ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2009 թվականի N 137-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական գույքի մասնավորեցումը ֆոնդային բորսաների և այլ կարգավորվող շուկաների միջոցով իրականացնելու նպատակով ֆոնդային բորսայի և այլ կարգավորվող շուկայի (այսուհետ` բորսա), ինչպես նաև արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձի ընտրությունն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով ընտրված բորսային տրամադրել մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկը, դրանց ֆինանսատնտեսական դիտարկումների արդյունքները:
3. Առաջարկել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով ընտրված բորսային`
1) ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված ընկերությունների մասին համապատասխան տեղեկատվության հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվության հրապարակումից հետո եռամսյա ժամկետում` հրապարակման արդյունքում ստացված առաջարկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել առաջարկություն բորսայի միջոցով մասնավորեցման ենթակա ընկերությունների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) ձեռնարկել միջոցներ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ընկերությունների ցուցակումն ապահովելու համար.
2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ընկերությունների` բորսայի միջոցով մասնավորեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
5. Սահմանել, որ այն ընկերությունները, որոնք սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում բորսայի միջոցով մասնավորեցման վերաբերյալ առաջարկություն չեն ստացել, ենթակա են մասնավորեցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևերով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |