Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-794
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.03.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.18/15(681) Հոդ.252
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.03.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 մարտի 2009 թ.

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի փետրվարի 26-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագիր» երաշխիքային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է՝ մուտքագրված սահմանադրական դատարանում 2009 թվականի մարտի 2-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականի փետրվարի 26-ին` Երևանում: Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության կողմից երաշխավորել ՀՀ կենտրոնական բանկի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագիր» վարկային համաձայնագրի (այսուհետ` Վարկային համաձայնագիր) շրջանակներում վճարման ենթակա բոլոր վճարումների պատշաճ և պարտաճանաչ կատարումը և վարկային համաձայնագրում շարադրված կամ հիշատակված` ՀՀ կենտրոնական բանկի (այսուհետ` Վարկառու) բոլոր այլ պարտավորությունների պարտաճանաչ կատարումը:

2. Վարկային համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում երեք առդիր և մեկ հավելված, որոնցում ամրագրված են Ծրագրի այն միջոցառումները, որոնց իրականացմանն ուղղվում է վարկավորումը:

3. Վարկային համաձայնագրով սահմանված են Վարկառուին տրամադրվելիք վարկի չափը (50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար), վարկի մարման և փակման ժամանակացույցը, վճարման արժույթի տեսակը: Վարկի հիմնագումարը պետք է մարել կիսամյակային մուծումներով՝ 2014 թվականի հուլիսի 15-ից մինչև 2035 թվականի հուլիսի 15-ը: Վարկառուի կողմից վճարման ենթակա սկզբնական վճարը հավասար է վարկի գումարի 0,25 տոկոսին:

4. Վարկային համաձայնագրով Վարկառուն պարտավորվում է պատշաճ և արդյունավետ իրագործել համաձայնագրի 1-ին առդիրում ամփոփված ծրագրի նպատակները, 2-րդ առդիրում ամփոփված ծրագրի իրականացման միջոցառումները, պահպանել 3-րդ առդիրում ամփոփված վարկի մարման ժամանակացույցը:

5. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) հայտարարել Ծրագրի նպատակների հանդեպ իր պարտավորվածության մասին և այդ նպատակով երաշխավորել ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարկի` համաձայնագրով վճարման ենթակա բոլոր վճարումների պատշաճ կատարումը,

բ) առանց Երաշխիքային համաձայնագրի դրույթների սահմանափակման, Վարկառուին տրամադրել Ծրագրի իրականացման համար պահանջվող ծախսերի կատարմանը չբավարարող միջոցները,

գ) երաշխավորել, որպեսզի Վարկառուն.

- իրականացնի Ծրագիրը ԾԻԳ-ի միջոցով` Գործառնական ձեռնարկի դրույթների և Ընդհանուր պայմանների 5 հոդվածի համաձայն,

- պահպանի ԾԻԳ-ը մինչև Ծրագրի ավարտը և ապահովի, որ ԾԻԳ-ը միշտ գործի Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ու համապատասխան և Բանկի պահանջները բավարարող ձևով, աշխատակազմով ու ֆինանսական միջոցներով,

- պահպանի Գործառնական ձեռնարկն այնպիսի ձևով և բովանդակությամբ, որն ընդունելի է Բանկի համար, պատշաճ կերպով կատարի Գործառնական ձեռնարկով նախատեսվող բոլոր իր պարտավորությունները և չփոխանցի, չփոփոխի, ուժը կորցրած չճանաչի կամ չհրաժարվի Գործառնական ձեռնարկից՝ առանց Բանկի թույլտվության,

- Ծրագրի իրականացումը խթանելու նպատակով վարկային միջոցների մի մասը լրացուցիչ համաձայնագրերի շրջանակում տրամադրի ՄՖՀ-ներին, որոնք կկնքվեն Վարկառուի և յուրաքանչյուր ՄՖՀ-ի միջև` Բանկի հաստատած պայմանների համաձայն,

- իրականացնի Ծրագրի առաջընթացի մոնիտորինգն ու գնահատումը և պատրաստի Ծրագրի մասին հաշվետվություններ` Ընդհանուր պայմանների դրույթների և Բանկի հետ համաձայնեցված ցուցիչների հիման վրա: Ծրագրի մասին յուրաքանչյուր հաշվետվություն պետք է ընդգրկի մեկ օրացուցային եռամսյակ և Բանկին ներկայացվի եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան 45 օր հետո,

- ապահովի ապրանքների և աշխատանքների գնումների կատարումը բացառապես Գնումների ուղեցույցի 1-ին բաժնի պահանջներին համապատասխան:

6. Համաձայնագրում ամրագրված են նաև համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կարգն ու ժամկետները: Ծրագրի ավարտի վերջնաժամկետը 2011 թվականի սեպտեմբերի 28-ն է:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2009 թվականի փետրվարի 26-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագիր» երաշխիքային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

10 մարտի 2009 թ.

ՍԴՈ-794