ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1914/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1914/02/09 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան | |
Դատավորներ՝ Ա. Խառատյան Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ա. Մաթևոսյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի փետրվարի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լիլիթ Սարգսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.08.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Լիլիթ Սարգսյանի հայցի ընդդեմ Լևոն Թոքմաջյանի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու, և ըստ Լևոն Թոքմաջյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Լիլիթ Սարգսյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը.
Դիմելով դատարան՝ Լիլիթ Սարգսյանը պահանջել է վավեր ճանաչել Երևանի Ավան 4-րդ փողոց 4-րդ նրբանցքի թիվ 17 տան մասի առուվաճառքի պայմանագիրը:
Հակընդդեմ հայցով Լևոն Թոքմաջյանը պահանջել է կիրառել առոչինչ պայմանագրի անվավերության հետևանքները՝ հարկադրելով կողմերին վերադարձնել պայմանագրով ստացածը:
Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.05.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.08.2008 թվականի որոշմամբ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.05.2008 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիլիթ Սարգսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լևոն Թոքմաջյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի պահանջը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ, 396-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Լիլիթ Սարգսյանի և Լևոն Թոքմաջյանի միջև 23.12.2007 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի նախավճարի պայմանագիր, որի համաձայն՝ անշարժ գույքի արժեքը կազմել է 30.000 ԱՄՆ դոլար: Գույքի արժեքի մի մասը՝ 5.000 ԱՄՆ դոլարը, Լևոն Թոքմաջյանին վճարվել է պայմանագրի կնքման օրը, իսկ մնացած 25.000 ԱՄՆ դոլարը պայմանագրով սահմանված ժամկետում փոխանցվել է Լևոն Թոքմաջյանի անձնական հաշվին: Այսինքն, Լիլիթ Սարգսյանը կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքի կապակցությամբ իր կողմից ստանձնված պարտավորությունները, իսկ Լևոն Թոքմաջյանը, ստանալով գույքի արժեքն ամբողջությամբ, հրաժարվել է գործարքի նոտարական վավերացումից: Վերաքննիչ դատարանը, պատշաճ գնահատման առարկա չդարձնելով նշված հանգամանքները, եկել է այն եզրահանգման, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի հիմքով գործարքը չի կարող վավեր ճանաչվել:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.08.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.05.2008 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.
Կողմերի միջև կնքված «Նախավճարի պայմանագիր» վերնագրված պայմանագիրն իրենից ներկայացնում է խառը պայմանագիր, քանի որ իր մեջ ներառում է նաև անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի տարրեր, հետևաբար, այն նույնպես պետք է կնքվեր նոտարական վավերացմամբ, որը սակայն չի արվել: Նշվածից հետևում է, որ պայմանագիրն առոչինչ է:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 23.12.2007 թվականին գրավոր ձևով կնքված նախավճարի պայմանագրի համաձայն՝ Լևոն Թոքմաջյանը պարտավորվել է վաճառել, իսկ Լիլիթ Սարգսյանը պարտավորվել է 30.000 ԱՄՆ դոլարով գնել Լևոն Թոքմաջյանի սեփականության ներքո գտնվող Երևանի Ավան 4-րդ փողոց 4-րդ նրբանցքի թիվ 17 տան մասը:
2. Պայմանագրի հիման վրա 23.12.2007 թվականին Լևոն Թոքմաջյանին տրվել է 5.000 ԱՄՆ դոլար:
3. 28.02.2008 թվականին «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում Լևոն Թոքմաջյանի ունեցած անձնական հաշվին փոխանցվել է 25.000 ԱՄՆ դոլար:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին տալիս է մյուս կողմին` իբրև պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախավճարի մասին համաձայնությունը, անկախ նախավճարի գումարի չափից, պետք է կնքվի գրավոր:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մինչև պարտավորության կատարումն սկսելը, կողմերի համաձայնությամբ կամ կատարման անհնարինության հետևանքով (հոդված 432) պարտավորությունը դադարելու դեպքում նախավճարը պետք է վերադարձվի:
Սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքված պայմանագիրը նախավճարի պայմանագիր է, հետևաբար, պայմանագրի չկատարման հետևանքը նախավճարի վերադարձն է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ): Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման
իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՜ս Անժելա Ղազարյան, Արփիկ և Արմինե Գասպարյաններ ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843 (ՎԴ)):
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, մերժելով գործարքը վավեր ճանաչելու մասին պահանջը, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Լևոն Թոքմաջյանի և Լիլիթ Սարգսյանի միջև 23.12.2007 թվականին հասարակ գրավոր ձևով կնքված նախավճարի պայմանագիրը, ինչպես նաև 28.02.2008 թվականի թիվ 8022800335375 վճարման անդորրագիրը, որով Լևոն Թոքմաջյանին փոխանցվել է անշարժ գույքի արժեքի մնացած մասը՝ 25.000 ԱՄՆ դոլարը:
Մասնավորապես` վերոնշյալ պայմանագիրը վկայում է կողմերի միջև տան առուվաճառքի վերաբերյալ գործարքի առկայության, պայմանագրի կնքման պահին գործարքը մասամբ կատարված լինելու` որոշակի գումար վճարված լինելու մասին, իսկ վճարման անդորրագիրը վկայում է գնորդի կողմից գործարքն ամբողջությամբ կատարված լինելու մասին: Մինչդեռ, հետագայում Լևոն Թոքմաջյանը գործարքը կատարած լինելու պայմաններում խուսափել է առուվաճառքի գործարքն ավարտին հասցնելուց:
Հիմք ընդունելով վերոգյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լիլիթ Սարգսյանի կողմից ամբողջությամբ կատարվել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ Լևոն Թոքմաջյանը խուսափել է գործարքի նոտարական վավերացումից: Հետևաբար, առուվաճառքի գործարքը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան, ենթակա է վավեր ճանաչման:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից պայմանագիրը վավեր ճանաչելու հայցապահանջի մերժման հիմքում դրված այն հանգամանքին, որ կողմերի միջև կնքվել է միայն նախավճարի պայմանագիր, անհիմն է, քանի որ Լիլիթ Սարգսյանը ոչ միայն կատարել է նախավճարի պարտավորությունը՝ վճարելով 5.000 ԱՄՆ դոլար, այլ հետագայում ամբողջությամբ կատարել է Լևոն Թոքմաջյանի հետ կնքված նոտարական վավերացում պահանջող գործարքը՝ վճարելով պայմանագրի առարկա տան մասի համար նախատեսված ամբողջ գումարը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.08.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.05.2008 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան | |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան | |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Ա. Մաթևոսյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |