ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
28 նոյեմբերի 2008 թ. |
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ` ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ «ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» 2007/019-124 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի հունիսի 13-ին` Բրյուսելում և 2008 թվականի օգոստոսի 8-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև «Պարենային ապահովության ծրագիր» 2007/019-124 ֆինանսական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
Համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի հունիսի 13-ին` Բրյուսելում և 2008 թվականի օգոստոսի 8-ին` Երևանում: Համաձայնագրի նպատակը Եվրոպական համայնքի կողմից Հայաստան-2007. Պարենային անվտանգության ծրագրի (DCI-FOOD/2007/019-124) ֆինանսավորմանն աջակցելն է:
Ըստ համաձայնագրի` Ծրագրի բյուջեն կազմում է 3.086.000 եվրո, որից 86.000 եվրոն կօգտագործվի տեխնիկական աջակցության համար, իսկ առավելագույնը 3.000.000 եվրոն` բյուջետային օժանդակության համար: Եվրոպական համայնքի ֆինանսական օժանդակությունը պետք է սահմանափակվի համաձայնագրում նշված գումարով:
Համաձայնագրով նախատեսված Ծրագրի նպատակն է աջակցել աղքատության նվազեցման ուղղությամբ կառավարության և հասարակության ընդհանուր ջանքերին` կայուն տնտեսական աճի և զարգացման միջոցով, պահպանել և խթանել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումները, հատկապես Եվրոպական հարևանության քաղաքականությանն անցնելու ընթացքում այդ ոլորտում պետական ծախսերի կառավարման բարելավումները, աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը բարելավելու համար գյուղատնտեսության ոլորտում պետական ծրագրերի և ծառայությունների մշակումը, կառավարումը, իրականացումն ու արդյունավետությունը, որոնք ուղղված են պարենային վտանգների նվազեցմանը, մասնավորապես, գյուղատնտեսության նախարարության իրավասությանը պատկանող անասնաբուժության և բուսասանիտարական քաղաքականության շրջանակում ռեսուրսների բաշխման և գործառնական արդյունավետության բարելավմանը:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, այդ թվում.
- ապահովել հավասար պայմաններով մասնակցություն աշխատանքների, մատակարարման կամ ծառայությունների պայմանագրերի մրցառքային հրավերին և առաջարկների ներկայացմանը Եվրոպական համայնքի անդամ պետությունների բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ինչպես նաև համագործակցության տվյալ ոլորտը կարգավորող հիմնական ակտերի հատուկ դրույթների համաձայն, շահառու երրորդ երկրների կամ այդ ակտերում հստակորեն նշված որևէ երրորդ երկրի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար,
- Եվրոպական համայնքի կողմից ֆինանսավորվող գնումների պայմանագրերի և դրամաշնորհների նկատմամբ կիրառել ամենանպաստավոր այն հարկային և մաքսային պայմանները, որոնք կիրառվում են շահառու պետության հետ հարաբերություններ ունեցող պետությունների կամ զարգացման միջազգային կազմակերպությունների նկատմամբ,
- համապատասխան միջոցներ ձեռնարկել խախտումները, խարդախությունը կանխելու և, Եվրոպական համայնքների Հանձնաժողովի պահանջով, սխալմամբ վճարված դրամական միջոցները դատական կարգով վերադարձնելու ուղղությամբ,
- անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պայմանագրերի կամ դրամաշնորհների տրամադրման ցանկացած փուլում կամ դրանց առնչվող պայմանագրերի իրականացման ընթացքում ակտիվ կամ պասիվ կոռուպցիայի ցանկացած փորձ վերացնելու համար,
- թույլատրել, որպեսզի Եվրոպական համայնքների Հանձնաժողովը, Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը և Աուդիտորների եվրոպական դատարանն իրականացնեն փաստաթղթային ստուգումներ և ստուգումներ տեղում` համաձայնագրի տևողության ողջ ընթացքում և վերջին վճարումից հետո` յոթ տարվա ընթացքում և այլն:
Ծրագիրը պետք է իրականացվի համաձայնագրին և դրա անբաժանելի մասը հանդիսացող հավելվածներին` Ընդհանուր պայմաններին (հավելված I) և Տեխնիկական և վարչական դրույթներին (հավելված II) համապատասխան:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2008 թվականի հունիսի 13-ին` Բրյուսելում և 2008 թվականի օգոստոսի 8-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև «Պարենային ապահովության ծրագիր» 2007/019-124 ֆինանսական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
28 նոյեմբերի 2008 թ. ՍԴՈ-781 |