Գլխավոր տեղեկություն
Համար
N 635-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.24/32(698) Հոդ.732
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2009 թվականի N 635-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «և N 9 («Ընթացակարգերի պարզեցում») հավելվածների» բառերով,

բ. 2-րդ կետում «անձանց» բառը փոխարինել «օդանավակայանների աշխատողների, օդանավերի անձնակազմերի անդամների, այցելուների» բառերով,

գ. 4-րդ կետի «գ» ենթակետը «տեսակների» բառից հետո լրացնել «այդ թվում` օդանավերի անձնակազմերի անդամների թռիչքային անցագրերի» բառերով,

դ. 5-րդ գլխի վերնագիրը «ԱՆՑԱԳՐԵՐԻ» բառից առաջ լրացնել «ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԱՅԻՆ» բառով,

ե. 26-րդ կետը լրացնել «համաձայնեցնելով գլխավոր վարչության հետ» բառերով,

զ. 27-րդ կետից հանել «Յուրաքանչյուր աշխատող անցագիր ստանալիս ստորագրում է անցագրեր տալու մատյանում:» նախադասությունը,

է. N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27.1-ին և 27.2-րդ կետերով.

«27.1. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններում պետք է ստեղծվեն օդանավակայանային անցագրերի տվյալների պաշտպանված համակարգչային էլեկտրոնային բազաներ, ինչպես նաև վարվեն օդանավակայանային անցագրեր տալու մատյաններ:

27.2. Անցագիր ստացող անձինք պետք է ստանան հրահանգավորում անցագրի կրման ու օգտագործման պայմանների վերաբերյալ և ստորագրեն անցագրեր տալու մատյանում:»,

ը. N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` VI գլխով.

 

«VI. ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

43. Թռիչքային անցագրեր հատկացվում են գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող օդաչուներին, ինժեներներին, շտուրմաններին և Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների օդանավերի անձնակազմերի հետևյալ անդամներին`

ա) օդանավի հրամանատար,

բ) երկրորդ օդաչու,

գ) բորտ-ինժեներ,

դ) շտուրման,

ե) բորտ-ուղեկցորդ,

զ) ավիատեխնիկ,

է) բորտ-ռադիստ,

ը) բորտ-օպերատոր,

թ) ավիաընկերությունների թռիչքային աշխատանքները կազմակերպող մենեջեր:

44. Օդանավի անձնակազմի անդամին հատկացվող թռիչքային անցագրի դիմային մասի վրա հայերենով և անգլերենով նշվում են`

ա) երկրի անվանումը,

բ) անցագիրը հատկացնող լիազոր մարմնի անվանումը,

գ) օդանավ շահագործող կազմակերպության անվանումը,

դ) օդանավի անձնակազմի անդամի ազգանունը, անունը,

ե) օդանավի անձնակազմի անդամի պաշտոնը,

զ) անցագրի հերթական համարը,

է) վավերականության ժամկետը,

ը) անցագիրը կրող անձի ստորագրությունը,

թ) կցվում է օդանավի անձնակազմի անդամի լուսանկարը:

45. Անցագրի դարձերեսին նշվում են`

ա) երկրի անվանումը,

բ) անցագիրը հատկացնող լիազոր մարմնի անվանումը,

գ) ԻԿԱՕ-ի N 9 («Ընթացակարգերի պարզեցում») հավելվածով սահմանված անցագիր կրող անձի իրավունքները,

դ) ում կողմից է տրված անցագիրը,

ե) անցագիրը տալու վայրը և ամսաթիվը,

զ) լիազոր մարմնի պատասխանատու պաշտոնյայի ստորագրությունը:

46. Թռիչքային անցագրի դարձերեսի մագնիսական շերտում մուտքագրվում են սույն կարգի 44-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է» և «թ» ենթակետերում նշված տվյալները:

47. Օդանավերի անձնակազմի անդամներին թռիչքային անցագրերը հատկացվում են գլխավոր վարչության կողմից` օդանավ շահագործող կազմակերպության ղեկավարի ներկայացրած հայտի հիման վրա: Հայտում հայերենով և անգլերենով նշվում են օդանավ շահագործող կազմակերպության անվանումը, օդանավի անձնակազմի անդամի ազգանունը, անունը, պաշտոնը, և կցվում է օդանավի անձնակազմի անդամի 3 x 4 չափսի մեկ լուսանկար:

48. Օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող օդաչուներին թռիչքային անցագրեր են հատկացվում օդանավ շահագործողի ներկայացրած հայտի հիման վրա, գլխավոր վարչության կողմից օտարերկրյա քաղաքացու օդաչուական վկայականի ճանաչումից հետո:

Թռիչքային անցագրերի ստացման նպատակով ստացված հայտերն ուսումնասիրում և թռիչքային անցագիր հատկացնելու մասին որոշումն ընդունում է գլխավոր վարչության պետի տեղակալը։

49. Թռիչքային անցագրերի նմուշների ձևերը սահմանվում են ԻԿԱՕ-ի N 9 («Ընթացակարգերի պարզեցում») հավելվածի 3-րդ գլխի «N» բաժնում ներկայացված պայմանների և N 9 հավելվածի N 7 լրացման համաձայն:

50. Թռիչքային անցագիրն օդանավի անձնակազմի անդամի անձը հաստատող փաստաթուղթ է:

51. Գլխավոր վարչությունում ստեղծվում է թռիչքային անցագրերի համակարգչային տվյալների պաշտպանված էլեկտրոնային բազա:

52. Գլխավոր վարչությունում վարվում է թռիչքային անցագրեր տալու մատյան:

53. Անցագիր ստացող անձինք պետք է ստանան հրահանգավորում անցագրի կրման ու օգտագործման վերաբերյալ և ստորագրեն անցագրեր տալու մատյանում:

54. Թռիչքային անցագրերը հատկացվում են մեկ տարի ժամկետով:

55. Յուրաքանչյուր տարին մեկ անգամ գլխավոր վարչությունում կազմակերպվում և իրականացվում է օդանավերի անձնակազմի անդամներին տրված, հանձնված ու չօգտագործված թռիչքային անցագրերի ձևանմուշների գույքագրում:

56. Օգտագործված և հանձնված անցագրերը պահվում են գլխավոր վարչությունում` մեկ տարի, որից հետո ենթակա են ոչնչացման:

57. Ելնելով օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն անվտանգության ապահովման առանձնահատկություններից` գլխավոր վարչության կողմից, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների միջոցով, թռիչքային անցագրեր ստացող օդանավերի անձնակազմի անդամները ենթարկվում են նախնական ստուգման` դատվածության կամ քրեական պատասխանատվության ենթարկված լինելու մասին տեղեկությունների ճշտման նպատակով:

58. Օդանավերի անձնակազմերի անդամներին թռիչքային անցագրերի հատկացման նպատակը նրանց մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր վերահսկելն է:

59. Օդանավերի անձնակազմերի անդամների մուտքն օդանավակայանների վերահսկելի գոտիներ իրականացվում է տվյալ չվերթն իրականացնող օդանավի անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագրի և օդանավի անձնակազմի անդամի թռիչքային անցագրի հիման վրա: Թռիչքային անցագիր ունեցող, սակայն չվերթի գլխավոր հայտարարագրում չնշված օդանավի անձնակազմի անդամների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր արգելվում է:

60. Օդանավերի անձնակազմերի անդամները պարտավոր են օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում և օդանավերում գտնվելու ամբողջ ժամանահատվածում թռիչքային անցագրերը կրել վերնահագուստի վրա և պահպանել սահմանված անցագրային վերահսկողության կանոնները:

61. Օդանավի անձնակազմի անդամի աշխատանքից ազատվելու դեպքում թռիչքային անցագիրն օդանավ շահագործող կազմակերպության կողմից հանձնվում է գլխավոր վարչություն:

62. Օտարերկրյա օդանավ շահագործող կազմակերպությունների օդանավերի անձնակազմերի անդամների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ թույլատրվում է օդանավերի անձնակազմերի անդամների գլխավոր հայտարարագիրը, անձնագիրը և թռիչքային անցագիրը ներկայացնելուց հետո:».

2) որոշման N 3 հավելվածում`

ա. մշտական անցագրի ձևում «Ավիաընկերության» բառը փոխարինել «Կազմակերպության» բառով,

բ. N 3 հավելվածը լրացնել հետևյալ նոր` «Օդանավերի անձնակազմերի անդամներին տրվող թռիչքային անցագիր» ձևով.

«Ձև

ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՑԱԳԻՐ

դիմային կողմ

Երկրի անվանումը ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ
Անցագիր հատկացնող լիազոր մարմինը

ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՑԱԳԻՐ

      

 

անցագիրը կրող

անձի լուսանկարը

 

 

 

Ազգանունը

Կազմակերպության

անվանումը 

 

Անցագրի

համարը _____

Անունը


Պաշտոնը

Վավերականության
ժամկետը _____ 

 

 

--------------------------------------------------

(անցագիրը կրող անձի ստորագրությունը)


դարձերեսային կողմ

Երկրի անվանումը Անցագիր հատկացնող լիազոր մարմինը
 

 

Անցագիր կրողն իրավունք ունի մուտք գործելու (ժամանման երկիրը և փաստաթուղթը տվող երկիրը)՝ ներկայացնելով վավեր փաստաթղթեր (անձնագիրը և միջազգային չվերթի գլխավոր հայտարարագիրը):

_____________________________________________________________

 

Տրված է ------------------------------  Անցագիր հատկացնող լիազոր մարմնի

(վայրը և ամսաթիվը)

պատասխանատու պաշտոնյա ------------------

(ստորագրությունը)

 

 

---------------------------------------------------------

(Ա.Ա.Հ.)

 

Մագնիսական շերտի տվյալների ընթեռնելի գոտի

 

(չի լրացվում, եթե անցագիրը նախատեսված չէ մեքենայով ընթերցելու համար)

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 12

Երևան