Գլխավոր տեղեկություն
Համար
N 1157-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.10.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.29/64(654) Հոդ.1099
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2008 թվականի N 1157-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1596-Ն ԵՎ N 1597-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» N 1596-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը հաստատելու մասին» N 1597-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը հաստատելու մասին» N 1597-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և N 2 հավելվածը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 17

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 8-ի N 1157-Ն որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

օգոստոսի 4-ի N 1596-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների (այսուհետ` հավաստագրման կենտրոն) հավատարմագրման կարգը:

2. Հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

 

II. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

3. Հավաստագրման կենտրոնի հավատարմագրման համար հիմք են ծառայում հավաստագրման կենտրոնի կողմից տրամադրվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի, այդ հավաստագրերին համապատասխանող էլեկտրոնային թվային ստորագրությունների ստեղծման ապարատային և (կամ) ծրագրային միջոցների ու իր կողմից մատուցվող էլեկտրոնային թվային ստորագրությունների հետ կապված այլ ծառայությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած չափանիշներին համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատները` տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից միակողմանիորեն կամ երկկողմանիորեն ճանաչված տեղական կամ միջազգային սերտիֆիկացնող մարմնի կողմից:

4. Հավաստագրման կենտրոնը կարող է հավատարմագրվել`

1) լիազոր մարմնի կողմից ճանաչման կարգով, եթե լիազոր մարմնին հայտնի են հավաստագրման կենտրոնի մասին սույն կարգի 3-րդ կետում նշված հիմքերը.

2) հավաստագրման կենտրոնի կողմից լիազոր մարմնին դիմելու կարգով, եթե դիմումին կից ներկայացվում են սույն կարգի 3-րդ կետում նշված հիմքերը:

5. Լիազոր մարմինն անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում հավատարմագրում է հավաստագրման կենտրոնը և կատարում համապատասխան գրառում հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանում (ռեգիստրում), ինչի մասին տեղեկացնում է հավաստագրման կենտրոնին:

6. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հավատարմագրումը մերժելու հիմք կարող է լինել հավաստագրման կենտրոնի կողմից կեղծ հիմքեր ներկայացնելը, որի մասին լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է հավաստագրման կենտրոնին` համապատասխան հիմնավորմամբ:

7. Հավատարմագրված հավաստագրման կենտրոնների կամ այլ շահագրգիռ անձանց կողմից համապատասխան դիմումի առկայության դեպքում լիազոր մարմինը տրամադրում է հավաստագրման կենտրոնի հավատարմագրման մասին տեղեկանք:

 

III. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

8. Լիազոր մարմինը կարող է հավաստագրման կենտրոնին դատական կարգով զրկել հավատարմագրումից, եթե վերահսկման ընթացքում լիազոր մարմնի կողմից բացահայտվել են հավաստագրման կենտրոնի տրամադրած էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերի, դրանց համապատասխանող էլեկտրոնային թվային ստորագրությունների ստեղծման ապարատային և (կամ) ծրագրային միջոցների ու էլեկտրոնային թվային ստորագրությունների հետ կապված` մատուցվող այլ ծառայությունների անհամապատասխանություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և (կամ) սերտիֆիկատներում նշված չափանիշներին:»։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 8-ի N 1157-Ն որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

օգոստոսի 4-ի N 1597-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԸ (ՌԵԳԻՍՏՐԸ) ՎԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման կենտրոնների (այսուհետ` հավաստագրման կենտրոն) մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը:

2. Մատյանը (ռեգիստրը) պարտադիր վարվում է բոլոր հավատարմագրված հավաստագրման կենտրոնների համար:

3. Մատյանը (ռեգիստրը) վարում է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

 

II. ՄԱՏՅԱՆԻ (ՌԵԳԻՍՏՐԻ) ՎԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

4. Մատյանը (ռեգիստրը) հավատարմագրված հավաստագրման կենտրոնների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանն է:

5. Մատյանում (ռեգիստրում) գրանցվում են հետևյալ տեղեկությունները`

1) հավատարմագրված հավաստագրման կենտրոնի անվանումը, գործունեության իրականացման և (կամ) իրավաբանական անձի գտնվելու վայրերը.

2) սերտիֆիկացնող մարմնի անվանումը, հասցեն.

3) սերտիֆիկատի համարը, այն տալու ամսաթիվը և, առկայության դեպքում, գործողության ժամկետը.

4) հավատարմագրման, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հավատարմագրումից զրկելու ամսաթիվը:

6. Լիազոր մարմինը, իր հայեցողությամբ, գրանցամատյանում կարող է զետեղել նաև այլ տեղեկություններ:

7. Մատյանում (ռեգիստրում) գրանցված տեղեկություններն անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխվել և (կամ) թարմացվել, որի մասին այդ տեղեկությունների սկզբնական գրանցման տողում կատարվում է համապատասխան նշում:

8. Լիազոր մարմինն ապահովում է մատյանի (ռեգիստրի) պաշտպանվածությունը և հրապարակայնությունը` առնվազն իր պաշտոնական կայքի միջոցով:»։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան