Մկրտիչ Մնացականյանին և նրա ներկայացուցիչ Արմեն Սիմոնյանին: Նշված ծանուցագիրը Մկրտիչ Մնացականյանի կողմից ստանալու փաստը հաստատող որևէ ապացույց գործում առկա չէ: Արմեն Սիմոնյանը վերադարձրել է ծանուցագիրը և հայտնել, որ Մկրտիչ Մնացականյանի շահերը չի ներկայացնում (գ.թ.131-132, հ. 1-ին):

3. 27.07.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը Վերաքննիչ դատարանն ուղարկել է Կենտրոն համայնքի ղեկավարին (գ.թ.137, հ.1-ին):

4. Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի գրության համաձայն՝ Մկրտիչ Մնացականյանը չի ծանուցվել հանրապետությունից բացակայելու պատճառով (գ.թ.138, հ.1-ին):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Նշված նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց՝ դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն նույն հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասը հնարավորություն է ընձեռում դատարանին պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում գործը քննել պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո: Տվյալ դեպքում դատարանում ստացվել է Կենտրոն համայնքի ղեկավարի տեղակալի` դատարանին հասցեագրված 26.07.2007 թվականի թիվ 23/35-122/387 գրությունը, որով հայտնվել է, որ Մկրտիչ Մնացականյանը չի ծանուցվել՝ հանրապետությունից բացակայելու պատճառով:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցման ընթացակարգի պահպանմամբ գործը քննելով խախտել է պատասխանողի՝ ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածով նախատեսված սեփականության իրավունքը, ինչպես նաև 19-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումը չպետք է և չի կարող սահմանափակել կամ ի չիք դարձնել անձի արդար դատաքննության սահմանադրական իրավունքը:

Միաժամանակ, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Վճռաբեկ դատարանն արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (տե՜ս` Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-24 (Ա) որոշումը՝ քաղաքացիական գործով ըստ Արմեն Մարգարյանի հայցի ընդդեմ Աշոտ Մարգարյանի՝ բաժնային սեփականության գույքից բաժինն առանձնացնելու և փոխհատուցում վճարելով սեփականության իրավունքը դադարեցնելու պահանաջների մասին):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատմանը:

Սույն գործի փաստերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը զրկված է եղել դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքում բերված փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ դրանք Վերաքննիչ դատարանում քննության առարկա չեն դարձել կողմի դատավարական իրավունքի սահմանափակման արդյունքում:

Այսպիսով, սույն բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.08.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան