Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.02.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.08/18(684) Հոդ.338
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.02.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 01-756

Քաղաքացիական գործ թիվ 3-3(ՎԴ)
2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

Դատավորներ՝             Գ. Մատինյան

                       Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Է. Հայրիյանի

Ա. Մաթևոսյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի փետրվարի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը «Թիվ 01-756 18.06.2001 թվականի վճիռը պարզաբանելու մասին» Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2006 թվականի որոշման դեմ՝ ըստ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) և Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) հայցի ընդդեմ Ջուլիետա Սարգսյանի՝ ինքնակամ կառույցը պետությանն ի սեփականություն հանձնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Դատախազությունը և Քաղաքապետարանը պահանջել են պետության սեփականությանը հանձնել Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 40 ա հասցեում գտնվող ինքնակամ կառույցը:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 30.03.2001 թվականի վճռով հայցը մերժվել է։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.06.2001 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 20.07.2001 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 18.06.2001 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

23.04.2006 թվականին Ջուլիետա Սարգսյանը դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝

խնդրելով պարզաբանել Վերաքննիչ դատարանի 18.06.2001 թվականի թիվ 01-756 վճիռը՝ «Մ. Խորենացու փողոցի թիվ 40 ա հասցեում գտնվող անշարժ գույքն իրեն պատկանելու և կադաստրում պետական գրանցում կատարելու վերաբերյալ»։

Վերաքննիչ դատարանի 02.05.2006 թվականի որոշմամբ Ջուլիետա Սարգսյանի դիմումը բավարարվել է և պարզաբանվել, որ «Մ. Խորենացու փողոցի թիվ 40 ա հասցեում գտնվող անշարժ գույքը, այդ թվում 6 քմ վիճելի տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Ջուլիետա Սարգսյանին»։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.      

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի և 145-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը դատական ակտը պարզաբանել է այնպես, որ փոխել է դրա բովանդակությունն ու էությունը։ Բացի այդ, վճիռը պարզաբանելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց՝ Դատախազությանը և Քաղաքապետարանին չի ուղարկվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել «Թիվ 01-756 18.06.2001 թվականի վճիռը պարզաբանելու մասին» Վերաքննիչ դատարանի 02.05.2006 թվականի որոշումը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. «Երևան քաղաքի ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» Երևանի քաղաքապետի 1998թ. դեկտեմբերի 28-ի թիվ 1194 որոշմամբ ճանաչվել է Ջուլիետա Սարգսյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի թիվ 40 ա հասցեում գտնվող կրպակի նկատմամբ, իսկ զբաղեցրած 10,1 քմ հողամասը հանձնվել է վարձակալության (գ.թ. 10-11)։

2. Երևանի քաղաքապետի՝ որպես վարձատուի, և Ջուլիետա Սարգսյանի՝ որպես վարձակալի, միջև 19.02.1999 թվականին կնքված թիվ 06/1998 հողի վարձակալության պայմանագրի համաձայն՝ Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի թիվ 1194 որոշման հիման վրա կողմերի միջև 5 տարի ժամկետով կնքվել է Մ. Խորենացու փող. 40 ա հասցեում գտնվող 10,1 քմ հողամասի նկատմամբ վարձակալության պայմանագիր (գ.թ. 39-41):

3. Ջուլիետա Սարգսյանին 18.03.1999 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 0129058 վկայականի համաձայն՝ Մ. Խորենացու 40 ա հասցեում գտնվող 10,1 քմ կրպակի (թիթեղյա) նկատմամբ գրանցվել է Ջուլիետա Սարգսյանի սեփականության իրավունքը, իսկ 10,1 քմ հողամասի նկատմամբ՝ 5 տարի ժամկետով վարձակալության իրավունքը (գ.թ. 56-59):

4. Երևանի Կենտրոնի թաղապետի 01.06.2000 թվականի որոշման համաձայն՝ Կենտրոնի թաղապետը, հաշվի առնելով անհատ ձեռներեց Ջուլիետա Սարգսյանի խնդրանքը՝ Երևանի Մ. Խորենացու փող. թիվ 40 ա շենքին կից տեղադրված կրպակը վերակառուցելու մասին, թույլատրել է Ջուլիետա Սարգսյանին վերակառուցել Մ. Խորենացու փող. թիվ 40 ա շենքին կից տեղադրված կրպակը (գ.թ. 60):

5. Կենտրոն համայնքի բնակարանային և կոմունալ տնտեսության բաժնի 20.11.2000 թվականի եզրակացության և նույն բաժնի 20.11.2000 թվականի թիվ 20 ակտի համաձայն՝ Մ. Խորենացու 40 ա հասցեում Ջուլիետա Սարգսյանի կողմից կատարվել է ապօրինի շինարարություն և հողազավթում: Գոյություն ունեցող կրպակի փոխարեն կառուցվել է երկհարկանի քարե կառույց՝ 1-ին հարկը 20,84 քմ, 2-րդ հարկը՝ 20,84 քմ, որով խախտվել է գոյություն ունեցող կրպակի չափսերը և կատարվել է մոտ 10 քմ հողազավթում (գ.թ. 6-7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.        

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները՝ չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը։

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, սակայն նույն նորմը հստակ սահմանում է դատարանի լիազորության սահմանները, այսինքն՝ հստակեցնում է դատարանի որոշման սահմաններն ու բովանդակությունը:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ Մ. Խորենացու փող. 40ա հասցեում գտնվող 10,1քմ թիթեղյա կրպակի սեփականատերը Ջուլիետա Սարգսյանն է: Կրպակի սպասարկման համար 5 տարի ժամկետով վարձակալության իրավունքով հատկացվել է 10,1քմ հողատարածք: Միաժամանակ, Երևանի Կենտրոնի թաղապետի 01.06.2000 թվականի որոշմամբ Ջուլիետա Սարգսյանին թույլատրվել է վերակառուցել նշված հասցեում տեղադրված կրպակը, սակայն գործի փաստական տվյալների համաձայն՝ Ջուլիետա Սարգսյանի կողմից կրպակի վերակառուցման փոխարեն կառուցվել է երկհարկանի շինություն և շինարարության ընթացքում կատարվել է հողատարածքի զավթում:

Սույն գործով կայացված դատական ակտերի վերլուծությունից հետևում է, որ դատարանները միայն հաստատված են համարել Ջուլիետա Սարգսյանի սեփականության իրավունքն արդեն իսկ քանդված կրպակի նկատմամբ: Ինչ վերաբերում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության և Երևանի քաղաքապետարանի՝ երկհարկանի ինքնակամ կառույցը պետության սեփականությանը հանձնելու հայցապահանջին, ապա այն մերժելու հանգամանքը չի նշանակում, որ հաստատվել է Ջուլիետա Սարգսյանի սեփականության իրավունքն այդ կառույցի, ինչպես նաև ինքնակամ օգտագործած 6 քմ հողատարածքի նկատմամբ: Առավել ևս, որ Վերաքննիչ դատարանը 18.06.2001 թվականին կայացրած վճռով, մերժելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության և Երևանի քաղաքապետարանի հայցը, պատճառաբանել է, որ չի հիմնավորվել կառույցը քաղաքաշինական և շինարարական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված լինելու հանգամանքը, ինչը չի նշանակում, որ վերոնշյալ տարածքում կառուցված շինությունը համապատասխանում է քաղաքաշինական նորմերին և օրինական է:

Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջը, վճիռը պարզաբանելու մասին որոշմամբ փոփոխել է վճռի բովանդակությունն ու էությունը և որոշման եզրափակիչ մասում նշել է, որ «ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը վերը նշված վճռով, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանն այդ վճիռն ուժի մեջ թողնելու վերաբերյալ 2001թ. հուլիսի 20-ի որոշմամբ հաստատել են, որ Մ. Խորենացու փողոցի թիվ 40 ա հասցեի անշարժ գույքը, այդ թվում 6 քմ վիճելի տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Ջուլիետա Սարգսյանին», մինչդեռ, վերը նշված դատական ակտերով նման հանգամանք չի հաստատվել, և կառույցի, այդ թվում՝ 6 քմ հողատարածքի, սեփականության իրավունքով Ջուլիետա Սարգսյանին պատկանելու վերաբերյալ, դատարանները որևէ եզրահանգում չեն արել։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 02.05.2006 թվականի որոշմամբ ըստ էության կայացրել է նոր դատական ակտ, որով ճանաչել է Ջուլիետա Սարգսյանի սեփականության իրավունքը Մ. Խորենացու փողոցի թիվ 40 ա հասցեի անշարժ գույքի, այդ թվում՝ 6 քմ հողատարածքի նկատմամբ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով «Թիվ 01-756 18.06.2001 թվականի վճիռը պարզաբանելու մասին» Վերաքննիչ դատարանի 02.05.2006 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել «Թիվ 01-756 18.06.2001 թվականի վճիռը պարզաբանելու մասին» Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2006 թվականի որոշումը և այն փոփոխել. Ջուլիետա Սարգսյանի դիմումը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ա. Մկրտումյան

Դատավորներ`  

Ս. Սարգսյան

 

Ե. Խունդկարյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

 

Է. Հայրիյան

 

Ա. Մաթևոսյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան