Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.10.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.17/72(662)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.10.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի

ԵՇԴ/0025/01/08 որոշում

ԵՇԴ/0025/01/08
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Հովհաննիսյան

Դատավորներ՝ Ա. Պողոսյան

                   Հ. Ասատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

 

 

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

 

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բերած վճռաբեկ բողոքը Սպարտակ Կարենի Նարոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հունիսի 11-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի ապրիլի 30-ի դատավճռով Սպարտակ Նարոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման:

2. Ամբաստանյալ Սպարտակ Նարոյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր 2008 թվականի հունիսի 11-ի որոշմամբ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի ապրիլի 30-ի դատավճիռը պատժի մասով փոփոխել է, այն է` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Սպարտակ Նարոյանի նկատմամբ նշանակել է տուգանք 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա, հաշվի առնելով Սպարտակ Նարոյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը, տուգանքի ձևով նշանակված պատիժը մեղմացրել է և նշանակել տուգանք 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հունիսի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բերել է վճռաբեկ բողոք:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, 2008 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

 

4. Սպարտակ Նարոյանը դատապարտվել է հետևյալ արարքի համար.

Սպարտակ Նարոյանի ծանոթ, նույն գործով դատապարտված Տիգրան Հովհաննիսյանը 2005թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 16-ի սահմաններում, գործով չպարզված «ԱԶ-31» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևանի Նոր Խարբերդի ջրանցքի ափով ընթանալիս նկատել է տուժող Գարիկ Առաքելյանին և պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան: Ապա դուրս է եկել ավտոմեքենայից, մոտեցել տուժողին և հարցնելով, թե ինչու վերջինս չի բերել 5 լիտր բենզին գնելու համար դեռևս մեկ ամիս առաջ խոստացած գումարը` ապտակել է նրան: Գ.Առաքելյանն էլ ապտակել է Տ.Հովհաննիսյանին, որից հետո վերջինս գետնից վերցրած քարով հարվածել է Գ.Առաքելյանի գլխին, ապա նստելով տաքսի ավտոմեքենան` հեռացել է: Դրանից շուրջ 2 ժամ անց՝ 17.45-ի սահմաններում, Գ. Առաքելյանը տուն վերադառնալու ճանապարհին՝ Նոր Խարբերդի 8-րդ փողոցում հանդիպել է նախ կնոջը՝ Լիլիթ Վարդապետյանին, ապա նաև մորը՝ Կարինե Առաքելյանին ու բարեկամուհուն՝ Արևիկ Գրիգորյանին, իսկ քիչ անց նրանց մոտ կանգնել է նույն տաքսի ավտոմեքենան, որից դուրս են եկել Ս.Նարոյանը, Տ.Հովհաննիսյանը, Ա.Կարապետյանը: Վերջիններս շուրջ 15 րոպե բարձրաձայն հայհոյել, բռունցքներով և ոտքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել Գ.Առաքելյանի մարմնի տարբեր մասերին` չենթարկվելով իրենց խուլիգանական գործողությունները խափանող` տուժողի մոր, կնոջ և բարեկամուհու պահանջներին: Արդյունքում Գ.Առաքելյանը հարվածից ընկել և կորցրել է գիտակցությունը, իսկ Ս.Նարոյանը, Տ.Հովհաննիսյանը և Ա.Կարապետյանը դիմել են փախուստի:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոք բերած անձը գտնում է, որ Սպարտակ Նարոյանի նկատմամբ վերաքննիչ դատարանը պատիժ է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված սկզբունքների խախտմամբ: Դա հանգեցրել է քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառման և ազդել գործի ելքի վրա` խաթարելով արդարադատության բուն էությունը: Վերաքննիչ դատարանն անտեսել է ինչպես կատարված հանցագործության վտանգավորության աստիճանն ու բնույթը, այն կատարելու հանգամանքները, այնպես էլ հանցանքը կատարած Սպարտակ Նարոյանի անձը բնութագրող տվյալները: Հանցագործության կատարումից հետո Սպարտակ Նարոյանը դիմել է փախուստի և երեք տարի` մինչև հայտնաբերվելը, գտնվել հետախուզման մեջ:

Բողոքի հեղինակը համարում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի սանկցիայով սահմանված պատժի նվազ խիստ տեսակը չէր կարող ապահովել պատժի նպատակները, ուստի առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում նախատեսող հոդվածի սանկցիայով իրավացիորեն նշանակել է 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկում:

6. Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրում է բեկանել Սպարտակ Նարոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հունիսի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի ապրիլի 30-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

7. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվող պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով նույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

8. Պատիժ նշանակելիս հանցավորի նկատմամբ անհատական մոտեցումն անհրաժեշտ է, որպեսզի դատարանը պատժի տեսակն ու չափը ընտրելիս համոզվի, որ դրանով կհասնի պատժի վերը նշված նպատակներին, որոնք փոխկապակցված և փոխհամաձայնեցված են (մեկ նպատակը ենթադրում է մյուսները և յուրաքանչյուրի ինքնուրույն իրականացումն օժանդակում է մյուսներին): Այսինքն` պատժի նպատակներին հասնելու երաշխիք է հանցագործություն կատարած անձի նկատմամբ արդարացի, արարքի ծանրությանը և հասարակական վտանգավորությանը համապատասխան պատիժ նշանակելը:

9. Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի` հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները, որոշիչ հանգամանքներ են պատժի տեսակը և չափը որոշելու հարցում:

Այսինքն` դատարանը պետք է բացահայտի կատարված կոնկրետ հանցանքի առանձնահատուկ հատկանիշները, որոնք կարող են ազդել հանրության համար վտանգավորության աստիճանի վրա (հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, վնասի չափը և այլն): Դատարանը հանրության համար վտանգավորության բնույթը որոշելու ժամանակ պետք է պարզի և հաշվի առնի նաև պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը հանցանքի կատարման պահին:

10. Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Դրանք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի, հանցավորի անձնավորության մասին և յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատականացնել պատիժը: Պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը: Դրանք բարձրացնում կամ իջեցնում են հասարակական վտանգավորության աստիճանը և ազդում են պատժի վրա:

11. Քրեական օրենքի Ընդհանուր մասի վերը թվարկված դրույթներից հետևում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ ինչպես պատժատեսակի, այնպես էլ պատժաչափի վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը:

12. Ինչպես երևում է գործի նյութերից, 2005 թվականի սեպտեմբերի 8-ին, 5 լիտր բենզին գնելու համար խոստացված գումարը Գ.Առաքելյանի կողմից չտալու պատճառաբանությամբ, Ս.Նարոյանը, Տ.Հովհաննիսյանը, Ա.Կարապետյանը և քննությամբ ինքնությունները չպարզված ևս չորս անձ մոտ 15 րոպե բարձրաձայն հայհոյել, բռունցքներով և ոտքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել Գ.Առաքելյանի մարմնի տարբեր մասերին` չենթարկվելով իրենց խուլիգանական գործողությունները խափանող` տուժողի մոր, կնոջ և բարեկամուհու պահանջներին: Արդյունքում Գ.Առաքելյանը ստացած հարվածից ընկել է գետնին և կորցրել գիտակցությունը, իսկ Ս.Նարոյանը, Տ.Հովհաննիսյանը, Ա.Կարապետյանը և քննությամբ ինքնությունները չպարզված չորս անձինք դիմել են փախուստի: Այնուհետև Սպարտակ Նարոյանը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից, որի համար նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և քրեական գործի վարույթը կասեցվել է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նա հայտնաբերվել է մոտ 3 տարի անց՝ 2008 թվականի մարտի 24-ին և ներկայացվել քրեական վարույթն իրականացնող մարմնին: Գործի քննության ընթացքում Սպարտակ Նարոյանն օգտվելով իր իրավունքից` հրաժարվել է ցուցմունքներ տալ դեպքի մանրամասների և մասնակիցների վերաբերյալ, ինչի արդյունքում մինչև վերջ չի բացահայտվել հանցագործությունը` անհայտ են մնացել Ս.Նարոյանի, Տ.Հովհաննիսյանի և Ա.Կարապետյանի հետ միասին խուլիգանություն կատարած անձինք:

13. Որպես անձը բնութագրող տվյալ վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ այն, որ Սպարտակ Նարոյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ դեպքի մանրամասների և մասնակիցների վերաբերյալ, ինչի հետևանքով դեռևս 2005 թվականի սեպտեմբերի 8-ին կատարված հանցավոր արարքին մասնակցած ևս չորս անձանց ինքնությունը պարզել չի հաջողվել և այդ կապակցությամբ քննիչը որոշում է կայացրել քրեական գործից մաս անջատելու մասին: Բացի այդ, վերաքննիչ դատարանն անտեսել է Սպարտակ Նարոյանի` երեք տարի հետախուզման մեջ լինելու հանգամանքը, ինչը ևս որպես անձը բնութագրող տվյալ պետք է պարտադիր հաշվի առնվեր պատժի հարցը լուծելիս:

14. Այսպիսով, վերաքննիչ դատարանն օբյեկտիվ ստուգման ու գնահատման չի ենթարկել Սպարտակ Նարոյանի կողմից կատարված հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, գործի կոնկրետ հանգամանքները, նրա անձը բնութագրող տվյալները: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել օրենքով պաշտպանվող հարաբերությունների սոցիալական նշանակությունը, բնույթը, որոնք բարձրացնում են Սպարտակ Նարոյանի կատարած հանցագործության վտանգավորության աստիճանը: Արդյունքում Սպարտակ Նարոյանի նկատմամբ նշանակվել է պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով և չի համապատասխանում նրա կատարած հանցագործության ծանրությանը և հանցավորի անձին:

15. Վերաքննիչ դատարանը Սպարտակ Նարոյանի նկատմամբ պատիժ է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի՝ 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության և պատասխանատվության անհատականացման, ինչպես նաև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտմամբ, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական և չհիմնավորված դատավճռի կայացմանը:

16. Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք են:

17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի սանկցիայով նախատեսված պատժի նվազ խիստ տեսակը տվյալ դեպքում չէր կարող ապահովել պատժի նպատակները, ուստի առաջին ատյանի դատարանն իրավացիորեն Սպարտակ Նարոյանի նկատմամբ նշանակել է հոդվածի սանկցիայով սահմանված առավել խիստ պատժատեսակը, ինչն արդարացի է և համապատասխանում է կատարված հանցագործության ծանրությանը և հանցավորի անձին:

18. Ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել Սպարտակ Նարոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հունիսի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի ապրիլի 30-ի դատավճռին:

19. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բեկանելը պայմանավորված է նրանով, որ վերաքննիչ դատարանում գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետում և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի թիվ 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին: Սույն գործով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը, երբ ակնհայտ մեղմ պատիժ է նշանակվել ամբաստանյալի նկատմամբ և չարդարացված բարելավվել է նրա վիճակը, հանգեցրել է դատական սխալի, որի արդյունքում կայացված որոշումը չի համապատասխանում արդարության պահանջներին:

20. Նշված դատական սխալը, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատարանի որոշման՝ որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

21. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` դատական ակտը բեկանելու Վճռաբեկ դատարանի լիազորության կիրառումը անհրաժեշտ է հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոհիշյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

22. Դատական ակտը բեկանելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

23. Քննվող բողոքի կապակցությամբ` արդարացի պատիժ նշանակելու հարցի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Սպարտակ Կարենի Նարոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հունիսի 11-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի ապրիլի 30-ի դատավճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

 

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան