Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.21/36(702).1 Հոդ.842.10
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.04.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0232/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0232/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

Դատավորներ՝ Ս. Միքայելյան

               Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

 

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի ապրիլի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սվետլանա Ժուլիկյանի ընդդեմ Անահիտ Խաչատրյանի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և վերանորոգման աշխատանքների դիմաց կատարված ծախսերի փոխհատուցման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սվետլանա Ժուլիկյանը պահանջել է ճանաչել իր և երեխաների բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Բաբաջանյան փողոցի 18-րդ շենքի թիվ 14-րդ բնակարանի նկատմամբ:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 12.07.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշմամբ Դատարանի 12.07.2005 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան)՝ նոր քննության:

Վերաքննիչ դատարանի 01.02.2008 թվականի որոշմամբ գործն ըստ ընդդատության հանձնվել է Դատարանի քննությանը:

Դատաքննության ընթացքում Սվետլանա Ժուլիկյանը ավելացրել է հայցապահանջը և պահանջել Անահիտ Խաչատրյանի ապօրինի տիրապետումից վերադարձնել գույքը կամ փոխհատուցել դրա արժեքը, ինչպես նաև հատուցել իր կողմից նշված բնակարանում իրականացված վերանորոգման աշխատանքների, նախապես վճարված պետական տուրքի և փորձաքննության հետ կապված ծախսերը:

Դատարանի 23.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Անահիտ Խաչատրյանից բռնագանձել 1.861.833 ՀՀ դրամ, որպես վերանորոգման աշխատանքների հետ կապված ծախսերի հատուցում, հայցապահանջը մնացած մասով՝ մերժվել է:

Վերաքննիչ դատարանի 19.11.2008 թվականի որոշմամբ Դատարանի 23.07.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Խաչատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը     

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի պահանջներն այն մասին, որ գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով, հայցը մասնակիորեն բավարարելու համար որպես ապացույց հիմք է ընդունել Սվետլանա Ժուլիկյանի բանավոր բացատրությունը, այն մասին, որ նա իր միջոցներով է կատարել վերանորոգումը ու հաշվի չի առել գործում առկա գրավոր ապացույցները (բանկային փոխանցումների փաստաթղթերը), բնակարանի վերանորոգման համար կատարված ծախսերի գումարներն իր և ամուսնու կողմից ուղարկվելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի չուսումնասիրելով և չգնահատելով՝ հանգել է սխալ եզրակացության այն մասին, որ Սվետլանա Ժուլիկյանը բնակարանը վերանորոգելու ժամանակ բարեխիղճ տիրապետող է, այդ իսկ պատճառով էլ իր կատարած անհրաժեշտ ծախսերը պահանջելու իրավունք ունի:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2008 թվականի որոշումը և այն փոփոխել` Սվետլանա Ժուլիկյանի հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ ԿԱ ԱԳԿ Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ղեկավարի 15.04.2005 թվականի թիվ 426 գրության համաձայն՝ Երևանի Բաբաջանյան փողոցի 18 շենքի թիվ 14 բնակարանը սեփականության իրավունքով գրանցված է Անահիտ Խաչատրյանի անվամբ, մինչ այդ գույքը սեփականության իրավունքով գրանցվել է Լուսինե Հովսեփյանի անվամբ (գ.թ. 111, հ. 1-ին ):

2) «Մուշ» համատիրության կառավարիչ Ա. Հովհաննիսյանի գրության համաձայն` Սվետլանա Ժուլիկյանն իր երկու երեխաների և ամուսնու հետ միասին 1998 թվականից մինչև 2004 թվականի նոյեմբեր ամիսը բնակվել են Երևանի Բաբաջանյան փողոցի 18 շենքի թիվ 14 բնակարանում: Ըստ հարևանների բանավոր վկայության տվյալ ժամանակահատվածում կատարվել է նշված բնակարանի վերանորոգում: Վերանորոգման ֆինանսավորման մասին չեն հայտնվում տեղեկություններ (գ.թ. 125, հ. 1-ին):

3) «Բանկ Պոլսկա Կասա Օպեկի» բաժնետիրական ընկերության 09.04.2008 թվականի գրության հավելվածի համաձայն՝ 03.01.2002 թվականից մինչև 11.06.2004 թվականը Ռաֆիկ Հովսեփյանը Լեհաստանի Վարշավա քաղաքից Երևան է փոխանցել ընդհանուր՝ 2850 ԱՄՆ դոլար գումար, որը ստացել է Սվետլանա Ժուլիկյանը (գ.թ. 119, հ. 1-ին):

4) ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետի 03.07.2008 թվականի թիվ 13110807 շինարարատեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Երևանի Բաբաջանյան փողոցի 18 շենքի թիվ 14 բնակարանում ակնադիտական տեղազննմամբ հաշվարկված և ճշտված, կատարված շինարարական աշխատանքների շուկայական արժեքը, փորձաքննության կատարման ժամանակամիջոցի ընթացքում շուկայում գործող գների միջին արժեքներից ելնելով, կարող է կազմել 1.861.833 ՀՀ դրամ ( գ.թ. 138-150, հ. 1-ին) :

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար, դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում, դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Հետևաբար, սույն քաղաքացիական գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե որո՞նք են գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը և որ կողմը պետք է կրի այդ փաստերի ապացուցման դատավարական բեռը:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ինչպես բարեխիղճ, այնպես էլ անբարեխիղճ տիրապետողն իր հերթին իրավունք ունի սեփականատիրոջից պահանջել գույքի վրա իրենց կատարած անհրաժեշտ ծախսերը` գույքից ստացված եկամուտները սեփականատիրոջը հասնելու պահից, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ բարեխիղճ տիրապետողն իրավունք ունի իրեն թողնել իր կատարած բարելավումները, եթե դրանք կարող են առանձնացվել առանց գույքին վնաս պատճառելու: Եթե բարելավումներն առանձնացնելն անհնար է, ապա բարեխիղճ տիրապետողն իրավունք ունի պահանջել հատուցելու գույքը բարելավելու համար իր կատարած ծախսերը, սակայն գույքի ավելացված արժեքից ոչ ավելի չափով:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ինչպես բարեխիղճ, այնպես էլ անբարեխիղճ տիրապետողն իրավունք ունեն սեփականատիրոջից պահանջել հատուցելու գույքի վրա կատարված այն անհրաժեշտ ծախսերը, որոնք կատարվել են իրենց կողմից:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի Սվետլանա Ժուլիկյանի կողմից վիճելի բնակարանի նկատմամբ անհրաժեշտ ծախսերի կատարված լինելու փաստը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Բաբաջանյան փողոցի 18 շենքի թիվ 14 բնակարանի սեփականատերն է Անահիտ Խաչատրյանը, Սվետլանա Ժուլիկյանը երկու երեխաների և ամուսնու հետ միասին 1998 թվականից մինչև 2004 թվականի նոյեմբեր ամիսը բնակվել են վիճելի բնակարանում, 03.01.2002 թվականից մինչև 11.06.2004 թվականը Ռաֆիկ Հովսեփյանը Սվետլանա Ժուլիկյանին փոխանցել է 2850 ԱՄՆ դոլար գումար, ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետի 03.07.2008 թվականի թիվ 13110807 եզրակացության համաձայն՝ Երևանի Բաբաջանյան փողոցի 18 շենքի թիվ 14 բնակարանում կատարված շինարարական աշխատանքների շուկայական արժեքը կարող է կազմել 1.861.833 ՀՀ դրամ:

Այսինքն՝ հայցվորի կողմից ապացուցվել է միայն Երևանի Բաբաջանյան փողոցի 18 շենքի թիվ 14 բնակարանը վերանորոգված լինելու փաստը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով Սվետլանա Ժուլիկյանի կողմից վիճելի բնակարանի վերանորոգման ծախսերի կատարված լինելու փաստը, միաժամանակ, այդ փաստի ապացուցման պարտականությունը դրել է Անահիտ Խաչատրյանի վրա:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ փաստի ապացուցման պարտականությունը կրում է Սվետլանա Ժուլիկյանը, այսինքն՝ այն կողմը, որի վրա օրենքով սահմանված կարգով դրված է կատարված ծախսերն ապացուցելու պարտականությունը:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝ 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է՝ գրավոր ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, գործի հանգմանքները, որոնք օրենքի և այլ իրավական ակտի հիման վրա կարող են հաստատվել միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով թիվ 9 և թիվ 17 բնակարանների բնակիչների հայտարարությունները՝ հաստատված է համարել, որ Սվետլանա Ժուլիկյանը ժամանակ առ ժամանակ բնակվելով վիճելի բնակարանում, կատարել է վերանորոգման ծախսեր, մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարևանների հայտարարությունները` վերանորոգումը Սվետլանա Ժուլիկյանի անձնական միջոցներով կատարված լինելու փաստը ապացուցելու համար վերաբերելի ապացույցներ չեն:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն գտնում է, որ Սվետլանա Ժուլիկյանը Դատարանին չի ապացուցել Երևանի Բաբաջանյան փողոցի 18-րդ շենքի թիվ 14-րդ բնակարանի վերանորոգման աշխատանքների դիմաց վճարված գումարներն անձնական միջոցներից կատարված լինելու փաստը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Սվետլանա Ժուլիկյանի հայցը մերժել:

2. Սվետլանա Ժուլիկյանից բռնագանձել 114.946 (հարյուր տասնչորս հազար ինը հարյուր քառասունվեց հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան