Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.12.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.04/13(679)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ6/0007/05/08
Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան

Վարչական գործ թիվ ՎԴ6/0007/05/08
2008 թ
.

                    

                   

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ե. Խունդկարյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 13.06.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) ընդդեմ «Վանաձորի ԷՑՇ» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 18.762.500 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ Ծառայության` ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Ծառայությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 18.762.500 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 25.10.2007 թվականի թիվ 1032033 ստուգման ակտը:

Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.06.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը փաստել է, որ Ծառայությունը որպես ապացուցման բեռ կրող կողմ Դատարան չի ներկայացրել հետաքննության բաժնի նյութերը, ներկայացրել է միայն Ծառայության հետաքննության բաժնի հետաքննիչի կողմից Ընկերության տնօրեն Ռազմիկ Վարդերեսյանից և «Յանա-Մենեջմենտ» ՍՊԸ-ի մենեջեր Ռոբերտ Աբաջյանից վերցրած բացատրությունների պատճենները, որոնք ոչ մի առնչություն չունեն ստուգման հետ, վերցվել են ստուգումից 4 ամիս առաջ ստուգմանը չմասնակցած հետաքննիչի կողմից:

Դատարանը հաշվի չի առել, որ «Վարչարարության հիմքունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը թույլ է տալիս վարչական մարմնին գնահատել այն բոլոր հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինն անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար: Դատարանը չի գնահատել վերը նշված բացատրությունները՝ հաշիվ-ապրանքագրերի կեղծ լինելու մասին, չի օգտվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով իրեն վերապահված լիազորություններից և ներքին համոզմունք ձևավորելու նպատակով Ծառայությունից չի պահանջել հետաքննության նյութերը: Բացի այդ, Դատարանը չի անդրադարձել նույն փաստերի վերաբերյալ քրեական դատավարության կարգով հարուցված և քննվող գործի առկայության պայմաններում վարչական գործի քննության անհնարինության հանգամանքին, ինչը գործի վարույթը կասեցնելու հիմք է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 13.06.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 25.10.2007 թվականի թիվ 1032033 ստուգման ակտով արձանագրվել է, որ Ընկերությունը «Յանա-մենեջմենտ» ՍՊԸ-ից (այսուհետ` Կազմակերպություն) 02.08.2006 թվականին թիվ 53 և 21.11.2006 թվականին թիվ 56 հաշիվ-ապրանքագրերով ձեռք է բերել համապատասխանաբար 5.614.000 ՀՀ դրամի և 5.367.700 ՀՀ դրամի տարբեր տեսակի ապրանքանյութական արժեքներ, որոնք Ծառայության հետաքննության բաժնի կողմից ներկայացված հետաքննության նյութերով ճանաչվել են անապրանք փաստաթղթեր: Դրա արդյունքում Ընկերությանը առաջադրվել են շահութահարկի, եկամտահարկի և ավելացված արժեքի հարկի գծով պարտավորություններ:

2) Գործում առկա են Կազմակերպության և Ընկերության միջև կնքված 01.08.2006 թվականի և 01.10.2006 թվականի թիվ 1 և թիվ 2 մատակարարման պայմանագրերը, որով մատակարարը պարտավորվել է ապրանքները հանձնել գնորդին:

3) Գործում առկա են նաև թիվ 53 և թիվ 56 հաշիվ-ապրանքագրեր մատակարարված ապրանքների տեսականու վերաբերյալ:

4) 07.09.2006 թվականի և 20.12.2006 թվականի վճարման հանձնարարականների համաձայն` Ընկերությունը Կազմակերպությանը փոխանցել է համապատասխանաբար 5.614.000 ՀՀ դրամ և 5.367.700 ՀՀ դրամ գումար՝ շինարարական նյութերի դիմաց:

5) Գործում առկա են Կազմակերպության կողմից մատակարարված և Ընկերության կողմից ընդունված ապրանքների հանձնման-ընդունման ակտերը:

6) Ռոբերտ Աբաջյանի Ծառայության հետաքննության բաժնում տված 15.03.2007 թվականի բացատրության համաձայն` Ընկերության հետ կնքված պայմանագրերում նշված ապրանքները չեն մատակարարվել, այլ իր կողմից լրացվել են հաշիվ-ապրանքագրեր՝ դրանցում նշված գումարի 5 տոկոսի ստացման դիմաց:

7) Ընկերության տնօրեն Ռազմիկ Վարդերեսյանի Ծառայության հետաքննության բաժնում տված 17.03.2007 թվականի բացատրության համաձայն` Ռոբերտ Աբաջյանը չի կարողացել մատակարարել անհրաժեշտ նյութերը, որի պատճառով պայմանավորվել են, որ այդ աշխատանքը կկատարի Ռազմիկ Վարդերեսյանը, իսկ Ռոբերտ Աբաջյանը դրա դիմաց կտրամադրի հաշիվ-ապրանքագրեր, որի դիմաց Ռազմիկ Վարդերեսյանը Ռոբերտ Աբաջյանին կտա հաշիվ-ապրանքագրերում նշված գումարի 5 տոկոսը: Հետագայում գումարը փոխանցելուց հետո նա 5 տոկոսը հանձնել է Ռոբերտ Աբաջյանին, իսկ մնացած գումարը հետ վերցրել:

8) 20.11.2007 թվականի քրեական գործ հարուցելու մասին որոշման համաձայն` Ծառայության հետաքննության բաժնում նյութեր նախապատրաստելու ընթացքում պարզվել է, որ Կազմակերպության տնօրեն Իրինա Աբաջյանի ամուսին Ռոբերտ Աբաջյանը, որը նաև «Ռոբի մենեջմենտ» ՍՊԸ-ի տնօրենն է, Ընկերության տնօրեն Ռ. Վարդերեսյանի խնդրանքով, առանց ապրանքների մատակարարման ձևակերպել է 10.981.700 ՀՀ դրամի կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցով Ռ. Վարդանյանը Ծառայության Վանաձորի հարկային տեսչություն է ներկայացրել իր ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ:

9) Գործի քննության ընթացքում Ծառայության ներկայացուցիչը միջնորդել է կասեցնել գործի վարույթը մինչև հարուցված թիվ 83105607 քրեական գործի քննության ավարտը, քանի որ Ընկերության հարկային գործը և ստուգման ակտի հետ կապված բոլոր ապացույցները գտնվում են Ծառայության քննչական բաժնում, որն անհնարին է դարձնում հակընդդեմ հայցին պատասխան ներկայացնելը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` հարկային օրենսդրության կիրառման առումով անապրանք փաստաթուղթը հարկերի հաշվարկման և (կամ) վճարման համար հիմք հանդիսացած (հարկային հաշվառման մեջ ներառված)` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին ձևականորեն համապատասխանող վճարահաշվարկային այն փաստաթուղթն է, որում նշված գործարքը (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում կամ աշխատանքի կատարում) այդ փաստաթուղթը կազմած կողմերի միջև փաստացի չի կատարվել կամ կատարվել է այդ փաստաթղթում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով: Փաստաթղթերը չեն համարվում անապրանք, և նույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունը չի կիրառվում, եթե անձն ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն կրում է գործարքը կատարելու պարտավորություն:

Դատարանը հայցի մերժման և հակընդդեմ հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Ծառայության հետաքննության բաժնի կողմից ձեռք բերված նյութերով կամ որևէ իրավական հիմքով կողմերի միջև կազմված վճարահաշվարկային փաստաթղթերը համարվել են անապրանք: Բացի այդ, գործի փաստերի հիման վրա Դատարանը գտել է, որ կողմերը կրել են գործարքը կատարելու պարտավորություն, որոնք պատշաճ կերպով կատարվել են, ուստի կողմերը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն գործարքների կատարման հետ կապված վճարահաշվարկային փաստաթղթերը անապրանք համարվել չեն կարող:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կիրառելի չէ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասը, քանի որ կողմերն ընդունել են միմյանց միջև մատակարարման պայմանագրի համաձայն պարտավորությունների կատարված լինելու հանգամանքը, իսկ վերոնշյալ նորմը վերաբերում է այն դեպքերին, երբ պայմանագրի կողմը դեռևս ունի պայմանագիրը կատարելու պարտավորություն (Տես՝ «Նոր Շին» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության` 18.12.2007 թվականի թիվ 1034648 ակտի 1-ին և 4-րդ կետերն անվավեր ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/0262/05/08 գործով 28.11.2008 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մա սնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ Դատարանի պարտականությունն է ներքին համոզմունք ձևավորելու նպատակով պահանջել վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստեր պարունակող ապացույցներ:

Մինչդեռ Դատարանը, գործի քննության ընթացքում պարզելով, որ Ընկերության և «Յանա-մենեջմենտ» ՍՊԸ-ի միջև անապրանք փաստաթղթեր կազմելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, որևէ միջոց չի ձեռնարկել նշված քրեական գործի մասին լրացուցիչ տեղեկություններ պահանջելու համար, առավել ևս, որ դատաքննության ընթացքում Ծառայությունը միջնորդել էր կասեցնելու գործի վարույթը, համապատասխան քրեական գործի առկայության պատճառով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վարչական դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 13.06.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Ե. Խունդկարյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան