Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.10.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.17/72(662)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.10.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ 

Վարչական գործ թիվ ՎԴ/0380/05/08 

Վարչական գործ թիվ ՎԴ/0380/05/08
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 22.04.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) ընդդեմ Ցողիկ Հակոբջանյանի` գումարի բռնագանձման, ինքնակամ կառույցը քանդելու և տարածքը նախկին տեսքի բերելու պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Ցողիկ Հակոբջանյանից վարչական տուգանք 400.000 ՀՀ դրամ գումարի չափով, պարտավորեցնել քանդել ինքնակամ կառույցը և տարածքը բերել նախկին տեսքի:

Վարչական դատարանի 22.04.2008 թվականի վճռով հայցը՝ 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասով, մերժվել է, իսկ ինքնակամ կառույցը քանդելու և տարածքը նախկին տեսքի բերելու պահանջի մասով՝ բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասը և 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վարչական դատարանը, սխալ մեկնաբանելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում և 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում ամրագրված «զավթել» և «կառուցել» հասկացությունները, դրանք բովանդակային առումով նույնացրել է և հղում կատարելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասին՝ գտել է, որ Ցողիկ Հակոբջանյանի նկատմամբ պետք է կիրառվի ավելի մեղմ պատժամիջոց՝ 200.000 ՀՀ դրամի չափով:

Վարչական դատարանն անտեսել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հողամասը ինքնակամ զավթելով, իսկ նույն օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում նշված զանցանքը՝ հողամասում շինություն կառուցելով, ինչը կատարվել է Ցողիկ Հակոբջանյանի կողմից հողատարածքը քարերով և մետաղյա ցանկապատով կառուցելու միջոցով սահմանազատելով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 22.04.2008 թվականի վճիռը Երևանի քաղաքապետարանի հայցը 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանք բռնագանձելու հայցը մերժելու մասով և այն փոփոխել. հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության առաջատար մասնագետ Ա.Գրիգորյանի 11.10.2007 թվականի արձանագրությամբ հայտնաբերվել է հետևյալ խախտումները. պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը: Ցողիկ Հակոբջանյանը Նոր Նորք համայնքի 7-րդ զանգվածի 1-ին շենքի դիմաց, իր պատուհանների տակ գտնվող մոտ 25 քմ հողատարածքը սահմանազատել է եզրաքարերով և մետաղյա ցանկապատով:

2. Երևանի քաղաքապետի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 24.10.2007 թվականի թիվ Վ-16/4 որոշմամբ Ցողիկ Հակոբջանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ վարչական տուգանքի 400.000 ՀՀ դրամ գումարի չափով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Նույն օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն՝ հողoգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Սույն գործով Վարչական դատարանը, 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի բռնագանձման հայցապահանջի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում և 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում ամրագրված «զավթել» և «կառուցել» օրենսդրական եզրույթները ենթադրում են անձի կողմից կատարված նույնաբովանդակ գործողություն, եկել է այն եզրահանգման, որ Ցողիկ Հակոբջանյանի նկատմամբ պետք է կիրառվի ավելի մեղմ պատժամիջոց, այսինքն՝ 200.000 ՀՀ դրամ տուգանք:

Մինչդեռ, վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ նրանցում արտացոլված իրավախախտումները (զանցանքները) միմյանցից տարբերվում են ինչպես կատարման ձևերով (օբյեկտիվ կողմով), այնպես էլ վարչական պատասխանատվության միջոցի՝ վարչական տուգանքի չափով: Ընդ որում, վարչական տուգանքը՝ 200.000 ՀՀ դրամ գումարի չափով՝ որպես վարչական պատասխանատվության միջոց, ծագում է պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու դեպքում, իսկ վարչական տուգանքը՝ 400.000 ՀՀ դրամ գումարի չափով՝ հողoգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու դեպքում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ինքնակամ զավթել» և «ինքնակամ կառուցել» օրենսդրական եզրույթները միմյանցից տարբերվող հասկացություններ են և չեն կարող նույնացվել:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2 մասի համաձայն՝ եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում:

Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ցողիկ Հակոբջանյանը, Նոր Նորք համայնքի 7-րդ զանգվածի 1-ին շենքի դիմաց, իր պատուհանների տակ գտնվող մոտ 25 քմ հողատարածքը եզրաքարերով և մետաղյա ցանկապատով սահմանազատելով, ինքնակամ զավթել է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, ինչպես նաև որպես հողօգտագործման իրավունք չունեցող անձ պետությանը և համայնքին սեփականության պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցել է շինություն: Այսինքն՝ կատարել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված տարբեր իրավախախտումներ (զանցանքներ), որի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում՝ վարչական տուգանքի՝ 400.000 ՀՀ դրամ գումարի չափով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վարչական դատարանի այն եզրահանգումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում և 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում ամրագրված «զավթել» և «կառուցել» օրենսդրական եզրույթները ենթադրում են անձի կողմից կատարված նույնաբովանդակ գործողություն, այսինքն՝ որևէ շինություն կամ կառույց կառուցելը:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 22.04.2008 թվականի վճռի՝ Ցողիկ Հակոբջանյանից 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանք բռնագանձելը մերժելու մասը և այն փոփոխել. Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան