Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.12.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.04/13(679)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/1604/05/08

Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան

Վարչական գործ թիվ ՎԴ/1604/05/08
2008թ
.

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

 

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 23.06.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Կոտայքնախագիծ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) Կոտայքի տարածքային հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն)` 23.01.2008 թվականի թիվ 1031619 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 23.01.2008 թվականի թիվ 1031619 ստուգման ակտը:

Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 23.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Հայցը բավարարելիս Դատարանը պատճառաբանել է, որ ստուգման ժամկետը երկարաձգելու մասին Ծառայության պետի հրամանի մասին Ընկերությունն օրենքով սահմանված կարգով չի իրազեկվել: Հետևաբար ակտի հիմքում դրված ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ:

Դատարանը պատճառաբանել է նաև, որ հրամանն ընդունելուն հաջորդող երեք օրվա ընթացքում այն չի ուղարկվել կամ հանձնվել Ընկերությանը, ինչի հետևանքով հրամանը չի կարող դիտվել ուժի մեջ մտած, իսկ ստուգող տեսուչների կողմից այդ ընթացքում ձեռք բերված ապացույցները հանդիսանում են օրենքի խախտմամբ ձեռք բերված:

Մինչդեռ վերը նշված հոդվածների բովանդակությունից հետևում է, որ ստուգումը երկարաձգելու մասին հրամանն ընքնուրույն վարչական ակտ չէ, այլ հանդիսանում է վարչական ակտն ընդունելուն ուղղված ընթացակարգային ակտ և դրա նկատմամբ կիրառելի չեն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածները:

Բացի այդ, Դատարանի վճիռն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-918/ՏԴ գործով 06.07.2007 թվականի որոշմանը, որում ՀՀ վճռաբեկ դատարանը ներկայացրել է իր դիրքորոշումն այն մասին, որ ստուգման ակտը կասեցնելու մասին հրամանը վարչական վարույթի ընթացքում ընդունված ընթացակարգային ակտ է, այլ ոչ թե վարչական ակտ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 23.06.2008 թվականի վճիռը և այն փոփոխել` Ընկերության հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ծառայության պետի 10.12.2007 թվականի թիվ 1031619 հանձնարարագրով Տեսչության աշխատակիցներին հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Հանձնարարագրով ստուգման ժամկետ է սահմանվել 15 անընդմեջ աշխատանքային օր:

2) Տեսչության պետը 10.01.2008 թվականի զեկուցագրով խնդրել է Ծառայության պետին Ընկերությունում իրականացվող ստուգման ժամկետը երկարացնել 10 անընդմեջ աշխատանքային օրով` 10.01.2008 թվականից, քանի որ Ընկերության տնօրենի առողջական վիճակի պատճառով ստուգումը հնարավոր չէ ավարտել օրենքով սահմանված ժամկետում:

3) Ծառայության պետի 10.01.2008 թվականի թիվ 1-07/5-Ա հրամանով 10 անընդմեջ աշխատանքային օրով երկարացվել է Ընկերությունում 10.12.2007 թվականի թիվ 1031619 հանձնարարագրով իրականացվող ստուգումը:

4) Ծառայության պետի 10.01.2008 թվականի հրամանն Ընկերությանը հանձնվել է 21.01.2008 թվականին:

5) 23.01.2008 թվականի թիվ 1031619 ստուգման ակտի համաձայն` 2007 թվականի դեկտեմբերից (ակտում կոնկրետ օրը նշված չէ) մինչև 23.01.2008 թվականն իրականացված ստուգման արդյունքում Ընկերությանն առաջադրվել են պարտավորություններ շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ բողոքի սույն հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ և գնահատման առարկա դարձնել բողոքում վկայակոչված հետևյալ իրավական հարցադրումները՝

1. արդյո՞ք հարկային մարմինը պարտավոր է ստուգման ընթացքի երկարացման հրամանը տնտեսվարող սուբյեկտին հանձնել կամ այդ մասին նրան տեղյակ պահել,

2. որ՞ն է ստուգման ընթացքի երկարացման հրամանի մասին տնտեսվարող սուբյեկտին չծանուցելու իրավական հետևանքը:

Ընկերության հայցի բավարարման հիմքում Դատարանը դրել է այն հանգամանքը, որ Ծառայության պետի 10.01.2008 թվականի թիվ 1-07/5-Ա հրամանն անհատական իրավական ակտ է, ուժի մեջ է մտել Ընկերությանը հանձնելուն հաջորդող օրվանից, ինչից հետևում է, որ ստուգող տեսուչները 11.01.2008 թվականից չեն ունեցել օրենքով սահմանված լիազորություն Ընկերությունում ստուգումներ անցկացնելու համար: Իսկ տեսուչները ստուգման ակտը կազմելու համար տեղեկությունները ձեռք են բերել ստուգման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Ծառայության պետի հրամանով սահմանված ժամկետում, ինչը Դատարանի կողմից գնահատվել է որպես օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց, հետևաբար այն չէր կարող դրվել հարկային պարտավորությունների առաջացման հիմքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են oրենքներով և Հայա ստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով կարգավորվում է ստուգումների իրականացման բնագավառում վարչական վարույթի իրականացման կարգը և առանձնահատկությունները, իսկ նման առանձնահատուկ կարգավորման բացակայության պայմաններում գործում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն` ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ՝ համապատասխան պետական մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով, նույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր: Դրա մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին:

Վերը նշված դրույթից հետևում է, ոչ վարչական մարմինը պարտավոր է ստուգման ժամկետը երկարաձգելու մասին հրամանի կամ հանձնարարագրի մասին տեղեկացնել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին: Սույն գործով հաստատված է համարվել, որ Ծառայության պետի 10.01.2008 թվականի հրամանն ընկերությանը հանձնվել է 21.01.2008 թվականին:

Պատասխանելու համար այն հարցին, թե որն է վերոնշյալ հոդվածի խախտման իրավական հետևանքը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախ և առաջ հարկ է քննարկման առարկա դարձնել այն հարցադրումը, թե ինչպիսի իրավական ակտ է ստուգման ընթացքի երկարացման մասին հրամանը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեություն է: Նույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է միմյանց հետ փոխկապակցված՝ հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից:

Վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատա սխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` սույն oրենքով նախատե սված գործառույթները (ընթացիկ փուլ): Վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ վարչական վարույթը մի գործընթաց է, որը կարող է բաղկացած լինել մի քանի փուլերից, և այդ բոլոր փուլերը հետապնդում են միասնական նպատակ, այն է՝ վարչական ակտի ընդունում (Տե՜ս ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության Հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչությունն ընդդեմ « Գևորգ-Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 11.191.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-918(ՏԴ) գործով 06.07.2007 թվականի որոշումը):

Ինչ վերաբերում է ստուգման ընթացքը երկարացնելու մասին որոշմանը, ապա այն վարչական վարույթի ընթացքում ընդունվող ընթացակարգային, այլ ոչ թե վարչական ակտ է, քանի որ «Վարչարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով վարչական ակտի բնորոշման հատկանիշ է համարվում արտաքին ներգործությունը, հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակ հետապնդելը, և այդ ակտը պետք է ուղղված լինի անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստուգման ընթացքը երկարացնելու մասին հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իմաստով չի կարող գնահատվել որպես վարչական ակտ, քանի որ այն իրենից ներկայացնում է վարչական վարույթի իրականացմանն ուղղված գործառույթ և անմիջականորեն ուղղված չէ այլ անձանց համար իրավունքներ կամ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ իրավական ակտը Հայա ստանի Հանրապետության ժողովրդի, Հայա ստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, ինչպե ս նաև իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների` oրենքով նախատե սված դեպքերում և կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր փա ստաթուղթ է, որով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատա սխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական ակտ է նույն հոդվածի առաջին մա սում նշված մարմինների` իրենց լիազորությունների շրջանակում ընդունած իրավական այն ակտը, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատե սված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար, չի պարունակում իրավական նորմ և սահմանում է վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակի անհատապե ս նշված (նախատե սված) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական կամ համայնքային հիմնարկների համար:

Անհատական իրավական ակտն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստուգման ընթացքը երկարացնելու մասին Ծառայության պետի հրամանը անհատական իրավական ակտ է, քանի որ դրան բնորոշ են վերոնշյալ հոդվածով նախատեսված հատկանիշները: Մասնավորապես, ստուգման ընթացքը երկարացնելու մասին որոշումը սահմանում է վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակի անհատապե ս նշված պաշտոնատար անձանց համար և ընդունվել է նորմատիվ իրավական ակտի, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն, դրա սահմանած շրջանակում:

Իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ Հայա ստանի Հանրապետության Նախագահի, Հայա ստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի, Հայա ստանի Հանրապետության վարչապետի, գերատե սչական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող oրվանից: Եթե նույն մա սով սահմանված անհատական իրավական ակտերով նախատե սված է պարտականություն (այդ թվում` հանձնարարություններ) սահմանող կամ պետական մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ անձանց իրավական վիճակը վատթարացնող դրույթ, ապա այդ անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում տվյալ անհատական իրավական ակտը համապատա սխան մարմիններում կամ կազմակերպություններում մուտքագրվելու կամ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնվելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով իրազեկելու oրվան հաջորդող oրվանից:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստուգման ընթացքը երկարացնելու մասին հրամանը, հանդիսանալով անհատական իրավական ակտ, վարքագծի կանոններ է սահմանում դրանում անհատապես նշված հարկային տեսուչների համար և ուժի մեջ է մտնում նրանց հանձնելու պահից:

Հետևաբար անհիմն են Դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ ստուգման ընթացքը երկարացնելու մասին հրամանի վերաբերյալ Ընկերությանը չծանուցելու պայմաններում հրամանն ուժի մեջ չի մտել, և հետևաբար ստուգող տեսուչների կողմից այդ ընթացքում ձեռք բերված ապացույցները հանդիսանում են օրենքի խախտմամբ ձեռք բերված:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար, քանի որ դա հանգեցնել է գործի սխալ լուծման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 23.06.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Ե. Խունդկարյան

 

Վ. Աբելյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան