ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-572(ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ 07-3682 | |
Նախագահող դատավոր՝ | Տ. Սահակյան |
Դատավորներ՝ | Ն. Հովսեփյան |
Կ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Ս. Օհանյանի |
2008 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Համո Բալասանյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Սուրեն Բալասանյանի ընդդեմ Համո Բալասանյանի` հայցային վաղեմության ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու, բաց թողնված ժամկետը վերականգնելու և 2.292.410 ՀՀ դրամի չափով վնասի հատուցման պահանջների մասին, և ըստ Համո Բալասանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սուրեն Բալասանյանի` 2.685.575 ՀՀ դրամ պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սուրեն Բալասանյանը պահանջել է հարգելի ճանաչել հայցային վաղեմության ժամկետի բացթողումը, վերականգնել բաց թողնված ժամկետը և որպես վնասի հատուցում Համո Բալասանյանից բռնագանձել 2.292.410 ՀՀ դրամ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Համո Բալասանյանը պահանջել է Սուրեն Բալասանյանից բռնագանձել 2.685.575 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 07.12.2006 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համո Բալասանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուրեն Բալասանյանի ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 104-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գործը քննել է պատասխանողի բացակայությամբ, որը պատշաճ ծանուցված չի եղել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Նախկինում Վերաքննիչ դատարանի կողմից առանց քննության են թողնված եղել սկզբնական և հակընդդեմ հայցերը: Հետագայում սկզբնական հայցով հայցվորը կրկին դիմել է դատարան իր հայցը քննելու խնդրանքով, սակայն հակընդդեմ հայցով հայցվորը կամ նրա ներկայացուցիչը նման խնդրանք դատարանին չեն ներկայացրել: Սակայն, Վերաքննիչ դատարանը այդ պայմաններում քննության է առել թե սկզբնական, և թե հակընդդեմ հայցերը:
2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Սկզբնական հայցով հայցվորը պահանջել է հարգելի ճանաչել հայցային վաղեմության բաց թողնված ժամկետը և վերականգնել այն, որին դատարանը եզրափակիչ մասում ընդհանրապես չի անդրադարձել, սակայն վճռել է հօգուտ հայցվորի բռնագանձել գումար:
Դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը և մերժեր սկզբնական հայցը, քանի որ հայցվորը պատասխանողի մեղքով որևէ վնաս չի կրել: Վճռի պատճառաբանական մասում չեն նշվել այն փաստարկները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է Վերաքննիչ դատարանը սկզբնական հայցը բավարարելիս:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.12.2007 թվականի վճռը և սկզբնական հայցի մասով օրինական ուժ տալ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 07.12.2006 թվականի վճռին, իսկ հակընդդեմ հայցի մասով որոշում կայացնել այն առանց քննության թողնելու մասին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Բողոքում նշված պնդումները անհիմն են, քանի որ գործը քննող դատարանը ընթացք է տվել մեկ վարույթի տակ գտնվող գործին: «ՀԱՍԿ» արտադրական կոոպերատիվի սեփականաշնորհման և գրանցման համար հայցվոր Սուրեն Բալասանյանը 1997 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2003 թվականի մարտ ամիսը ներառյալ նյութաիրավական իմաստով կրել է 2.278.369 ՀՀ դրամի վնաս, որի մասին են վկայում մուտքի անդորրագրերը և մյուս փաստաթղթերով կատարած ծախսերը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Վերաքննիչ դատարանի 23.03.2007 թվականի որոշմամբ հայցը և հակընդդեմ հայցը թողնվել են առանց քննության:
2) 02.10.2007 թվականին հայցի մասով գործի վարույթը վերսկսելու մասին դիմում է ներկայացվել Ս. Բալասանյանի ներկայացուցչի կողմից: Հ. Բալասանյանի կողմից հակընդդեմ հայցով գործի վարույթը վերսկսելու մասին դիմում չի ներկայացվել:
3) Վերաքննիչ դատարանը գործը քննել է Հ. Բալասանյանի բացակայությամբ, որը պատշաճ ծանուցված չի եղել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Համո Բալասանյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ ու վճիռ կայացրել: Քաղաքացիական գործում առկա չէ 19.12.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Համո Բալասանյանին պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՜ս Շենգավիթի թաղապետարանն ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար հիմք ծառայած հանգամանքները վերանալուց հետո հայցվորը կամ դիմողն իրավունք ունի կրկին դիմել դատարան: Հ. Բալասանյանը հակընդդեմ հայցը կրկին քննելու դիմում չի ներկայացրել Վերաքննիչ դատարան: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, սկզբնական հայցով գործի վարույթը վերսկսելով, քննել է նաև հակընդդեմ հայցը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նշված հոդվածի պահանջը:
2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել Համո Բալասանյանի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք Վճռաբեկ դատարանի կողմից չեն քննարկվում:
Այսպիսով, Համո Բալասանյանի վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Ե. Խունդկարյան | |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|