Գլխավոր տեղեկություն
Համար
N 1005-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (12.02.2009-12.09.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.10/57(647) Հոդ.939
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2008 թվականի N 1005-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 11-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրի 12-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1926-Ն և 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 247-Ն որոշումները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2008 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել խոշոր հարկ վճարողների, ակցիզային հարկ վճարողների, բանկերի և վարկային կազմակերպությունների և հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչությունները միաձուլման ձևով խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության վերակազմակերպելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. սեպտեմբերի 9
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ` կոմիտե) հանրապետական գործադիր մարմին է: Կոմիտեն «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հարկային և մաքսային մարմին է:

(1-ին կետը լրաց. 04.12.08 N 1425-Ն)

2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Կոմիտեի լիազորությունները սահմանվում են «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

6. Կոմիտեի համակարգն ընդգրկում է հարկային և մաքսային մարմինները: Կոմիտեն կազմված է կոմիտեի նախագահից, կոմիտեի նախագահի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից, մամուլի քարտուղարից, կոմիտեի աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

(6-րդ կետը փոփ., լրաց. 04.12.08 N 1425-Ն) 

7. Կոմիտեն իրավապահ մարմին է:

8. Կոմիտեի աշխատողներն իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխան` կարող են լինել հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, հարկային ծառայողներ, մաքսային ծառայողներ, իսկ կոմիտեի աշխատակազմի աշխատողները` քաղաքացիական ծառայողներ և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք: Կոմիտեում հարկային, մաքսային և քաղաքացիական ծառայողների պաշտոնները դասակարգվում են «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան: Կոմիտեի կառուցվածքային մեկ ստորաբաժանման կազմում կարող են հայտարարվել հարկային և մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ` կապված այդ ստորաբաժանման կողմից իրականացվող գործառութային առանձնահատկությունների հետ: Ընդ որում, տվյալ ստորաբաժանման յուրաքանչյուր ծառայողի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ ծառայության մասին օրենսդրությամբ:

(8-րդ կետը լրաց. 04.12.08 N 1425-Ն) 

9. Կոմիտեի համակարգում աշխատող ծառայողների համար նախատեսվում է համազգեստ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ այն կրելու կարգը` կոմիտեի նախագահը:

10. Կոմիտեի պաշտոնատար անձինք իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրելու և օգտագործելու հաշվեցուցակային զենք:

11. Կոմիտեն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության անունից`

1) ձեռք է բերում և իրականացնում գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ և պարտականություններ, դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող.

2) տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն ամրացված պետական գույքը, այդ թվում` նաև կառավարում է ընկերությունների բաժնետոմսերը (բաժնեմասերը)։

12. Կոմիտեի պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

13. Ելնելով կոմիտեի համակարգի կառուցվածքից` կոմիտեի նպատակները և խնդիրներն են`

1) հարկային ծառայության մասով`

ա. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ու կիրառման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը,

բ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների խախտումների (հարկային հանցագործությունների) կանխումը, խափանումը, այդ խախտումների բացահայտումը,

գ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած պարտավորությունների մարման գծով աշխատանքների իրականացումը,

դ. հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային ու այլ իրավասու մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը,

ե. ծառայության իրավասության սահմաններում պետական տուրքի, ոչ հարկային եկամուտների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարների վճարման նկատմամբ հսկողության իրականացումը,

զ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը.

2) մաքսային ծառայության մասով`

ա. իր իրավասության սահմաններում` համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի պաշտպանվածության ապահովումը,

բ. մաքսային օրենսդրության դրույթների կիրառման ապահովումը և մաքսային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

գ. մաքսային վճարների գանձման և դրանք ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման ապահովումը, մաքսային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտավորությունների գծով աշխատանքների ապահովումը,

դ. մաքսային օրենսդրության խախտումների կանխարգելումը, կանխումը, քննումը և բացահայտումը,

ե. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ` մաքսային օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման ապահովումը,

զ. մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացման ապահովումը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը,

է. մաքսանենգության և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումների դեմ պայքարը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական ու հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների ու բուսատեսակների, դրանց մասերի և այլ ապրանքների ապօրինի տեղափոխման կանխարգելումը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցելը,

ը. Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանն աջակցելը,

թ. սպառողների շահերի պաշտպանության նպատակով` ներմուծվող ապրանքների որակի ապահովման միջոցառումներին աջակցելը,

ժ. մաքսային գործին վերաբերող հարցերում միջազգային պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրացումը, համագործակցությունն օտարերկրյա պետությունների մաքսային և այլ իրավասու մարմինների, մաքսային գործին վերաբերող հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ,

ժա. Հայաստանի Հանրապետության մաքսային վիճակագրության վարումը,

ժբ. մաքսային գործի վերլուծումը, հետազոտումը և մաքսային գործի բնագավառում խորհրդատվական աշխատանքների կատարումը,

ժգ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և նպատակների իրականացումը:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

14. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) հարկային ծառայության մասով`

ա. հարկ վճարողների սպասարկում (հարկ վճարողներին իրազեկում, հարկային հաշվարկների, հայտարարագրերի, հաշվետվությունների, տեղեկանքների և օրենքով սահմանված այլ փաստաթղթերի ընդունում, օրենքով նախատեսված դեպքերում հարկերի հաշվարկում),

բ. հարկ վճարողների հաշվառում,

գ. հարկերի և այլ պարտադիր վճարների հավաքման կազմակերպում,

դ. հարկ վճարողների նկատմամբ` օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացում,

ե. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառում,

զ. հարկ վճարողների բողոքների քննարկում և որոշումների ընդունում,

է. բյուջեների` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառում,

ը. հարկային քաղաքականության մշակմանը մասնակցություն,

թ. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրեն վերապահված գործերով հետաքննության ու նախաքննության կատարում,

ժ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացում,

ժա. հարկային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում` օրենքով սահմանված կարգով,

ժբ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթների իրականացում,

ժգ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների անցկացում.

2) մաքսային ծառայության մասով`

ա. մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ֆիզիկական անձանց, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` անձինք) մասին տեղեկությունների (այդ թվում` անձանց կողմից իրականացված և իրականացման ենթակա մաքսային վճարումների) հավաքագրում,

բ. իր իրավասության սահմաններում անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի, մաքսատուրքի, պետական տուրքի, այլ պարտադիր վճարների հաշվարկման, գանձման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման նկատմամբ հսկողության իրականացում,

գ. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխելիս` մաքսասակագնային մեխանիզմների կիրառման, ներմուծման ու արտահանման սահմանված կարգի կիրառման, ինչպես նաև մաքսային ռեժիմների նկատմամբ հսկողության ապահովում,

դ. մաքսային հսկողության ու ձևակերպումների կազմակերպում և դրանց նկատմամբ վերահսկողության իրականացում,

ե. կրկնակի մաքսային հսկողության իրականացում,

զ. մաքսային քաղաքականության մշակմանը մասնակցություն,

է. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մաքսային մեխանիզմների կատարելագործում,

ը. մաքսային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարում և իրավունքների իրացում, օտարերկրյա պետությունների մաքսային ու այլ իրավասու մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումների և քննարկումների կազմակերպում, համատեղ համաձայնագրերի, պայմանագրերի, հուշագրերի և այլ նախագծերի պատրաստում,

թ. մաքսային վիճակագրության վարման նպատակով տեղեկությունների հավաքագրում,

ժ. մաքսանենգության և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների գործերով հետաքննության ու նախաքննության կատարում,

ժա. մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթների իրականացում,

ժբ. Հայաստանի Հանրապետության մաքսային և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված այլ իրավախախտումների բացահայտման համար անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում,

ժգ. Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման նպատակով, օրենքով սահմանված իրավասության սահմաններում, համապատասխան միջոցառումների իրականացում,

ժդ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի փոփոխությունների մասին անձանց իրազեկման ապահովում,

ժե. օրենքով սահմանված կարգով մաքսային գործի հետ կապված` լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորում և լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների ու դրանց պահպանման նկատմամբ վերահսկողություն,

ժզ. հետբացթողումային հսկողության իրականացում,

ժէ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Կոմիտեն կառավարում է կոմիտեի նախագահը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Կոմիտեի նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով կոմիտեի նախագահի հետ: Կոմիտեի նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

16. Կոմիտեի նախագահն իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակմանը մասնակցության, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար:

17. Կոմիտեի նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

18. Կոմիտեի նախագահը`

1) կոմիտեին վերապահված լիազորությունների սահմաններում ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

6) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

7) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի, կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

8) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

9) վերահսկողություն է իրականացնում կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, հարկային տեսչությունների, մաքսատների (այդ թվում` տարածաշրջանային) ու մաքսային կետերի ստեղծման, վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է հատուկ կոչումներ և դասային աստիճաններ, իջեցնում հատուկ կոչումները և դասային աստիճանները կամ զրկում դրանցից.

12) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

13) օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համակարգի աշխատողներին.

14) սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում կոմիտեի աշխատակազմի աշխատողներին.

15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

16) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատողների թվաքանակը.

17) հաստատում է կոմիտեի վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, հարկային (տարածքային) տեսչությունների, մաքսատների (այդ թվում` տարածաշրջանային) ու մաքսային կետերի գործառույթները, կառուցվածքը և հաստիքացուցակը:

(18-րդ կետը լրաց. 04.12.08 N 1425-Ն, 22.01.09 N 78-Ն)

19. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարում է կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը:

20. Կոմիտեի նախագահի տեղակալը`

1) համակարգում է կոմիտեի համակարգի աշխատանքները` կոմիտեին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է կոմիտեի` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով, տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) կոմիտեի նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` կոմիտեի համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականներն ու առաջադրանքները և դրանց կատարման նկատմամբ իրականացնում վերահսկողություն.

4) կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է կոմիտեի նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում կոմիտեի համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար կոմիտեի նախագահին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում կոմիտեի նախագահի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին զեկուցում կոմիտեի նախագահին.

10) կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ նրա իրավասություններին առնչվող հարցերի վերաբերյալ.

11) կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է այլ գործառույթներ:

21. Կոմիտեի նախագահն ունի խորհրդականներ, օգնական և մամուլի քարտուղար, որոնց միջև կատարում է պարտականությունների բաշխումը:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

22. Կոմիտեի աշխատակազմի նպատակը և խնդիրն օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին կոմիտեի մասնակցության ապահովումն է:

23. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: Կոմիտեի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

24. Կոմիտեի աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

25. Կոմիտեի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ:

(25-րդ կետը փոփ. 04.12.08 N 1425-Ն)

26. Կոմիտեի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

27. Կոմիտեի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Կոմիտեի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

28. Կոմիտեի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կոմիտեի աշխատակազմի պահպանման կարիքների, ինչպես նաև կոմիտեի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

29. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

30. Կոմիտեի աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ:

31. Կոմիտեի աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մովսես Խորենացու 3, 7:

 

VI. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

32. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` կոմիտեի աշխատակազմին կարող է վերապահվել նաև բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

33. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու կոմիտեի աշխատակազմի գույքը:

34. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

35. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները` վարչություններ, բաժիններ, քարտուղարություն, հարկային տեսչություններ, մաքսատներ ու մաքսային կետեր, և առանձնացված ստորաբաժանումները:

36. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքը և գործառույթները հաստատում է կոմիտեի նախագահը: Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումները «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված վերադաս հարկային կամ մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ են: Առանձին դեպքերում միևնույն ստորաբաժանումը համարվում է միաժամանակ վերադաս հարկային մարմնի և վերադաս մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, ինչի մասին նշվում է տվյալ ստորաբաժանման գործառույթներում:

(36-րդ կետը լրաց. 04.12.08 N 1425-Ն)

 

VIII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

37. Կոմիտեի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և կոմիտեի նախագահը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Կոմիտեի աշխատակազմը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարը:

38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է կոմիտեի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

39. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, կոմիտեի նախագահի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունն ու կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և կոմիտեի նախագահի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, կոմիտեի նախագահի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

42. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրա փոխարինման հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

43. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը`

1) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

3) կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

4) կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

5) կազմակերպում է կոմիտեի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

6) կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

7) վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

8) կոմիտեի նախագահի ստորագրությանն է ներկայացնում կոմիտեի նախագահի կազմակերպչական բնույթի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

9) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

10) կազմակերպում է կոմիտեում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

11) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

12) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

13) ապահովում է կոմիտեի աշխատակազմում հարկային ծառայության, մաքսային ծառայության և քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը:

(43-րդ կետը լրաց. 04.12.08 N 1425-Ն)

44. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

45. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

46. Կոմիտեի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

47. Կոմիտեի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

X. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

48. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

Հարկային և մաքսային վարչարարության ռազմավարության և պլանավորման վարչություն

Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչություն

Հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչություն

Ներքին դիտարկումների և վերահսկողության վարչություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն

Մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչություն

Մաքսային հսկողության վարչություն

Հետբացթողումային հսկողության վարչություն

Նախաբացթողումային հսկողության վարչություն

Իրավաբանական վարչություն

Քննչական վարչություն

Հետաքննության վարչություն

Օպերատիվ հետախուզության վարչություն

Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչություն

Անձնակազմի կառավարման վարչություն

Ֆինանսահաշվային վարչություն

Գործերի կառավարման վարչություն

Քարտուղարություն

 

2. Բաժիններ

 

Ակցիզային դրոշմանիշների հաշվառման բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հատուկ բաժին

 

3. Հարկային (տարածքային) տեսչություններ (մարմիններ)

 

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն

Արաբկիրի հարկային տեսչություն

Էրեբունու հարկային տեսչություն

Խորհրդայինի հարկային տեսչություն

Մաշտոցի հարկային տեսչություն

Սպանդարյանի հարկային տեսչություն

Մյասնիկյանի հարկային տեսչություն

Շահումյանի հարկային տեսչություն

Շենգավիթի հարկային տեսչություն

Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչություն

Արաբկիրի 1 հարկային տեսչություն

Սպանդարյանի 1 հարկային տեսչություն

Աշտարակի տարածքային հարկային տեսչություն

Ապարանի տարածքային հարկային տեսչություն

Արարատի տարածքային հարկային տեսչություն

Արթիկի տարածքային հարկային տեսչություն

Արմավիրի տարածքային հարկային տեսչություն

Արտաշատի տարածքային հարկային տեսչություն

Գավառի տարածքային հարկային տեսչություն

Գյումրու տարածքային հարկային տեսչություն

Գորիսի տարածքային հարկային տեսչություն

Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչություն

Էջմիածնի տարածքային հարկային տեսչություն

Թալինի տարածքային հարկային տեսչություն

Թումանյանի տարածքային հարկային տեսչություն

Իջևանի տարածքային հարկային տեսչություն

Կապանի տարածքային հարկային տեսչություն

Կոտայքի տարածքային հարկային տեսչություն

Հրազդանի տարածքային հարկային տեսչություն

Մասիսի տարածքային հարկային տեսչություն

Մարտունու տարածքային հարկային տեսչություն

Մեղրու տարածքային հարկային տեսչություն

Նաիրիի տարածքային հարկային տեսչություն

Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչություն

Չարենցավանի տարածքային հարկային տեսչություն

Տաշիրի տարածքային հարկային տեսչություն

Սիսիանի տարածքային հարկային տեսչություն

Սևանի տարածքային հարկային տեսչություն

Վանաձորի տարածքային հարկային տեսչություն

 

Մաքսատներ և մաքսային կետեր

 

Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն

Արարատյան տարածաշրջանային մաքսատուն

«Զվարթնոց» մաքսատուն

Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատուն

Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն

Սյունիքի տարածաշրջանային մաքսատուն

- Մեղրու մաքսային կետ

Գուգարքի տարածաշրջանային մաքսատուն

- Բագրատաշենի մաքսային կետ

- Այրում-Ջիլիզայի մաքսային կետ

- Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ

Շիրակի տարածաշրջանային մաքսատուն

- Բավրայի մաքսային կետ

- «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

(Կառուցվածքը խմբ. 04.12.08 N 1425-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան