Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.09.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.17/72(662)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.09.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-1541/2008թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-539(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

               Տ. Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի սեպտեմբերի 26-ին

քննարկելով Գագիկ Հարությունյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սեյրան Խաչատրյանի ընդդեմ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի նոտարական տարածքի նոտար Լենա Գյուլնազարյանի, Հայկուշ Խաչատրյանի, Գագիկ Հարությունյանի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործով դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել Գորիս քաղաքի Անկախության 7 հասցեով տարածքի նկատմամբ 27.06.2006 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի վկայականը:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.04.2007 թվականի որոշմամբ բողոքը մերժվել է, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 26.10.2007 թվականի վճիռը թողել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել վիճելի գույքը ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու փաստը հիմնավորող ապացույցները, և անտեսել է, որ Հայկուշ Խաչատրյանը վաճառել է իր սեփականությունը հանդիսացող տարածքի 1/2-րդ մասը և բնականաբար այս տեսակետից սխալ է անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը ամբողջությամբ, քանի որ բացակայում է անվավերության իրավական հիմքը: Գագիկ Հարությունյանը չգիտեր և չէր էլ կարող իմանալ, որ Սեյրան Խաչատրյանը համաձայնություն չէր տվել գույքը վաճառելու համար:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.       

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Անկախության 7 հասցեով տարածքը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է

ամուսիններ՝ Սեյրան և Հայկուշ Խաչատրյաններին:

2) Սեյրան Խաչատրյանի կինը՝ Հայկուշ Խաչատրյանը 27.05.2006 թվականին առուվաճառքի պայմանագրով տարածքը վաճառել է Գագիկ Հարությունյանին 20 միլիոն ՀՀ դրամով:

3) Վերոհիշյալ պայմանագիրը կնքելիս և նոտարական գրասենյակում վավերացնելիս Սեյրան Խաչատրյանի անունից լիազորագրով հանդես է եկել Հայկուշ Խաչատրյանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնoրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված՝ ընդհանուր սեփականության տնoրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով՝ գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

Նույն օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այլ անձի անունից գործելու լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ գործարքը կնքված է համարվում այն կնքած անձի անունից և ի շահ նրա, եթե մյուս անձը (ներկայացվողը) հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին:

Վերը հիշատակված նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք սերտորեն փոխկապակցված են և իրավակիրառական պրակտիկայում դրանցից յուրաքանչյուրը պետք է մեկնաբանվի մյուսների բովանդակության և տրամաբանության տիրույթում (տես օրինակ` 30.03.2007թ. Քաղ. գործ թիվ 3-459/ՏԴ (բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին)):

Սույն գործի փաստերի համաձայն՝ ամուսիններ Սեյրան և Հայկուշ Խաչատրյանների միջև այլ բան նախատեսող համաձայնություն չի եղել: Այսինքն, Հայկուշ Խաչատրյանը՝ որպես համատեղ սեփականության մասնակից, ունեցել է համատեղ սեփականություն հանդիսացող գույքը տնօրինելու իրավունք: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սեյրան Խաչատրյանի կողմից գույքի առուվաճառքի գործարքը անվավեր ճանաչելու պահանջը դատարանի կողմից կարող էր բավարարվել միայն Հայկուշ Խաչատրյանի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և դրա մասին գործարքի մյուս կողմի՝ գնորդ Գագիկ Հարությունյանի կողմից իմանալու կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայության փաստը ապացուցված համարելու դեպքում:

Դատարանը հաստատված է համարել, որ Գագիկ Հարությունյանը իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության մասին, հիմք ընդունելով համատեղ սեփականության մասնակիցների (Հայկուշ Խաչատրյանի և Սեյրան Խաչատրյանի) ամուսիններ հանդիսանալու, ինչպես նաև լիազորագիրը տալու պահին Սեյրան Խաչատրյանի՝ կալանքի տակ գտնվելու մասին գնորդի (Գագիկ Հարությունյանի) տեղեկացված լինելը: Մինչդեռ, Դատարանի վճռում բացակայում են վերոնշյալ եզրահանգումները հիմնավորող որևէ ապացույց:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (իրավական հիմնավորումները տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի դատաքննությամբ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Գագիկ Հարությունյանը իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար համասեփականատերերի միջև համաձայնության բացակայության մասին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-2411 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Հարավային քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան