Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-775
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.10.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.12/67(657) Հոդ.1157
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.10.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

28 հոկտեմբերի 2008 թ.

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ագրեսիայի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի գործողության կատարման դեպքում ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մեխանիզմի մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը՝ մուտքագրված 2008 թվականի սեպտեմբերի 9-ին:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ագրեսիայի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի գործողության կատարման դեպքում ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մեխանիզմի մասին արձանագրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է Դուշանբեում` 2007 թվականի հոկտեմբերի 6-ին:

Արձանագրությունը հանդիսանում է Հավաքական անվտանգության մասին 1992 թվականի մայիսի 15-ի պայմանագրի 4-րդ հոդվածում նախատեսված անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու կարևոր բաղադրամաս:

2. Արձանագրության նպատակն է ցանկացած Կողմի նկատմամբ ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի գործողության դեպքում անհրաժեշտ ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելը և այդ նպատակով արդյունավետ մեխանիզմ մշակելը` հստակեցնելով այդ օգնության ցուցաբերման կարգն ու պայմանները:

3. Արձանագրության համաձայն Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- կարճ ժամանակահատվածում ցանկացած Կողմին անհատույց կամ այլ արտոնյալ հիմունքներով տրամադրել ռազմատեխնիկական օգնություն այնպիսի իրավիճակի առաջացման դեպքում, որը Հավաքական անվտանգության խորհրդի կողմից կգնահատվի որպես նշված Կողմի դեմ ագրեսիայի ակտի իրականացման սպառնալիք, կամ, երբ մասնակից պետությունը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան կիրառում է անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իր իրավունքը, կամ, երբ մասնակից պետությունն ահաբեկչության ակտի կամ իր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն սպառնացող այլ վտանգի օբյեկտ է դարձել:

Արձանագրության մեջ նշված են ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու կարգն ու պայմանները:

Ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու ֆինանսատնտեսական և այլ պայմանները կսահմանվեն յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` ելնելով Կողմերի ունեցած հնարավորությունից:

4. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ագրեսիայի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի գործողության կատարման դեպքում ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մեխանիզմի մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

28 հոկտեմբերի 2008 թ.

ՍԴՈ-775

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան