Գլխավոր տեղեկություն
Համար
N 56
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.11.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.11.03/37(311)
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
17.10.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հոկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 56

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն պարզաբանում է.

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,...»: Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:

Օրենսգրքի նշված դրույթները վերաբերում են Հանրապետությունում անցկացվող բոլոր ընտրություններին, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Օրենսգիրքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար քվեարկություններին մասնակցելու, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, այլ սահմանափակումներ չի նախատեսում, ավելին, օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն ընտրական իրավունքի ցանկացած սահմանափակում հետապնդվում է օրենքով:

2. Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին նախադասության 2-րդ մասը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունքին: Համաձայն այս դրույթի` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունի նաև համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող յուրաքանչյուր ոք:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝ 

Գ. Ազարյան