Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-803
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.05.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.20/26(692) Հոդ.537
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.05.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

8 մայիսի 2009 թ.

 

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Հայ ազգային կոնգրես» նախընտրական դաշինքի դիմումի հիման վրա` ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը «Հայ ազգային կոնգրես» նախընտրական դաշինքի` 16.04.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ ընտրական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, այդ թվում` դիմող կողմի միջնորդություններն ու հարցադրումները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ ընտրական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1999թ. փետրվարի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1999թ. փետրվարի 17-ին և ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 28-ից:

ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածը վերնագրված է «Քաղաքացիներին ընտրողների ցուցակում ընդգրկելը»: Նշված հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունը սահմանում է. «Համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում են սույն օրենսգրքի 2 հոդվածի համաձայն ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև այդ համայնքում բնակվող և որևէ համայնքում հաշվառում չունեցող, իսկ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում` նաև այլ համայնքում հաշվառված քաղաքացիները: Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ իրենց համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 15 օր առաջ` նաև լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա»:

1999թ. փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ ընտրական օրենսգիրքն ընդունվելուց ի վեր օրենսգրքի 10 հոդվածը փոփոխվել է վեց անգամ (13.10.1999թ. ՀՕ-2, 05.04.2000թ. ՀՕ-47, 03.07.2002թ. ՀՕ-406-Ն, 19.05.2005թ. ՀՕ-101-Ն, 22.12.2006թ. ՀՕ-1-Ն, 16.11.2007թ. ՀՕ-219-Ն օրենքներ):

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Դիմողը 03.04.09թ. ՀՀ վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 26.02.09թ. «Երևանի ավագանու 2009թ. մայիսի 31-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 12-Ա որոշման հավելվածի 10-րդ կետն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտին հակասելու և անվավեր ճանաչելու պահանջի մասին: Որոշման հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ հայտ կարող են ներկայացնել համայնքի ղեկավարին՝ քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ, լիազոր մարմին կամ նրա տարածքային ստորաբաժանում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու միջոցառման ժամանակացույցը սահմանելիս որպես իրավական հիմք է ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության մեջ ամրագրված վիճարկվող դրույթը:

Վարչական դատարան ներկայացված հայցադիմումում դիմողի փաստարկները հանգել են նրան, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 2 հոդվածը թույլ չի տալիս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակից դարձնել նաև տվյալ համայնքում չհաշվառված, սակայն բնակվող անձանց, քանզի այդ նորմի վերլուծությունից «...ակնհայտ է դառնում, որ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու համար, ընտրողը կարող է կամ լինել, կամ չլինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, սակայն պարտավոր է լինել 18 տարեկան և բարձր, հաշվառված լինել և փաստացի բնակվել, տվյալ դեպքում, Երևան քաղաքում, առնվազն 1 տարվա ընթացքում»: Ըստ հայցադիմումում դիմողի արտահայտած դիրքորոշման` ՀՀ ընտրական օրենսգրքի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների կազմման վերաբերյալ 10 հոդվածի 4-րդ մասի առկայության պայմաններում անհասկանալի և անտրամաբանական է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ օրենսգրքի 10 հոդվածի 3-րդ մասի կիրառումը, որը, ըստ դիմողի, վերաբերում է համապետական ընտրություններին:

Վարչական դատարանն իր` 09.04.2009թ. թիվ ՎԴ/1641/05/09 գործով կայացրած վճռով մերժել է «Հայ ազգային կոնգրես» նախընտրական դաշինքի հայցը՝ կիրառելով ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությամբ սահմանված դրույթները և իրավաչափ համարելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ընտրողների ցուցակում` հաշվառում չունեցող, սակայն տվյալ համայնքում բնակվող քաղաքացիների ընդգրկումը:

3. Դիմողի պնդմամբ՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության մեջ ամրագրված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 2, 4, 11.1., 30, 105 հոդվածների պահանջներին:

Ըստ դիմողի՝ վարչական դատարանի կողմից իր հայցադիմումի մերժման պատճառն այն է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության դրույթները դատարանի կողմից ընկալվել են որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների կազմմանը վերաբերող իրավական նորմեր, ինչն էլ, իր հերթին, բերում է նաև այլ իրավական նորմերի հակասահմանադրական մեկնաբանման:

Դիմողի կարծիքով, վարչական դատարանի մեկնաբանությունը և դրա վրա հիմնված իրավական ակտերի կիրառումը հնարավորություն չեն տալիս կատարելու ՀՀ Սահմանադրության 2, 4, 11.1., 30, 105 հոդվածների պահանջները և խառնաշփոթ են ստեղծում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական օրենսդրությունում:

Ըստ դիմողի՝ վիճարկվող նորմը ձևակերպված է այնքան անորոշ, ոչ միանշանակ, ոչ հստակ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը և վարչական դատարանն այն ընկալում, մեկնաբանում և կիրառում են ՀՀ Սահմանադրության նշված հոդվածների նորմերին ոչ համահունչ: Ուստի` ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունն անորոշ, ոչ միանշանակ, ոչ հստակ ձևակերպված լինելու առումով «...անհամատեղելի է իրավական պետության հատկանիշներից իրավական որոշակիության սկզբունքի հետ` ամրագրված Սահմանադրության 1-ին հոդվածում»:

4. Ըստ պատասխանողի՝ վիճարկվող հոդվածը շարադրված է բավարար հստակությամբ, որով թույլ է տալիս տեսնելու օրենսդրի կամքը՝ ակտիվ ընտրական իրավունքի իրականացման, ինչպես նաև այդ իրավունքի իրականացման համար սահմանափակումներ չհարուցելու մասով:

Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունում նշված՝ «համայնքում բնակվող և որևէ համայնքում հաշվառում չունեցող քաղաքացիները» համապատասխան համայնքում բնակվող, սակայն բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են: Այս առումով, եթե ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 3-րդ մասի դրույթները վերաբերում են ինչպես համապետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ապա «յուրաքանչյուր ոք» եզրույթը՝ վիճարկվող հոդվածի շրջանակում, կիրառվում է միայն այն դեպքում, երբ կանոնակարգումը վերաբերում է բացառապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Ըստ պատասխանողի՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածը ներառված է օրենսգրքի ընդհանուր դրույթների բաժնում, որտեղ զետեղված դրույթները տարածվում են բոլոր ընտրությունների վրա, եթե այդ ընտրություններին վերաբերող կոնկրետ բաժիններում այլ բան սահմանված չէ:

Պատասխանողը, միաժամանակ, «համայնքում բնակվող և որևէ համայնքում հաշվառում չունեցող» ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումն ինքնին իրավաչափ է համարում, ինչը պայմանավորված է բացառիկ դեպքերում՝ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի տրամաբանության շրջանակում բնակչի պարտադիր հաշվառվելու պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքների հաղթահարման անհրաժեշտությամբ:

Հերքելով վիճարկվող դրույթի՝ ՀՀ Սահմանադրության 2, 4, 11.1., 30 և 105 հոդվածներին հակասության վերաբերյալ դիմողի պնդումները` պատասխանող կողմը նշում է, որ վիճարկվող նորմը ոչ միայն չի հակասում ՀՀ Սահմանադրության 2, 4 և 30 հոդվածների իրավանորմերին, այլև, ընդհակառակը՝ ապահովում է նշված հոդվածներով սահմանված իշխանության իրականացման մեխանիզմի առավել արդյունավետ կատարմանը: Ի հիմնավորումն իր այդ եզրահանգմանը՝ պատասխանողը, մասնավորապես, նշում է, որ ՀՀ Սահմանադրության 30 հոդվածն սպառիչ կերպով սահմանում է այն քաղաքացիների շրջանակը, ում ընտրելու և ընտրվելու իրավունքը կարող է սահմանափակվել: Սահմանադրական այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն ՀՀ Սահմանադրության 43 հոդվածում նշված դեպքերում և հիմքերով: ՀՀ ընտրական օրենսգրքի 55 և 56 հոդվածներից բխում է, որ քվեարկությանը մասնակցել կարող են միայն ընտրողների ցուցակներում ընդգրկված քաղաքացիները: Հետևաբար, ընտրողների ցուցակներում ընդգրկվելու՝ քաղաքացու բացարձակ իրավունքի ճանաչումը՝ առանց որևէ ցենզի առկայության, ինքնին ունի սահմանադրական նշանակություն, քանի որ անհրաժեշտ է ազատ ընտրությունների միջոցով ժողովրդաիշխանության իրականացման, ընդհանուր ընտրությունների անցկացման և ընտրական իրավունքի իրացման համար: Պատասխանող կողմը գտնում է, որ անհիմն նստակեցության ցենզի հիմքով քաղաքացու ընտրելու իրավունքի իրացմանը խոչընդոտելը և այդ կարգով ակտիվ ընտրական իրավունքը սահմանափակելն անհամատեղելի կլինեն ՀՀ Սահմանադրության 2, 3, 4 և 30 հոդվածների հետ: Պատասխանողի պնդմամբ՝ իրավակիրառ մարմինները ճիշտ մեկնաբանություն են տվել իրավական նորմին, որը համահունչ է նաև ՀՀ Սահմանադրությանը:

5. Սույն գործի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը կարևոր է համարում անդրադարձը տեղական ինքնակառավարման մակարդակում անձանց ընտրական իրավունքի իրացման հիմնախնդրին առնչվող մի շարք հիմնարար հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությանը: Դրանք են, մասնավորապես, «ընտրական իրավունք», «տեղական ինքնակառավարում», «համայնք», «քաղաքացի», «յուրաքանչյուր ոք», «համայնքի բնակիչ», «բնակիչների հաշվառում», «մշտական բնակության վայր», «համայնքի ընտրողների ցուցակ», «համապետական ընտրությունների ժամանակ կազմվող ընտրողների ցուցակ», «տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կազմվող ընտրողների ցուցակ» հասկացությունները, որոնց վերաբերյալ ՀՀ օրենսդրության մեջ առկա են որոշակի հասկացութային հստակեցումներ:

6. ՀՀ Սահմանադրության 30 հոդվածը սահմանում է երկու սկզբունքային դրույթ: Նախ. «Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք»: Երկրորդ` «Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը»:

Ակնհայտ է, որ Սահմանադրությունը ճանաչում է ինչպես ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, այնպես էլ տեղական ինքնակառավարման մակարդակում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար օրենքով նման իրավունքի նախատեսման հնարավորությունը:

Սահմանադրորեն նախատեսված այդ հնարավորությունից ելնելով ՀՀ ընտրական օրենսգիրքը (հոդվ. 2) սահմանել է նման իրավունք ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձանց համար, ովքեր համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեն և փաստացի բնակվում են այդտեղ:

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է նաև, որ. «Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում» (հոդվ. 104): Ընդ որում, տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը:

Սահմանադրության 104.1. հոդվածի համաձայն` համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունն է: Համայնքի սեփականությունը կառավարելու և տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու և համայնքի պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները համայնքն իրականացնում է որպես սեփական լիազորություններ (հոդվ. 105):

Այսպիսով, «տեղական ինքնակառավարում» և «համայնք» հասկացությունները փոխպայմանավորված են: Համայնքը նույն բնակավայրում ապրող բնակչության հանրություն է: Հետևաբար, նույն բնակավայրում ապրող բնակչության կողմից իր սեփականությունը կառավարելը և տնօրինելը, համայնքային նշանակության, ինչպես նաև իրենց պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ հարցերի լուծումը կազմում է տեղական ինքնակառավարման բովանդակությունը:

Տեղական ինքնակառավարման մակարդակում ընտրական իրավունքն ինքնակառավարման իրականացմանը մասնակցելու համայնքի բնակչի իրավունքն ու հնարավորությունն է, ինչը կոչված է նրան մասնակից դարձնելու համայնքի սեփականության կառավարմանը և տնօրինմանը, համայնքային նշանակության հարցերի լուծմանը և համայնքի պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունների իրականացմանը:

Սահմանադրության «Տեղական ինքնակառավարումը» գլխում շեշտվում են «բնակիչ» (հոդվ. 104, 104.1.) և «համայնքի անդամ» (հոդվ. 107) հասկացությունները: Ընդ որում, Սահմանադրության 107 հոդվածի առաջին մասի համաձայն` տեղական ինքնակառավարման իրավունքը պատկանում է համայնքին, այսինքն` տվյալ բնակավայրի բնակչության հանրությանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում բնակչության մասնակցությունը ժողովրդավարության ինքնուրույն ու առանձնահատուկ այն ձևն է, երբ մարդիկ ընդհանուր շահերից ելնելով համատեղ են լուծում իրենց կյանքին առնչվող տեղական խնդիրները: Դրան մասնակցելու իրավունքը ձեռք է բերվում տվյալ բնակավայրի բնակիչ լինելու հանգամանքով: Տեղական ինքնակառավարման եվրոպական պրակտիկան նույնպես վկայում է այդ հանգամանքի կարևորության մասին: Նման մոտեցումը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ համայնքի բնակիչն է մուծում տեղական հարկեր ու տուրքեր, մասնակցում է համայնքային սեփականության ձևավորմանը:

7. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2002թ. մայիսի 7-ին) 3 հոդվածը նույնպես սահմանում է, որ «Տեղական ինքնակառավարումը բնակչության բարեկեցության բարելավման նպատակով սեփական պատասխանատվությամբ և օրենքի շրջանակներում ինքնուրույն գործող տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային խնդիրները լուծելու և համայնքի սեփականությունը տնօրինելու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով երաշխավորված իրավունքը և համայնքի կարողությունն է»:

Նույն օրենքի 4 հոդվածի համաձայն` «Համայնքը պետական համակարգի ժողովրդավարական հիմքն է: Համայնքը բնակիչների հանրություն և վարչատարածքային միավոր է, որի սահմաններում համայնքի բնակիչներն ուղղակիորեն կամ օրենքով սահմանված ընտրովի մարմինների միջոցով իրականացնում են տեղական ինքնակառավարում»: Իսկ 2008թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված` «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ «Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն»:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի համաձայն` «Համայնքի բնակիչ է այն անձը, որը հաշվառված է տվյալ համայնքում»: Ընդ որում, նույն հոդվածը նախատեսում է նաև, որ «Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով»:

ՀՀ ընտրական օրենսգրքի 9 հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմում և վարում է քաղաքացիների` ըստ բնակության վայրի հաշվառումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` լիազոր մարմին)»: Ակնհայտ է, որ ընտրական իրավահարաբերությունների շրջանակներում բնակչի հաշվառումն իրականացվում է ըստ նրա բնակության վայրի: Նույն օրենսգրքի 10 հոդվածի 2-րդ մասի պահանջն է, որ «Նույն անձը կարող է ընդգրկվել միայն մեկ համայնքի ընտրողների ցուցակում և միայն մեկ անգամ»:

Միաժամանակ, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2002թ. սեպտեմբերի 24-ին) 3 հոդվածը սահմանում է, որ «Ռեգիստրը բնակչության վերաբերյալ օրենքով սահմանված անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաև օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ` բնակիչների)` ըստ բնակության վայրի հաշվառման նպատակով»: Նույն օրենքի 7 հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն, ինչպես նաև սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անհատական տվյալները: Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր կացարան: Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում»: Այս դրույթներից նույնպես հետևում է, որ բնակիչը տեղական ռեգիստրում հաշվառվելու համար կարող է ունենալ միայն մշտական բնակության վայրի (կացարանի) մեկ հասցե և պարտավոր է այդ հասցեում օրենքով սահմանված ժամկետում հաշվառվել: Օրենքի 12 հոդվածի 3-րդ մասը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետությունում բնակվող այն անձինք, ովքեր հաշվառված չեն, պարտավոր են մինչև 2006թ. հուլիսի մեկը հաշվառվել համապատասխան տեղական ռեգիստրներում: Ընդ որում, նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն բնակչության պետական ռեգիստրը գործում է 2006թ. հուլիսի 1-ից:

Օրենքը ՀՀ կառավարությանն է լիազորել սահմանելու բնակչության հաշվառման կարգը: ՀՀ կառավարությունը 2005թ. հուլիսի 14-ին ընդունել է թիվ 1231-Ն որոշումը «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին»: Այդ որոշմամբ ՀՀ կառավարությունը կանոնակարգել է բնակչության բոլոր խավերի, այդ թվում` բնակության վայր չունեցող անձի, հաշվառման, ինչպես նաև սահմանված ժամկետներում չհաշվառվելու դեպքում պատասխանատվության կարգը և պարտավորեցրել է պետական կառավարման լիազոր մարմնին իրականացնել այն:

Օրենսդրության վերլուծությունը վկայում է, որ քաղաքացիների՝ ըստ բնակության վայրի հաշվառման համակարգի ներդրմամբ միաժամանակ սահմանվել է հաշվառման այնպիսի ընթացակարգ, որն ապահովում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր անձի հաշվառումը՝ միտում ունենալով բացառել հաշվառում չունեցող անձանց առկայությունը Հայաստանի Հանրապետությունում: Չհաշվառված անձի առկայությունը գործնականում հնարավոր է միայն տվյալ անձի կողմից՝ նշված օրենքով սահմանված իր պարտավորությունը չկատարելու դեպքում:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ իրավակիրառական պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար, մասնավորապես, կարևոր է տարբեր օրենսդրական ակտերով «բնակչության հաշվառում» հասկացության առնչությամբ միասնական մոտեցման ապահովումը, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների համակարգված իրականացումը:

8. ՀՀ օրենսդրության վերոհիշյալ դրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ համայնքի ընտրողների ցուցակում կարող են ընդգրկվել միայն տվյալ համայնքի` 18 տարին լրացած ընտրական իրավունք ունեցող բնակիչները, այսինքն` այն անձինք, որոնց մշտական բնակության վայրը տվյալ համայնքն է, և որոնք օրենքով նախատեսված ու ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով հաշվառված են այդ համայնքում: Համապետական ընտրությունների ժամանակ այդ ցուցակներում կարող են ընդգրկվել նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 3-րդ մասում նախատեսված ընտրական իրավունք ունեցող` տվյալ համայնքում չհաշվառված քաղաքացիները: Պատահական չէ, որ հիշյալ 10 հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության մեջ չհաշվառված անձանց առումով խոսքը վերաբերում է ոչ թե «յուրաքանչյուր ոք»-ին, այլ «քաղաքացիներ»-ին, որոնք համապետական ընտրությունների ժամանակ ընտրական իրավահարաբերությունների միակ սուբյեկտն են: Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձինք:

Այս տրամաբանությունից է բխում նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 4-րդ մասի իրավական բովանդակությունը, համաձայն որի` «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կազմվող ընտրողների ցուցակներում ընդհանուր հիմունքներով ընդգրկվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

9. ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը, ինչպես նշվեց, սահմանում է, որ «Համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում են սույն օրենսգրքի 2 հոդվածի համաձայն ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև այդ համայնքում բնակվող և որևէ համայնքում հաշվառում չունեցող, իսկ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում` նաև այլ համայնքում հաշվառված քաղաքացիները: Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ իրենց համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 15 օր առաջ` նաև լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա»:

Այս պարբերության մեջ «... իսկ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում` նաև այլ համայնքում հաշվառված քաղաքացիները» արտահայտությունն ակնհայտորեն վերաբերում է համապետական ընտրություններին, ուստի քննարկվող հարցի համատեքստում դատարանը դրան չի անդրադառնում: Միաժամանակ, ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 3-րդ մասի վերոհիշյալ պարբերությունը պարունակում է դրույթ, որը դուրս է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների իրավակարգավորման ընդհանուր տրամաբանությունից: Համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում են նաև « …այդ համայնքում բնակվող և որևէ համայնքում հաշվառում չունեցող… քաղաքացիները»: Ինչպես նշվեց, ՀՀ Սահմանադրությունը համայնք է դիտարկում մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունը (հոդվ. 104.1.): Իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի համաձայն` «Համայնքի բնակիչ է այն անձը, որը հաշվառված է տվյալ համայնքում»: Սահմանադրական դատարանը գտնում է, որ «այդ համայնքում բնակվող և որևէ համայնքում հաշվառում չունեցող» քաղաքացուն համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկելու դրույթը, ինչպես նաև այլ համայնքում հաշվառված և մեկ այլ համայնքի (քվեարկության օրը գտնվելու վայրի) ընտրողների ցուցակում ընդգրկելու իրավակարգավորումը հավասարապես վերաբերում են համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների կազմմանը, որը նույնպես իրականացվում է ըստ համայնքների, և այդ պատճառով ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 2-րդ մասը սահմանում է ընդհանուր դրույթ, որ «Նույն անձը կարող է ընդգրկվել միայն մեկ համայնքի ընտրողների ցուցակում և միայն մեկ անգամ»: Ընդ որում, հաշվառման կարգի սահմանման իրավասությունը, ինչպես նշվեց, օրենքով վերապահված է ՀՀ կառավարությանը, որը 2005թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ սահմանել է բնակչության հաշվառման տարբերակված կարգ, ինչը և պետք է դրվի բնակչության հաշվառման գործի կազմակերպման ու հաշվառման փաստի հավաստման հիմքում:

ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 4-րդ մասի իրավական բովանդակությունը («Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կազմվող ընտրողների ցուցակներում ընդհանուր հիմունքներով ընդգրկվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք») հստակ է ու որոշակի, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, ըստ վերոշարադրյալ իրավադրույթների, իրենց ընտրական իրավունքը կարող են իրացնել միայն տվյալ համայնքի բնակիչները կամ, ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի` այն անձինք, ովքեր հաշվառված են տվյալ համայնքում և ունեն ընտրական իրավունք:

Հետևաբար, դիմողների այն հարցադրումը, որ ընդհանրապես հաշվառում չունեցող անձը չի կարող ընդգրկվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կազմվող ընտրողների ցուցակներում, հիմնավոր է:

10. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի օրենսդրական կարգավորման փոփոխությունների ընդհանուր տրամաբանության վերլուծությանը: Ինչպես նշվեց, 1999թ. փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ ընտրական օրենսգիրքն ընդունվելուց հետո դրա 10-րդ հոդվածը փոփոխվել է վեց անգամ (13.10.1999թ. ՀՕ-2, 05.04.2000թ. ՀՕ-47, 03.07.2002թ. ՀՕ-406-Ն, 19.05.2005թ. ՀՕ-101-Ն, 22.12.2006թ. ՀՕ-1-Ն, 16.11.2007թ. ՀՕ-219-Ն օրենքներ): Մինչև 2000 թվականի ապրիլի 5-ի փոփոխությունները տվյալ հոդվածում առանձին դրույթ նախատեսված չի եղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակներ կազմելու առանձնահատկության վերաբերյալ:

ՀՀ սահմանադրական դատարանի 16 հոկտեմբերի 1999թ. ՍԴՈ-179 որոշման պահանջներից ելնելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2000թ. ապրիլի 5-ին ընդունված` «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքով սահմանվեց, որ.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2 հոդվածի առաջին կետում «քաղաքացիները» բառից հետո լրացնել հետևյալ բառերը. «, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված` 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված` ընտրական իրավունքով օժտված անձանց վրա:»:

Հոդված 2. Օրենսգրքի 10 հոդվածի առաջին կետի 2-րդ մասում «ընդհանուր հիմունքներով ընդգրկվում են նաև» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարում բնակվող` 18 տարին լրացած անձինք» բառերը»:

2002թ. հուլիսի 3-ի օրենսդրական փոփոխության արդյունքում 10 հոդվածի 1-ին կետի 2-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակներում ընդհանուր հիմունքներով ընդգրկվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

2005թ. մայիսի 19-ի ՀՕ-101-Ն օրենքով կատարված փոփոխությունների ժամանակ է, որ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների կազմման վերաբերյալ առանձնացվում է 4-րդ մաս, որը հետագայում փոփոխության չի ենթարկվել: Իսկ 2006թ. դեկտեմբերի 22-ի ՀՕ-1-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում է օրենսգրքի 2 հոդվածի 1-ին մասին տրվել ներկայիս ձևակերպումը:

Այսպիսով, ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի բոլոր փոփոխությունների համադրված վերլուծությունը նույնպես վկայում է, որ 10 հոդվածի 3-րդ մասի դրույթներն ըստ էության բովանդակում են ընդհանուր դրույթներ և կանոնակարգում են համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների կազմման հետ կապված իրավահարաբերությունները:

11. ՀՀ ընտրական օրենսգրքի 2 հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նաև համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և փաստացի բնակվող յուրաքանչյուր ոք:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ընտրական իրավունքով օժտված անձանց վրա»:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ՀՀ Սահմանադրության մեջ, ինչպես նաև օրենսդրական ակտերում «յուրաքանչյուր ոք» եզրույթը չի նշանակում «քաղաքացիություն չունեցող անձ»: Այն միաժամանակ ենթադրում է թե´ քաղաքացիներին և թե´ քաղաքացիություն չունեցող անձանց: Ուստի, մի կողմից` ընտրական օրենսգրքի 2 հոդվածի 1-ին մասի առաջին դրույթը չի կարելի մեկնաբանել այնպես, որ դրա առաջին մասը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, իսկ երկրորդ մասը` ոչ քաղաքացիներին: Սակայն, մյուս կողմից, օգտագործվում է «նաև» եզրույթը, որը տվյալ համատեքստում ենթադրում է. «բացի սահմանվածից` մյուսը»: Եթե դա համադրում ենք հոդվածի նույն մասի երկրորդ նախադասության մեջ օգտագործված «քաղաքացիություն չունեցող ընտրական իրավունքով օժտված...» արտահայտության հետ, ապա ակնհայտ է դառնում, որ տվյալ հոդվածում նկատի է առնվում, այսպես կոչված, «յուրաքանչյուր այլ ոք» հասկացությունը: Այս հարցում տարակարծիք մեկնաբանություններից խուսափելու համար ելակետ պետք է ընդունել ընտրական իրավունքի և դրա սահմանափակման վերաբերյալ սահմանադրական մոտեցումները:

ՀՀ Սահմանադրությունը ճանաչելով 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը (հոդվ. 30), միաժամանակ, ինչպես նշել ենք, նախատեսել է, որ «Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը»: Օրենսդիրը, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորության շրջանակներում, նախատեսել է, որ բացի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներից` «...տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նման իրավունք ունի նաև համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և փաստացի բնակվող յուրաքանչյուր ոք» (ՀՀ ընտրական օրենսգրքի 2 հոդվածի 1-ին մաս):

Այս համադրումից հետևում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական իրավունք ունեն 18 տարին լրացած, տվյալ համայնքում հաշվառված ՀՀ քաղաքացի հանդիսացող բնակիչները, ինչպես նաև տվյալ համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և փաստացի բնակվող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք: Նման իրավակարգավորումը բխում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 16 հոկտեմբերի 1999թ. ՍԴՈ-179 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների տրամաբանությունից, որում, մասնավորապես, շեշտվեց, որ օրենսդրին վերապահելով «ընտրության կարգը» սահմանելու իրավասությունը, Սահմանադրության ընդհանուր պահանջը նաև այն է, որ այն իրականացվի ՀՀ սահմանադրական կարգի հիմունքներին, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, և ՀՀ Ազգային ժողովի իրավասությունն է սահմանելու այդ իրավունքի իրացման կարգն ու պայմանները, մասնավորապես` հստակեցնելով մոտեցումը բնակության ցենզի վերաբերյալ:

Սահմանադրական դատարանի այդ որոշման հիման վրա փոփոխություններ կատարվեցին ՀՀ օրենսդրության մեջ և ընտրակարգում` թույլատրելով առնվազն մեկ տարի տվյալ համայնքում հաշվառված և բնակվող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

2005թ. սահմանադրական փոփոխություններն այս հարցում ամրագրել են այնպիսի մոտեցում, որը սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից համահունչ է սահմանադրական դատարանի` տվյալ հարցի վերաբերյալ վերոհիշյալ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

12. Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառական պրակտիկայում ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությանը տրվել է այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կազմվող ընտրողների ցուցակներում կարող են ընդգրկվել նաև տվյալ համայնքի բնակիչ չհանդիսացող անձինք: Սա չի բխում տեղական ինքնակառավարման սահմանադրաիրավական բովանդակությունից: Հիշյալ նորմը կիրառելի է միայն համապետական ընտրությունների ժամանակ ըստ համայնքների ընտրողների ցուցակներ կազմելիս, և վերջինիս առումով սահմանադրականության որևէ խնդիր չի առաջացնում:

ՀՀ քաղաքացու, հավասարապես նաև ՀՀ-ում կեցության այլ կարգավիճակ ունեցող անձանց ընտրական իրավունքի օրինաչափ իրացման կարևորագույն նախապայմաններից է «մեկ ընտրող` մեկ ձայն» սկզբունքը, որից հետևում է նաև անձանց՝ տեղամասային միայն մեկ ցուցակում ընդգրկվելու միակ հնարավորությունը (ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 2-րդ մաս), որը որպես իրավաբանորեն ամրագրված պարտականություն հստակ և հետևողականորեն պետք է երաշխավորվի ինչպես ՀՀ ընտրական օրենսգրքում, այնպես էլ՝ իրավակիրառական պրակտիկայում, որպեսզի մեկ անձն ընտրողների մեկից ավելի ցուցակներում չընդգրկվի: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ երաշխիքի առկայությամբ է նաև մեծապես պայմանավորված ՀՀ-ում ընտրությունների (այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների) և հանրաքվեների հետագա ժողովրդավարացումը: Իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում համայնքների ընտրողների ցուցակների կազմման (վարման) գլխավոր խնդիրը տվյալ համայնքի ընտրական իրավունք ունեցող բնակիչների ընտրական իրավունքի իրացման երաշխավորումն է: Այդ խնդրի արդյունավետ լուծմանը կարող էր նպաստել ոչ միայն իրավասու պետական մարմինների կողմից «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման պահանջների հստակ կատարումը, այլև համայնքների բնակիչների հաշվառման ու ընտրացուցակների կազմման առանձնահատկությունների հետ կապված իրավակարգավորման մանրամասները ՀՀ ընտրական օրենսգրքում նախատեսելը` ելնելով այդ օրենսգրքի կառուցվածքային ընդհանուր տրամաբանությունից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սույն որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

8 մայիսի 2009 թ.

ՍԴՈ-803

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան