Գլխավոր տեղեկություն
Համար
N 475
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (12.02.2009-02.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.05.29/16(191) Հոդ.353
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

040.0475.29.04.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2002 թվականի N 475
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 282 -րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների ոչնչացման կարգը (կցվում է):

2. Սույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում նշված մարմիններին` դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների ոչնչացման աշխատանքների կազմակերպման նպատակով մինչև 2002 թվականի ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել իրենց համակարգը ներկայացնող լիազոր ներկայացուցիչների մասին տվյալները:

(2-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

3. Սույն որոշման հետ կապված գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է հարկային մարմինը:

(3-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 22.01.09 N 78-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 29-ի N 475 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաեվ ապօրինի ձեռք բերված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների ոչնչացման

 

I. Գործողության ոլորտը եվ կարգավորման առարկան

 

1. Սույն կարգը տարածվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 282-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների (այսուհետև` ապրանքներ) ոչնչացման ընթացակարգի վրա ու կարգավորում է ապրանքների ոչնչացման հետ կապված վարչաիրավական և քաղաքացիաիրավական հարաբերությունները:

 

II. Ապրանքների ոչնչացման ընթացակարգը

 

2. Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից հարկ վճարողների մոտ ապրանքների իրացման փաստ հայտնաբերվելու դեպքում այդ ապրանքների մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան կազմվում է արձանագրություն նշված ապրանքներն ի տնօրինություն վերցնելու մասին:

Արձանագրության օրինակելի ձևը հաստատում է հարկային մարմինը:

Արձանագրության մեջ պարտադիր նշվում են հետևյալ տվյալները՝

ապրանքի (արտադրանքի) անվանումը, չափման միավորը, ընդհանուր քանակը` ըստ չափման միավորի, ապրանքն իրացնող (տնօրինող) սուբյեկտի տվյալները (մասնավորապես, կազմակերպության (ֆիզիկական անձի) անվանումը (անունը), հարկ վճարողի հաշվառման համարը, անձնագրի տվյալները), արձանագրությունը կազմած պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, ապրանքների իրացման փաստի հայտնաբերման օրը, թույլ տրված խախտման նկարագրությունը, այն ժամկետը, որի ընթացքում ապրանքն իրացնող (տնօրինող) սուբյեկտը կարող է բողոքարկել հարկային մարմնի գործողությունը: Եթե ապրանքն իրացնող (տնօրինող) սուբյեկտը (սուբյեկտի ներկայացուցիչը) արձանագրության վերաբերյալ ունի առարկություններ, ապա արձանագրությանը կից ներկայացնում է իր կարծիքը, ինչի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:

Հարկային մարմնի կողմից ի տնօրինություն վերցված ապրանքները մինչև դրանց մասին համապատասխան որոշման ընդունումը պահվում են համապատասխան հարկային մարմնի կամ նախարարությանը պատկանող այլ տարածքում կամ համապատասխան կազմակերպությունում՝ վերջինիս և նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

3. Ապրանքների՝ սույն կարգով նախատեսված ոչնչացման նպատակով հարկային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են՝

ա) կենտրոնական հանձնաժողով՝ Երևանում գործող տարածքային հարկային տեսչությունների և վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից վերցված ապրանքների ոչնչացումը կազմակերպելու, ինչպես նաև սույն կետի «բ» ենթակետում նշված հանձնաժողովների աշխատանքները համակարգելու և վերահսկելու նպատակով.

բ) տարածքային հարկային տեսչություններին կից հանձնաժողովներ՝ համապատասխան տարածքներում՝ վերցված ապրանքների ոչնչացումն իրականացնելու նպատակով:

Կենտրոնական հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, անդամները՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության մեկական և հարկային մարմնին 2 ներկայացուցիչներ:

Տարածքային հարկային տեսչություններին կից հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե հանդիսանում է տարածքային հարկային տեսչության պետը, անդամները` տեղական ինքնակառավարման մարմնի (քաղաքապետարանի) ներկայացուցիչը և համապատասխան հարկային մարմնի 2 աշխատող:

Կենտրոնական հանձնաժողովի աշխատանքներին ի պաշտոնե մասնակցում և քվեարկում է նաև Երևանի այն տարածքային հարկային տեսչության (նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման) ներկայացուցիչը, որտեղ հաշվառված (վարչատարածքային ենթակայության ներքո գործող) հարկ վճարողների կողմից իրացվել են ապրանքները:

Ոչնչացման ենթակա ապրանքների հաշվառումն իրականացնելու, ապրանքների ոչնչացման եղանակը (ձևը) որոշելու (ուսումնասիրելու), ոչնչացման հետ կապված ծախսերի նախնական հաշվարկի նպատակով կենտրոնական հանձնաժողովի որոշմամբ կարող է ձևավորվել աշխատանքային խումբ:

(3-րդ կետը խմբ. 12.09.02 N 1498-Ն, փոփ. 22.01.09 N 78-Ն)

4. Հանձնաժողովների նիստերը հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան ապրանքները հարկային մարմնի փաստացի տնօրինմանն անցնելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովների նիստերն անցկացվում են հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի մասնակցությամբ: Հանձնաժողովներն ապրանքները ոչնչացնելու մասին որոշումներ են ընդունում քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Հանձնաժողովների որոշումներն ստորագրվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից` համաձայն ապրանքների ոչնչացման նկատմամբ իրենց դիրքորոշման (կողմ, դեմ, ձեռնպահ, անհրաժեշտ համարվելու դեպքում` հատուկ կարծիքի նշմամբ):

Տարածքային հարկային մարմիններին կից հանձնաժողովներն իրենց ընդունած որոշումները համաձայնեցնում են կենտրոնական հանձնաժողովի հետ, որից հետո սահմանված կարգով իրականացնում են ապրանքների ոչնչացման գործընթացը՝ սույն կարգի 9-րդ կետում նշված ակտի պատճենը երկօրյա ժամկետում ուղարկելով կենտրոնական հանձնաժողով:

5. Հանձնաժողովների նիստերը պարտադիր արձանագրվում են:

6. Հանձնաժողովները նիստերի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես, ինչպես նաև ընդունված որոշումների մասին՝ որոշումներն ընդունելուց հետո մեկօրյա ժամկետում գրավոր տեղյակ են պահում ապրանքներն իրացնող (տնօրինող) սուբյեկտին:

Ապրանքն իրացնող (տնօրինող) սուբյեկտը (սուբյեկտի ներկայացուցիչը) կարող է մասնակցել հանձնաժողովի նիստերին (ներկայացնելով իր առաջարկությունները, բացատրությունները), ինչպես նաև ապրանքների ոչնչացմանը` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Ապրանքն իրացնող (տնօրինող) սուբյեկտի (սուբյեկտի ներկայացուցչի) կողմից նիստին չներկայանալը նիստի անցկացման համար խոչընդոտ չէ:

7. Ապրանքները ոչնչացվում են սույն կարգի 3-րդ կետում նշված հանձնաժողովների անդամների առնվազն 2/3-ի մասնակցությամբ, եթե հանձնաժողովը (հարկային մարմինը) հանձնաժողովի ընդունած որոշումն ապրանքներն իրացնող (տնօրինող) սուբյեկտին հանձնելուց հետո 5-օրյա ժամկետում դատարանից չի ստանում նշված ապրանքների տնօրինման մասին որոշում:

8. Ապրանքների ոչնչացումն ապրանքի ֆիզիկական ոչնչացումն է հանձնաժողովի կողմից: Ապրանքները ոչնչացվում են սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետին հաջորդող աշխատանքային օրը՝ ապրանքների այրման, թաղման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համաձայնեցված՝ էկոլոգիապես անվտանգ այլ եղանակներով: Ապրանքները ոչնչացվում են իրավասու մարմնի (կազմակերպության, հիմնարկի) հետ համաձայնեցված վայրում, պայմանագրի հիման վրա:

9. Ապրանքների ոչնչացման արդյունքները ձևակերպվում են ոչնչացման ակտով, որում նշվում են կատարված աշխատանքների տեսակը, վայրը, ժամանակը, դրանց` հանձնաժողովի որոշման պահանջների հետ համապատասխանությունը, կատարված ծախսերի ընդհանուր գումարի չափը և այլ տեղեկություններ: Ոչնչացման ակտն ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները (ներկայացուցիչները): Եթե հանձնաժողովի անդամներից որևէ մեկն իրականացված աշխատանքների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այն գրավոր կցվում է ակտին:

Աշխատանքների իրականացման ընթացքում ակտեր են կազմվում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար:

Ոչնչացման ակտի ձևը սահմանում է նախարարությունը:

Ոչնչացման ակտը կազմվում է 3 օրինակից, որի մեկական օրինակ տրվում է համապատասխան հարկային մարմնին, ապրանքների սեփականատիրոջը և այն կազմակերպությանը (հիմնարկին), որտեղ կատարվել է ոչնչացումը:

 

III. Եզրափակիչ դրույթներ

 

10. Ապրանքների ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ նախարարության սահմանած կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2018, N 613-Ն 23.06.2018, N 475
20.05.2011, N 658-Ն 02.06.2011, N 475
22.01.2009, N 78-Ն 12.02.2009, N 475
12.09.2002, N 1498-Ն 17.10.2002, N 475
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան