Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 26-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.02.2009-26.01.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.01.26/3(321) Հոդ.37
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.12.2008
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հունվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60309015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 դեկտեմբերի 2008 թ. 
ք. Երևան

  թիվ 26-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի 2.4. բաժնի 2.4.5 մասի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի գործառնական դասակարգման Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության «2011 թվականի մարդահամարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպում» (01.03.02.04) և «2011 թվականի մարդահամարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համար կարողությունների զարգացում» (01.03.02.05) ծրագրերը, և ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 10-րդ հոդվածի 3-րդ մասի գ) կետով և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 110-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնադրության 38-րդ կետի դ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. 2009 թվականից մարդահամարի նախապատրաստական աշխատանքների իրականացման, 2011 թվականի մարդահամարի անցկացման նպատակով

1) Ստեղծել մարդահամարի գործառնական ստորաբաժանում՝ վարչության կարգավիճակով (այսուհետ՝ մարդահամարի վարչություն)։

2) Հաստատել մարդահամարի վարչության կանոնադրությունը և կառուցվածքը՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ մարդահամարի վարչությունը ենթակա է լուծարման մարդահամարի աշխատանքների ավարտից հետո։

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2008 թ. դեկտեմբերի 24-ի թիվ 26-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչության

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի գործառնական վարչությունը (այսուհետ` մարդահամարի վարչություն) Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` Ծառայություն) գործառնական ստորաբաժանում է, որը «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նախապատրաստում և անցկացնում է հերթական մարդահամար` Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև իրականացնում է մարդահամարի ամփոփ տվյալների հրապարակումը:

2. Վարչությունը ստեղծվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ` խորհուրդ) որոշմամբ: Վարչությունը գործում է իր կանոնադրությանը համապատասխան, որը Ծառայության նախագահի ներկայացմամբ հաստատում է խորհուրդը:

3. Վարչության գործունեությունը դադարում է մարդահամարի ավարտից և արդյունքների հրապարակման աշխատանքների ավարտից հետո:

4. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է «Մարդահամարի մասին», «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, խորհրդի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի ղեկավարի հրամաններին և այլ իրավական ակտերին համապատասխան:

 

II. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Վարչության հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարի նախապատրաստման ու անցկացման կազմակերպումն է:

6. Վարչությունն իր հիմնական խնդրին համապատասխան՝

1) մշակում է հերթական մարդահամարի նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող Հայաստանի Հանրապետության կառավարության և Խորհրդի որոշումների նախագծերը,

2) մշակում է մարդահամարի նախապատրաստման, անցկացման, նյութերի մշակման և արդյունքների հրապարակման ժամանակացույցի նախագիծը,

3) կազմակերպում է մարդահամարի տվյալների սպառողների հետ աշխատանքները և մարդահամարը լուսաբանող զանգվածային բացատրական աշխատանքները,

4) առաջարկություն է ներկայացնում Խորհրդին մարդահամարի անցկացման մեթոդի, հաշվառման ժամկետի և տևողության վերաբերյալ,

5) ապահովում է ՀՀ քաղաքների և խոշոր գյուղերի (5000 և ավելի բնակչությամբ), ինչպես նաև նախկին վարչական տարածաշրջանների քարտեզագրական նյութերի պատրաստումը,

6) ապահովում է մարզերում մարդահամարի կազմակերպման պլանների/նախագծերի կազմումը,

7) կազմակերպում է շենքերի, բնակելի տների և դրանցում տնային տնտեսությունների ցուցակների կազմման աշխատանքները,

8) ապահովում է մարդահամարի հարցաշարի և ելքային աղյուսակների ծրագրի նախագծերի մշակումը,

9) կազմակերպում և անցկացնում է փորձնական մարդահամար,

10) ապահովում է մուտքագրման, տվյալների ավտոմատ խմբագրման մեքենայական ծրագրերի մշակումը և իրականացնում վիճակագրական տվյալների մեքենայական մշակումը,

11) ապահովում է հավաքագրված և մուտքագրված տվյալների հիման վրա` մարդահամարի տվյալների բազաների կառուցումը,

12) ապահովում է ելքային աղյուսակների ստացումը և ամփոփ տվյալների հրապարակումը,

13) իրականացնում է մարդահամարի նախապատրաստման, անցկացման, նյութերի մշակման, ամփոփման հետ կապված այլ գործառույթներ:

7. Իր հիմնական խնդրի իրագործման ընթացքում մարդահամարի վարչությանը գիտամեթոդական օժանդակության և խորհրդատվության տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի կողմից:

 

III. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Մարդահամարի վարչության կառուցվածքի մեջ մտնում են.

1) Մարդահամարի պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժինը

2) Տվյալների մշակման և դասակարգումների բաժինը

3) Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման բաժինը

4) Կազմակերպական աշխատանքների բաժինը

5) Վարչատնտեսական աշխատանքների բաժինը:

9. Մարդահամարի վարչության ընթացիկ գործունեությունը կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է վարչության պետը:

Մարդահամարին առնչվող գործառույթների մասով վարչության աշխատանքները համակարգում է Խորհրդի ժողովրդագրության, սոցիոլոգիայի և հասարակական գործունեության բնագավառը համակարգող անդամը (այսուհետ` համակարգող):

Վարչության պետը հաշվետու է Խորհրդին, Ծառայության նախագահին, համակարգողին և Ծառայության աշխատակազմի ղեկավարին:

10. Վարչության պետը.

1) ղեկավարում է Վարչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար,

2) մարդահամարին առնչվող հարցերով առաջարկություններ է ներկայացնում համակարգողին,

3) ապահովում է աշխատանքային համագործակցությունը Վարչության և աշխատակազմի ստորաբաժանումների միջև, գիտամեթոդական գործառույթների մասով գործողությունները համաձայնեցնում է աշխատակազմի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի հետ,

4) առաջարկություններ է ներկայացնում համակարգողին վարչությունն աշխատակիցներով համալրելիս,

5) ապահովում է մարդահամարի արխիվացված նյութերի հանձնումը աշխատակազմին` Վարչության գործունեության դադարեցումից առաջ,

6) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում Ծառայության նախագահին և աշխատակազմի ղեկավարին` վարչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ,

7) Ծառայության նախագահին, համակարգողին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն` վարչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,

8) ապահովում է Ծառայության նախագահի, Ծառայության աշխատակազմի ղեկավարի հրամանների և հանձնարարականների, ինչպես նաև համակարգողի ցուցումների ու առաջադրանքների կատարումը:

11. Վարչության պետի բացակայության կամ նրա կողմից իր պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրա պարտականությունների կատարումը դրվում է տեղակալներից մեկի վրա:

12. Վարչության պետի տեղակալը

1) Աջակցում է վարչության պետին` վերը նկարագրված գործունեության բոլոր ուղղություններով:

2) Հանդիսանում է առանձին ստորաբաժանումների և վարչության պետին կապող օղակը` իրենց ամենօրյա գործունեությունում:

13. Մարդահամարի պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժինը.

1) մշակում է հերթական մարդահամարի նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող ՀՀ կառավարության և Խորհրդի որոշումների նախագծերը,

2) իրականացնում է մարդահամարի անցկացման մեթոդի ընտրությունը, որոշում է հաշվառման ժամկետն ու տևողությունը, ապահովում է վերահսկողական մեխանիզմների, մարդահամարի որակի բարձրացման և վերահսկման ծրագրերի պլանավորումը,

3) իրականացնում է մարդահամարի նախապատրաստման, անցկացման, նյութերի մեքենայական մշակման և հրապարակման աշխատանքների ժամանակացույցի, մարդահամարի հարցաշարի, մեթոդաբանական և հրահանգչական փաստաթղթերի, հաշվետվական ձևերի մշակումը,

4) նախապատրաստում և մշակում է մարդահամարի զանգվածային լուսաբանումն ապահովող տեղեկատվական նյութեր,

5) ապահովում է փորձնական մարդահամարի անցկացման մեթոդական և հրահանգչական փաստաթղթերի նախապատրաստումը,

6) իրականացնում է հիմնական հրահանգչական և հաշվետվական փաստաթղթերի վերախմբագրում` փորձնական մարդահամարի արդյունքների հիման վրա,

7) իրականացնում է մարդահամարային ղեկավար կադրերի հրահանգավորումները և մեթոդական աջակցության հետ կապված աշխատանքները մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ողջ ժամանակաշրջանում,

8) ապահովում է մարդահամարի նախնական արդյունքների ստացումը (բնակչության թվաքանակի)` ամփոփ ցուցանիշների համադրմամբ:

14. Տվյալների մշակման և դասակարգման բաժինը.

1) մշակում է ելքային աղյուսակների ծրագիրը, նախապատրաստում ելքային աղյուսակների ստացման ֆայլերը, իրականացնում աղյուսակների կառուցման մեթոդի ընտրություն,

2) իրականացնում է մարդահամարի տվյալների թվային ծածկագրման գործընթացը, դրանց համար անհրաժեշտ մեթոդական հրահանգների մշակումը և սահմանում է համապատասխան դասակարգիչների կիրառման ցանկը,

3) ապահովում է ելքային աղյուսակների ստացման համար տեխնիկական առաջադրանքների մշակումը` ըստ հաստատված ծրագրի,

4) նախապատրաստում է մարդահամարի հրապարակումները` թղթային և էլեկտրոնային կրիչներով:

15. Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման բաժինը

1) ապահովում է մուտքագրման և տվյալների ավտոմատ խմբագրման մեքենայական ծրագրերի մշակումը,

2) իրականացնում է մարդահամարի տվյալների մեքենայական մշակման գործընթացը,

3) հավաքագրված և մուտքագրված տվյալների հիման վրա կառուցում է մարդահամարի միկրոտվյալների և մակրոտվյալների բազաները,

4) իրականացնում է տվյալների մեքենայական մշակման գործընթացի վերահսկման գործառույթները,

5) ապահովում է ելքային աղյուսակների ստացումը:

16. Կազմակերպական աշխատանքների բաժինը

1) ապահովում է ՀՀ քաղաքների և խոշոր գյուղերի (5000 և ավելի բնակչությամբ), ինչպես նաև նախկին վարչական տարածաշրջանների քարտեզագրական նյութերի պատրաստումը,

2) կազմակերպում է շենքերի, բնակելի տների և դրանցում տնային տնտեսությունների ցուցակների կազմման աշխատանքները,

3) համակարգում է մարզերի (տարածաշրջանների) մարդահամարի կազմակերպման պլանների/նախագծերի կազմման աշխատանքները,

4) ապահովում է մարդահամարի դաշտային աշխատանքների սահմանված ժամկետներում և կարգով իրականացումը,

5) կազմակերպում է մարդահամարը լուսաբանող զանգվածային բացատրական աշխատանքները մարզերում,

6) կազմակերպում է մարզերից մարդահամարի լրացված հարցաթերթերի և դրանց ուղեկցող ամփոփ և հաշվետվական ձևերի տեղափոխումը վարչություն` սահմանված կարգով և ժամկետներում:

17. Վարչատնտեսական աշխատանքների բաժինը

1) կազմում է մարդահամարի վարչության բյուջետային հայտը և ապահովում ծախսերի մոնիթորինգային մեխանիզմները,

2) կազմակերպում է վարչության գործառույթներից բխող վարչական բնույթի աշխատանքները,

3) ապահովում է ծրագրով նախատեսված նյութերի տպագրման աշխատանքները` սահմանված կարգով և ժամկետներում,

4) ապահովում է մարզային գործակալություններին` մարդահամարի նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ նյութերով, հրահանգչական և հաշվետվական փաստաթղթերով,

5) սահմանված կարգով կազմակերպում է մարդահամարի վարչության գույքի և նյութերի պահեստավորման գործընթացը,

6) ապահովում է մարդահամարի նյութերի արխիվացումը և դրանց հանձնումը աշխատակազմին` Վարչության գործունեության դադարեցումից առաջ:

18. Մարդահամարի վարչության աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Վարչության պետի, (տեղակալի) տեղակալների և բաժինների պետերի հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են Ծառայության նախագահի կողմից` համակարգողի առաջարկությամբ: Վարչության մյուս աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են Ծառայության աշխատակազմի ղեկավարի կողմից` համակարգողի առաջարկությամբ:

19. Մարդահամարի վարչության հաստիքացուցակը հաստատվում է յուրաքանչյուր տարի` Ծառայության նախագահի հրամանով: