«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հունվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2003 թվականի N 1779-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
բ) մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
գ) մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններին տրամադրելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 15-ի «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանց տրամադրման կարգը հաստատելու մասին» N 413 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության մաքսատներում` որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
ա) կազմակերպության կանոնադրությունը (պատճենը),
բ) պետական գրանցման վկայականը (պատճենը),
գ) հարկ վճարողի հաշվառման համարը (պատճենը),
դ) տեղեկանք կազմակերպության հաշվարկային հաշվի մասին` տրված սպասարկող բանկի կողմից:
2. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
ա) մաքսային հայտարարագիրը, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագիրը,
բ) ապրանքի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը կամ պայմանագիրը, կամ դրան փոխարինող համապատասխան այլ փաստաթուղթ,
գ) ապրանքի տեղափոխումը հիմնավորող փաստաթուղթը (ապրանքատրանսպորտային բեռնագիր),
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` ոչ սակագնային կարգավորման նպատակով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները` թույլտվություն, լիցենզիա, հավաստագիր (սերտիֆիկատ), եզրակացություն, վկայագիր և այլն,
ե) ակցիզային հարկով հարկման և պարտադիր դրոշմավորման ենթակա` ներմուծված ապրանքների համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման անդորրագիրը և ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին հաշվետվությունը,
զ) մաքսային վճարների վճարված լինելը հավաստող կամ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` դրանց վճարումը երաշխավորող փաստաթղթերը:
3. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
ա) մաքսային հայտարարագիրը,
բ) ապրանքի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը կամ պայմանագիրը, կամ դրան փոխարինող համապատասխան այլ փաստաթուղթ,
գ) ապրանքի տեղափոխումը հիմնավորող փաստաթուղթը (ապրանքատրանսպորտային բեռնագիր),
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` ոչ սակագնային կարգավորման նպատակով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները` թույլտվություն, լիցենզիա, վկայագիր, հավաստագիր: Ծագման երկրի հավաստագիր չի պահանջվում` բացառությամբ իրենց բնութագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների շարքը դասվող ապրանքների, ինչպես նաև այն դեպքերում, երբ հավաստագիր պահանջվում է Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով,
ե) մաքսային վճարների վճարված լինելը հավաստող կամ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` դրանց վճարումը երաշխավորող փաստաթղթերը:
4. Ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
ա) մաքսային հայտարարագիրը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագիրը,
բ) ապրանքի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը կամ պայմանագիրը, կամ դրան փոխարինող համապատասխան այլ փաստաթուղթ,
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` ոչ սակագնային կարգավորման նպատակով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները` թույլտվություն, լիցենզիա, եզրակացություն, հավաստագիր (սերտիֆիկատ), վկայագիր և այլն,
դ) մաքսային վճարների վճարված լինելը հավաստող կամ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` դրանց վճարումը երաշխավորող փաստաթղթերը:
5. Ֆիզիկական անձանց կողմից արտահանվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
ա) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` մաքսային հայտարարագիրը,
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` ոչ սակագնային կարգավորման նպատակով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները` թույլտվություն, լիցենզիա, վկայագիր, հավաստագիր: Ծագման երկրի սերտիֆիկատ չի պահանջվում` բացառությամբ իրենց բնութագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների շարքը դասվող ապրանքների, ինչպես նաև այն դեպքերում, երբ հավաստագիր պահանջվում է Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով,
գ) մաքսային վճարների վճարված լինելը հավաստող կամ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` դրանց վճարումը երաշխավորող փաստաթղթերը:
6. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին համապատասխան` անձի անհրաժեշտ լիազորությունները հաստատող փաստաթղթերն են`
ա) անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
բ) անձի` որպես հայտարարատու հանդես գալու համար անհրաժեշտ լիազորությունները հաստատող փաստաթուղթը (լիազորագիր կամ նմանատիպ այլ փաստաթուղթ, մաքսային մասնագետի որակավորում ունենալը հաստատող փաստաթուղթ):
7. Մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանցից պահանջվող փաստաթղթերն են`
ա) գործունեության տվյալ տեսակով զբաղվելու լիցենզիան (պատճենը),
բ) մաքսային պահեստներում, ազատ մաքսային պահեստներում, անմաքս առևտրի խանութներում և ազատ տնտեսական գոտիներում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան վարվող գրանցամատյաններն ու մաքսային մարմիններ ներկայացման ենթակա ապրանքների շարժի մասին հաշվետվությունները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանման դեպքում` մաքսային մարմիններ են ներկայացվում տեղեկություններ`
ա) ընտրված մաքսային ռեժիմի մասին,
բ) ապրանքն առաքողի (արտահանողի) և հայտարարատուի անվանման, գտնվելու վայրի, իսկ կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի համար` նաև հարկ վճարողի հաշվառման համարի մասին,
գ) ապրանքի քանակի, քաշի, փաթեթավորման և բեռնահարկերի մասին,
դ) ապրանքն ստացողի (ներմուծողի) անվանման և գտնվելու վայրի մասին,
ե) ներմուծողի երկրի մասին,
զ) ապրանքներ և ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մասին,
է) ապրանքի մաքսային արժեքի մասին,
ը) ապրանքի` ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման և լրացուցիչ չափման միավորի մասին,
թ) ապրանքի ծագման երկրի մասին,
ժ) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ստացված ակցիզային դրոշմանիշերի մասին (ակցիզային դրոշմանիշեր արտահանելու դեպքում),
ժա) մաքսային վճարների կատարման մասին:
2. Ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում` մաքսային մարմիններ են ներկայացվում տեղեկություններ`
ա) ընտրված մաքսային ռեժիմի մասին,
բ) ընտրված մաքսային ռեժիմի սահմաններում ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների մասին,
գ) ապրանքն առաքող (արտահանողի) և ստացողի (ներմուծողի) անվանման, գտնվելու վայրի, իսկ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար` նաև հարկ վճարողի հաշվառման համարի մասին,
դ) ապրանքի քանակի (ըստ ԱՏԳ ԱԱ-ի հիմնական և լրացուցիչ չափման միավորների), փաթեթավորման և բեռնահարկերի մասին,
ե) հայտարարատուի անվանման և հասցեի, կազմակերպությունների համար` նաև հարկ վճարողի հաշվառման համարի մասին,
զ) արտահանող երկրի մասին,
է) ապրանքներ և ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մասին,
ը) ապրանքների մաքսային արժեքի մասին,
թ) ապրանքի` ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման մասին,
ժ) ապրանքի քաշի մասին` փաթեթավորման հետ միասին, և առանց փաթեթավորման,
ժա) ապրանքի ծագման երկրի մասին,
ժբ) կազմակերպության կողմից ստացված ակցիզային դրոշմանիշերի (պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում) մասին,
ժգ) մաքսային վճարների կատարման մասին,
ժդ) մաքսային և ազատ մաքսային պահեստներում, անմաքս առևտրի խանութներում և ազատ տնտեսական գոտիներում ապրանքների շարժի մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է մաքսային մարմիններին մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրման կարգը:
2. Մաքսային հսկողության իրականացման համար`
ա) անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկություններն ապրանքներ տեղափոխող անձանց կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության այն մաքսային մարմիններ, որոնց կողմից` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները և (կամ) տեղափոխումը.
բ) մաքսային և ազատ մաքսային պահեստներում, ազատ տնտեսական գոտիներում, ինչպես նաև անմաքս առևտրի խանութներում ապրանքների շարժին վերաբերող փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացվում են վերադաս մաքսային մարմին` նրա կողմից սահմանված կարգով.
գ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման և պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերմանն ու օգտագործմանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.
դ) սույն կետում չնշված` Հայաստանի Հանրապետության այլ անձինք, մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններ են ներկայացնում իրենց նախաձեռնությամբ կամ մաքսային մարմինների պահանջով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(2-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)
3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձինք մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնում են վերադաս մաքսային մարմինի կողմից սահմանված ձևի հայտարարագրերով և (կամ) մաքսային նպատակների իրականացման համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերով, ինչպես նաև ֆիզիկական անձանց բանավոր հարցմամբ:
(3-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)
4. Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները պարզելու և ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացնելու օրենքով սահմանված գործողություններ:
5. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն անձանցից պահանջելու և ստանալու միայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր ու տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.08.2023, N 1445-Ն | 26.08.2023, N 1779-Ն | |
18.02.2016, N 149-Ն | 12.03.2016, N 1779-Ն | |
13.11.2014, N 1262-Ն | 27.11.2014, N 1779-Ն | |
02.08.2012, N 960-Ն | 16.08.2012, N 1779-Ն | |
01.12.2011, N 1687-Ն | 15.12.2011, N 1779-Ն | |
29.05.2009, N 636-Ն | 25.06.2009, N 1779-Ն | |
22.01.2009, N 78-Ն | 12.02.2009, N 1779-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|