Գլխավոր տեղեկություն
Համար
N 128-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.25/11(677) Հոդ.198
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2009 թվականի N 128-Ն

 

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել առևտրի իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենաների միջև ցանցային կապուղիների միջոցով համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարանի ներդրման և շահագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. փետրվարի 16

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
փետրվարի 12-ի N 128-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են առևտրի իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենաների միջև ցանցային կապուղիների միջոցով համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարանի ներդրման և շահագործման կանոնները:

2. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) և հարկային մարմնի համար տեղեկատվական տվյալների շտեմարանին միանալու հնարավորությունը և տեղեկատվական միասնական համակարգի անխափան աշխատանքը:

3. Տվյալների շտեմարանն ստեղծվում է համապատասխան համակարգչային ծրագրի (ծրագրերի) միջոցով (այսուհետ` ծրագրային փաթեթ), որն ապահովում է անհրաժեշտ տվյալների մուտքագրումն ու մշակումը, ինչպես նաև` դրա պաշտպանվածությունն այլ ծրագրերով դիտարկումներից և փոփոխություններից:

4. Ծրագրային փաթեթի միջոցով մուտքագրված տվյալները չպետք է խախտեն ժամանակային անընդհատությունը (ժամանակագրական հերթականությունը) և ամբողջականությունը, ընդ որում, ծրագրային փաթեթը պետք է բացառի հետին ամսաթվով և (կամ) ժամով գործարքների մասին տվյալների մուտքագրումը կամ մուտքագրված տվյալների փոփոխումը:

5. Ծրագրային փաթեթի միջոցով մուտքագրված տվյալները չպետք է հեռացվեն տվյալների շտեմարանից: Սխալ մուտքագրված տվյալների վերաբերյալ նշում է կատարվում՝ դրանք ճանաչելով անվավեր, և այդ փաստը հաշվառվում է ծրագրային փաթեթի կողմից:

6. Ծրագրային փաթեթը պետք է գործարկվի միայն համապատասխան իրավասություններ և լիազորություններ ունեցող օգտագործողի` համապատասխան որակավորում ունեցող հարկային մարմնի աշխատողի կողմից:

7. Տվյալների շտեմարանից օգտվողներին (առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ) տրամադրվում է համապատասխան անուն (uuer name) և ծածկագիր (pauuword): Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը հնարավորություն է ստանում միայն դիտելու, կարդալու և պահպանելու իրեն պատկանող առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների մասին տեղեկատվությունը:

8. Տվյալների շտեմարանում պետք է պահպանվեն տեղեկություններ առնվազն նախորդ երեք տարվա վերաբերյալ` սկսած տվյալների շտեմարանի շահագործման պահից:

9. Ծրագրային փաթեթը պետք է ապահովի տվյալ առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների ֆիսկալային հաշվետվությունների կազմումը, այդ թվում` օրական և ամսական: Ֆիսկալային հաշվետվությունները պետք է պարտադիր պարունակեն հետևյալ տեղեկությունները՝

1) առևտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

2) առևտրական գործունեություն իրականացնողի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), վաճառատեղի հերթական համարը, հաշվիչ-դրամարկղային մեքենայի գործարանային համարը, հարկային տեսչությունում հաշվիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի համարը.

3) հաշվետվության կազմման օրը և դրա կազմման ժամանակահատվածը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան