ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ 3-599(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան |
Դատավորներ՝ |
Լ. Գրիգորյան |
|
Ե. Խունդկարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի նոյեմբերի 28-ին
քննարկելով Սուսաննա Սարդարյանի և Սուրեն Սահակյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սուսաննա Սարդարյանի ընդդեմ Գագիկ և Հռիփսիկ Խաչատրյանների՝ բաժնային սեփականության ներքո գտնվող հողամասից բաժինն առանձնացնելու պահանջի մասին, և ըստ Գագիկ Խաչատրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սուսաննա Սարդարյանի՝ ինքնակամ շինությունը քանդելուն, տան ծածկը կրող առանձին պատ կառուցելուն և պատուհանը փակելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը.
Դիմելով դատարան՝ Սուսաննա Սարդարյանը պահանջել է բաժնային սեփականության ներքո գտնվող 500 քմ մակերեսով հողամասից առանձնացնել իր բաժինը:
Հակընդդեմ հայցով Գագիկ Խաչատրյանը պահանջել է պարտավորեցնել քանդել ինքնակամ շինությունը, կառուցել տան ծածկը կրող առանձին պատ և փակել պատուհանը:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.07.2008 թվականի որոշմամբ Դատարանի 24.10.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սուսաննա Սարդարյանը և Սուրեն Սահակյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գագիկ Խաչատրյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, որի հետևանքով խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ 1987 թվականին առուվաճառքի պայմանագրով բնակելի տունը ձեռք բերելուց հետո մինչև այժմ հայցվորը փաստացի տիրապետում է հողամասի ցանկապատով առանձնացված իր մասը, որն ըստ փորձաքննության եզրակացությունների կազմում է 220 քմ:
Վերոգրյալի հիման վրա՝ վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.07.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկը.
Վերաքննիչ դատարանը, կատարելով գործում առկա բոլոր ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն և վերլուծություն, հանգել է ճիշտ հետևության, քանի որ գործի քննությամբ հիմնավորվել է, որ Սուսաննա Սարդարյանին պատկանում է 500 քմ մակերեսով հողամասի 2/5 մասը՝ 200 քմ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 16.10.1987 թվականի բնակելի տան առուվաճառքի պայմանագրով Սուսաննա Սարդարյանը վիճելի հասցեում գնել է 500 քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի տարածություն: Հողամասից առանձնացվել է երկու հողակտոր:
2. Սուսաննա Սարդարյանը մինչ օրս տիրապետում և օգտագործում է հողամասից առանձնացված իր մասը (Ըստ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 06.07.2007 թվականի, 23.08.2007 թվականի և 16.04.2008 թվականի փորձաքննությունների եզրակացությունների՝ 220 քմ):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` տնամերձ հողամաuերը, ինչպեu նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա uպաuարկման համար Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամաuերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպեu uեփականություն:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1991 թվականի դրությամբ վեճի առարկա 500 քմ հողամասից արդեն իսկ առանձնացված էր 220 քմ հողամասը, որը փաստացի տիրապետել և մինչ օրս տիրապետում է Սուսաննա Սարդարյանը, հետևաբար 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով Սուսաննա Սարդարյանը դարձել է իր կողմից զբաղեցված 220 քմ հողամասի սեփականատեր:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վերոնշյալ իրավական խնդրին (տե՜ս Համեստ Վիրաբյան ընդդեմ Լիլյա Սահրադյան՝ հողամասն առանձնացնելու, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Լիլյա Սահրադյան ընդդեմ Համեստ Վիրաբյան, Լիլյա Մկրտչյան՝ հողամասն առանձնացնելու, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.02.2006 թվականի որոշումը, թիվ 3-204(ՎԴ)):
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2008 թվականի որոշումը բեկանել և այն փոփոխել.
- Ճանաչել Սուսաննա Սարդարյանի սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 113 տան փաստացի առանձնացված և Սուսաննա Սարդարյանի կողմից տիրապետվող 220 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
- Գագիկ և Հռիփսիկ Խաչատրյանների հակընդդեմ հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|