Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.07.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.05/66(656)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.07.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

քրեական վերաքննիչ դատարանի դատավճիռ

Քրեական գործ թիվ 520/07

 Քրեական գործ թիվ ՎԲ-48/08

Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան

             Դատավորներ՝ Կ. Ղազարյան

                                Մ. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

 

 

 Հ. Ղուկասյանի

 

   

Ս. Օհանյանի

   

Վ. Աբելյանի

Ս. Սարգսյանի

 
քարտուղար

Ք. Մարտիրոսյանի

մասնակցությամբ
դատախազներ 

Լ. Ղազարյանի

Հ. Այվազյանի

 

2008 թվականի հուլիսի 25-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ զինվորական դատախազի վճռաբեկ բողոքը Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասով և Ռաֆիկ Արայիկի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-րդ հոդվածի 5-րդ, 104-րդ հոդվածի 1-ին մասերով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 3-ի դատավճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

1. Աղվան Հարությունի Հարությունյանի մահվան փաստի առթիվ 2006 թվականի ապրիլի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության մարմնի 2006 թվականի մայիսի 19-ի որոշմամբ Ռաֆիկ Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, և 2006 թվականի մայիսի 20-ի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նախաքննության մարմնի 2006 թվականի մայիսի 20-ի որոշմամբ Ալիկ Մաթևոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:           

2006 թվականի հոկտեմբերի 16-ին Ռ.Հարությունյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով:

2006 թվականի հոկտեմբերի 16-ին Ա.Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով:

2006 թվականի նոյեմբերի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան:

2. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի օգոստոսի 29-ի դատավճռով Ալիկ Մաթևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ա.Մաթևոսյանը վերջնականապես դատապարտվել է ազատազրկման 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Ռաֆիկ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-րդ հոդվածի 5-րդ, 104-րդ հոդվածի 1-ին մասերով: ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ, 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ռ.Հարությունյանը վերջնականապես դատապարտվել է ազատազրկման 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Համլետ Ազիզյանը, որը վերաքննիչ բողոք չի բերել:

Ամբաստանյալների, պաշտպանի, մեղադրողների և տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքների հիման վրա քննելով գործը՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2007 թվականի դեկտեմբերի 3-ի դատավճռով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի օգոստոսի 29-ի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքները՝ առանց բավարարման:

3. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 3-ի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ զինվորական դատախազը:

Վճռաբեկ դատարանը 2008 թվականի մայիսի 29-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

4. 2008 թվականի հունիսի 12-ին տուժողի իրավահաջորդ Հարություն Հարությունյանից ստացվել է վճռաբեկ բողոքի պատասխան, որով նա խնդրել է դատավճիռը բեկանել, գործը քննել լրիվ ծավալով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր որդու սպանությունը կատարել են ոչ միայն 2 դատապարտյալները, այլ նաև սպայական կազմի ներկայացուցիչները:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

 

5. Նախաքննության մարմնի կողմից ամբաստանյալներ Ալիկ Մաթևոսյանին և Ռաֆիկ Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար.

Ալիկ Մաթևոսյանը ծառայել է ՀՀ ՊՆ թիվ 83117 զորամասի «Կրուգ-2» հենակետում որպես ավագ օպերատոր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը՝ ռադիոլոկացիոն հանգույցում որպես վարորդ-էլեկտրամեխանիկ: Կոչումով նրանք եղել են շարքային:

2006 թվականի մարտ ամսին Ալիկ Մաթևոսյանը ռադիոլոկացիոն հանգույցի ժամկետային շարքային զինծառայող Աղվան Հարությունի Հարությունյանից ուզել է վերջինիս աուդիոձայնարկիչը՝ խոստանալով այն վերադարձնել սարքին վիճակում, և ի հավաստումն խոստումի՝ ինքն իր հասցեին տվել է հայհոյանք: Երկու-երեք օր անց Ալիկ Մաթևոսյանն Աղվան Հարությունյանին վերադարձրել է աուդիոձայնարկիչը խոտանված վիճակում, որի հետևանքով հանգույցի բուժկետում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ալիկ Մաթևոսյանը նույն հանգույցի ժամկետային զինծառայող Ռաֆիկ Հարությունյանի հետ միասին, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, ծեծել են Աղվան Հարությունյանին:

6. 2006 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 15-ի սահմաններում, անձնակազմի հրահանգավորման նպատակով հանգույց եկած ավտոծառայության պետ մայոր Սերգեյ Աբրահամյանը դիտողություն է արել չսափրված և համազգեստի խախտումով ներկայացած Ա.Հարությունյանին և դժգոհ մնալով նրա պահվածքից՝ հայհոյել է վերջինիս: Ա.Հարությունյանը նույնպես հայհոյել է մայոր Ս.Աբրահամյանին և կայանի ուղղությամբ դիմել է փախուստի: Քիչ անց Ա.Հարությունյանը վերադարձել է և Ս.Աբրահամյանի հրամանով շարված հանգույցի անձնակազմի առջև ներողություն խնդրել նրանից: Ժամը 16-ի սահմաններում Ա.Մաթևոսյանը ռադիոլոկացիոն հանգույցի ավագների սենյակում բացատրություն է պահանջել Ա.Հարությունյանից, թե ինչու է նա ներողություն խնդրել իրեն մայր հայհոյած մայոր Ս.Աբրահամյանից, այնուհետև նրան դիտողություն է արել իր հետ խոսելիս «արա» բառը գործածելու համար:

7. Այնուհետև իր անձի կարծեցյալ գերազանցությունը հաստատելու և համածառայողների շրջանում չհեղինակազրկվելու նպատակով Ալիկ Մաթևոսյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, ժամը 22-ին Ռաֆիկ Հարությունյանին կանչել է «Կրուգ-2» հենակետի և ռադիոլոկացիոն հանգույցի միջև ընկած «Խաչ» կոչվող վայրը, որտեղ նրան հայտնել է, որ ինքը Աղվան Հարությունյանին կախելու է կամ վերջինս պետք է ինքնուրույն կախվի: Ալիկ Մաթևոսյանը Ռաֆիկ Հարությունյանին հարցրել է, թե որտեղից կարող են հայթայթել համապատասխան պարան և աթոռ, ինչին Ռաֆիկ Հարությունյանը պատասխանել է, որ դրանց տեղը գիտի: Միասին գնացել են ռադիլոկացիոն հանգույցի հենակետ, ՊՌՎ-18 մակնիշի կապի հատուկ ավտոմեքենայից վերցրել են կանաչ գույնի նստատեղով առանց հենակի աթոռ, իսկ ԱԴ-10 տեսակի դիզելային գեներատորի միջից՝ պարան և սպիտակ մեկուսիչով պատված մալուխ:

Այնուհետև, անտառի խորքում գտնվող հաստաբուն ծառի մոտ Ալիկ Մաթևոսյանը Ռաֆիկ Հարությունյանին է տվել լուսարձակով կրակայրիչը, բարձրացել է ծառի վրա, կանգնել գետնից 2,75 մետր բարձրության վրա գտնվող ճյուղին և դրան կապել պարանը, ինչը Ռաֆիկ Հարությունյանը կրակայրիչի միջոցով լուսավորել է:

Ճյուղին կապելով պարանը՝ Ալիկ Մաթևոսյանն իջել է ծառից, աթոռը դրել է պարանի տակ, բարձրացել դրա վրա, պարանի վրա կապելու միջոցով օղակ է արել, այն հարմարեցրել պարանոցին գցելու համար, որից հետո Ռաֆիկ Հարությունյանին ուղարկել է հանգույցի տարածք՝ Աղվան Հարությունյանին կանչելու համար:

8. Ռաֆիկ Հարությունյանը գնացել է հանգույց և ճաշարանից դեպի զորանոց տանող ճանապարհին հանդիպելով Աղվան Հարությունյանին՝ վերջինիս ասել է, որ Ալիկ Մաթևոսյանն իրեն կանչում է: Երկուսով գնացել են ծառի մոտ, որտեղ նրանց է սպասել Ալիկ Մաթևոսյանը: Տեսնելով Աղվան Հարությունյանին՝ Ալիկ Մաթևոսյանն ինքն իր հասցեին հայհոյանք է տվել և ասել է, որ կամ ինքն է Աղվանին կախելու, կամ էլ նա ինքը պետք է կախվի:

Չթողնելով, որ Աղվան Հարությունյանը պատասխանի, Ալիկ Մաթևոսյանը շարունակել է նվաստացնել վերջինիս պատիվն ու արժանապատվությունը, շահարկելով մայոր Ս.Աբրահամյանի կողմից Աղվան Հարությունյանին մայր հայհոյելու հանգամանքը: Ալիկ Մաթևոսյանը փորձել է բռնել Աղվան Հարությունյանի ձեռքից՝ աթոռին բարձրացնելու նպատակով, սակայն վերջինս գտնվելով ընկճված և ճնշված վիճակում, հետ է հրել Ալիկ Մաթևոսյանի ձեռքը և հայհոյանք տալով ասել, որ ինքը թույլ չի տա իրեն կախել, այլ ինքնուրույն կկախվի: Այնուհետև բարձրացել է աթոռին, պարանի օղն անցկացրել է պարանոցին և իջեցրել ձեռքերը:

9. Ալիկ Մաթևոսյանն անմիջապես բռնել է նրա ձեռքերը, տարել մեջքի հետևը, Ռաֆիկ Հարությունյանին առաջարկել է կապել դրանք մալուխով, սակայն վերջինս հրաժարվել է այդ անել՝ պատճառաբանելով, որ իր մատնահետքերը կմնան մալուխի վրա:

Աղվան Հարությունյանին ինքն իրեն օգնելու հնարավորությունից զրկելու նպատակով Ալիկ Մաթևոսյանը նախապես բերված և կտրված մալուխով դաստակների շրջանում կապել է նրա ձեռքերը:

Տեսնելով, որ Ալիկ Մաթևոսյանը բռնել է աթոռի հենակի երկաթյա ձողերից, Ռաֆիկ Հարությունյանը շրջվել է և մի քանի մետր քայլել հանգույցի ուղղությամբ, որի ընթացքում Ալիկ Մաթևոսյանն իր անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, չնչին առիթով Աղվան Հարությունյանին սպանելու դիտավորությամբ վերջինիս ոտքերի տակից հրել է աթոռը և Աղվան Հարությունյանին ապօրինաբար զրկել կյանքից:

10. Ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարաններն Ալիկ Մաթևոսյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետից նույն հոդվածի 1-ին մասով վերաորակելիս գտել են, որ ամբաստանյալի և տուժողի միջև ձևավորված կայուն անձնական անբարյացակամ հարաբերությունները վերջնական արդյունքում դարձել են սպանության շարժառիթ, ուստի հիմքեր չկան արարքը խուլիգանական դրդումներով որակելու համար: Դատավճռում նշվել է. «Ամբաստանյալի կողմից սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքն առկա լինելով նրա մոտ անձնական անբարյացակամ փոխհարաբերությունների հետ միասին վկայում են նրա մոտ վրեժխնդիր լինելու մասին որպես հատուցում տուժողի գործողությունների»:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոք բերած անձը գտնում է, որ վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հիմք են հանդիսանում վերաքննիչ դատարանի դատավճիռը բեկանելու համար, մասնավորապես, դատարանների հետևությունները հիմնված չեն գործի հանգամամքների օբյեկտիվ և բազմակողմանի գնահատման վրա, որոնց վերլուծությունից բխում է, որ խուլիգանական դրդումներով կատարված սպանության հիմքում ընկած է դատապարտյալների եսամոլությունը, որը սերված է եղել հասարակական շահերն անտեսելուց, օրենքների և բարոյական նորմերի պահանջներն արհամարհելուց: Նրանք իրենց հակասոցիալական պահանջմունքները բավարարելու կապակցությամբ առաջացած խոչընդոտները վերացնելու հարցում ներքին բավականության զգացումով, իրենց սեփական անձի «առավելությունները» ընդգծելու մոլուցքով տարված, դիմել են ծայրահեղ միջոց սպանության՝ կախաղանի միջոցով: Դատապարտյալների նախաձեռնությամբ հրահրված վիճաբանությունը վեր է ածվել խուլիգանական դրդումներով կատարված սպանության, որով նրանք վրեժխնդիր են եղել չնչին առիթով արված արդարացի դիտողության համար:

12. Գործի նյութերով հիմնավորվել է, որ Ալիկ Մաթևոսյանը և Ռաֆիկ Հարությունյանը զորամասում եղել են հեղինակություն, մյուս զինծառայողների համեմատ գտնվել են արտոնյալ կարգավիճակում, իրենց վարքագծով և պահվածքով իշխել են մյուս զինծառայողների նկատմամբ: Զինվորների միջև առաջացած բոլոր վեճերը, վիճելի հարցերի պարզաբանումը կատարվել է նրանց միջոցով: Զինծառայողները նրանց են դիմել իրենց հուզող բոլոր հարցերով և խնդիրներով, նրանք ազատ տեղաշարժվել են զորամասի տարածքով: Ալիկը հաճախ առանց թույլտվության գնացել է ռադիոլոկացիոն հանգույց, իսկ Ռաֆիկը՝ «Կրուգ 2» հենակետ, քնել են ընդհանուր զորանոցից առանձնացված սպաների հանգստյան սենյակում:

13. Բացի այդ, դատարանները հաշվի չեն առել, որ Ա.Հարությունյանին սպանելու դիտավորությունն իրականացվել է դատապարտյալների փոխադարձ համաձայնությամբ, որի ընթացքում նրանք գործել են համատեղ՝ սպանություն կատարելու միասնական դիտավորությամբ: Միավորելով իրենց ջանքերը՝ նրանք ձգտել են միասնական արդյունքի և յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել ընդհանուր գործում: Հանցագործության նպատակը երկուսի համար էլ եղել է միասնական, ինչի համար նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար:

Իսկ եթե առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները գտել են, որ Ռաֆիկ Հարությունյանն իր գործողություններով միայն օժանդակել է Ալիկ Մաթևոսյանին, ապա արդյոք նա չի օժանդակել խուլիգանական դրդումներով կատարված սպանությանը: Նույնիսկ այն դեպքում, երբ օժանդակողը հանցագործությունը կատարելու ժամանակ աջակցություն է ցույց տալիս հանցագործության օբյեկտիվ կողմի կատարմանը, ապա արարքը վերաճում է համակատարման:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ բողոք բերած անձը գտել է, որ թե՜ առաջին ատյանի, և թե՜ վերաքննիչ դատարանները Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի կատարած արարքների քրեաիրավական որակման հարցում հանգել են սխալ եզրակացության: Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի արարքը նախաքննության մարմնի կողմից ճիշտ է որակվել, և նրանք ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար:

14. Ելնելով վերոգրյալից՝ բողոք բերող անձը պահանջել է բեկանել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 3-ի դատավճիռն ըստ մեղադրանքի Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի և Ռաֆիկ Արայիկի Հարությունյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ, 104-րդ հոդվածի 1-ին մասերով, 104-րդ հոդվածի 1-ին մասով և քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով դատապարտելու համար:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

15. Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը՝ Վճռաբեկ դատարանը գտավ, որ Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասով և Ռաֆիկ Արայիկի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-րդ հոդվածի 5-րդ, 104-րդ հոդվածի 1-ին մասերով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 3-ի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 38-րդ հոդվածի 5-րդ, 104-րդ հոդվածի 1-ին մասերով պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության հետևյալ պատճառաբանությամբ.

 

 Ա) ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի կիրառումը.

 

16. Սպանության գործերով կարևոր նշանակություն ունեն տուժողին կյանքից զրկելու շարժառիթներն ու նպատակը: Այդպիսի յուրաքանչյուր գործով պետք է պարզել մեկ ուրիշին մահ պատճառելու շարժառիթները, նպատակը և եղանակը, ինչպես նաև հետազոտել արարքին ճիշտ իրավական գնահատական տալու և հանցավորի նկատմամբ արդարացի պատիժ սահմանելու համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները:

Այն դեպքերում, երբ հանցագործության շարժառիթն ընդգրկված է քրեական օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի դիսպոզիցիայում որպես տվյալ հանցակազմի պարտադիր հատկանիշ, դրա բացահայտումը խիստ կարևոր նշանակություն ունի արարքի ճիշտ քրեաիրավական գնահատականի համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծանրացնող հանգամանքներում՝ խուլիգանական դրդումներով սպանության համար:

17. Խուլիգանական դրդումներով սպանությունը կատարվում է հասարակության և բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի հողի վրա, երբ հանցավորի վարքագիծը բացահայտ մարտահրավեր է հասարակական կարգին և պայմանավորված է իրեն շրջապատին հակադրելու, նրա նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցադրելու ցանկությամբ:

Իրենց բովանդակությամբ խուլիգանական դրդումները ներկայացնում են բարդ շարժառիթ, որի մեջ միահյուսվում են անսահման եսամալությունը, խեղաթյուրված պատկերացումներն անձնական ազատությունների սահմանների մասին, բիրտ ուժի պաշտամունքը, իր անձի «առավելությունները» ընդգծելու մոլուցքը, «ինքնահաստատման» պահանջը, սանձարձակությունը, անպարկեշտ վարքագիծը, ցինիզմը, դաժանությունը, հանդգնությունը, ակնհայտ աննշան վիրավորանքի, չնչին առիթով ճիշտ արված դիտողության համար վրեժ լուծելը և այլն: Նշված շարժառիթների ամբողջությունը բնորոշ է յուրաքանչյուր խուլիգանության, սակայն խուլիգանական դրդումներով սպանություն կատարելիս դրանց միանում է նաև մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքն ընդհանրապես՝ անկախ տուժողի անձից:

Խուլիգանական դրդումներով սպանություն կատարելիս հանցավորը գործում է ոչ այնքան տուժողի հետ ունեցած անձնական փոխհարաբերություններից ելնելով, որքան հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ձգտումից:

Սպանության այս տեսակին բնորոշ են ոչ թե անձնական, այլ խուլիգանական շարժառիթները, այսինքն՝ դրդումներ, մղումներ, որոնք ցույց են տալիս բացահայտ անհարգալից վերաբերմունք համակեցության կանոնների և բարոյականության տարրական նորմերի նկատմամբ:

Փաստորեն խուլիգանական դրդումներով սպանությանը հատուկ է բազմաթիվ, այդ թվում նաև մրցակցային շարժառիթների առկայությունը, որի պայմաններում կարևոր է այն հիմնական, առաջատար, գլխավոր շարժառիթը, որով ղեկավարվել է հանցավորը սպանություն կատարելիս:

Բոլոր դեպքերում, երբ սպանության հիմնական շարժառիթը խուլիգանական է, հանցավորի արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:

18. Խուլիգանական դրդումներով կատարվող սպանություններում որոշակի դեր ունի նաև վրեժի զգացումը, որը կարող է առաջանալ ինչպես տուժողի օրինական, այնպես էլ անօրինական գործողությունների հետևանքով: Վրեժ լուծելով՝ հանցավորը ցանկանում է բավարարում ստանալ տուժողի գործողությունների արդյունքում ձևավորված վիրավորանքի դիմաց: Այն դեպքերում, երբ սպանությունը տեղի է ունենում որպես աննշան առիթին տրված պատասխան գործողություն, դրանով արտահայտվում է և՜ հանցավորի անհարգալից, արհամարհական վերաբերմունքը հասարակության, և՜ վրեժի զգացումը տուժողի նկատմամբ: Այստեղ նույնպես անհրաժեշտ է հարցը լուծել առաջատար, գլխավոր, գերակայող շարժառիթը բացահայտելու միջոցով: Եթե հանցավորի գործողությունները պարունակում են հասարակական կարգի կոպիտ խախտման, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են` հասարակության և բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերին նետված բացահայտ մարտահրավերը, իրեն շրջապատին և հասարակությանը հակադրելու և հակազդելու ցանկությունը, իր անձի «առավելությունները» ընդգծելու մոլուցքը, «ինքնահաստատման» պահանջը, եսամոլությունը, սանձարձակությունը, կատաղի, անպարկեշտ վարքագիծը, ցինիզմը, դաժանությունը, աննշան վիրավորանքի, չնչին առիթով ճիշտ արված դիտողության համար վրեժ լուծելը և այլն, ապա նրա արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ որպես խուլիգանական դրդումներով կատարված սպանություն:

19. Խուլիգանական դրդումներով սպանությունն անհրաժեշտ է տարբերել նաև վեճի կամ կռվի ժամանակ կատարվող սպանություններից: Դրա համար անհրաժեշտ է պարզել, թե ինչն է վեճի ու կռվի առիթ և պատճառ հանդիսացել, ով է եղել դրանց հրահրողը, ինչ է իրենից ներկայացնում հանցավորի և տուժողի անձը, ինչպիսին են եղել նրանց փոխհարաբերությունները, գործողությունների բնույթը, ով է նրանցից ակտիվ կողմը, որոնք են վեճի ու կռվի ընթացքում կատարված սպանության շարժառիթները:

Որոշ դեպքերում վեճն ու կռիվը սպանության կատարման հանգամանքներ են, մինչդեռ դրանց շարժառիթները կարող են բոլորովին տարբեր լինել: Վեճը կամ կռիվը խուլիգանական վարքագծի փուլերից մեկն է, իսկ սպանությունը՝ դրա ավարտը: Բոլոր դեպքերում շարժառիթը բացահայտելու համար կարևոր նշանակություն ունի հանցավորի գործողությունների բազմակողմանի վերլուծությունը ինչպես սպանություն կատարելու պահին, այնպես էլ մինչև սպանությունը և դրանից հետո: Այստեղ ևս մրցակցող շարժառիթների դեպքում անհրաժեշտ է պարզել սպանության հիմնական շարժառիթը, որով էլ պայմանավորված՝ արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով կամ նույն հոդվածի 1-ին մասով:

Նշված հարցերի հետ կապված Վճռաբեկ դատարանն իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նաև Կարեն Մարկոսյանի վերաբերյալ գործով (2008 թվականի փետրվար):

20. Արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով որակելու համար սպանության կատարման տեղը (վայրը) նշանակություն չունի: Այդպիսի սպանությունը կարող է կատարվել ոչ միայն հասարակական վայրում, պարտադիր չէ նաև մարդկանց ներկայությունը:

21. Խուլիգանական դրդումներով սպանությունը հաճախ կատարվում է առանց տեսանելի առիթի կամ աննշան առիթն օգտագործվում է որպես պատրվակ սպանություն կատարելու համար: Որպես հանցագործության արտաքին պատճառ՝ առիթը սերտորեն կապված է հանցավորի ներքին դրդումների հետ: Ուստի հանցագործությունների անմիջական առիթների հետազոտումն ու վերլուծությունը հնարավորություն են տալիս լավ հասկանալու կոնկրետ արարքի պատճառները, բացահայտելու դրա բուն շարժառիթները: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում աննշան առիթի առկայության հարցն անհրաժեշտ է լուծել՝ ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից:

22. Գործի նյութերով հիմնավորվել է, որ Ալիկ Մաթևոսյանը և Ռաֆիկ Հարությունյանը զորամասում հեղինակություն են եղել, մյուս զինծառայողների համեմատ գտնվել են արտոնյալ վիճակում, իրենց վարքագծով և պահվածքով իշխել են նրանց վրա: Զինվորների միջև առաջացած բոլոր վեճերը լուծվել, իսկ վիճելի հարցերը պարզաբանվել են Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի միջոցով, իրենց հուզող հարցերով և խնդիրներով զինծառայողները դիմել են նրանց: Ա.Մաթևոսյանն ու Ռ.Հարությունյանն ազատ տեղաշարժվել են զորամասի տարածքով: Ալիկը հաճախ առանց թույլտվության գնացել է ռադիոլոկացիոն հանգույց, իսկ Ռաֆիկը՝ «Կրուգ 2» հենակետ, քնել են ընդհանուր զորանոցից առանձնացված սպաների հանգստյան սենյակում: Նույնիսկ սպաները չեն փորձել հակադրվել նրանց:

Դեպքի օրը՝ 2006 թվականի ապրիլի 28-ին, Ա.Մաթևոսյանն ու Ռ.Հարությունյանը սպաների հանգստյան սենյակում, սպաների ներկայությամբ քննության առարկա են դարձրել զորամասի ճաշարանում շարքային Խաչատուր Բաբայանի և ռադիոլոկացիոն կայանի պետ, կոչումով ավագ Համլետ Ազիզյանի միջև տեղի ունեցած վիճաբանության հարցը, որի ընթացքում Ալիկ Մաթևոսյանի ներկայությունից և աջակցությունից ոգևորված շարքային Խ.Բաբայանը բռունցքով հարվածել է ավագ Հ.Ազիզյանին: Դրանից անմիջապես հետո վերջինիս Ալիկ Մաթևոսյանը հանձնարարել է իր մոտ կանչել Աղվան Հարությունյանին, որից բացատրություն է պահանջել մայոր Ս.Աբրահամյանից ներողություն խնդրելու համար և այդ ընթացքում դիտողություն է արել հաճախակի «արա» բառը գործածող Ա.Հարությունյանին՝ զգուշացնելով նրան իր հետ խոսելիս «արա» բառով չդիմել: Նույն օրը երեկոյան, որոշելով, որ կամ ինքն է կախելու Աղվան Հարությունյանին կամ Աղվանն ինքն է կախվելու, Ալիկ Մաթևոսյանը Ռաֆիկ Հարությունյանի օգնությամբ կախաղան է պատրաստել և կախել նրան՝ ապօրինաբար դիտավորությամբ զրկելով կյանքից:

23. Ամբաստանյալ Ալիկ Մաթևոսյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասից նույն հոդվածի 1-ին մասով վերաորակելիս դատարանները նշել են. «քանի որ դեպքից շուրջ մեկ ամիս առաջ ամբաստանյալների կողմից տուժողին ծեծի ենթարկելը, դրանից հետո նրանց անձնական փոխհարաբերությունների լարվածությունը, դեպքի օրը տեղի ունեցած միջադեպը, երբ Ս.Աբրահամյանի հետ կապված տեղի ունեցած դեպքի կապակցությամբ նրանց միջև վերհիշվել է նախկին լարված հարաբերությունները, դեպքին անմիջապես նախորդող պահին նրա արած հայտարարությունը տուժողին կախելու մասին, վկայում են նրանց միջև ձևավորված կայուն անձնական անբարյացակամ հարաբերությունների մասին, որը վերջնական արդյունքում էլ դարձել է սպանության շարժառիթը, հետևաբար, սպանության կատարումը խուլիգանական դրդումներով որակելու հիմքեր չկան: Ամբաստանյալի կողմից սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքը առկա լինելով նրա մոտ անձնական անբարյացակամ փոխհարաբերությունների հետ միասին վկայում են նրա մոտ վրեժխնդիր լինելու մասին որպես հատուցում տուժողի գործողությունների»:

Փաստորեն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները հանգել են հետևության, որ սպանությունը կատարվել է անձնական հարաբերություններից ծագած վրեժի հողի վրա:

24. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները ճիշտ չեն գնահատել Ալիկ Մաթևոսյանի գործողությունների շարժառիթները և հանգել են սխալ հետևության, թե սպանությունը կատարվել է վրեժի հողի վրա:

Ինչպես նշվել է սույն որոշման 18-րդ կետում, վրեժը պատճառված վնասի, բարոյական կամ ֆիզիկական վիրավորանքների դիմաց իբրև հատուցում կատարվող գիտակցական գործողություն է, որը կարող է առաջանալ մարդկանց ամենատարբեր արարքներից: Վրեժ լուծելով՝ հանցավորը ցանկանում է բավարարում ստանալ տուժողի գործողության արդյունքում ձևավորված վիրավորանքի դիմաց:

Նախաքննությամբ և դատաքննությամբ հիմնավորվել է, որ աուդիոձայնարկիչի շուրջ եղած վիճաբանության ընթացքում Ալիկ Մաթևոսյանն ու Ռաֆիկ Հարությունյանն են ծեծել Աղվան Հարությունյանին, Ալիկն է Աղվանից բացատրություն պահանջել նրան մայր հայհոյած մայոր Ս.Աբրահամյանից ներողություն խնդրելու համար:

Այս պայմաններում, ընդունելով Ալիկ Մաթևոսյանի մոտ այնպիսի խուլիգանական շարժառիթի առկայությունը, ինչպիսին սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքն է, դատարանները դատավճռում չեն նշել, թե Աղվան Հարությունյանի որ գործողությունների արդյունքում ձևավորված վիրավորանքի դիմաց է ամբաստանյալը, վրեժ լուծելով, ցանկացել բավարարում ստանալ:

Ինչ վերաբերում է այն բանին, որ Ալիկ Մաթևոսյանի հետ խոսելու ընթացքում Աղվան Հարությունյանը հաճախ է գործածել Ալիկին ոչ հաճելի «արա» բառը, որի համար վերջինիս դիտողությանն է արժանացել, ապա քննության չի առնվել և չի գնահատվել այդ աննշան առիթը սպանության համար պատրվակ օգտագործելը որպես խուլիգանական դրդում դիտելու հանգամանքը:

Բացի այդ, նույնիսկ այն դեպքում, երբ նշելով Ալիկ Մաթևոսյանի կողմից իր սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքի՝ խուլիգանական շարժառիթի առկայության մասին, դատարանը Աղվան Հարությունյանի սպանությունը դիտել է վրեժի հողի վրա կատարված, այնուամենայնիվ չի հիմնավորել, թե ինչու այս երկու մրցակցող շարժառիթների պայմաններում առաջատար, գլխավոր շարժառիթ է համարել վրեժխնդրությունը, այլ ոչ թե խուլիգանական դրդումը:

25. Դատարաններն անտեսել են նաև այն հանգամանքը, որ Ալիկ Մաթևոսյանն է տնօրինել Աղվան Հարությունյանի կյանքը, որոշել նրա ապրել-չապրելու հարցը, գտել է, որ նա անպայման պետք է զրկվի կյանքից, այն էլ՝ կախվելու միջոցով, ինքն է Ռաֆիկի օգնությամբ իր ձեռքով պատրաստել կախաղան, այնտեղ է կանչել Աղվանին և իր հասցեին հայհոյանք տալով, նրան հայտնել, որ կամ ինքն է կախելու Աղվանին կամ էլ նա ինքը պետք է կախվի: Այնուհետև, շարունակելով նվաստացնել կախաղանը տեսած, վախեցած, ընկճված և ճնշված վիճակում գտնվող Աղվան Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը, շահարկելով մայոր Ս.Աբրահամյանի կողմից Աղվանին մայր հայհոյելու հանգամանքը, Ալիկ Մաթևոսյանը նրա ձեռքերը տարել է մեջքի հետևը, մալուխով կապել և կախել է տուժողին:

Վերը նշված հանգամանքները դատարանները հետազոտել են միակողմանի, որի հետևանքով քննության առարկա չի դարձել այն հարցը, թե արդյոք Ալիկ Մաթևոսյանի գործողություններն իրենցից չեն ներկայացնում հասարակության և բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերին նետված մարտահրավեր, իրեն շրջապատին և հասարակությանը հակադրելու և հակազդելու ցանկություն, իր անձի «առավելությունները» ընդգծելու մոլուցք, «ինքնահաստատման» պահանջ, ցինիզմ, դաժանություն, աննշան առիթը սպանության պատրվակ օգտագործել: Արդյունքում Ալիկ Մաթևոսյանի արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որով էլ նա դատապարտվել է:

26. Փաստորեն, խախտելով ապացույցների գնահատումն ամրագրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջները, դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել Ալիկ Մաթևոսյանի արարքի ճիշտ որակման համար էական նշանակություն ունեցող վերը նշված հանգամանքները: Դատապարտյալ Ալիկ Մաթևոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու մասին դատարանների հետևություները չեն բխում գործի փաստական տվյալներից և չեն կարող ճանաչվել հիմնավորված ու պատճառաբանված:

Սույն գործի քննության ընթացքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 127-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը քրեադատավարական օրենքի էական խախտում է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ և 398-րդ հոդվածներ), հանգեցրել է արարքի չհիմնավորված վերաորակման, ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և դատավճիռը բեկանելու հիմք է:

Նոր դատական քննությամբ անհրաժեշտ է վերը շարադրված հարցերի շուրջ կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջներից ելնելով՝ պատշաճ գնահատման ենթարկել գործում եղած ապացույցները և հանգել համապատասխան հետևության:

 

Բ) ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 38-րդ հոդվածի 5-րդ, 104-րդ հոդվածի 1-ին մասերի կիրառումը.

 

27. Նախաքննության մարմինն Ալիկ Մաթևոսյանին և Ռաֆիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից սպանության համար:

Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները գտել են, որ Ռ.Հարությունյանը սպանության համակատարող չէ, այլ օժանդակել է Աղվան Հարությունյանի սպանությանը, ուստի Ալիկ Մաթևոսյանի արարքը որակվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ռաֆիկ Հարությունյանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ, 104-րդ հոդվածի 1-ին մասով:

28. ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն՝ հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ հանցակցությանը բնորոշ են 3 հատկանիշ.

1. հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից

2. գործողությունների համատեղությունը

3. հանցակցության դիտավորյալ բնույթը:

Հանցակցության առաջին օբյեկտիվ հատկանիշը՝ հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից, արտահայտվում է այն բանում, որ հանցագործությունը պետք է կատարեն հանցագործության սուբյեկտ հանդիսացող երկու կամ մի քանի անձ: Հանցակիցներ կարող են լինել քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի հասած մեղսունակ ֆիզիկական անձինք: Հանցակցության համար անհրաժեշտ է հանցագործության սուբյեկտի բոլոր հատկանիշներով օժտված ոչ պակաս երկու անձի առկայությունը:

Հանցակցության մյուս օբյեկտիվ հատկանիշը՝ հանցակիցների գործունեության համատեղությունը, նշանակում է, որ հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրի գործողությունները փոխադարձ լրացնում են միմյանց և ուղղված են կոնկրետ հանցանքի կատարմանը: Հանցակիցները, միացնելով իրենց համատեղ ջանքերը, ձգտում են միասնական արդյունքի, և դրա համար յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում ընդհանուր գործում:

Հանցակցության վերջին հատկանիշը գործունեության դիտավորյալ բնույթն է: ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածը, որը տալիս է հանցակցության հասկացությունը, կոնկրետ մատնանշում է անձանց դիտավորյալ մասնակցությունը դիտավորյալ հանցագործության կատարմանը: Հանցակցության նման բնորոշումը հստակ ընդգծում է, որ անձինք գործում են միայն դիտավորյալ մեղքով և միայն դիտավորյալ հանցագործություններում:

29. ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝ կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ: Եթե կատարողները երկու կամ ավելի անձինք են, ապա այդպիսի հանցակցությունը կոչվում է համակատարում, որի դեպքում հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է կատարի հանցագործության օբյեկտիվ կողմը: Համակատարում նշանակում է, որ երկու կամ ավելի անձինք անմիջականորեն կատարում են հանցագործության օբյեկտիվ կողմը:

Համակատարում չէ հանցագործությանը այնպիսի մասնակցությունը, երբ անձանցից մեկը տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը հանդիսացող ոչ մի գործողություն չի կատարել, այլ միայն օժանդակել է հանցագործությանը:

30. ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները: Ընդ որում, սուբյեկտիվ կողմից օժանդակությունը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ. հանցավորը գիտակցում է, որ ինքը մասնակցում է կատարողի կողմից իրականացվող հանցագործությանը և ցանկանում է մասնակցել:

Օժանդակողը կատարողից տարբերվում է այն բանով, որ նա հանցագործության օբյեկտիվ կողմն անմիջականորեն չի կատարում, այլ կամ հանցագործությունը նախապատրաստելու պրոցեսում, կամ դրա ավարտման փուլում կատարողին օգնություն է ցույց տալիս հանցագործության ավարտման ռեալ (իրական) հնարավորություններ ստեղծելու միջոցով:

Օժանդակողը հանցագործության անմիջական կատարմանը չի մասնակցում, այլ տրամադրելով հանցագործության կատարման համար անհրաժեշտ միջոցներ կամ գործիքներ, վերացնելով խոչընդոտները և այլն, օգնում է կատարողին իրականացնել հանցակիցների դիտավորությունը:

31. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը քրեական պատասխանատվություն է նախատեսել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես չեն պայմանավորվել հանցանքը համատեղ կատարելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես՝ մինչև հանցագործությունն սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին:

Փաստորեն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն համարելով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետն ըստ էության տարբերություն չի դնում, թե խումբը սպանությունը կատարել է նախնական համաձայնությամբ, թե առանց նախնական համաձայնության:

Այս երկու դեպքում էլ պարտադիր պայման է երկու կամ ավելի կատարողների, համակատարողների առկայությունը, որոնցից յուրաքանչյուրը պետք է անմիջականորեն լրիվ կամ մասամբ կատարի հանցագործության օբյեկտիվ կողմին բնորոշ գործողություններ: Այսպիսով՝ խմբի կողմից կատարված սպանությունը նախատեսում է առնվազն երկու համակատարող: Եվ եթե սպանությունն անմիջականորեն կատարվել է մեկ անձի կողմից, սակայն դրա կատարմանը մասնակցել են այլ հանցակիցներ՝ կազմակերպիչ, դրդիչ կամ օժանդակող, ապա արարքը չի կարող համարվել խմբի կողմից կատարված սպանություն:

32. Գործի նյութերից երևում է, որ Աղվան Հարությունյանի սպանությունը կատարել է Ալիկ Մաթևոսյանը, որը կախելու միջոցով տուժողին դիտավորությամբ զրկել է կյանքից: Ռաֆիկ Հարությունյանն անմիջական մասնակցություն չի ունեցել սպանության հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների կատարմանը, չի օգնել Ալիկ Մաթևոսյանին տուժողին կյանքից զրկելուն, այլ գիտենալով տուժողին սպանելու դիտավորության մասին, օժանդակել է Ա.Մաթևոսյանին միջոցներ, գործիքներ տրամադրելով (պարան, մալուխ, աթոռ և այլն):

Փաստորեն Ռաֆիկ Հարությունյանը տուժողի սպանության համակատարող չի եղել: Աղվան Հարությունյանին դիտավորությամբ կյանքից զրկել է Ալիկ Մաթևոսյանը, իսկ Ռաֆիկ Հարությունյանն աջակցել է հանցագործության կատարմանն օժանդակության ձևով: Քանի որ սպանությանն օժանդակելու ձևով հանցակցությունը խումբ չի կազմում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված սպանությունը որակյալ դարձնող հատկանիշը՝ սպանությունը մի խումբ անձանց կողմից կատարելը, որը մեղսագրվել է Ա.Մաթևոսյանին և Ռ.Հարությունյանին, անհիմն է:

Վերը շարադրվածից հետևում է, որ բողոքի այն փաստարկները, թե Ա.Մաթևոսյանն ու Ռ.Հարությունյանը սպանության համակատարողներ են, և տուժողի սպանությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից, անհիմն են:

33. Ինչ վերաբերում է Ռաֆիկ Հարությունյանի՝ որպես հանցակցի պատասխանատվությանը, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը ենթակա են պատասխանատվության կատարված հանցանք նախատեսող հոդվածով՝ հղում կատարելով սույն օրենսգրքի 38-րդ հոդվածին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք միաժամանակ եղել են հանցագործության համակատարողներ:

Այս պայմաններում Ռաֆիկ Հարությունյանի՝ որպես սպանությանն օժանդակողի, պատասխանատվության հարցը պետք է լուծվի նոր քննությամբ՝ սպանությունն անմիջականորեն կատարած Ալիկ Մաթևոսյանի գործողություններին ճիշտ քրեաիրավական գնահատական տալուց հետո:

Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բեկանելը պայմանավորված է այն բանով, որ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետում և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի թիվ 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին: Սույն գործով թույլ տրված վերը նշված խախտումները, որոնց հետևանքով դատապարտյալների նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ և անհիմն, չարդարացված բարելավվել է նրանց վիճակը, հանգեցրել են դատական սխալի, որի արդյունքում կայացված որոշումը չի համապատասխանում արդարության պահանջներին:

Նշված դատական սխալը, որն ազդել է գործի ելքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատավճռի՝ որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Բողոքը բավարարել: Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասով և Ռաֆիկ Արայիկի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-րդ հոդվածի 5-րդ, 104-րդ հոդվածի 1-ին մասերով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 3-ի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 38-րդ հոդվածի 5-րդ, 104-րդ հոդվածի 1-ին մասերով բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

 Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան