ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2009 թվականի N 547-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 108-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Երևանի քաղաքապետի առաջին երդման արարողության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 21 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 7-ի N 547-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ
1. Նորընտիր Երևանի քաղաքապետի առաջին երդման արարողության նպատակով` Երևանի քաղաքապետի ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը, ժամը 11.00-ին օրենքի ուժով հրավիրվում է Երևանի ավագանու նիստ: Նիստը տեղի է ունենում Երևանի ավագանու նստավայրում` Երևան քաղաքի Արգիշտիի 1 հասցեում:
2. Երևանի քաղաքապետի առաջին երդման արարողության նախապատրաստման և անցկացման կազմակերպման պատասխանատուն «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկն է (այսուհետ` աշխատակազմ):
3. Աշխատակազմը ժամը 10.00 - 11.00-ն գրանցում է ավագանու անդամներին:
4. Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է առնվազն ավագանու 33 անդամ: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, ապա ավագանու նիստ է գումարվում հաջորդ օրը, ժամը 11.00-ին:
5. Նիստը վարում է ավագանու նիստին ներկա` տարիքով ավագ անդամը:
6. Նիստը վարողը հայտարարում է նիստի օրակարգը` Երևանի քաղաքապետի երդում:
7. Նիստին ներկա են գտնվում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը (համաձայնությամբ), հրավիրված պետական, եկեղեցական, մշակութային և հասարակական գործիչները:
8. Նիստը վարողն ընտրված քաղաքապետին հրավիրում է ամբիոնի մոտ։ Ամբիոնին մոտենալուց հետո` ընտրված քաղաքապետն արտասանում է երդման տեքստը.
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը` երդվում եմ.
Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին:
Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը:»:
9. Երդումն արտասանելուց հետո հնչում է Երևան քաղաքի օրհներգը: Երևանի քաղաքապետն ստորագրում է երդման տեքստի տակ, որն ի պահ է հանձնվում Երևան քաղաքի թանգարան:
10. Երդման տեքստն ստորագրվելուց հետո` նիստը վարողը ելույթի համար ձայնը տալիս է Երևանի քաղաքապետին:
11. Ելույթի համար տրվում է մինչև 20 րոպե ժամանակ:
12. Ելույթից հետո Երևանի քաղաքապետն զբաղեցնում է նախագահողի տեղը և շարունակում վարել նիստը:
13. Ողջույնի խոսքերով կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը, ինչպես նաև կարող են հրապարակվել ուղերձներ:
14. Ողջույնի խոսքերից և ուղերձների հրապարակումից հետո Երևանի քաղաքապետը հայտարարում է նիստը փակված:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |