Գլխավոր տեղեկություն
Համար
N 291-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.04.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.08/34(700) Հոդ.325
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2009 թվականի N 291-Ն

ՀԱՐԱՎԱՅԻՆ (ԼԱՏԻՆԱԿԱՆ) ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. մարտի 30
Երևան

 

 

 

Հավելված 
ՀՀ կառավարության 2009 թվականի
մարտի 19-ի N 291-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՐԱՎԱՅԻՆ (ԼԱՏԻՆԱԿԱՆ) ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

Սույն ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության (հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի N ՆՀ-37-Ն հրամանագրով) և Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ) դրույթների հիման վրա:

Ծրագիրը սահմանում է Հարավային (Լատինական) Ամերիկայի (այսուհետ` Լատինական Ամերիկա) հայ համայնքների կյանքում առկա մարտահրավերները, կրթամշակութային խնդիրները, դրանց լուծմանը նպատակաուղղված միջոցառումների ցանկը` նախատեսված 2009-2012 թվականների ժամանակահատվածի համար, պատասխանատու մարմինները և ակնկալվող արդյունքները:

 

I. ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱԿԻՐՃ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ

 

1. Լատինական Ամերիկայի տարածքի 30 երկրներից միայն հինգում են պատմականորեն ձևավորվել կազմակերպված հայ համայնքներ: Այդ երկրների թվում են Արգենտինան, Ուրուգվայը, Բրազիլիան, Վենեսուելան և Չիլին: Հայերն այդ երկրներում սկսել են հաստատվել դեռևս 20-րդ դարի սկզբներին, իսկ, որպես գաղթօջախներ, համայնքները հիմնականում ձևավորվել են 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից հետո:

2. Տարածաշրջանում հայ բնակչության թիվը ներկայումս շուրջ 170.000 է: Այստեղ հայ բնակչությունը տեղաբաշխված է շատ անհամաչափ: Բազմաթիվ հայկական համայնքներ սակավաթիվ են, սակայն իրենց հիմնախնդիրներով և զարգացման միտումներով շատ նման են իրար:

3. Ըստ երկրների` հայկական համայնքների հակիրճ նկարագիրը հետևյալն է`

1) Արգենտինայի Հանրապետություն

Լատինական Ամերիկայի ամենամեծ հայկական գաղթօջախի` Արգենտինայի հայկական համայնքներում ապրում է շուրջ 70.000 հայ: Բուենոս-Այրեսում ապրում են շուրջ 60.000, Կորդովայում` 5.000 և Ռոսարիայում` 5.000 հայեր: Թեև համայնքը համեմատաբար մեծ է, սակայն այնտեղ գործում են սահմանափակ թվով վարժարաններ և եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցներ, այն էլ` միայն մայրաքաղաք Բուենոս-Այրեսում: Կրթօջախների ընդհանուր թիվն ութն է` մոտավորապես 1650 աշակերտներով: Դրանք են Արծրունի ազգային վարժարանը, Խրիմյան կրթական հիմնարկությունը, Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատությունը, Մխիթարյան վարժարանը, Պահչեճյան ազգային վարժարանը, Վիսենտե Լոպեսի ազգային վարժարանը, Արմենիո-Արգենտինյան վարժարանը և Մարի Մանուկյան կրթական հաստատությունը: Այս կրթօջախների մեծ մասն ունի նաև մանկապարտեզ և նախակրթարան: Ուսուցումն իրականացվում է Արգենտինայի պետական կրթական ծրագրով, հայերենով դասավանդվում են մայրենի լեզուն և հայ կրոնի պատմությունը, այն էլ` որպես լրացուցիչ առարկաներ` չկանոնակարգված ձևով:

Արգենտինայի հայ համայնքի կրթական, մշակութային, հասարակական և քաղաքական զարգացումների կենտրոնը եղել և մնում է երկրի մայրաքաղաքը` Բուենոս-Այրեսը: Մշակութային և կրթական գործունեությունը կառավարվում է Հայ կենտրոնի միջոցով, որը Հայ առաքելական եկեղեցու գործերը վարող մարմինն է: Հրատարակվում են «Արմենիա», «Սարտարապատ», «Նոր Հաճն», «Նոր Սևան», «Ջեներեյշըն 3», «Արարատ» և «Դիբեթ» պարբերականները:

Գաղթօջախի մշակութային կյանքը ներկայացնում են Արգենտինահայ մշակութային միությունը, Համազգային Թեքեյան և Նոր սերունդ մշակութային միությունները, «Ժորժ Սարգիսյան» և «Մհեր Մկրտչյան» թատերախմբերը, «Մասիս», « Գայանե», «Նաիրի» պարախմբերը, «Արաքս», «Կոմիտաս», «Շնորհալի», «Արևագալ», «Ալագյազ», «Ս. Գրիգոր Լուսավորիչ» և «Մաշտոց» երգչախմբերը, զանազան նվագախմբեր: Գործում են նաև որոշ հայրենակցական միություններ.

2) Բրազիլիայի Հանրապետություն

Բրազիլիայի Հանրապետությունում հայերի թիվը շուրջ 20.000 է: Հիմնական հայկական համայնքները ձևավորված են Սան Պաուլոյում և Ռիո դե Ժանեյրոյում: Բրազիլահայ համայնքների ազգային, մշակութային և կրթական կյանքը կազմակերպող մարմիններն են Հայ գաղութային միությունը, Հայկական առաքելական եկեղեցին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և Ռամկավար ազատական կուսակցությունները: Բրազիլիայում գործող հինգ կրթօջախներն ամենօրյա վարժարաններ և մեկօրյա դպրոցներ են, այդ թվում` «Դուրյան» ազգային վարժարանը` շուրջ 120 աշակերտներով: «Դուրյան» ու «Փառեն և Ռեգինա Պազարյան» հաստատություններն ունեն նաև մանկապարտեզ և նախակրթարան: Դպրոցներում ուսուցումն իրականացվում է արևմտահայերենով և պորտուգալերենով: Աշակերտները գրեթե չեն խոսում հայերեն: Սան Պաուլոյի համալսարանում գործում է հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնը:

Բրազիլահայերի մշակութային կյանքն սկսել է ձևավորվել 1930-ական թվականներից: Այն հիմնականում ներկայացվում է երգչախմբերի, թատերախմբերի և պարախմբերի գործունեությամբ: Ստեղծվել են «Արմենիա» և « Գուսան» երգչախմբերը, ինչպես նաև պարախմբեր և թատերախմբեր: Ներկայումս գործում են «Սայաթ-Նովա» և «Էրեբունի» երգչախմբերը: Գործող մշակութային խմբերը Հայաստանի համապատասխան կառույցների կողմից մասնագիտական աջակցության կարիք ունեն:

Բրազիլահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպող գլխավոր մարմինը Կենտրոնական վարչական խորհուրդն է: Գործում են Հայ հեղափոխական դաշնակցության հայկական ակումբը, «Արմենիա» երիտասարդական միությունը, Հայ օգնության միության, Հայ մարմնակրթական միության, Հայ մարմնակրթական ընդհանուր միության, Հայ բարեգործական ընդհանուր միության Սան Պաուլոյի մասնաճյուղերը: Ակտիվ է Հայ երիտասարդական ընկերակցությունը (ՀԵԸ)` իր մարզադաշտերով և մարզական խմբերով, որոնք մասնակցում են հարավ-ամերիկյան օլիմպիական խաղերին, ինչպես նաև Արգենտինայում պարբերաբար անցկացվող համահայկական նավասարդյան տոներին, Բրազիլահայ մշակութային միությունը, «Բրազիլիա-Արմենիա» ընկերակցությունը, Հայ դատի հանձնախումբը, Մարաշի և Հաճնի հայրենակցական միությունները: 1994 թվականից Սան Պաուլոյում գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բրազիլական մասնաճյուղը: 1996 թվականին ստեղծվել է «Բրազիլիա-Հայաստան» առևտրաարդյունաբերական պալատը: Հայ օգնության միության հովանավորությամբ գործում է հայկական ծերանոցը.

3) Ուրուգվայի Հանրապետություն

Ուրուգվայում ապրում է շուրջ 19.000 հայ, որոնք ունեն երկու հայկական կրթօջախ Մոնտեվիդեոյում` Նուբարյան-Ալեք Մանուկյան ամենօրյա վարժարանը` շուրջ 300 աշակերտով և Ներսիսյան վարժարանը` շուրջ 30 աշակերտով: Դպրոցում և վարժարանում գործում են ոչ լիարժեք հայկական ծրագրեր: Անընդհատ նվազում է աշակերտների թիվը` հիմնականում հայոց լեզվի ուսուցման ոչ բավարար մակարդակի պատճառով:

Ուրուգվայի Հանրապետությունում գործում են սիրողական երգչախմբեր, թատերախմբեր, որոնք նույնպես մասնագիտական աջակցության խիստ կարիք ունեն.

4) Չիլիի Հանրապետություն

Չիլիում ապրում է շուրջ 1.500 հայ, հիմնականում` Սանտյագոյում: Հայերի միակ հավաքատեղին Սանտյագոյի Հայ տունն է, որտեղ գործում է կիրակնօրյա դպրոց: Դպրոցն ունի ընդամենը տասնհինգ աշակերտ: Հայոց լեզուն դասավանդվում է ինքնուսույցով, որը, մեղմ ասած, բավարար որակ չի ապահովում և կարիք ունի վերափոխման: Դասավանդվում է նաև հայ կրոնի պատմություն: Չիլիում գործում է մեկ սիրողական դերասանական խումբ, որը Հայաստանի մշակութային կյանքի հետ, ըստ էության, ոչ մի առնչություն չունի: Ազգային կյանքը կազմակերպում է Հայ գաղութային վարչությունը, որին կից գործում է Տիկնանց միությունը.

5) Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

Վենեսուելայում ապրում է շուրջ 3.000 հայ, հիմնականում` Կարակասում: Վենեսուելայում, որպես հայկական կառույցներ, գործում են Գաղութային գործադիր վարչությունը, Հայկական կենտրոնը, Հոգևոր հովվության կենտրոնը և Կարակասի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Կարակասում, «Արարատ» հայկական ընկերակցության հովանու ներքո, գործում է 30 աշակերտով մեկ շաբաթօրյա վարժարան, այն էլ` սոսկ հայերեն տառաճանաչություն ապահովելու մակարդակով: Մշակութային կյանքը խիստ բարձիթողի վիճակում է:

 

II. ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

 

4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կարևոր յուրահատկություններից են աշխարհի տարբեր երկրներում հայկական սփյուռքի ուծացմանը դիմակայելը և հայության լեզվամշակութային ինքնության կորստի կանխումը: Հայաստան-սփյուռք կապերի թուլացումը, գործնական շփումների բացակայությունը կարող են վտանգ ներկայացնել` հայ ժողովրդի ազգային անվտանգության հիմնարար արժեքների տեսանկյունից:

5. Սփյուռքի որոշ գաղթօջախներում, մասնավորապես, Լատինական Ամերիկայի հայ համայնքներում ապրող սփյուռքահայերի մի զգալի հատված չի տիրապետում հայոց լեզվին կամ տիրապետում է մասնակիորեն, իսկ որոշ համայնքներում հայերենի գործածումը սահմանափակվում է միայն կենցաղային մակարդակի բանավոր խոսքով: Հայերենի վատ կամ սահմանափակ իմացությունը հաճախ խոչընդոտ է դառնում հայ մարդու համար` ներգրավվելու գաղթօջախի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում, և պատճառ է դառնում նրա է՜լ ավելի մեկուսացմանն ու օտարացմանը:

Նշված հիմնախնդիրները դարձել են օրհասական Լատինական Ամերիկայի հայկական գաղթօջախների համար, ինչը և պահանջում է շտապ իրականացնել որոշակի ծրագրեր` այդ երկրների հայ համայնքների հետ հուսալի և արդյունավետ կամուրջներ ստեղծելու, հայոց լեզվի իմացությունն ու օգտագործումը խթանելու, կրթական, մշակութային և հայագիտական օջախների արդյունավետ գործունեությանը, համայնքներում առկա ներուժի հաշվառմանը, համախմբմանը և այն համահայկական ծրագրերում ներգրավելու խնդիրներին աջակցելու համար:

6. Լատինական Ամերիկայի երկրներում հայկական սփյուռքի ազգային դիմագծի կորստին ու աղավաղումներին հատկապես նպաստել են`

1) գաղթօջախների համեմատաբար հին լինելը (դրանք ունեն 90 և ավելի տարիների պատմություն).

2) գաղթօջախների աշխարհագրական դիրքը և մեծ հեռավորությունը մայր հայրենիքից ու հայաշատ, կայուն զարգացող գաղթօջախներից.

3) Հայաստանի և այլ հայաշատ գաղութների հետ թույլ կապերը.

4) Հայաստանի և հայության մասին տեղեկատվության դժվար հասանելիությունը.

5) վերջին տարիներին դեպի այդ գաղթօջախներ Հայաստանից և ուրիշ երկրներից հայության ներհոսքի բացակայությունը.

6) Լատինական Ամերիկայի երկրների տնտեսական զարգացվածության ոչ բարձր մակարդակը.

7) հայ ընտանիքներում ծնելիության ցածր մակարդակը.

8) խառը ամուսնությունները (մոտավորապես 60 տոկոս).

9) 1985 թվականից հետո Հայաստանի Հանրապետության կողմից մշակութային լուրջ ծրագրերի իրականացման բացակայությունը, արվեստի բնագավառի կադրերի պակասը և նրանց վերապատրաստման ծրագրերի բացակայությունը.

10) սակավաթիվ ուսուցիչների վերապատրաստումը հայրենիքում.

11) երիտասարդների, պատանիների ու աղջիկների մայր հայրենիք այցելությունների չնչին տոկոսը.

12) հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության դասագրքերի պակասը, բազմազանությունը և դրանք յուրաքանչյուր ուսուցչի կողմից կամայականորեն կազմելու հանգամանքը.

13) հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության առարկաների դպրոցական ծրագրերի միասնական չլինելը.

14) դպրոցական գրադարաններին և մշակութային կենտրոններին Հայաստանից ընդհանրապես գրքեր չառաքելը:

7. Այսօրվա դրությամբ Լատինական Ամերիկայի երկրների հայկական համայնքներում ազգային-մշակութային ինքնության թուլացումը հասել է այն աստիճանի, որ այդ տարածաշրջանում դարձել է սպառնալիք հայ համայնքների գոյության համար: Համայնքների հայության համար արդիական և հրատապ են հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդման նախադրյալների ստեղծումը, Հայաստանի մտավոր և հոգևոր արժեքների պահպանման գործընթացում համայնքի հայությանն ընդգրկելու համար նոր հնարավորությունների ստեղծումը (մասնավորապես, ժամանակակից բարձր տեխնոլոգիաների միջոցով), հայության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը հայկական գաղթօջախներին մասնակից դարձնելը:

8. Համայնքներում խիստ զգացվում է բոլոր տիպի կառույցներին ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության պետական հոգածության և աջակցության կարիքը:

9. Ընդհանուր առմամբ մշակութային կյանքը թույլ է, անկազմակերպ ու մեկուսացված, ինչը, իր հերթին, հնարավորություն է տալիս յուրացնելու այլ մշակութային արժեքներ` ստորադասելով հայկականը: Առանձնապես զգացվում է Հայաստանում կրթություն ստացած կամ վերապատրաստված մասնագետների կարիք: Տարածաշրջանում գործող մշակութային միությունների և հայաստանյան նմանատիպ կառույցների միջև կապը թույլ է և չհամակարգված:

10. Գաղթօջախները խիստ կտրված են հայկական տեղեկատվական դաշտից: Հայկական հանրային հեռուստաընկերության արբանյակային ծրագրերը չեն հեռարձակվում այս տարածաշրջանում:

11. Հատկապես հրամայական է դարձել ծագումով հայ երիտասարդներին հայադարձության նոր լիցքերի հաղորդումը, մայրենի լեզվի ուսուցումը, հնարավորինս` նրանց մասնագիտական կրթության կազմակերպումը Հայաստանի բուհերում և երիտասարդական կապերի ընդլայնումը:

12. Համայնքների անդամների 70 տոկոսից ավելին ընդգրկված չէ բարեսիրական, մշակութային, կրթական, կանանց միություններում:

13. Շատ քիչ են զուտ հայկական դպրոցները (ընդամենը չորսն են), որոնցում հայոց լեզվի դասավանդման վիճակը հեռու է բավարար լինելուց, չկան հայոց լեզվի և պատմության միասնական դասագրքեր: Դպրոցների մեծ մասում հիմնական կրթությունն իրականացվում է իսպաներենով և պորտուգալերենով, միայն լրացուցիչ կրթությունը` արևմտահայերենով: Դպրոցներում հայկական ուսուցման ծրագրերը խիստ վերանայման և համակարգման կարիք ունեն: Վերջին տարիներին դպրոցներում կրթության որակի և աշակերտների ընդհանուր թվի անկման հետ մեկտեղ հայկական կրթօջախներում ի հայտ են եկել նաև ֆինանսական խնդիրներ` կապված երիտասարդ մանկավարժական կադրերի ներգրավման, դասագրքերի առաքման և թարմացման հետ:

Ավելին, այդ երկրներում նկատվում է նաև հայերենով տպագրվող թերթերի և ամսագրերի, հեռարձակվող ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների պակաս, ինչն էլ, իր հերթին, բացասաբար է անդրադառնում համայնքների ազգային նկարագրի պահպանման և զարգացման վրա:

14. Ներկայումս Լատինական Ամերիկայի հայկական համայնքներում հայապահպանությունը դարձել է տեղի բոլոր հայկական կառույցների, այդ թվում` եկեղեցիների, մշակութային կենտրոնների, բարեգործական, հայրենակցական և այլ հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների գերխնդիրը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 

15. Առաջարկվող ծրագրի հիմնական նպատակներն են`

1) Լատինական Ամերիկայի հայ համայնքներում ազգային ինքնության ամրապնդումը և պահպանումը.

2) հայեցի կրթության համակարգի ընդլայնումը և արդյունավետության շեշտակի բարձրացումը, այդ թվում` տարածաշրջանի առանձնահատկությունները հաշվի առնելով` ուսուցիչների պատրաստումը և վերապատրաստումը, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների հրատարակումը, հայրենիքից ուսուցիչների գործուղումը.

3) Լատինական Ամերիկայի երկրների քաղաքական, հասարակական ու մշակութային կյանքին հայ մարդու ինտեգրման գործընթացներին աջակցությունը` նպաստելով Լատինական Ամերիկայի երկրների և Հայաստանի երկկողմ կապերի զարգացմանն ու միջազգային գործընթացներին Հայաստանի Հանրապետության ինտեգրմանը.

4) Լատինական Ամերիկայի երկրներում հայ ներուժի հայտնաբերումը, համախմբումն ու օգտագործումը, համահայկական մասնագիտական խմբերի կազմում դրանց ընդգրկումը.

5) աջակցությունը համահայկական տեղեկատվական բազայի ձևավորմանն ու զարգացմանը, Հայաստանի Հանրապետության և հայկական աշխարհի մասին տեղեկատվության հասանելիության աստիճանի մեծացմանը: Հայաստանի և Լատինական Ամերիկայի հայ համայնքների փոխադարձ կապի հնարավորությունների զարգացման խթանումը` էլեկտրոնային հաղորդումների միջոցով ապահովելով բոլոր հայ համայնքների մասին տեղեկատվության տարածումը.

6) հանրային հեռուստատեսության` սփյուռքի համար նախատեսված ծրագրերի արբանյակային հեռարձակման տիրույթում Լատինական Ամերիկայի երկրների ընդգրկմանը, այդ ծրագրերի բովանդակության բարելավմանն ու նպատակաուղղմանը, տարածաշրջանի կրթամշակութային և հայապահպանության խնդիրների լուծմանը նպաստելը.

7) Լատինական Ամերիկայի հայ համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը, զարգացմանը, Հայաստանի և սփյուռքի մշակութային կյանքի փոխադարձ ներկայացմանն ու միջհամայնքային մշակութային կապերի ամրապնդմանը նպաստելը, խրախուսելն ու աջակցելը Հայաստանից և հայաշատ գաղութներից տարբեր ստեղծագործական խմբերի, համույթների և անհատ արտիստների այցելությունների կազմակերպմանը.

8) օժանդակելը գաղութներում նոր կրթական համակարգերի ներդրմանը, ուսուցիչների պատրաստմանն ու վերապատրաստմանը, համապատասխան դասագրքերով, ձեռնարկներով, մեթոդական նյութերով, մանկական հանրագիտարաններով, գրքերով, քարտեզներով ապահովմանը.

10) սփյուռքահայ կազմակերպությունների հետ մեկտեղ հայերենի, հայ դպրոցի և հայ ընտանիքի քարոզչության վարումը.

11) կրթօջախներին տարբեր բնույթի օգնություն ցուցաբերելու նպատակով` լատինաամերիկյան գաղթօջախի և Հայաստանի դպրոցների միջև «քույր» դպրոցների գաղափարի իրագործման խրախուսումը.

12) օժանդակելը կիրակնօրյա դպրոցների բացմանը, դրանցում սովորողների թվի ավելացմանը, դասագրքերով, հայագիտական բովանդակությամբ էլեկտրոնային նյութերով ապահովմանը.

13) նպաստելը Լատինական Ամերիկայում գտնվող հայագիտական կենտրոնների, մասնավորապես, Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի հայագիտական ամբիոնի աշխատանքների կազմակերպմանը, կատարվող գիտական հետազոտությունների մակարդակի բարձրացմանը, հետազոտությունների արդիականացմանը և նպատակաուղղվածությանը.

14) հեռավար ուսուցման միջոցով նպաստելը Լատինական Ամերիկայի հայ համայնքներում հայեցի կրթական ծրագրերի ներդրմանը և իրականացմանը.

15) նպաստելը նոր կրթական ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը` դրանցում ընդգրկելով Լատինական Ամերիկայում բնակվող հայ մասնագետներին, այդ թվում` ներառելով դասագրքերի մշակման ու հրատարակման, հայ գրականության արժեքների ամբողջական ժողովածուների ստեղծման աշխատանքներին.

16) Լատինական Ամերիկայի հայ համայնքների մասնակցության խթանումը Հայաստանը` որպես հայի օջախ կառուցելու գործընթացին, գաղթօջախի ավելի մեծ թվով երիտասարդների ընդգրկումը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» խորագրով «Սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան» և այլ ծրագրերում.

17) համահայկական մասնագիտական խմբերում և գիտաժողովներում Լատինական Ամերիկայում բնակվող հայ գիտնականների, մասնագետների և վերլուծաբանների մասնակցության ապահովումը.

18) Հայաստանի մտավորականների մասնակցության ապահովումը Լատինական Ամերիկայում կազմակերպվող համահամայնքային միջոցառումներին, գիտաժողովներին և այլն.

19) Լատինական Ամերիկայում բնակվող հայ արվեստագետներին Հայաստանի մշակութային կյանքում, մշակութային համահայկական ծրագրեր (փառատոններ, ցուցահանդեսներ, հյուրախաղեր և այլն) իրականացնելու գործում ներգրավելը.

20) նպաստելը Լատինական Ամերիկայում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների հաշվառմանը` հնարավորություն ստեղծելով դրանց համար ապահովելու պետական հոգածություն: Գործուն քայլեր ձեռնարկելը Հայաստանի և արտերկրների հայկական պատմամշակութային արժեքների մասին հայերենով, իսպաներենով կամ պորտուգալերենով նյութերի հրատարակման ու տարածման գործում.

21) տարածաշրջանում ապրող այլալեզու հայերի վերաինտեգրման գործընթացների խթանումը` ուղիներ գտնելով նրանց իրենց ազգային արմատներին վերադարձնելու համար:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

16. Ծրագրի ֆինանսավորման աղբյուրներն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն.

2) «Հայաստան» համահայկական հիմնադրամը.

3) ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրամադրվող միջոցները.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

17. Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգվում են Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ինչպես նաև այլ հասարակական կառույցների հետ սերտ համագործակցությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան