Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.07.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.05/ Հատուկ թողարկում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.07.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-4291

Քաղաքացիական գործ թիվ 3-446(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան  

Դատավորներ՝ Տ. Սահակյան

                           Տ. Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

 

 

Ս. Սարգսյանի

 

 

 Դ. Ավետիսյանի 

 

 

 Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի հուլիսի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի «Կենտրոն» և «Արաբկիր» թաղային համայնքների ներկայացուցչի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Իրինա Շահումյանի ընդդեմ Երևանի Կենտրոն և Արաբկիր թաղային համայնքների` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Իրինա Շահումյանը պահանջել է բռնագանձել պատասխանողներից 5.180 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.01.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Արաբկիր թաղային համայնքները:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Իրինա Շահումյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ, 1243-րդ և 1244-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, մասնավորապես` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2006 թվականի թիվ 06-941, 06-2576/2006 թ. վճիռը, որով դատարանը հաստատված համարելով, որ «Կ.Քարամյանը չունի ժառանգներ, վերջինիս մահից հետո նրա գույքի նկատմամբ չի բացվել ոչ ըստ օրենքի և ոչ էլ ըստ կտակի ժառանգություն և վեճի առակա բնակարանը առանց որևէ հիմքի զբաղեցվել էր պատասխանող Պավել Մովսեսի Մովսիսյանի կողմից», վճռել է «Հանգուցյալ Կարինե Քարամյանին սեփականությամբ պատկանող` ք. Երևան, Պարոնյան փողոցի 28 շենքի 65 բնակարանը ճանաչել անժառանգ գույք և դրա նկատմամբ ճանաչել Կենտրոն թաղային համայնքի սեփականության իրավունքը»:

Թաղապետարանը ժառանգ չի կարող լինել, հետևաբար, չի կարող կրել այնպիսի պատասխանատվություն, որպիսին ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանվել է բացառապես ժառանգների համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.01.2008 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.11.2007 թվականի թիվ 2-473/2007 թ. վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված պատասխանում պատճառաբանվել է, որ թաղապետարանները հանդիսանում են ըստ օրենքի ժառանգներ համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 72-րդ գլխի կանոնների, այսինքն` տվյալ դեպքում տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժառանգության իրավունքի փոխանցում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կարինե Քարամյանին սեփականության իրավունքով պատկանել են Երևանի Պարոնյան փողոցի 28 շենքի թիվ 65 և Գրիբոյեդովի փողոցի 44 շենքի թիվ 28 բնակարանները:

2) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2006 թվականի վճռով հաստատված է համարվել, որ Կ.Քարամյանը չունի ժառանգներ, վերջինիս մահից հետո գույքի նկատմամբ չի բացվել ոչ ըստ օրենքի և ոչ էլ ըստ կտակի ժառանգություն, որի արդյունքում դատարանը Երևանի Պարոնյան փողոցի 28 շենքի թիվ 65 բնակարանը ճանաչել է անժառանգ գույք և դրա նկատմամբ ճանաչել Կենտրոն թաղային համայնքի սեփականությունը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում սույն օրենսգրքի 1216-1219 հոդվածներով սահմանված հերթականությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման oրվանից վեց ամսվա ընթացքում:

Նույն օրենսգրքի 1243-րդ հոդվածի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1224-րդ հոդվածի համաձայն` եթե չկան ոչ ըստ կտակի և ոչ էլ ըստ օրենքի ժառանգներ կամ դրանք հրաժարվել կամ մեկուսացվել են ժառանգությունից, ապա ժառանգվող գույքը ճանաչվում է անժառանգ: Անժառանգ գույքն անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը:

Վերոգրյալ հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը սահմանելով ժառանգների ցանկը, որոնք իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ընդունել ժառանգությունը, միաժամանակ նույն ժամկետը նախատեսել է ժառանգատուի պարտատերերի կողմից իրենց պահանջների ներկայացման համար: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ ժառանգներ չկան կամ նրանք հրաժարվել են ժառանգությունից, ժառանգության ընդունման կամ պարտատերերի կողմից իրենց պահանջների ներկայացման համար օրենքով նախատեսված ժամկետի լրացման փաստի ուժով ժառանգական գույքը ձեռք է բերում մի կարգավիճակ, որով փաստորեն համարվում է որևէ մեկի իրավունքով չծանրաբեռնված գույք` անժառանգ գույք:

Այսինքն համայնքը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1224-րդ հոդվածի ուժով ոչ թե ձեռք է բերում ժառանգի կարգավիճակ, այլ ժառանգների բացակայության, ինչպես նաև ժառանգատուի պարտատերերի կողմից օրենքով սահմանված ժամկետում որևէ պահանջ չներկայացնելու ուժով ձեռք է բերում սեփականության իրավունք ժառանգական զանգվածի նկատմամբ:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ հանգուցյալ Կարինե Քարամյանին սեփականության իրավունքով պատկանել են Երևանի Պարոնյան փողոցի 28 շենքի թիվ 65 և Գրիբոյեդովի փողոցի 44 շենքի թիվ 28 բնակարանները: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 05.12.2006 թվականի վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ Կարինե Քարամյանը ժառանգներ չունի և վերջինիս մահից հետո ժառանգական գույքի` Երևանի Պարոնյան փողոցի 28 շենքի թիվ 65 բնակարանի նկատմամբ սահմանված ժամկետում ժառանգություն չի բացվել: Նշվածի հիման վրա հանգուցյալ Կ.Քարամյանի գույքը համարվել է անժառանգ գույք և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1224-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, անցել է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ի.Շահումյանը օրենքով սահմանված կարգով և ժամկետում Կարինե Քարամյանի նկատմամբ ունեցած իր պահանջը չի ներկայացրել ժառանգության բացման վայրի նոտարին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարինե Քարամյանի ամբողջ գույքը ճանաչվել է անժառանգ գույք և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1224-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան, անցել է ժառանգության բացման վայրի թաղային համայնքների սեփականությանը:

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի խախտման մասին, քանի որ նշված հոդվածը վերաբերում է ժառանգների պատասխանատվությանը, մինչդեռ սույն դեպքում վերը նշված հիմնավորումներով արդեն իսկ հերքվել է թաղապետարանների` ժառանգ հանդիսանալու փաստը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված հիմնավորումները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2008 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.11.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան