Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-771
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.10.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.12/67(657) Հոդ.1153
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.10.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

28 հոկտեմբերի 2008 թ.

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 13.09.2008թ. ՀՀ ՍԴ մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 6-ին` Դուշանբե քաղաքում:

2008 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ համաձայնագիրն ստորագրել է 7 պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը (վերապահումով):

Համաձայնագիրը նպատակ ունի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում և սահմանակից շրջաններում ապահովելու հավաքական հիմունքով անվտանգություն և կայունություն:

2. Ըստ համաձայնագրի` դրա դրույթներն իրագործելու համար անհրաժեշտ է, մասնավորապես, ձեռնարկել հետևյալ գործողությունները.

- վեճերի կարգավորմանն ուղղված խաղաղ միջոցներ ու գործողություններ (ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան) ներառող միջոցառումների ամբողջություն, ինչպես նաև զինվորական, միլիցիայի (ոստիկանական) և քաղաքացիական անձնակազմի օգտագործմամբ անդամ պետությունների կողմից ձեռնարկվող հավաքական գործողություններ, որոնք ուղղված են պետությունների միջև կամ պետության սահմաններում երրորդ կողմի միջամտությամբ ռազմական գործողությունների կանխմանը, զսպմանը և դադարեցմանը,

- անկողմնակալ զինվորական, միլիցիայի (ոստիկանական) և քաղաքացիական անձնակազմի` նպատակներով, խնդիրներով, տեղով և ժամանակով փոխկապակցված գործողությունների ամբողջություն, որոնք ձեռնարկվում են հնարավոր կամ գոյություն ունեցող հակամարտությունների շրջաններում իրավիճակի կայունացման համար, իրականացվում են խաղաղապահ գործողություններ անցկացնելու մանդատին համապատասխան և ուղղված են հակամարտության կարգավորմանը նպաստող պայմանների ստեղծմանը և խաղաղության ու անվտանգության պահպանմանը կամ վերականգնմանը:

Անդամ պետությունները խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար մշտական հիմունքով ստեղծում են Խաղաղապահ ուժեր:

Խաղաղապահ ուժերի համալրման համար անդամ պետությունները, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, մշտական հիմունքով հատկացնում են խաղաղապահ համակազմեր:

2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

28 հոկտեմբերի 2008 թ.

ՍԴՈ-771