ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0064/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0064/02/08 |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Սարգսյանի | |
Մ. Դրմեյանի | ||
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ա. Մաթևոսյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի փետրվարի 13 -ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լուսինե Մատինյանի և Էմիլյա Հարությունյանի ներկայացուցիչ Լուսինե Մատինյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.09.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Յուրիկ Հարությունյանի լիազորված անձ Արթուր Դավթյանի հայցի ընդդեմ Լուսինե Մատինյանի և Էմիլյա Հարությունյանի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը դրամական փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Յուրիկ Հարությունյանի լիազորված անձ Արթուր Դավթյանը պահանջել է դադարեցնել Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 93 հասցեում գտնվող տան նկատմամբ Լուսինե Մատինյանի և Էմիլյա Հարությունյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը` տրամադրելով դրամական փոխհատուցում երեք տարվա համար նախատեսված վարձավճարի չափով:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է. վճռվել է դադարեցնել Լուսինե Մատինյանի և Էմիլյա Հարությունյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 93 հասցեում գտնվող տան նկատմամբ` Յուրիկ Հարությունյանի կողմից յուրաքանչյուրին 513.864 ՀՀ դրամ փոխհատուցում տրամադրելով: Միաժամանակ, վճռվել է Լուսինե Մատինյանից և Էմիլյա Հարությունյանից համապարտությամբ բռնագանձել 145.800 ՀՀ դրամ` որպես փորձաքննության կատարման ծախս:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.09.2008 թվականի որոշմամբ Լուսինե Մատինյանի ներկայացուցչի և Էմիլյա Հարությունյանի ներկայացուցիչ Լուսինե Մատինյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսինե Մատինյանը՝ նաև որպես անչափահաս Էմիլյա Մատինյանի ներկայացուցիչ:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով չի ծանուցել Լուսինե Մատինյանին, նրա դուստր Էմիլյա Հարությունյանին, ինչպես նաև Լուսինե Մատինյանի ներկայացուցչին, գործը քննել է նրանց բացակայությամբ և կայացրել վճիռ:
Անհիմն է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ քաղաքացիական գործում առկա թիվ 3650305 հանձնման հավաստագրի համաձայն՝ Լուսինե Մատինյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը 26.04.2008 թվականին ստացել է դատարանի 21.04.2008 թվականի որոշումը` գործի կասեցված վարույթը վերսկսելու մասին, քանի որ գործում նման ապացույց առկա չէ:
Ավելին, Փարաքարի «Հայփոստ» բաժանմունքի պետի 09.12.2008 թվականի գրության համաձայն` Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից 26.04.2008 թվականին Փարաքարի «Հայփոստ» բաժանմունքում ստացված թիվ 003650305 պատվիրված ծրարն անձամբ Կրոմվել Գրիգորյանին չի հանձնվել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Լուսինե Մատինյանը Կրոմվել Գրիգորյանին լիազորել է դատարանում ներկայացնելու միայն իր, այլ ոչ թե նաև Էմիլյա Հարությունյանի շահերը:
2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշանակել է ապրանքագիտական փորձաքննություն և, սխալ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասը, բնակելի տարածության օգտագործման իրավունքի դադարեցման պահին բնակելի տարածության համար կիրառելի ամսական վարձավճարի չափը պահանջելու փոխարեն հայցվորի ներկայացուցչի պահանջով փորձագետներին առաջադրել է վերը նշված դրույթի հետ առնչություն չունեցող հարց, այն է՝ որքա՞ն է կազմում պատասխանողներից յուրաքանչյուրի բնակելի տարածության համար կիրառելի ամսական վարձավճարի չափը:
Նշված սխալ հարցադրման արդյունքում պատասխանողների փոխհատուցման գումարի չափը նվազել է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.09.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 21.04.2008 թվականի որոշմամբ սույն գործի կասեցված վարույթը վերսկսվել է և գործի դատաքննությունը նշանակվել է 12.05.2008 թվականին` ժամը 10.00-ին:
2) Գործում առկա չէ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 12.05.2008 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատասխանողներին ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց:
3) Փարաքարի «Հայփոստ» բաժանմունքի պետի գրության համաձայն` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից 26.04.2008 թվականին ստացված RAR003650305 AM պատվիրված ծրարն անձամբ Կրոմվել Գրիգորյանին չի հանձնվել:
4) Գործում առկա 05.03.2007 թվականին նոտարական կարգով վավերացված լիազորագրով Լուսինե Մատինյանը լիազորել է Կրոմվել Գրիգորյանին լինել իր ներկայացուցիչը և կատարել դատավարական գործողություններ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու դատարանի գործողությունները պետք է իրականացվեն միայն վերը նշված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 21.04.2008 թվականի որոշմամբ սույն գործի կասեցված վարույթը վերսկսվել է, և գործի դատաքննությունը նշանակվել է 12.05.2008 թվականին` ժամը 10.00-ին:
Նշված որոշումը դատարանի 22.04.2008 թվականի գրություններով առաքվել են «հայցվոր Յուրի Հարությունյանին» և «պատասխանողի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանին»: Քաղաքացիական գործում առկա չէ 12.05.2008 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Լուսինե Մատինյանին և Էմիլյա Հարությունյանին պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց: 12.05.2008 թվականին գործը քննվել և գործի քննությունն ավարտվել է Լուսինե Մատինյանի, նրա ներկայացուցչի և Էմիլյա Հարությունյանի բացակայությամբ:
Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերը նշված փաստերը, գտել է, որ գործում առկա դատարանի ծանուցագրի հանձնման հավաստագրի համաձայն՝ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 21.04.2008 թվականի որոշումը՝ գործի կասեցված վարույթը վերսկսելու մասին, Կրոմվել Գրիգորյանն ստացել է 26.04.2008 թվականին: Ինչ վերաբերում է Լուսինե Մատինյանին և վերջինիս անչափահաս դստերը դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցելուն, ապա Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Էմիլյա Հարությունյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Մատինյանը, դատարանում գործը վարելը հանձնարարել է Կրոմվել Գրիգորյանին, հաստատված է համարել նրա՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված լինելու փաստը:
Մինչդեռ, Փարաքարի «Հայփոստ» բաժանմունքի պետի գրության համաձայն` Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից 26.04.2008 թվականին ստացված RAR003650305 AM պատվիրված ծրարն անձամբ Կրոմվել Գրիգորյանին չի հանձնվել, իսկ Լուսինե Մատինյանն օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրով Կրոմվել Գրիգորյանին լիազորել է դատարանում հանդես գալու որպես իր, այլ ոչ թե անչափահաս Էմիլյա Հարությունյանի ներկայացուցիչը:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, պատասխանողներ Լուսինե Մատինյանին, նրա ներկայացուցիչ Կրոմվել Գիրգորյանին և Էմիլյա Հարությունյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրանց բացակայությամբ ու վճիռ կայացրել:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՜ս Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006թ. որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները ստորադաս դատարանի կողմից քննության առարկա չեն դարձել: Հետևաբար, դրանք չեն քննարկվում Վճռաբեկ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.09.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
|
Ս. Սարգսյան |
Մ. Դրմեյան | ||
|
Վ. Աբելյան | |
|
Ս. Անտոնյան | |
|
Ա. Բարսեղյան | |
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Ա. Մաթ ևոսյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|