ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2009 թվականի N 477-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին գլխի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերը, հողային պաշարների կառավարման լիազոր մարմինների հետ համաձայնեցնելուց հետո, սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Երևանի քաղաքային համայնքին` բացառությամբ`
1) հատուկ պահպանվող տարածքներից` բուսաբանական այգու, ինչպես նաև այդ նպատակների համար պահեստավորված տարածքների.
2) պետական սեփականություն հանդիսացող` անտառով զբաղեցված տարածքների.
3) պետական նշանակության (օրենսդիր, գործադիր և դատական մարմինների), պետական ոչ առևտրային կազմակերպությունների շենքերով, շինություններով զբաղեցված և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի.
4) հատուկ նշանակության հողերի.
5) գետերով զբաղեցված տարածքների.
6) այն հողերի, որոնք անհրաժեշտ են համապետական ու տարածքային նպատակային ծրագրերի իրականացման համար:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Երևանի քաղաքային համայնքին փոխանցվող հողերից քաղաքացիներին և այլ իրավաբանական անձանց մասնավորեցման ենթակա չեն`
1) բնակավայրերում ընդհանուր օգտագործման (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր) հողերը.
2) ջրային օբյեկտների և ավազանների առափնյա շերտերը, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային, երկաթուղային ճանապարհների, խողովակաշարերի և այլ տրանսպորտի համար առանձնացված շերտերը, էլեկտրահաղորդիչ գծերի, մայրուղային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, գազատարների, ջրանցքներով զբաղեցված, ինչպես նաև դրանց հեռանկարային զարգացման համար առանձնացված հողերը.
3) պատմական և մշակութային արժեքների օբյեկտների, հուշահամալիրների, հուշազբոսայգիների, բնության հուշարձանների, դամբարանադաշտերի, զինվորական և քաղաքացիական գերեզմանոցների հողերը.
4) պետության կողմից հաշվառված և գրանցված օգտակար հանածոների տեղադրվածությունները:
3. Երևանի քաղաքապետին` 10- օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացման ֆինանսավորման վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մինչև 2009 թվականի նոյեմբերի 30-ը ապահովել սույն որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը և «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու մասին» որոշման նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|