Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (11.01.1993-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.1993
Ստորագրման ամսաթիվ
11.01.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.1993

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին 1991 թվականի դեկտեմբերի 29-ի պայմանագրով,

համոզված լինելով, որ գիտատեխնիկական համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի կարևոր բաղկացուցիչ մասն է, և ընդունելով համագործակցության անհրաժեշտությունը գիտելիքների արագ տարածման և գիտական հետազոտությունների և մշակումների միջազգայնացման պայմաններում,

հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև պատմականորեն ձևավորված գիտատեխնիկական կապերը,

նկատի ունենալով, որ այդպիսի համագործակցությունը կնպաստի երկու երկրների և ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը, նաև նախադրյալներ կստեղծի փոխշահավետ առևտրատնտեսական կապերի զարգացման համար,

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

     Կողմերը կաջակցեն գիտատեխնիկական համագործակցությանը իրավահավասարության, փոխադարձության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով տնտեսավարման շուկայական համակարգը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

     Նկատի առնելով երկու երկրներում գիտատեխնիկական առաջընթացի զարգացման գերակայությունը և ազգային գիտատեխնիկական ներուժերում ինտեգրացված տարրերի առկայությունը` Կողմերը կզարգացնեն համագործակցությունը հետևյալ ուղղություններով`

- հիմնարար և կիրառական հետազոտություններ բնական գիտությունների բնագավառում,

- հետազոտություններ տեխնիկական գիտությունների և տեխնոլոգիաների զարգացման բնագավառում,

- հետազոտություններ հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում,

- գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստում և վկայագրում,

- ստանդարտացում, չափագիտություն, հավաստագրում,

- արդյունաբերական սեփականության պաշտպանություն,

- գիտատեխնիկական ինֆորմացիայի ազգային համակարգերի շահագործում: Կողմերը, որպես համատեղ գիտական հետազոտությունների գերակա ուղղություններ, սահմանում են.

- պարենի արտադրության բարձրարդյունավետ գործընթացներ,

- հեռուստահաղորդակցման հեռանկարային միջոցներ, կապի ինտեգրացված համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ,

- հեռանկարային նյութեր,

- բնական միջավայրի և կլիմայի համընդհանուր փոփոխություններ,

- երկրաբանություն, երկրաֆիզիկա, երկրաշարժագիտություն,

- պայքար առավել տարածված հիվանդությունների դեմ,

- մոր և մանկան առողջության պահպանություն,

- կենսաճարտարագիտական նորագույն մեթոդներ,

- էկոլոգիապես մաքուր էներգետիկա,

- բարձր էներգիաների ֆիզիկա,

- մարդու համագեն (գենոմ),

- կառավարում (մենեջմենթ),

- պետական կառավարման կազմակերպում,

- համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության պատմություն,

- կիրառական սոցիոլոգիա և քաղաքագիտություն:

Համագործակցության ուղղությունների ցանկը կարող է լրացվել և ճշգրտվել Կողմերի համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

2-րդ հոդվածում նախատեսված համագործակցությունը կիրականացնեն երկու երկրների նախարարությունները, գերատեսչությունները, գիտահետազոտական հիմնարկները, բուհերը, ֆիրմաները, գիտական կազմակերպությունները և ընկերությունները` իրենց իրավասության սահմաններում, ազգային օրենսդրությանը համապատասխան: Համագործակցության բովանդակությունը, նրա տնտեսական և կազմակերպական պայմանները, ներառյալ`

- համագործակցության ֆինանսավորումը,

- համատեղ գիտահետազոտական աշխատանքների արդյունքների օգտագործումը,

- համագործակցության ընթացքում փոխանակվող տեղեկության հավաստիության և նյութերի ու սարքավորումների որակի համար պատասխանատվությունը,

- բարձրագույն որակավորմամբ գիտական և գիտամանկավարժական կադրերի վկայագրման և համապատասխան փաստաթղթերի համաճանաչման կարգը,

- համատեղ օգտագործման գիտատեխնիկական օբյեկտների շահագործման կարգը,

- հիվանդությունից ու դժբախտ դեպքերից գիտնականների և գիտատեխնիկական այլ անձնակազմերի ապահովագրումը,

կհամաձայնեցվեն անմիջական համագործակցության սուբյեկտների կողմից` առանձին համաձայնագրերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

     Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով`

- գիտատար տեխնոլոգիաների ստեղծման և յուրացման բնագավառում համատեղ գիտահետազոտական ծրագրերի, նախագծերի իրականացում,

- համատեղ գիտական ժամանակավոր կոլեկտիվների, լաբորատորիաների, նաև նոր տեխնիկան և տեխնոլոգիաներ յուրացնող նորաստեղծության ֆիրմաների և կազմակերպությունների ձևավորում,

- գիտական աշխատանք մյուս Կողմի գիտահետազոտական հիմնարկներում, բուհերում, տեխնոկայաններում, արխիվներում և թանգարաններում, ներառյալ համատեղ դաշտային հետազոտությունները և գիտարշավները,

- գիտատեխնիկական տեղեկության, փաստաթղթերի, գրականության և մատենագիտական հրատարակությունների, արտադրատեսակների նմուշների, նոու-հաուների և արտոնագրերի փոխանակում,

- գիտնականների և մասնագետների փոխանակում,

- համատեղ սեմինարների, գիտաժողովների, աշխատանքային հանդիպումների անցկացում,

- գիտնականների և մասնագետների որակավորման բարձրացում, ստաժավորման կազմակերպում,

ինչպես նաև փոխհամաձայնեցված այլ ձևերով, որոնք ապահովում են սույն Համաձայնագրի իրականացումը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Համագործակցության համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման համար Կողմերը կընդգրկեն պետական ու մասնավոր սեկտորների գիտական, գիտահետազոտական, նախագծային- կոնստրուկտորական և տեխնոլոգիական կազմակերպություններ, ինչպես նաև անհատ գիտնականների և մասնագետների: Կխրախուսվի համագործակցող կազմակերպությունների միջև ուղղակի կապերի զարգացումը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի իրականացման և նրա կատարման ընթացքի վերահսկման նպատակներով Կողմերը ստեղծում են խառը աշխատանքային խումբ` կազմված շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներից: Աշխատանքային խումբը հավաքվում է տարեկան մեկ անգամից ոչ պակաս կամ, ըստ անհրաժեշտության, Կողմերից մեկի խնդրանքով` աշխատանքների կատարման ընթացքի գնահատման և համագործակցության զարգացման պլանների համաձայնեցման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցություն իրականացնելիս Կողմերը ապահովում են արդյունաբերական և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը:

Համատեղ գիտական հետազոտությունների արդյունքների և գիտական հետազոտությունների արդյունքների ու գիտական հետազոտություններ կատարելիս ստացված այլ տեղեկատվության օգտագործման, ինչպես նաև պատենտավորման, հեղինակային իրավունքների հետ կապված, արդյունաբերական նմուշների և արդյունաբերական ու մտավոր սեփականության այլ իրավունքների պաշտպանության հարցերը, պետություններում գործող օրենսդրությանը համապատասխան, կհամաձայնեցվեն յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին` համաձայնագրերի կնքման միջոցով, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքները և պարտավորությունները, որոնք բխում են նրանց կողմից կնքված այլ միջազգային պայմանագրերից և համաձայնագրերից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել Կողմերի գրավոր փոխադարձ համաձայնությամբ:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի կասեցնելու սույն Համաձայնագրի գործողությունը` այդ մասին մյուս Կողմին վեց ամիս առաջ գրավոր տեղեկացնելով:

Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի հունվարի 11-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հունվարի 11-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան