Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.10.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.17/72(662)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.10.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ 

Վարչական գործ թիվ ՎԴ/0429/05/08

Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0429/05/08
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

  

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) ընդդեմ Սարգիս Նազարյանի` գումարի բռնագանձման և ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է Սարգիս Նազարյանից բռնագանձել տուգանք՝ 200.000 ՀՀ դրամ գումարի չափով, և պարտավորեցնել քանդել ինքնակամ կառույցը:

Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի առաջին մասը, չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությունը, որը պետք է կիրառեր և կիրառել է նույն օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

Վարչական դատարանը հայցը մերժելիս կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը և հանգել այն եզրահանգման, որ Երևանի քաղաքապետարանի կողմից չի ապացուցվել, որ ինքնակամ կառույցը կառուցվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա:

Մինչդեռ, սույն գործով Երևանի Մանուշյան փողոցի թիվ 4 տան բնակիչ Սարգիս Նազարյանը, առանց անհրաժեշտ թույլտվության և քաղաքաշինական փաստաթղթերի առկայության, ինքնակամ իրականացրել է իր տան երկրորդ հարկի կառուցման աշխատանքները, որի արդյունքում ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ նախատեսված կարգով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Ռ.Կարապետյանի 23.08.2007 թվականի արձանագրությամբ հայտնաբերվել է խախտում, այն է՝ սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը: Երևանի Մանուշյան փողոցի թիվ 4 տան բնակիչ Սարգիս Նազարյանն առանց քաղաքաշինական փաստաթղթերի գոյություն ունեցող շինության հարթ տանիքի վրա իրականացրել է երկրորդ հարկի կառուցման շինարարական աշխատանքներ:

2. Երևանի քաղաքապետի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 28.08.2007 թվականի թիվ Վ-12/7 որոշմամբ Սարգիս Նազարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ վարչական տուգանքի՝ 200.000 ՀՀ դրամ գումարի չափով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն՝ հողoգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վարչական տուգանքը 200.000 ՀՀ դրամ գումարի չափով ծագում է սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու դեպքում, իսկ 400.000 ՀՀ դրամ գումարի չափով վարչական տուգանքը՝ հողoգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու դեպքում:

Սույն վարչական գործի փաստերի համաձայն՝ Սարգիս Նազարյանը՝ որպես հողoգտագործման իրավունք ունեցող անձ, առանց համապատասխան թույլտվության իրականացրել է Երևանի Մանուշյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող տան երկրորդ հարկի կառուցման աշխատանքները, որի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով:

Մինչդեռ, Վարչական դատարանը հաստատված համարելով Սարգիս Նազարյանի կողմից Երևանի Մանուշյան փողոցի թիվ 4 տան հարթ տանիքի վրա երկրորդ հարկի կառուցման աշխատանքների ինքնակամ իրականացման փաստը, կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը, որը վարչական պատասխանատվություն է նախատեսում ոչ թե հողoգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա շինություն կառուցելու, այլ հողoգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շինություն կառուցելու համար:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վարչական դատարանի այն պատճառաբանությունը, որ դատաքննության ընթացքում չի հիմնավորվել Երևանի Մանուշյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող տան երկրորդ հարկի կառուցման աշխատանքների իրականացումը պետությանը պատկանող հողամասի վրա, քանի որ այդ փաստը սույն քաղաքացիական գործի լուծման համար որևէ նշանակություն չի կարող ունենալ:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածների ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարել. Սարգիս Նազարյանից բռնագանձել վարչական տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով, և պարտավորեցնել քանդել ինքնակամ կառույցը:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան