ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ 3-611(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան |
Դատավորներ՝ |
Է. Մուրադյան |
|
Վ. Թորոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի նոյեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վահան Տեր-Հովակիմյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ ՀՀ ԱՆ ԴԱՀԿԱ ծառայության Երևանի քաղաքային բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի (այսուհետ՝ Ծառայություն) հարկադիր կատարող Գարիկ Հարությունյանի դիմումի՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից 25.10.2006 թվականին տրված թիվ 06-721 կատարողական թերթը պարզաբանելու մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 07.07.2006 թվականի վճռով Արմեն Տեր-Հովակիմյանի հայցը բավարարվել է՝ վճռվել է «պարտավորեցնել Վահան Տեր-Հովակիմյանին քանդել Երևանի Ջրաշատ 54/1 հասցեում իրականացված ինքնակամ կառույցները և տարածքը բերել նախկին տեսքին»: Նշված վճռի հիման վրա 25.10.2006 թվականին տրվել է թիվ 06-721 կատարողական թերթը:
Դիմելով դատարան` Ծառայության հարկադիր կատարողը խնդրել է պարզաբանել թիվ 06-721 կատարողական թերթը, մասնավորապես՝ հստակեցնել թե Երևանի Ջրառատ 54/1 հասցեում գտնվող ո՞ր ինքնակամ կառույցները քանդելուն պետք է պարտավորեցվի Վահան Տեր-Հովակիմյանը:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.05.2007 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է, և թիվ 06-721 կատարողական թերթը պարզաբանվել է հետևյալ կերպ. «պարտավորեցնելով Վահան Տեր-Հովակիմյանին քանդել Երևանի, Ջրառատ 54/1 հասցեում գտնվող ինքնակամ կառույցները և տարածքը բերել նախկին տեսքին` դատարանը նկատի է ունեցել տան վրա ավելացվող հարկը (ձեղնահարկը)»:
Ծառայության հարկադիր կատարողը մեկ այլ դիմումով խնդրել է պարզաբանել թիվ 06-721 կատարողական թերթը, մասնավորապես՝ «Ծառայությունը իրավունք ունի՞ պարտավորեցնել Վահան Տեր-Հովակիմյանին քանդելու Ջրաշատ 54/1 տան վրա ավելացված, բացի ձեղնահարկից, որը արդեն քանդվել է, այլ կառույցներ»:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.06.2008 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է և 25.10.2006 թվականին տրված թիվ 06-721 կատարողական թերթը պարզաբանվել է հետևյալ կերպ. «պարտավորեցնել Վահան Տեր-Հովակիմյանին քանդել Երևանի Ջրառատ 54/1 հասցեում իրականացված ինքնակամ կառույցները` ավելացված հարկը, ներառյալ ձեղնահարկը և տարածքը բերել նախկին տեսքի»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահան Տեր-Հովակիմյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.05.2007 թվականի որոշմամբ արդեն պարզաբանվել էր ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 07.07.2006 թվականի վճիռը` նշելով, որ վճռով սահմանված Վահան Տեր-Հովակիմյանի պարտականությունը սահմանափակված է Երևանի Ջրառատ փողոցի թիվ 54/1 տան ձեղնահարկի քանդմամբ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, 24.06.2008 թվականի որոշմամբ կրկին պարզաբանելով արդեն իսկ պարզաբանված վճիռը, խախտել է մինչ այդ կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճռի պարզաբանման որոշումը, դրանով իսկ խախտելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավական որոշակիության սկզբունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.06.2008 թվականի որոշումը և Ծառայության հարկադիր կատարողի դիմումը թողնել առանց քննության կամ դիմումը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ծառայության ավագ հարկադիր կատարողը խնդրել է պարզաբանել 25.10.2006 թվականին տրված թիվ 06-721 կատարողական թերթը, մասնավորապես հստակեցնել, թե Երևանի Ջրառատ 54/1 հասցեում գտնվող որ ինքնակամ կառույցները քանդելուն պետք է պարտավորեցվի Վահան Տեր-Հովակիմյանը:
2) Վերաքննիչ դատարանի 15.05.2007 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է և թիվ 06-721 կատարողական թերթը պարզաբանվել է հետևյալ կերպ. «Վահան Տեր-Հովակիմյանին Երևանի Ջրառատ 54/1 հասցեում գտնվող ինքնակամ կառույցները քանդելուն և տարածքը նախկին տեսքին բերելուն պարտավորեցնելով` դատարանը նկատի է ունեցել տան վրա ավելացվող հարկը (ձեղնահարկը)»:
3) Ծառայության ավագ հարկադիր կատարող Գ. Հարությունյանը մեկ այլ դիմումով խնդրել է պարզաբանել, թե Ծառայությունն իրավունք ունի պարտավորեցնել Վահան Տեր-Հովակիմյանին, բացի ձեղնահարկից (որն արդեն քանդվել է) քանդելու Երևանի Ջրառատի 54/1 հասցեում գտնվող տան վրա ավելացված այլ կառույցները, քանի որ կատարողական գործողությունների իրականացման ընթացքում կառուցված ձեղնահարկն արդեն քանդվել է, սակայն պահանջատերը դիմել է Ծառայություն` խնդրելով պարտավորեցնել Վահան Տեր-Հովակիմյանին քանդել տան վրա ավելացված մնացած հարկերը:
4) Վերաքննիչ դատարանի 24.06.2008 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է, և թիվ 06-721 կատարողական թերթը պարզաբանվել է հետևյալ կերպ. «պարտավորեցնել Վահան Տեր-Հովակիմյանին քանդել Երևանի Ջրառատ 54/1 հասցեում իրականացված ինքնակամ կառույցները` ավելացված հարկը, ներառյալ ձեղնահարկը և տարածքը բերել նախկին տեսքի»:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 25.10.2006 թվականին տրված թիվ 06-721 կատարողական թերթի պարզաբանման մասին ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.05.2007 թվականի որոշման մեջ հստակ նշված է, որ ինքնակամ կառույցները քանդելու Վահան Տեր-Հովակիմյանի պարտավորությունը սահմանափակվում է միայն ձեղնահարկով: Դա հիմնված է նաև այն հանգամանքի վրա, որ թիվ 06-721 գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարել Ջրառատի փողոցի 54/1 հասցեի ձեղնահարկի կառուցման աշխատանքների քաղաքաշինական նորմերի խախտումներով իրականացումը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը 24.06.2008 թվականի որոշմամբ հաշվի չի առել այն հանգամանքը, որ թիվ 06-721 կատարողական թերթը նախկինում՝ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.05.2007 թվականի որոշմամբ, արդեն իսկ պարզաբանվել էր, և այդ դատական ակտը ենթակա է պարտադիր կատարման:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 25.10.2006 թվականին տրված թիվ 06-721 կատարողական թերթը պարզաբանելու մասին 15.05.2007 թվականի որոշումից հետո վճիռը կատարվել է. քանդվել է ձեղնահարկը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռի կատարումից հետո դրա պարզաբանման պահանջ չէր կարող ներկայացվել:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. ՀՀ ԱՆ ԴԱՀԿԱ ծառայության ավագ հարկադիր կատարող Գարիկ Հարությունյանի դիմումը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Ե. Խունդկարյան | |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|