Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լեհաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ցանկանալով զարգացնել և ամրապնդել բարեկամական հարաբերությունները երկու երկրների միջև, որոնք հիմնված են փոխադարձ աջակցության, իրավահավասարության և ներքին գործերին չմիջամտելու վրա,
ցանկանալով ամրապնդել բարեկամական հարաբերությունները Պայմանավորվող կողմերի միջև,
առաջնորդվելով գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, սպորտի և զբոսաշրջության, երիտասարդության փոխանակման, զանգվածային լրատվության միջոցների բնագավառներում համագործակցության զարգացման և դյուրացման ցանկությամբ,
ձգտելով իրականացնել Հելսինկյան Եզրափակիչ ակտի, Նոր Եվրոպայի Փարիզի կանոնադրության և Եվրոպայի անվտանգության համագործակցության խորհրդակցության այլ փաստաթղթերի` մշակույթին վերաբերող դրույթները, ինչպես նաև ԵԱՀԿ մասնակից պետությունների մշակութային ժառանգության Կրակովյան սիմպոզիումի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերը կարևորում են մշակութային և գիտական հարաբերությունների հաստատումը անհատի նկատմամբ հարգանքի, խղճի և կրոնի ազատության, հոգևոր և մշակութային արժեքների ճանաչման, Պայմանավորվող կողմերի օրենքների հարգման և պահպանման սկզբունքների հիման վրա:
Հոդված 2
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն պետական, հասարակական և մասնավոր հաստատությունների, կազմակերպությունների, ասոցիացիաների և անհատների բոլոր այն նախաձեռնությունները և համագործակցության ձևերը, որոնք կնպաստեն հայ-լեհական համատեղ կազմակերպությունների և հիմնադրամների ստեղծմանը, որոնք կծառայեն սույն Համաձայնագրի նպատակների իրականացմանը և երկու պետությունների ժողովուրդների մերձեցմանը:
Հոդված 3
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն համագործակցությունը և փոխանակումը մշակույթի և արվեստի բնագավառներում և համապատասխան հնարավորություններ կստեղծեն այդ բնագավառներում գործող կազմակերպությունների և անհատների միջև համագործակցության համար:
Հոդված 4
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ջանքեր կգործադրի իր երկրում մյուս Պայմանավորվող կողմի մշակութային ժառանգության և ժամանակակից մշակութային նվաճումների տարածման համար: Այդ նպատակով Պայմանավորվող կողմերը, ելնելով փոխշահավետության սկզբունքից, կխրախուսեն մյուս Կողմի գեղարվեստական աշխատանքների տարածմանն ուղղված գործողությունները հետևյալ միջոցներով.
- ցուցահանդեսների և այլ մշակութային շնորհանդեսների փոխանակում,
- դերասանների և դերասանական խմբերի փոխանակում,
- գրական աշխատանքների թարգմանություն և հրապարակում,
- մյուս Պետության անհատների գեղարվեստական աշխատանքների ներկայացում թատրոններում, համերգասրահներում, ցուցահանդեսներում, կինոյում, հեռուստատեսությամբ և ռադիոյով,
- նոր մշակութային արժեքներ ստեղծող անհատների նախաձեռնություններ և նախագծեր,
- ազգային կինոյի փառատոների և պաշտոնական պրեմիերաների կազմակերպում, ֆիլմերի, պատվիրակությունների և մասնագետների փոխանակում, համատեղ ներկայացումների իրականացում, ֆիլմադարանների համագործակցություն և գրական աշխատությունների փոխանակում:
Հոդված 5
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն լեհերեն լեզվի և գրականության ուսուցումն ու տարածումը Հայաստանի Հանրապետությունում և հայոց լեզվի ու գրականության ուսուցումն ու տարածումը Լեհաստանի Հանրապետությունում:
Հոդված 6
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կճանաչի մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների և հաստատությունների, ինչպես նաև նրանց իրավահաջորդների հեղինակային և հարակից իրավունքները` անկախ նրանց աշխատանքների առաջին հրապարակման վայրից, և կպաշտպանի նրանց իրավունքները նույն պայմաններով, ինչ նախատեսված է Պայմանավորվող կողմերի ներքին օրենսդրությամբ իրենց քաղաքացիների և ինստիտուտների համար: Ավելին, Կողմերը փոխադարձաբար կհարգեն իրենց քաղաքացիների և ինստիտուտների հեղինակային և հարակից իրավունքները` Եվրոպայի միության ընդունած ստանդարտների համաձայն: Մասնավորապես, պաշտպանության ստանդարտները, որոնք չպետք է ավելի ցածր լինեն, քան Բեռնի և Հռոմի Կոնվենցիաներով նախատեսված ստանդարտներն են:
Հոդված 7
Պայմանավորվող կողմերը ջանքեր կգործադրեն` ուղղված երկու Կողմերի ազգային մշակութային ժառանգության պահպանմանը և իրենց տարածքում գտնվող մյուս Պայմանավորվող կողմի համար պատմական հուշարձաններ հանդիսացող և մշակութային արժեք ներկայացնող առարկաների պահպանմանը:
Հոդված 8
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն համագործակցությունը երկու Կողմերի հետազոտողների, հետազոտական հիմնարկների, գիտական ակադեմիաների և այլ գիտական կազմակերպությունների միջև: Պայմանավորվող կողմերը կապահովեն գիտական համագործակցության համար անհրաժեշտ բոլոր պայմանները` հետևյալ եղանակներով.
- հետազոտողների փոխանակում,
- համատեղ հետազոտական աշխատանքների կատարում,
- համատեղ հետազոտական հիմնարկների ստեղծում,
- տեղեկության, հրատարակությունների և գիտական փաստաթղթերի փոխանակում,
- մատչելի դարձնել արխիվները, գրադարանները և փաստաթղթերի այլ աղբյուրները և հետազոտությունների արդյունքների հրապարակումը,
- համատեղ գիտական միջոցառումների (վեհաժողովներ, կոնֆերանսներ, գիտաժողովներ, գիտարշավներ և այլն) կազմակերպում,
- միջգերատեսչական համաձայնագրերում նախատեսված համագործակցության այլ հատուկ ձևեր:
Հոդված 9
Հետազոտությունների արդյունքները և Պայմանավորվող կողմերի համատեղ ուժերով ձեռք բերված գիտական և տեխնիկական փաստաթղթերը չեն կարող փոխանցվել երրորդ կողմի և հրատարակվել առանց մյուս Կողմի համաձայնության:
Հոդված 10
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Լեհաստանի Հանրապետության ազգային կրթության նախարարությունը անմիջական կապեր կհաստատեն երկու երկրների կրթության և բարձրագույն կրթության համակարգերը և մակարդակը բարձրացնելու համար: Կողմերը կխրախուսեն կրթաթոշակ ստացողների, հետազոտողների, վերապատրաստման գործուղված անձանց և ուսանողների փոխանակումը` ելնելով վերոհիշյալ նախարարությունների կողմից համաձայնեցված սկզբունքներից:
Հոդված 11
Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ մինչև «Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև միջնակարգ, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական դպրոցների ավարտական փաստաթղթերի վավերականության փոխադարձաբար ճանաչման մասին» համաձայնագրի կնքումը Կողմերը կկարգավորեն իրենց հարաբերությունները 1972թ. հունիսի 7-ի` «Միջնակարգ, միջնակարգ մասնագիտական դպրոցների, բարձրագույն դպրոցների ավարտական փաստաթղթերի, ինչպես նաև գիտական աստիճանների և կոչումների շնորհման փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» Պրագայի Կոնվենցիայով, բացառությամբ բժշկական ակադեմիաների վկայականների և բժշկության բնագավառում գիտական աստիճանների և կոչումների:
Հոդված 12
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն համագործակցությունը արխիվների ուսումնասիրման, մասնավորապես, նրանցից օգտվելու հնարավորության գործում, փորձի փոխանակումը, հրատարակությունների և միկրոֆիլմերի փոխանակումը` համաձայն իրենց ներքին օրենսդրության:
Հոդված 13
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն համագործակցությունը երիտասարդների փոխանակման բնագավառում` համաձայն առանձին համաձայնագրերի:
Հոդված 14
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն անմիջական համագործակցության զարգացումը ռադիոյի, հեռուստատեսության և կինեմատոգրաֆիայի բնագավառներում` համաձայն համապատասխան համաձայնագրերի:
Հոդված 15
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության լրագրողների միությունների, խմբագրությունների և լրատվական գործակալությունների միջև համագործակցության զարգացումը և փոխանակումը:
Հոդված 16
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ներքո գտնվող բնագավառներում:
Հոդված 17
Պայմանավորվող կողմերը կամ նրանց իրավասու գործակալությունները և հաստատությունները կմշակեն սույն Համաձայնագրի կատարման ծրագրերը, որոնցում կնախատեսվեն իրականացման կազմակերպչական և ֆինանսական պայմանները, ինչպես նաև կմշակեն սույն Համաձայնագրի դրույթներից բխող այլ լրացուցիչ համաձայնագրեր:
Հոդված 18
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ ծագած վեճերը Պայմանավորվող կողմերի միջև կլուծվեն խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 19
Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, որը կհավաստվի հուշագրերի փոխանակման միջոցով: Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում վերջին հուշագրի ստացման օրը:
Հոդված 20
Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել, որոնք ուժի մեջ կմտնեն 19-րդ Հոդվածում նախատեսված ընթացակարգի համաձայն:
Հոդված 21
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Վարշավա քաղաքում 1998 թվականի հունվարի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, լեհերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայությունը տրվում է անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի նոյեմբերի 19-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|