Գլխավոր տեղեկություն
Համար
N 490-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.05.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.20/26(692) Հոդ.562
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2009 թվականի N 490-Ն

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2009 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2009 թվականի ծրագրի միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 12

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 9-ի N 490-Ն որոշման

 

2 0 0 9  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագրի ընդհանուր նկարագիրը

 

Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2009 թվականի ծրագիրը (այսուհետ` ծրագիր), հանդիսանալով Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2008 թվականի ծրագրի շարունակականության ապահովումը, մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով որդեգրված քաղաքականությունն ու սահմանված ռազմավարական գերակայությունները, և ուղղված է Երևանի ու մարզերի միջև անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը:

Տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից կարևորվում են Հայաստանի մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի արագացումն ու ներդրումային ակտիվության խրախուսումը, մարզերում հանրային ծառայությունների տեղայնացման աստիճանի և ֆինանսների, ապրանքների ու ծառայությունների հասանելիության աճը, համայնքային ենթակառուցվածքների գնահատումը, դրանց կարգաբերումն ու զարգացումը:

Տեխնոպարկի ստեղծմամբ հնարավորություն կընձեռվի արտադրական գործընթացներում ընդգրկելու Գյումրի քաղաքի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բարձր որակավորում ունեցող մասնագետներին` փոքր ձեռնարկությունների ստեղծման միջոցով, նախանշելով դրանց գերակայությունները և զարգացնելով մրցունակ ուղղությունները: Տեխնոպարկի ստեղծման հիմնական խնդիրներից է փոքր ձեռնարկատիրության զարգացմանը բազմակողմանի աջակցությունը: Քաղաքների և տարածաշրջանների համար տեխնոպարկերը տնտեսական զարգացման խթանման անհրաժեշտ և կարևոր գործիքներ են:

Բարեփոխվող երկրներում և, հատկապես, դրանց մարզերում բացակայում են բարձր մակարդակի ենթակառուցվածքները, ամենից առաջ` հեռահաղորդակցման ոլորտում: Հաճախ, նույնիսկ լավ հեռահաղորդակցման համակարգի և տեղեկատվական միջավայրի առկայության պայմաններում, բացակայում է այդ ենթակառուցվածքի ամենօրյա գործնական կիրառման մշակույթը: Այդ առումով` տեխնոպարկը պետք է հագեցված լինի կապի և հաղորդակցության լավ միջոցներով (ինտերնետային ելքեր, տեղեկատու-որոնման համակարգեր, տեղեկատվական բազաներ, գործնական ուսուցման համապատասխան համակարգեր, զարգացած բիզնես-կոնտակտներ, այդ թվում` օտարերկրյա կոնտակտներ), որոնց միջոցով կարելի է գտնել գործընկերներ կամ ներդրողներ:

Միաժամանակ, տեխնոպարկերի ստեղծման և արդյունավետ գործունեության կարևոր պայման են տեղական ինքնակառավարման մարմինների շահագրգռվածությունը և ակտիվ մասնակցությունը փոքր ու միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) (ինչպես ինովացիոն, այնպես էլ` ոչ տեխնոլոգիական) հիմնադրման և հետագա զարգացման փուլերում, ինչն էլ կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծման և մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարևոր ուղղություն:

Տեխնոպարկերի ստեղծման, գործունեության կազմակերպման և հետագա զարգացման միջազգային փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև Գյումրի քաղաքի արդյունաբերական ու գիտաարտադրական վիճակի համեմատական վերլուծությունը թույլ են տալիս կատարելու հետևյալ եզրակացությունները և առաջարկությունները`

1) անառարկելի է տեղական իշխանությունների և պետական կառավարման մարմինների ակտիվ մասնակցությունը տեխնոպարկի ստեղծման, գործունեության ծավալման և հետագա զարգացման հարցերում.

2) տեխնոպարկի ստեղծումը կհանդիսանա Գյումրու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարևոր ուղղություն, որը հետագայում հանդիսանալու է հանրապետությունում գիտելիքահենք տնտեսության զարգացման հիմք.

3) տեխնոպարկը Գյումրի քաղաքի համար, իրավամբ, կհանդիսանա տնտեսական զարգացման անհրաժեշտ և կարևոր գործիք.

4) տեխնոպարկի կազմակերպական կառուցվածքում բիզնես-ինկուբատորի ներառմամբ` տեխնոպարկը կիրականացնի փոքր ձեռնարկությունների աջակցման գործառույթներ, կխթանի մրցունակ արտադրանքի դուրսբերմանը ներքին ու արտաքին շուկաներ:

Տեխնոպարկի գործունեության իրականացման համար Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության 2008 թվականի ծրագրով արդեն իսկ իրականացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝

1) նախապատրաստական փուլի կառավարում` միջոցառման շրջանակներում ծրագրի ընդհանուր կառավարման համար ձևավորվել է թիմ, որի կազմում ներգրավվել են մասնագետներ` ինչպես պետական հատվածից և այլ գործընկեր կազմակերպություններից, այնպես էլ` վճարովի խորհրդատուներ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Կրթությամբ զարգացման ակադեմիա» հասարակական կազմակերպության կողմից համատեղ իրականացված մրցույթի արդյունքում ընտրվել են 1 միջազգային և 3 տեղական խորհրդատուներ, որոնք մշակել են տեխնոպարկի գործունեության բիզնես-պլանը: Այս միջոցառման իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, որպես համաֆինանսավորում, նախատեսված է եղել 9000000 դրամ, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից՝ 10000000 դրամ համաֆինանսավորում.

2) ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների հիմնում` տեղական և միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ համատեղ միջոցառման շրջանակներում ձևավորման փուլում է գտնվում Եռաչափ մոդելավորման ուսումնական լաբորատորիան` Եռաչափ մոդելավորման հայկական ասոցիացիայի հետ համատեղ, որտեղ ասոցիացիան պարտավորվել է կատարել Գյումրիում Եռաչափ մոդելավորման ուսումնական լաբորատորիայի հիմնման և տեխնիկական համալրման, ուսանողների և դասախոսների ընտրության, ուսումնամեթոդական ձեռնարկների նախապատրաստման ու արտադրական եռաչափ մոդելավորման դասընթացների կազմակերպման աշխատանքները, և անհրաժեշտ 17362000 դրամ գումարից 48.3 տոկոսը, այսինքն` 8382000 դրամը համաֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, իսկ 8980000 դրամը` ասոցիացիայի կողմից: Ձևավորման փուլում է գտնվում նաև Սան տեխնոլոգիաների ուսումնական լաբորատորիան` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ, որտեղ հիմնադրամը պարտավորվել է կատարել Գյումրի քաղաքում Սան տեխնոլոգիաների ուսումնական լաբորատորիայի հիմնման աշխատանքները (այսուհետ` աշխատանքներ), որտեղ 21614490 դրամի համաֆինանսավորումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, իսկ 27695022 դրամը` Հայ օգնության ֆոնդի և Սան Մայքրոսիսթեմսի համաֆինանսավորմամբ.

3) դրամաշնորհներ` գիտահետազոտական ծրագրերի համար միջոցառման շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվել է երեք գիտահետազոտական ծրագիր`

ա. «Ֆայվ Դայմենշընս» ընկերության «Նախահաշիվների կազմման և շինարարական կազմակերպության գործունեության վարման և մոնիթորինգի «5D-Construction ծրագրային փաթեթ» գիտահետազոտական ծրագիրը: 7500000 դրամ ընդհանուր գումարի 50 տոկոսը համաֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, իսկ 50 տոկոսը կհամաֆինանսավորվի «Երանգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից,

բ. «Սայմոտեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ընտանեկան սոնոգրաֆի և դրա հեռահաղորդակցման միջավայրի նախագծում և ծրագրավորում» գիտահետազոտական ծրագիրը: 12000000 դրամ ընդհանուր գումարի 5980000 դրամը համաֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, իսկ 6020000 դրամը՝ «Սայմոտեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից,

գ. «Շիրակ տեխնոլոգիական ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Նացիոնալ ինստրումենտ (National Instrument) սարքերի պլատֆորմի վրա մշակել և պատրաստել փորձանմուշ «Խելացի տուն» մոդելի համար» գիտահետազոտական ծրագիրը: 14694000 դրամ ընդհանուր գումարի 4164000 դրամը համաֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, իսկ 10530000 դրամը` «Շիրակ տեխնոլոգիական ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից:

 

I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Ծրագրի մշակման և իրականացման հիմքը «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:

2. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատեու մասին» N 380-Ա որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին հավանություն տալու մասին» N 23 արձանագրային որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության 2008 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 957-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1463-Ն որոշումը:

3. Առաջարկվող ծրագիրը համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված Կայուն զարգացման ծրագրի պահանջներին: Մասնավորապես, դա վերաբերում է 1.3-րդ և 1.4-րդ կետերով սահմանված` ԱՌՀԾ-ի վերանայման անհրաժեշտությանն ու Կայուն զարգացման ծրագրի հիմնական գերակայություններին և Կայուն զարգացման ծրագրի նպատակներին ու ռազմավարական գերակայություններին, որտեղ 64, 66, 69 և 73-րդ ենթակետերով սահմանված են հետևյալ միջոցառումները`

1) նոր, գիտելիքների վրա հիմնված տնտեսության հիմքերի ստեղծում ու զարգացում.

2) Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում ակտիվ տարածքային քաղաքականության մշակում և իրականացում, որը նպատակաուղղված կլինի տարածքային զարգացման անհամաչափությունների մեղմմանը և հետ մնացող տարածքների տնտեսական զարգացման արագացմանը.

3) տնտեսական զարգացման ներկայիս խոր անհամաչափությունների հետագա աճի զսպում` հետ մնացող տարածքների արագացված զարգացումն ապահովող նպատակային տարածքային քաղաքականության մշակման և իրականացման միջոցով.

4) երկրի մրցունակության աճին ուղղված քաղաքականության վարում, որի հիմնական հատկանիշներն են արտադրողականության աճի ապահովման խրախուսումը, միավոր աշխատանքի արժեքի մրցունակ մակարդակների ապահովումը, նոր, բարձր ավելացված արժեք ձևավորող աշխատատեղերի ստեղծման միջոցով:

4. Նշված միջոցառումները, ինչպես բոլոր գործողությունները, ունեն արդյունքներ: Դրանք են`

1) նոր տեխնոլոգիաների ստեղծման խրախուսումը և դրանց ներդրումը.

2) գործարարության վարկավորման նոր մեխանիզմների առավել ընդգրկուն կիրառումը.

3) առկա խնդիրների բացահայտումը և լուծման համար պայմանների ստեղծումը.

4) Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, տարածաշրջաններում (մարզերում, համայնքներում) բնակչության զբաղվածության և բարեկեցության բարելավումը.

5) ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության շարունակականության ապահովումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, համախառն ներքին արդյունքում (այսուհետ՝ ՀՆԱ) ՓՄՁ-ի սուբյեկտների մասնաբաժնի ավելացումը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ծրագրի հիմնական նպատակն է թափ հաղորդել Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հավակնոտ ծրագրի իրականացմանը` պահպանելով նրա ավանդական մշակութային նկարագիրը, այն դարձնել ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներ և գործարար միջավայրի համբավ ունեցող կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող ձեռնարկությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները: Գյումրու պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը մտադիր է խթանել զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ (այսուհետ` ՏՏ) ճարտարագիտություն (կառուցապատման և շինարարական ժամանակակից տեխնոլոգիաներ), նորաձևություն և տեքստիլ արդյունաբերություն, արվեստ, ոսկեգործություն, արհեստագործություն ճյուղերը, որոնց հիման վրա Գյումրին կդառնա տեխնոքաղաք: Հաշվի առնելով Գյումրիում ՏՏ-ի ոլորտում ձեռներեցության ներկա անբավարար մակարդակը` տեխնոպարկը սերտորեն կաշխատի ՏՏ-ի ոլորտի արտասահմանյան կազմակերպությունների մասնաճյուղերի և տեղական մասնավոր ընկերությունների հետ՝ սկսնակ կազմակերպություններ ու գիտահետազոտական լաբորատորիաներ հիմնելու նպատակով: Այս կազմակերպությունները և գիտահետազոտական լաբորատորիաները խթանիչներ կհանդիսանան Գյումրիում ՏՏ-ի ձեռներեցությունը զարգացնելու, ՏՏ-ի մասնագիտությունների նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը մեծացնելու, բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր ստեղծելու և Երևանի ռեսուրսներից ՏՏ-ի ընկերությունների կախվածությունը նվազեցնելու համար: Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության 2008 թվականի ծրագրով արդեն իսկ ձևավորվել են Եռաչափ մոդելավորման ուսումնական լաբորատորիան` Եռաչափ մոդելավորման հայկական ասոցիացիայի հետ համատեղ, և Սան տեխնոլոգիաների ուսումնական լաբորատորիան` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ: Նախատեսվում է, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Մայքրոսոֆթը, Նեյշնըլ Ինսթրումենթսը և այլն, կհամագործակցեն տեխնոպարկի հետ և կհիմնեն ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիաներ Գյումրիում: Լաբորատորիաները կանցկացնեն ուսումնական դասընթացներ, կիրականացնեն գիտահետազոտական ծրագրեր՝ ստեղծելով անհրաժեշտ միջավայր ապագա սկսնակ կազմակերպությունների համար: Նախատեսվում է նաև ստեղծել հիմնադրամ, որը հնարավորություն կտա գյումրեցի երիտասարդների համար կրթության և վերապատրաստման ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև խթանելու գիտահետազոտական աշխատանքների կատարումը` տեխնոպարկում ընդգրկված ճյուղերի գծով: Այս ծրագրերի իրականացմանը սատարելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակաբար կաջակցի ձևավորված և նոր ձևավորվող ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիաների ստեղծմանը, ինչպես նաև լաբորատորիաներին կտրամադրի հետազոտական դրամաշնորհներ՝ կադրերի վերապատրաստման, արտադրանքի մշակման և նոր գիտելիքների ձեռքբերման նպատակով:

2. Ծրագրի իրականացման նպատակը տեխնոպարկի միջոցով ինովացիոն համակարգի ձևավորումն է: Միաժամանակ, տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության ծրագիրն ունի հետևյալ ենթանպատակները՝

1) արտադրական և գիտական սուբյեկտների մտավոր, տեղեկատվական, նյութատեխնիկական ու ֆինանսական ռեսուրսների ինտեգրում և ակտիվացում՝ մարզի ու հանրապետության գիտաարտադրական ներուժի զարգացման համար.

2) շուկայական տնտեսության այնպիսի մեխանիզմների ձևավորում, որոնք կխթանեն մրցունակ ապրանքների արտադրությունը.

3) մարզում ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծման ու զարգացման պայմանների և բարենպաստ միջավայրի ձևավորում.

4) առաջադեմ տեխնոլոգիաների ձեռքբերմանն աջակցելու նպատակով ներդրումային միջոցների ներգրավում (այդ թվում՝ օտարերկրյա).

5) գիտատար արտադրանք նախաձեռնողներին և արտադրողներին՝ հասցեական աջակցության տրամադրում.

6) գիտատեխնիկական, մտավոր և կադրային ներուժի պահպանման ու զարգացման պայմանների ձևավորում, երիտասարդ կադրերի պատրաստում.

7) օրինակելի նախատիպ հանդիսանալ հանրապետության այլ տարածքներում և մարզերում տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող տեխնոպարկերի և ինկուբատորների ստեղծման համար.

8) գիտական մշակումների առևտրականացում.

9) գիտակրթական, գործարար և պետական հատվածների փոխշահավետ համագործակցության զարգացում:

3. Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում են՝

1) մարզի տնտեսության աճ.

2) Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական զարգացմանը, տարածքային համաչափ զարգացմանը և աղքատության հաղթահարմանը նպաստելը.

3) նոր, գիտելիքների վրա հիմնված տնտեսության հիմքերի ստեղծում ու զարգացում.

4) արտադրողականության աճի ապահովման խրախուսում.

5) նոր, բարձր ավելացված արժեք ձևավորող աշխատատեղերի ստեղծում.

6) ուսումնական դասընթացների անցկացում, կադրերի վերապատրաստում.

7) գիտահետազոտական ծրագրերի իրականացում, գիտահետազոտական դրամաշնորհների տրամադրում:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագիրն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն տեխնոպարկում ներգրավված և դրա գործունեության արդյունքում ձևավորվելիք կազմակերպություններին:

 

IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

1. Տեխնոպարկի գործունեության իրականացման համար նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝

1) տեխնոպարկի գործունեության կառավարում-տեխնոպարկի կառավարման գրասենյակի ձևավորում` մշակված բիզնես-պլանի հիմքի վրա, որն էլ կիրականացնի տեխնոպարկի կառավարումը.

2) «Գյումրու տեխնոպարկ, ռազմավարական ուղեցույց և բիզնես-պլան» փաստաթղթի հիման վրա մշակված միջոցառումներ և ծրագրային պլաններ, որոնք կներառեն տեխնոպարկի վերաբերյալ գործառնական և ֆինանսական բոլոր մանրամասները, ինչպես նաև զարգացման ուղղությունները և ռազմավարությունը.

3) տեխնոպարկում ներդրումներ ներգրավելու համար տեխնոպարկի կառավարման գրասենյակի կողմից համապատասխան աշխատանքների իրականացում օտարերկրյա ներդրողների շրջանում: Թիրախ կհանդիսանան հատկապես տեխնոպարկում ընդգրկված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող ընկերությունները.

4) տեխնոպարկի գործունեության իրականացման համար սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորում ծրագրի հետևյալ բաղադրիչներին՝

ա. տեխնոպարկի գործունեության կառավարում:

Այս միջոցառման շրջանակներում նախատեսվում է ձևավորել տեխնոպարկի կառավարման գրասենյակ (գրասենյակային գործունեության ծրագրի նախապատրաստում, կառույցի հիմնում, աշխատավարձեր և պահպանման ծախսեր),

բ. ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների հիմնում և զարգացում` տեղական և միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ:

Ծրագրի համաձայն կիրականացվի համագործակցություն գործընկերների հետ` գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաների ստեղծման գործում: Նպատակը մի շարք գործընկերների հետ, օրինակ, Մայքրոսոֆթ, Նեյշնըլ Ինսթրումենթս, Սան Մայքրոսիսթեմս, Սինոփսիս և այլն, համատեղ լաբորատորիաներ հիմնելն է,

գ. դրամաշնորհներ՝ գիտահետազոտական ծրագրերի համար:

Գիտահետազոտական աշխատանքների և սկսնակ կազմակերպությունների զարգացումը խթանելու նպատակով ծրագրով կտրամադրվեն հատուկ գիտահետազոտական դրամաշնորհներ, որոնք մրցութային կարգով կհատկացվեն Գյումրիում գործող գիտահետազոտական լաբորատորիաներին և սկսնակ կազմակերպություններին,

դ. հիմնադրամի հիմնում:

Հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա գյումրեցի երիտասարդների համար կրթության և վերապատրաստման ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև խթանելու գիտահետազոտական աշխատանքների կատարումը` տեխնոպարկում ընդգրկված ճյուղերի գծով: Նախատեսվում է որևէ ամերիկյան կամ եվրոպական համալսարանի հետ կնքել համագործակցության պայմանագիր: Տարեկան 30 գյումրեցի երիտասարդներ կընտրվեն և հիմնադրամի ֆինանսավորմամբ կուսուցանվեն կամ կվերապատրաստվեն տվյալ համալսարանում և կստանան գիտությունների թեկնածու (Phd) գիտական աստիճան: Նախատեսվում է հիմնադրամի միջոցով նաև ֆինանսավորել գիտահետազոտական աշխատանքները:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով որպես ծրագրի իրականացմանը պետական աջակցության կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 80.000.0 հազ. դրամը:

2. Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2009 թվականի ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 9-ի N 490-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման ժամկետը

1

2

3

4

1.

Տեխնոպարկի գործունեության կառավարում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թ. ընթացքում

1)

գրասենյակային գործունեության ծրագրի նախապատրաստում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թ. ընթացքում

2)

կառույցի հիմնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թ. ընթացքում

3)

աշխատավարձ և պահպանման ծախսեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թ. ընթացքում

2.

Ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների հիմնում և զարգացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
Նեյշնըլ Ինսթրումենթսի, Մայքրոսոֆթի, Սան Մայքրոսիսթեմսի, Սինոփսիսի, Եռաչափ մոդելավորման ասոցիացիայի, Հայաստանի ոսկեգործների ու ադամանդագործների ասոցիացիայի
համաձայնությամբ

2009 թ. ընթացքում

1)

Եռաչափ մոդելավորման ուսումնական լաբորատորիայի ֆինանսավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
Եռաչափ մոդելավորման հայկական ասոցիացիայի համաձայնությամբ

2009 թ. ընթացքում

2)

Սան տեխնոլոգիաների ուսումնական լաբորատորիայի ֆինանսավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ

2009 թ. ընթացքում

3)

նոր ուսումնական լաբորատորիաների հիմնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
Նեյշնըլ Ինսթրումենթսի, Մայքրոսոֆթի, Սինոփսիսի, Հայաստանի ոսկեգործների ու ադամանդագործների ասոցիացիայի համաձայնությամբ

2009 թ. ընթացքում

3.

Դրամաշնորհներ` գիտահետազոտական ծրագրերի համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թ. ընթացքում

1)

գիտահետազոտական ծրագրերի մրցույթի հայտարարում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թ. ընթացքում

2)

կադրերի պատրաստում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թ. ընթացքում

4.

Հիմնադրամի հիմնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թ. ընթացքում

1)

հիմնադրամի ստեղծման աշխատանքներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թ. ընթացքում

2)

կադրերի վերապատրաստում արտերկրում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թ. ընթացքում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան