Գլխավոր տեղեկություն
Համար
N 491-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.11.2009-28.01.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.20/26(692) Հոդ.563
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2009 թվականի N 491-Ն

ՇՇԱԼՑՎԱԾ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման խնդիրները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` 6-ամսյա ժամկետում իրականացնել ուսումնասիրություններ և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք սպառողական շուկայում սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու ազդեցության մասին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 5-ամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանքային ջրերի շարքը դասված և արդյունահանված հումքի օգտագործման կարգը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6-ամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 11-րդ կետով սահմանված` բուժիչ, բնական հանքային ջրերին ներկայացվող պահանջները և իրացման կարգը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 48-րդ կետի, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ուժի մեջ կմտնի 2012 թվականի հունվարի 1-ից, իսկ սննդի շղթայի 5-10-ը ներառյալ աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար` 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. մայիսի 12
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
ապրիլի 30-ի N 491-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՇՇԱԼՑՎԱԾ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 22 0110 ծածկագրով` որպես սննդամթերք օգտագործվող` սպառողներին իրացվող շշալցված հանքային ջրերի վրա:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են շշալցված հանքային ջրերին ներկայացվող անվտանգության պահանջները, դրանց արտադրությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, օգտահանմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության հավաստման ընթացակարգերը, ինչպես նաև սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով նույնականացման կանոնները:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտը չի տարածվում մանկական սննդի համար նախատեսված արտադրանքի վրա:

4. Հանքային ջրերը ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները, որոնց սահմանումներն իրենց մեջ պարունակում են հանքային ջրերի նույնականացման հատկանիշներ՝

1) հանքային ջուր՝ բնական հանքային ջուր կամ սեղանի հանքային ջուր կամ բուժիչ բնական հանքային ջուր՝ շշալցված սպառողական տարաներում, որը նախատեսված է մարդու կողմից որպես սննդամթերք օգտագործելու համար.

2) բնական հանքային ջուր՝ ջուր, որի հանքայնացումը բարձր է 1 գ/դմ3-ից և տարբերվում է սովորական խմելու ջրից հետևյալ հատկություններով և շշալցման պայմաններով, որոնց չեն պատկանում հիդրոքիմիական տիպերի տարբեր ձևավորման պայմաններով տարբեր ջրապարունակ հորիզոններից բնական հանքային ջրերի խառնուրդները՝

ա. պարունակում է որոշ հանքային աղեր` որոշակի հարաբերակցությամբ, ինչպես նաև միկրոտարրեր կամ այլ կենսաբաղադրիչներ,

բ. ստացված է անմիջականորեն հանքային ջրի բնական աղբյուրից կամ հորատանցքից,

գ. ունի կայուն քիմիական բաղադրություն և ջերմաստիճան, որոնք կախված են բնական ցիկլի տատանումներից,

դ. շշալցվում է այնպիսի պայմաններում, որոնք երաշխավորում են ջրի սկզբնական մանրէաբանական մաքրությունը,

ե. խողովակաշարով անմիջականորեն ստացվում է հանքային ջրի բնական աղբյուրից կամ հորատանցքից և շշալցվում է դրա կամ դրան հարակից տարածքում` շշալցվող ջրերին ներկայացվող հիգիենայի կանոնների պահպանմամբ,

զ. չի ենթարկվում մշակման՝ բացառությամբ սույն տեխնիկական կանոնակարգի 45-րդ կետով նշված եղանակների.

3) սեղանի հանքային ջուր՝ սույն կետի 2-րդ ենթակետով բնական հանքային ջրերի համար սահմանված պայմաններին չբավարարող սպառողական տարաներում շշալցված բնական աղբյուրի (հորատանցքի) հանքային ջուր կամ սպառողական տարաներում շշալցված երկու կամ ավելի բնական աղբյուրների (հորատանցքերի) հանքային ջրերի խառնուրդ, որն ունի մինչև 2 գ/դմ3 հանքայնություն.

4) բուժիչ բնական հանքային ջուր՝ բնական հանքային ջուր, որն իր հատկությամբ չի կարող օգտագործվել առանց օգտագործման համար սահմանափակման.

5) բնական գազավորած բնական հանքային ջուր՝ բնական հանքային ջուր, որը սույն տեխնիկական կանոնակարգի 45-րդ կետին համապատասխան հնարավոր մշակումից, ինչպես նաև գազավորումից և փաթեթավորումից հետո ունի հանքային ջրի բնական աղբյուրից ստացված գազի նույն պարունակությունը (զանգվածի 0,2 տոկոսից ոչ պակաս).

6) գազավորած բնական հանքային ջուր՝ բնական հանքային ջուր, որը սույն տեխնիկական կանոնակարգի 45-րդ կետին համապատասխան հնարավոր մշակումից հետո պարունակում է զանգվածի 0,2 տոկոսից ոչ պակաս ածխածնի երկօքսիդ.

7) չգազավորած բնական հանքային ջուր՝ բնական հանքային ջուր, որն իր բնույթով և սույն տեխնիկական կանոնակարգի 45-րդ կետին համապատասխան հնարավոր մշակումից, ինչպես նաև փաթեթավորումից հետո պարունակում է զանգվածի 0,2 տոկոսից պակաս ածխածնի երկօքսիդ.

8) ածխածնազերծված (դեգազացված) բնական հանքային ջուր և աղբյուրից ածխածնի երկօքսիդով հագեցած բնական հանքային ջուր՝ բնական հանքային ջուր, որը սույն տեխնիկական կանոնակարգի 45-րդ կետին համապատասխան հնարավոր մշակումից, ինչպես նաև փաթեթավորումից հետո ածխածնի երկօքսիդի պարունակությունը տարբերվում է հանքային ջրի բնական աղբյուրից.

9) գազավորած սեղանի հանքային ջուր՝ սեղանի հանքային ջուր, որը փաթեթավորումից հետո պարունակում է զանգվածի 0,2 տոկոսից ոչ պակաս ածխածնի երկօքսիդ.

10) չգազավորած սեղանի հանքային ջուր՝ սեղանի հանքային ջուր, որը փաթեթավորումից հետո պարունակում է զանգվածի 0,2 տոկոսից պակաս ածխածնի երկօքսիդ.

11) հանքային ջրի հատկություն՝ հանքային ջրում կատիոնների` կալցիումի, մագնեզիումի, նատրիումի և կալիումի, անիոնների՝ հիդրոկարբոնատների, սուլֆատների, քլորիդների, բնորոշիչ բաղադրիչների՝ սիլիկաթթվի, մետաբորաթթվի, կենսաակտիվ միկրոտարրերի, օրգանական նյութերի, ճառագայթաակտիվ տարրերի պարունակություն և հարաբերակցություն.

12) հանքային ջրի բնական աղբյուր՝ մակերևույթի վրա հանքային ջրի բնական ելք.

13) հանքային ջրի հորատանցք՝ հորատելով գետնի մեջ բացած անցք` բնական հանքային ջուր ստանալու նպատակով.

14) արտադրական սենք՝ սենք, որն օգտագործվում է անմիջապես հանքային ջրի արտադրության համար.

15) սենքերի, սարքավորանքի և գույքի սանիտարական մշակում՝ սենքերի, սարքավորանքի և գույքի մակերևույթի լվացում կամ այլ մշակում, որի արդյունքում սենքերը, սարքավորանքը և գույքը չեն կարող հանդիսանալ սննդամթերքի (հումքի) աղտոտման աղբյուր.

16) սննդամթերքի աղտոտում՝ առարկաների, մասնիկների, նյութերի և միկրոմարմինների թափանցումը սննդամթերքի մեջ, որի հետևանքով այն ձեռք է բերում մարդու համար վտանգավոր հատկություններ և դադարում է համապատասխանել տեխնիկական կանոնակարգի պահանջներին.

17) հետևելիություն՝ սպառողից բացի այլ շահագրգիռ անձանց հնարավորություն, որը թույլ է տալիս փաստաթղթերով որոշելու հանքային ջրի (հումքի) նախորդ և հետագա սեփականատիրոջը:

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

6. Հայաստանի Հանրապետության տարածքում հանքային ջրերի իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օենսդրությամբ սահմանված պայմանները:

7. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող հանքային ջրերը պետք է ուղեկցվեն համապատասխանության սերտիֆիկատով կամ համապատասխանության հայտարարագրով, կամ ունենան համապատասխանության նշանի մակնշում:

8. Սպառողական փաթեթվածքի մեջ հանքային ջրերի շշալցման համար պետք է օգտագործվի ընդերքօգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հանքային ջրերին դասված և արդյունահանված հումքը:

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

9. Հանքային ջրերին ներկայացվող անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգով, ինչպես նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:

10. Հանքային ջրերի քիմիական կազմը բնութագրող անվտանգության ցուցանիշները ներկայացված են N 1 աղյուսակում:

Աղյուսակ N 1

Քիմիական կազմի անվտանգության ցուցանիշները, մգ/դմ3 

NN ը/կ

 

Տարրերի
անվանումը

Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահից 4 տարվա ընթացքում

Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահից 4 տարին լրանալուց հետո

1.

Կապար

0,01

0,01

2.

Կադմիում

0,003

0,003

3.

Սնդիկ

0,001

0,001

4.

Սելեն

0,05

0,01

5.

Արսեն

0,1

0,01

6.

Ստրոնցիում

25,0

25,0

7.

Ֆտորիդ

10

5,0
(13-րդ կետ)

8.

Նիկել

Չի վերահսկվում

0,02

9.

Ծարիր

Չի վերահսկվում

0,005
(12-րդ կետ)

10.

Ցիանիդներ

Չի վերահսկվում

0,07
(12-րդ կետ)

11.

Պղինձ

1,0

1,0

12.

Բարիում

1,0

1,0

13.

Քրոմ

Չի վերահսկվում

0,05

14.

Նիտրատներ

50,0

50,0

15.

Նիտրիտներ

2,0

0,02

16.

Ֆենոլներ

0,001

0,001

17.

Ամոնիում (ըստ NH4 +)

2

2

18.

Մոլիբդեն (Mo)

0,5

0,5

19.

Բերիլիում

0,0002

0,0002

20.

Մանգան

0,1

0,5

21.

Բորաթթվի աղեր

-

5

22.

Պեստիցիդներ և քլորբենզոլային ածանցյալներ PCBS

-

Հայտնաբերված չէ

23.

Արոմատիկ բազմա-ցիկլային ածխաջրա-ծիններ

-

Հայտնաբերված չէ

 

11. Բուժիչ բնական հանքային ջրերի համար սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով նախատեսված արսենի պարունակությունը թույլատրվում է մինչև 2 մգ/դմ3: Բուժիչ բնական հանքային ջրերին ներկայացվող պահանջները և դրանց իրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

 12. Սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով նախատեսված ծարիրի և ցիանիդների պարունակությունը որոշվում է սույն տեխնիկական կանոնակարգի նպատակներով կիրառման համար հանքային ջրերի օգտագործման հնարավորությունը գնահատելու ժամանակ:

13. Սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակում նախատեսված 1 մգ/դմ3-ից ավելի ֆտորիդի պարունակության դեպքում արտադրողը պետք է սպառողական տարայի պիտակի վրա նշի «Պարունակում է ֆտորիդ», իսկ 2 մգ/դմ3-ից ավելի լինելու դեպքում՝ «Չի թույլատրվում նորածինների և մինչև 7 տարեկան երեխաների կողմից օգտագործումը»:

14. Հանքային ջրերի մանրէաբանական անվտանգությունը բնութագրող ցուցանիշները ներկայացված են N 2 աղյուսակում:

Աղյուսակ N 2

Անվտանգության մանրէաբանական ցուցանիշները

NN ը/կ

Ցուցանիշի անվանումը

Ցուցանիշի սահմանային թույլատրելի մակարդակը

1.

ԱՑԽՄ (կոլիձևեր)

250 սմ3-ում բացակայում է

2.

Ջերմատոլերանտ կոլիձևեր

250 սմ3-ում բացակայում է

3.

Ֆեկալ ստրեպտոկոկեր

250 սմ3-ում բացակայում է

4.

Սուլֆիտվերականգնող անաերոբներ

50 սմ3-ում բացակայում է

5.

Պսևդոմոնաս աերուգինոզա
(Pseudomonas aeruginosa)

250 սմ3-ում բացակայում է

15. Հանքային ջրերում ճառագայթային անվտանգությունը բնորոշող ցուցանիշները ներկայացված են N 3 աղյուսակում:

Աղյուսակ N 3

Ճառագայթային անվտանգության ցուցանիշները

NN
ը/կ

Ցուցանիշի անվանումը

Ցուցանիշի սահմանային թույլատրելի մակարդակը,
Բկ/լ (ԲԿ/կգ)

1.

Ընդհանուր  ճառագայթաակտիվությունը

0,1

2.

Ընդհանուր ճառագայթաակտիվությունը

1,0

3.

Ուրան, Ս 234, 238

45,0

4.

Ռադիում, Ra 226, 228

18,0

5.

Ցեզիում, Cs 134, 137

600,0

6.

Ստրոնցիում, Sr 90

100,0

7.

Յոդ, J 131

500,0

8.

Պլուտոնիում, Pս 238, 239

10,0

9.

Ամերիցիում, Am 241

10,0

16. Սույն տեխնիկական կանոնակարգի N 3 աղյուսակով սահմանված և  ընդհանուր ճառագայթային անվտանգության նորմերի գերազանցման դեպքում անհրաժեշտ է կատարել նշված աղյուսակում տրված այլ ցուցանիշների գնահատում:

V. ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱԿՆՇՈՒՄԸ, ՊԱՀՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

17. Հանքային ջրերի սպառողական շշերը և դրանց խցանափակման արտադրատեսակները պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 679-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգով սահմանված պոլիմերային նյութերից և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող նյութերին և դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1282-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող նյութերից պատրաստված և հանքային ջրերի փոխադրման ու պահման պայմանների պահպանման դեպքում դրանց պիտանիության ժամկետի ընթացքում անվտանգության պահանջներն ապահովող շշերի մեջ:

18. Հանքային ջրերի բնական աղբյուրներից (հորատանցքերից) վերցված շշալցման համար նախատեսված հանքային ջրերի հումքի փոխադրումը պետք է իրականացվի կոնկրետ հանքային ջրի տեխնոլոգիական հրահանգով սահմանված կարգով` կապարակնքված ցիստեռններով: Այդպիսի ցիստեռնները պետք է ունենան չջնջվող մականշվածք այն մասին, որ դրանք նախատեսված են միայն հեղուկ սննդամթերք փոխադրելու համար:

19. Հանքային ջրերով սպառողական շշերը պետք է լինեն հերմետիկ փաթեթավորված այնպես, որ բացառվի առանց փաթեթվածքի ամբողջականության ակնհայտ խախտման դրա պարունակություն կամ այդ փաթեթվածքը փակող սարքավորում ներթափանցելու հնարավորությունը:

20. Շշալցված հանքային ջրերի զտաքաշերի բացասական շեղումները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Կշռածրարման, վաճառքի, ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1928-Ն որոշմամբ հաստատված թույլատրելի շեղումները:

21. Հանքային ջրերի մակնշումն իրականացվում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրության պահանջներին համապատասխան և պետք է պարունակի հավաստի տեղեկատվություն տվյալ հանքային ջրի մասին:

22. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան շշալցված հանքային ջրերի պիտակների վրա մակնշումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

1) հանքային ջրի առևտրային անվանումը, որն իրենից ներկայացնում է`

ա. բնական հանքային ջրերի համար՝ հանքային ջրի բնական աղբյուրի կամ հորատանցքի գտնվելու վայրի աշխարհագրական անվանումը կամ դրան համապատասխան անվանում,

բ) սեղանի հանքային ջրերի համար՝ շշալցնող սուբյեկտի կողմից տվյալ հանքային ջրի նկատմամբ կիրառվող և աշխարհագրական վայրի անվանում չհանդիսացող անվանում,

գ) բուժիչ բնական հանքային ջրերի համար` հանքային ջրի բնական աղբյուրի կամ հորատանցքի գտնվելու վայրի աշխարհագրական անվանումը կամ դրան համապատասխան անվանում.

2) հանքային ջրի տեսակը` համապատասխանաբար՝ «բնական հանքային ջուր» կամ «սեղանի հանքային ջուր» կամ «բուժիչ բնական հանքային ջուր» նշումը.

3) հանքային ջրի գազավորման մասին նշում` (գազավորած, չգազավորած)՝ հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգի 24-րդ կետի պահանջները.

4) հանքային ջրի բնական աղբյուրի անվանումը կամ հորատանցքի (հորատանցքերի) համարը (համարները) և դրանց գտնվելու վայրը.

5) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը.

6) արտադրողի ու սպառողների բողոքների ընդունման համար արտադրողի կողմից լիազորված Հայաստանի Հանրապետությունում գտնվող կազմակերպության (առկայության դեպքում) անվանումը և գտնվելու վայրը.

7) ընդհանուր հանքայնացումը կամ չոր մնացորդը, գրամ/լիտրով.

8) հանքային ջրի քիմիական կազմը, որը բնութագրում և թույլ է տալիս նույնականացնել տվյալ հանքային ջուրը (որոշում է արտադրողը)՝ բնական փոփոխակումների սահմաններում.

9) տեղեկատվություն օգտագործման սահմանափակման մասին (առկայության դեպքում).

10) ծավալը` լիտրով.

11) պահման պայմանները.

12) պիտանիության ժամկետը.

13) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի «Սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը և մականշվածքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1392-Ն որոշման:

23. Սույն կանոնակարգի 22-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված «Բնական հանքային ջուր» և «բուժիչ բնական հանքային ջուր» մակնշումների կիրառումն արգելվում է, եթե շշալցումը կամ դրան նախորդող այլ գործընթացներն իրականացվել են բնական աղբյուրից ցիստեռններով փոխադրված հանքային ջրերով:

24. Բնական հանքային ջրերի գազավորման հատկությունները նշելու համար պետք է կիրառվեն սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ կետում նշված հասկացությունները, որոնց նկատմամբ կարելի է կիրառել հետևյալ տեսակները`

1) «Բնական գազավորած բնական հանքային ջուր».

2) «Չգազավորած բնական հանքային ջուր».

3) «Ածխածնազերծված (դեգազացված) բնական հանքային ջուր».

4) «Աղբյուրից ածխածնի երկօքսիդով հագեցած բնական հանքային ջուր».

5) «Գազավորած բնական հանքային ջուր»:

25. Կախված բնական հանքային ջրերի գազավորման հատկություններից՝ սույն տեխնիկական կանոնակարգի 24-րդ կետով նախատեսված տեսակները մակնշվում են հետևյալ դեպքերում՝

1) «Բնական գազավորած բնական հանքային ջուր» անվանումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե հանքային ջրում ածխածնի երկօքսիդի պարունակությունը նույնն է, ինչպիսինը հանքային ջրի բնական աղբյուրինը՝ սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան.

 2) «Չգազավորած բնական հանքային ջուր» անվանումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե հանքային ջրի բնական աղբյուրից հոսող ջրում չի պարունակվում այն քանակությամբ ազատ ածխածնի երկօքսիդ, որը համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ կետի 7-րդ ենթակետին համապատասխան.

3) «Ածխածնազերծված (դեգազացված) բնական հանքային ջուր» անվանումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե այդ ջրի մեջ ածխածնի երկօքսիդի պարունակությունն ավելի չէ, քան հանքային ջրի բնական աղբյուրից դուրս եկող ջրում՝ սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան.

4) «Աղբյուրից ածխածնի երկօքսիդով հագեցված բնական հանքային ջուր» անվանումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե այդ ջրի մեջ ածխածնի երկօքսիդի պարունակությունը պակաս չէ, քան հանքային ջրի բնական աղբյուրից դուրս եկող ջրում՝ սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան.

5) «Գազավորած բնական հանքային ջուր» անվանումը կիրառվում է միայն այն դեպքում, եթե այդ ջրի մեջ ավելացնում են այլ ծագման ածխածնի երկօքսիդ՝ սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան:

26. Հանքային ջրերի մակնշման մեջ չի թույլատրվում նշել ցանկացած հատուկ (այդ թվում` բնական հանքային ջրերի և սեղանի հանքային ջրերի մակնշման մեջ «բուժիչ») հասկացություններ, ինչպես նաև կապված բնական հանքային ջրի ծագման (հանքավայրի անվանման) հետ, ներառյալ հանքային ջրի անվանումը, եթե հայտարարված հատկությունները հավաստող ապացույցները բացակայում են:

27. Հանքային ջրերի փոխադրական տարաների մակնշումը պետք է ներառի հանքային ջրի անվանումը, տեսակը, արտադրող կազմակերպության անվանումը (ֆիրմային անվանումը) ու գտնվելու վայրը, շշալցման տարեթիվը, ամիսը, օրը, փոխադրական տարայում շշալցված տարաների քանակը, ինչպես նաև հետևյալ վարվելակարգային նշանները՝

 

Ներմուծեք նկարագրությունը_158

 

28. Հանքային ջրերի մակնշման տեքստը պետք է տեղադրվի անմիջապես սպառողական տարայի պիտակի վրա, հեշտությամբ հասկացվի, զետեղված լինի երևացող տեղում հեշտ տեսնելու և կարդալու համար:

29. Հանքային ջրերով շշերին թույլատրվում է փակցնել նաև կրկնապիտակ և մանեկապիտակ՝ գովազդային բնույթի տեղեկատվությամբ:

30. Պիտակի տեքստը և մակնշման գրառումները կատարում են հայերեն և այլ լեզուներով` պատվիրատուի պահանջով:

31. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող հանքային ջրերի հայերեն մակնշումն իրականացվում է ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1838-Ն որոշման:

32. Շշալցված հանքային ջրերը պահվում են մութ, չոր, օդափոխվող հատուկ պահեստներում 50C -ից մինչև 200C ջերմաստիճանի պայմաններում:

33. Թույլատրվում է պահման ընթացքում կրոնենխցանների արտաքին մակերևույթի վրա առանձին ժանգաբծերի առաջացում, որոնք չեն խախտում խցանափակման հերմետիկությունը:

34. Հանքային ջրերի պիտանիության ժամկետը սահմանում է արտադրողն այնպես, որ տվյալ տեսակի ջրի տեխնոլոգիական հրահանգին համապատասխան մշակման դեպքում և սույն տեխնիկական կանոնակարգի 32-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան պահման դեպքում հանքային ջրերը ձեռք չբերեն մարդու առողջության համար վտանգավոր հատկություններ:

35. Հանքային ջրերը պետք է փոխադրել արտադրողի կողմից սահմանված փոխադրման պայմաններն ապահովող տրանսպորտային միջոցներով, թափքերով փակ տրանսպորտի բոլոր տեսակներով, տրանսպորտի տվյալ տեսակով բեռների փոխադրման կանոններին համապատասխան:

VI. ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

36. Հանքային ջրերի արտադրությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից 2003 թվականի մարտի 13-ի «Խմելու ջրերի մակնշմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 181 հրամանով հաստատված N 2-III-4.1-04-2003 սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին, ինչպես նաև հետևյալ պահանջներին համապատասխան՝

1) պետք է ընտրվի արտադրվող հանքային ջրի և հումքի աղտոտումը բացառող տեխնոլոգիական գործընթացների լավագույն հաջորդականությունը (հոսքայնությունը).

2) պետք է վերահսկվի արտադրվող հանքային ջրի տեխնիկական սարքավորումների անվտանգ աշխատանքն ապահովող սահմանված կարգը.

3) պետք է պահպանվեն հումքի պահման պայմանները.

4) արտադրման գործընթացում օգտագործվող սենքերի, սարքավորանքի և գույքի պահպանումը պետք է իրականացնել այնպես, որ դրանք հանքային ջրերի աղտոտման աղբյուր չհանդիսանան.

5) պետք է ընտրվեն սենքերի սանիտարական մշակման (լվացման), ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման, հանքային ջրերի արտադրման գործընթացում օգտագործվող սարքավորանքի և գույքի սանիտարական մշակման (լվացման) և ախտահանման, դրանց անվտանգությունն ապահովող եղանակները և պարբերականությունը: Սանիտարական մշակումը, ախտահանումը, միջատազերծումը և կրծողների ոչնչացումը պետք է իրականացվեն հանքային ջրերի աղտոտման ռիսկից խուսափելու համար բավարար պարբերականությամբ:

Սանիտարկան մշակման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման պարբերականությունը սահմանվում է տնտեսվարող սուբյեկտի կողմից՝ արտադրական (սեփական) հսկման համակարգի շրջանակներում.

6) պետք է վարվեն և պահպանվեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հավաստող փաստաթղթերը:

37. Սպառողական շշերի և տեխնոլոգիական սարքավորանքների մաքրման համար օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից 2003 թվականի մարտի 13-ի «Խմելու ջրերի մակնշմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 181 հրամանով հաստատված N 2-III-4.1-04-2003 սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին:

38. Արտադրական սենքերի, որտեղ իրականացվում է շշալցման գործընթացը, հատակագծումը, կառուցվածքը և տեղաբաշխումը պետք է՝

1) անհրաժեշտության դեպքում ապահովի հումքի և պատրաստի հանքային ջրերի, աղտոտված և մաքուր հումքի հանդիպական կամ խաչահատվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործընթացների հոսքայնությունը` դրանց աղտոտումը կանխելու համար.

2) հնարավորություն տա կատարելու սանիտարական մշակում, ախտահանում, միջատազերծում և կրծողների ոչնչացում.

3) կանխի կամ նվազեցնի օդի աղտոտումն այնպես, որ հնարավոր լինի խուսափել պայմանական աղտոտված գոտուց դեպի պայմանական մաքուր գոտի` օդի մուտքից խուսափելու համար.

4) նախատեսի կենդանիների, այդ թվում` կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը.

5) ապահովի անհրաժեշտ աշխատանքային տարածություն՝ շշալցվող հանքային ջրերի անվտանգությունն ապահովող պայմաններում տեխնոլոգիական գործընթացները կատարելու համար.

6) չունենա գոտիներ, որոնցից դժվար կամ անհնարին է հեռացնել կեղտը, խտուցքը, աղերը, բորբոսը և հանքային ջրերի աղտոտման այլ գոտիներ.

7) պաշտպանվի նրա արտադրման գործընթացում թունավոր նյութերի հետ շփումից, թույլ չտա առաստաղների մակերևույթի կամ առաստաղների բացակայության դեպքում տանիքի ներքին մակերևույթի, ինչպես նաև արտադրական սենքերի վրա գտնվող բոլոր կառուցվածքների վրա խտուցքի գոյացում.

8) ապահովի հումքի և շշալցված հանքային ջրերի պահման պայմաննները:

39. Արտադրական սենքերում չի թույլատրվում հանքային ջրերի արտադրման ժամանակ չօգտագործվող ցանկացած նյութերի, այդ թվում` լվացող և ախտահանող միջոցների պահում:

40. Արտադրական սենքերի տարրերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

1) հատակները պետք է հնարավորություն տան կատարելու մակերևույթի այնպիսի ցամաքուրդ, որպեսզի բացառվի արտադրական սենքերում ջրի կուտակումը.

2) պատերի և դռների մակերևույթները պետք է պատված լինեն անջրաթափանց նյութերից, որոնք կարելի է ենթարկել լվացման և ախտահանման: Պատերի և դռների մակերևույթները պետք է պահվեն սարքին վիճակում.

3) առաստաղները կամ առաստաղների բացակայության դեպքում տանիքի ներքին մակերևույթը և վերգետնյա կառուցվածքները պետք է սարքված լինեն այնպես, որ թույլ չտան հանքային ջրերի մեջ տարբեր մասնիկների թափանցելն ու դրանց մեջ անցանկալի նստվածքների առաջացումը.

4) պատուհանների վերնափեղկերը, որոնք բացվելու հնարավորություն ունեն, պետք է սարքավորված լինեն միջատներից պաշտպանացանցերով, որոնք պետք է լինեն հանովի մաքրելու համար:

41. Շենքերը (օբյեկտները), որտեղ գտնվում են արտադրական սենքերը, պետք է սարքավորված լինեն՝

1) գործող կոյուղու ցանցին միացված ողողվող զուգարանով: Զուգարանը պետք է գտնվի արտադրականից առանձին սենքում: Զուգարանի դռները չպետք է դուրս գան անմիջապես արտադրական սենքերի մեջ.

2) ձեռքերը լվանալու համար մեկից ոչ պակաս լվացարանով` յուրաքանչյուր արտադրական սենքում: Ձեռքերը լվանալու համար լվացարանները պետք է սարքավորված լինեն տաք և սառը ջրի մատակարարմամբ, հանդերձված լինեն ձեռքերը լվանալու միջոցներով և ձեռքերը սրբելու միանգամյա օգտագործման միջոցներով կամ ձեռքերը չորացնելու սարքավորանքով.

3) օդափոխման և (կամ) օդորակման համակարգերով, որոնք պետք է տեղադրված լինեն այնպես, որպեսզի հնարավոր լինի խուսափել պայմանական աղտոտված գոտուց դեպի պայմանական մաքուր գոտի օդի մուտքից.

4) անձնակազմի համար հանդերձարաններով, որոնք չպետք է գտնվեն արտադրական սենքերում և պետք է նախատեսեն անձնակազմի անձնական և արտադրական հատուկ հագուստի առանձին պահման հնարավորություն.

5) հանքային ջրերի արտադրման ժամանակ օգտագործվող գույքի և շրջանառու տարայի պահման, լվացման և ախտահանման, ինչպես նաև մաքրման գույքի և սարքավորանքի պահման և դրանց լվացման ու ախտահանման համար համապատասխան առանձնացված սենքեր:

Նշված սենքերը պետք է սարքավորված լինեն տաք և սառը ջրի մատակարարմամբ, հեշտությամբ ենթարկվեն սանիտարական մշակման:

42. Արտադրական սենքերում կոյուղու ցանցը պետք է նախագծված և կատարված լինի այնպես, որպեսզի հնարավոր լինի խուսափել հանքային ջրերի աղտոտման ռիսկից:

43. Հանքային ջրերի շշալցման ժամանակ օգտագործվող սարքավորանքը և գույքը պետք է`

1) ունենան սննդամթերքի անվտանգության բնագավառում սույն և այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանող հանքային ջրերի արտադրությունն ապահովող կառուցվածքային և շահագործման բնութագրեր: Սարքավորանքի և գույքի կառուցվածքը պետք է հնարավորություն տան անցկացնելու դրանց սանիտարական մշակումը և ախտահանումը.

2) պատրաստված լինեն այնպիսի նյութերից, որպեսզի չհանդիսանան հանքային ջրերի աղտոտման աղբյուր և պահվեն սարքին վիճակում.

3) սարքավորանքի և գույքի մակերևույթները, որոնք անմիջապես շփվում են հանքային ջրերի հետ, պետք է լինեն հարթ, քայքայման ներգործության նկատմամբ կայուն, անջրաթափանց, չկլանող, լվացող և զերծ թունավոր նյութերից ու ենթակա լինեն լվացման և ախտահանման: Սննդամթերքի հետ շփվող նյութերին ներկայացվող պահանջները սահմանված են սույն տեխնիկական կանոնակարգի 17-րդ կետում նշված իրավական ակտերով.

4) սարքավորանքը պետք է տեղակայված լինի այնպես, որ հնարավոր լինի կատարել դրա, ինչպես նաև շրջակա միջավայրի պատշաճ սանիտարական մշակումը.

5) սարքավորանքը, անհրաժեշտության դեպքում, սույն տեխնիկական կանոնակարգի նպատակներին հասնելու համար, պետք է զինված լինի համապատասխան ստուգիչ սարքերով:

44. Հանքային ջրերի արդյունահանման ջրառու կառույցի (աղբյուրակապում) սարքվածքը և պարունակությունը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝

1) հանքային ջրերի արդյունահանման ջրառու կառույցների տիպը և կառուցվածքը պետք է ապահովի արդյունահանվող հանքային ջրերի անվտանգությունը: Հանքային ջրերի արդյունահանման ջրառու կառույցների տիպի և կառուցվածքի ընտրումը կախված է երկրաբանական, հիդրոերկրաբանական և սանիտարահամաճարակային պայմաններից.

2) հանքային ջրերի արդյունահանման համար կարող են օգտագործվել բնական աղբյուրների, հորատանցքերի ջրերը: Ընդ որում, նշված բնական աղբյուրները և հորատանցքերը պետք է սարքավորվեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան.

3) բնական աղբյուրի կամ հորատանցքի կառուցվածքը պետք է ապահովի հանքային ջրերի ելքը միայն մեկ ջրապարունակ հորիզոնից: Չի թույլատրվում տարբեր բաղադրությամբ բնական հանքային ջրերի ելքը մեկ հորատանցքից՝ դրա կառուցվածքի բարդացման և դրա համար միջխողովակային տարածության օգտագործմամբ.

4) աղբյուրի աղբյուրակապման կառուցվածքում պետք է հաշվի առնվի ստորգետնյա ջրի զեղման (վերընթաց, վարընթաց) բնույթը և ապահովի միայն հանքային ջրի ելքը (վերընթաց աղբյուրի համար՝ հատակի, վարընթացի՝ աղբյուրակապման խցի պատերի որևէ մեկի միջով), ինչպես նաև խցի դատարկման և օդափոխման հնարավորությունը.

5) հորատանցքի սարքավորումը, դրա և աղբյուրի աղբյուրակապման գլխամասը պետք է լիցքակապվեն հակաքայքայիչ նյութերի կիրառմամբ և ապահովեն չափիչ սարքերի տեղակայման և հանքային ջրի նմուշառման հնարավորությունը.

6) ստորգետնյա ջրերի աղտոտումը բացառելու համար հորատանցքերի շրջապահ խողովակներն ամբողջ երկարությամբ, իսկ աղբյուրի աղբյուրակապման պատերն ամենուրեք, բացի հանքային ջրերի ելքի տեղից, պետք է լինեն անջրաթափանց.

7) ջրառու կառույցի ելանցքի մասի շրջակա տարածքը` 3 մետրից ոչ պակաս շառավղով, պետք է ունենա պինդ և ամուր պատվածք: Ջրառի ելանցքի մասը պետք է հնարավոր լինի ստուգման, նորոգման աշխատանքների կատարման և սանիտարական մշակման համար.

8) ջրառու կառույցի շուրջը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, սահմանվում է պաշտպանության սանիտարական պահպանման գոտի.

9) աղբյուրակապման կառույցը պետք է սարքավորված լինի պայմանակարգային (ռեժիմային) հսկման անցկացումն ապահովող ստուգիչ-չափիչ սարքավորումով և պաշտպանված` կողմնակի անձանց մուտքից.

10) ընդերքից հանված բնական հանքային ջուրը պետք է պահվի ագրեսիվ ներգործության նկատմամբ կայուն նյութերից պատրաստված տարողություններում:

45. Հանքային ջրերի մշակման համար կիրառվում են հետևյալ եղանակները`

1) այնպիսի անկայուն տարրերի` ինչպիսիք են երկաթի և ծծմբի միացությունների անջատումը զտման կամ պատվածքազատման (դեկանտման) միջոցով, օզոնով հարստացված օդով մշակելով երկաթի, մանգանի և ծծմբի, ինչպես նաև արսենի միացությունների անջատումը (այս եղանակը պահանջում է կիրառման նպատակահարմարության վերաբերյալ հիմնավորում).

2) բացառապես ֆիզիկական մեթոդներով ազատ ածխածնի երկօքսիդի լրիվ կամ մասնակի ազատումը.

3) ածխածնի երկօքսիդով հագեցումը:

46. Հանքային ջրերից անկայուն տարրերի հեռացման նպատակով ջրերի մշակման համար, բացառությամբ սույն տեխնիկական կանոնակարգի 45-րդ կետի, թույլատրվում է կիրառել նաև այլ եղանակներ, որոնք չեն փոխում հանքային ջրի հիմնական քիմիական կազմը և հատկությունները:

47. Տեխնոլոգիական գործունեությամբ զբաղված անձնակազմը, որոնց աշխատանքների կատարման ժամանակ իրականացվում է անձնակազմի անմիջական շփումը հումքի, նյութերի և գույքի հետ, պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

1) պետք է լինեն նախապատրաստված (ուսուցանված) սննդամթերքի արտադրության անվտանգությունն ապահովող պահանջների պահպանման բնագավառում.

2) պետք է անցած լինեն նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բուժզննում.

3) չանցկացնեն արտադրական սենք կողմնակի առարկաներ, ցանկացած զարդեր, մանր, ծակող և կտրող առարկաներ: Չի թույլատրվում արտադրական սենքերում ծխել և ուտել.

4) հանքային ջրերի կեղտոտման աղբյուր չհանդիսանալու համար պետք է պահպանեն անձնական հիգիենան, կրեն մաքուր արտադրական հագուստ և կոշիկ.

5) չթույլատրվեն վարակիչ հիվանդություններով հիվանդի, այդպիսի հիվանդությունների կասկածանքով վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ շփվող անձանց աշխատելը: Յուրաքանչյուր անձ պետք է անհապաղ տեղեկացնի իր անմիջական ղեկավարին իր հիվանդության կամ ախտանիշների և, հնարավորության դեպքում, դրա պատճառների մասին:

VII. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

48. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրության նպատակների համար հանքային ջրերի արտադրության բնագավառում տնտեսվարող սուբյեկտները «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` պետք է ներդնեն վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի սկզբունքների վրա հիմնված ինքնահսկման համակարգ:

VIII. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ, ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ, ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

49. Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում հայտնաբերված` «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին չհամապատասխանող, մարդու առողջության համար վտանգավոր հանքային ջրերի մասին ծանուցումն արտադրողը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում հայտնաբերված մարդու առողջության համար վտանագավոր սննդամթերքի, սննդային հավելումների և սննդի հետ շփվող նյութերի մասին ծանուցման կարգը հաստատելու մասին» N 1515-Ն, իսկ դրանց հետկանչումը շուկայից, օգտահանումը կամ ոչնչացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 824-Ն որոշումներին համապատասխան:

IX. ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

50. Հանքային ջրերի նույնականացումն իրականացվում է դրանց պատրաստման, վերամշակման, պահման, փոխադրման և իրացման փուլերում:

51. Նույնականացման համար կիրառում են հետևյալ եղանակները՝

1) փաստաթղթային փորձաքննություն.

2) հանքային ջրերի փորձարկում.

3) փաստաթղթային փորձաքննություն ու հանքային ջրերի փորձարկում:

52. Փաստաթղթային փորձաքննությամբ նույնականացումն իրականացնելու դեպքում պետք է ստուգվեն հանքային ջրերի փաթեթվածքի կամ սպառողական և փոխադրական տարաների վրա անմիջապես կամ դրանց պիտակների վրա նշված մականշվածքի բովանդակության համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում տրված տեղեկատվությանը և կոնկրետ տեսակի հանքային ջրի համար սույն տեխնիկական կանոնակարգի 22-րդ կետով նախատեսված մակնշման պահանջներին:

53. Հանքային ջրերի փորձարկմամբ նույնականացումը պետք է կատարվի` ըստ զգայորոշման և քիմիական բաղադրության, որոնք պետք է նախատեսված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կոնկրետ տեսակի հանքային ջրի տեխնոլոգիական հրահանգում:

54. Հանքային ջրերի կեղծման վերաբերյալ հիմքերի առկայության դեպքում պետք է իրականացնել փաստաթղթային փորձաքննություն և փորձարկումներ կոնկրետ տեսակի հանքային ջրի համար կոնկրետ տեսակի հանքային ջրի տեխնոլոգիական հրահանգով սահմանված զգայորոշման և քիմիական կազմին համապատասխան:

55. Հանքային ջրերի նույնականացման արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրությամբ, որը, կախված նույնականացման եղանակից, կարող է բովանդակել՝

1) հանքային ջրերի անվանումը, տեսակը.

2) արտադրողի (մատակարարի) մասին տեղեկատվությունը.

3) շշալցման թվականը և պիտանիության ժամկետը.

4) հանքային ջրերի փորձարկման արդյունքները (դրանց իրականացման դեպքում).

5) փաթեթավորման մասին տեղեկատվությունը, այդ թվում` սպառողական տարայի ծավալը (զանգվածը) և փոխադրական տարայում սպառողական տարաների քանակը.

6) հանքային ջրերի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի կամ տեխնոլոգիական հրահանգի, կամ մատակարարման պայմանագրի նշագիրը (անվանումը).

7) խմբաքանակի համարը և չափը.

8) նույնականացման արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը:

X. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

56. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հանքային ջրերի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 2հ, 3հ, 4հ հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր կամ 2ս, 3ս, 4ս, 5ս կամ 6ս սերտիֆիկացման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ։

57. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը հանքային ջրերի սպառողական և փոխադրական տարաների վրա կամ ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող է նշել համապատասխանության նշանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ հաստատված կարգով։

58. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով հանքային ջրերի նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ, տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հրատարակված տեխնիկական կանոնակարգի կիրառման համար անհրաժեշտ շշալցված հանքային ջրերի փորձարկման մեթոդների և նմուշառման կանոնների վերաբերյալ ստանդարտների ցանկով սահմանված նմուշառման վրա տարածվող ստանդարտին համապատասխան։

59. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան փորձարկումները պետք է կատարի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հրատարակված տեխնիկական կանոնակարգի կիրառման համար անհրաժեշտ շշալցված հանքային ջրերի փորձարկման մեթոդների և նմուշառման կանոնների վերաբերյալ ստանդարտների ցանկով սահմանված փորձարկման մեթոդներով։ Ճառագայթահարման անվտանգության ցուցանիշների որոշումը պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտով սահմանված մեթոդներով:

60. Հանքային ջրերի նույնականացման գործընթացն իրականացնում են սույն տեխնիկական կանոնակարգի 52-րդ կետով սահմանված ընթացակարգով։

61. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացման գործողությունները կատարվել են 2ս-5ս սխեմաներից որևէ մեկով։

62. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության հավաստման սխեմայի՝

1) 2հ կամ 2ս սխեմայի դեպքում՝ 12 ամիս.

2) 4հ կամ 6ս սխեմայի դեպքում` ըստ հանքային ջրերի պիտանիության ժամկետի.

3) 3ս սխեմայի դեպքում՝ 24 ամիս.

4) 3հ, 4ս կամ 5ս սխեմայի դեպքում՝ 36 ամիս։

63. Սերտիֆիկացված հանքային ջրերի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում, առնվազն տարին մեկ անգամ՝ սույն տեխնիկական կանոնակարգի 61-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա։

64. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի պահպանել իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնել, կամ դադարեցնել: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման և դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ։

65. Համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին։

XI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

66. Հանքային ջրերի ցուցանիշների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

XII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

67. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հանքային ջրերի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

XIV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Ստանդարտի նշագիրը
(բաժինը, կետը)

Նմուշառման և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը

1

2

ԳՕՍՏ 4974

Ջուր խմելու. Մանգանի պարունակության որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 18293

Ջուր խմելու. Կապարի, ցինկի և արծաթի պարունակության որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 18294

Ջուր խմելու. Բերիլիումի պարունակության որոշման մեթոդ

ԳՕՍՏ 18308

Ջուր խմելու. Մոլիբդենի պարունակության որոշման մեթոդ

ԳՕՍՏ 18963

Ջուր խմելու. Սանիտարամանրէաբանական վերլուծության մեթոդներ

ԳՕՍՏ 19413

Ջուր խմելու. Սելենի զանգվածային կոնցենտրացիայի որոշման մեթոդ

ԳՕՍՏ 23268.0

Ջրեր հանքային խմելու բուժիչ, բուժիչ-սեղանի և բնական սեղանի. Ընդունման կանոններ և նմուշառման մեթոդներ

ԳՕՍՏ 23268.1

Ջրեր հանքային խմելու բուժիչ, բուժիչ-սեղանի և բնական սեղանի. Զգայորոշման ցուցանիշների և շշերում ջրի ծավալի որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 23268.2

Ջրեր հանքային խմելու բուժիչ, բուժիչ-սեղանի և բնական սեղանի. Ածխածնի երկօքսիդի որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 23268.3

Ջրեր հանքային խմելու բուժիչ, բուժիչ-սեղանի և բնական սեղանի. Հիդրոկարբոնատ իոնների որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 23268.4

Ջրեր հանքային խմելու բուժիչ, բուժիչ-սեղանի և բնական սեղանի. Սուլֆատ իոնների որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 23268.5

Ջրեր հանքային խմելու բուժիչ, բուժիչ-սեղանի և բնական սեղանի. Կալցիումի և մագնեզիումի իոնների որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 23268.6

Ջրեր հանքային խմելու բուժիչ, բուժիչ-սեղանի և բնական սեղանի. Նատրիումի իոնների որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 23268.7

Ջրեր հանքային խմելու բուժիչ, բուժիչ-սեղանի և բնական սեղանի. Կալիումի իոնների որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 23268.8

Ջրեր հանքային խմելու բուժիչ, բուժիչ-սեղանի և բնական սեղանի. Նիտրիտ իոնների որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 23268.9

Ջրեր հանքային խմելու բուժիչ, բուժիչ-սեղանի և բնական սեղանի. Նիտրատ իոնների որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 23268.10

Ջրեր հանքային խմելու բուժիչ, բուժիչ-սեղանի և բնական սեղանի. Ամոնիումի իոնների որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 23268.12

Ջրեր հանքային խմելու բուժիչ, բուժիչ-սեղանի և բնական սեղանի. Պերմանգանատային օքսիդացման որոշման մեթոդ

ԳՕՍՏ 23268.14

Ջրեր հանքային խմելու բուժիչ, բուժիչ-սեղանի և բնական սեղանի. Արսենի իոնների որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 23268.17

Ջրեր հանքային խմելու բուժիչ, բուժիչ-սեղանի և բնական սեղանի. Քլոր իոնների որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 23268.18

Ջրեր հանքային խմելու բուժիչ, բուժիչ-սեղանի և բնական սեղանի. Ֆտոր իոնների որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 23950

Ջուր խմելու. Ստրոնցիումի զանգվածային կոնցենտրացիայի որոշման մեթոդ

ԳՕՍՏ 26933

Հումք և մթերքներ սննդային. Կադմիումի որոշման մեթոդ

ԳՕՍՏ Ռ 51301

Սննդամթերք և պարենային հումք. Թունավոր տարրերի (կադմիումի, կապարի, պղնձի և ցինկի) պարունակության որոշման ինվերսիոն վոլտամպերաչափական մեթոդներ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան