Գլխավոր տեղեկություն
Համար
N 13/1-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (29.05.2003-25.09.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.10.18/26(112) Հոդ.200
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.09.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.09.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 հոկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60602224

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

18 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 13/1-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

Հաստատել տեղամասային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ա. Սահրադյան

 

 

Հավելված
ՀՀ ԿԸՀ-ի 2002 թ. սեպտեմբերի 18-ի
թիվ 13/1-Ն որոշման

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

Ընդհանուր դրույթներ

 

Կետ 1

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը ընտրական տեղամասում կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում է դրա արդյունքները և այդ արդյունքները ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով տեղամասային ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների սահմաններում ընդունում է որոշումներ։

 

Կետ 2

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը գործում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակ՝ ՀՀ ընտրական օրենսգրքին և սույն կանոնակարգին համապատասխան։

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով։

 

Կետ 3

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերը գումարվում են տեղամասային կենտրոնում։

2. Տեղամասային կենտրոնը կարող է փոփոխվել միայն ՀՀ ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորումը ԵՎ առաջին նիստը

 

Կետ 4

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 24 և ոչ ուշ, քան 21 օր առաջ մինչև ժամը 1800։

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները նշանակվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից սույն կանոնակարգի 4-րդ կետի 1-ին մասով սահմանված ժամկետում հայտերն իրենց հանձնաժողովի նախագահին չներկայացնելու դեպքում հանձնաժողովի թափուր տեղերը 3-օրյա ժամկետում համալրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

 

Կետ 5

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմավորման հաջորդ օրը՝ ժամը 12-ին:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը վարում է տեղամասային ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին նիստում իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի ԵՎ հանձնաժողովի քարտուղարի ընտրության կարգը

 

Կետ 6

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին։

2. Նիստը վարողը գրանցում է հանձնաժողովի նախագահ առաջադրված թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը։

3. Գրանցված թեկնածուները կարող են ելույթ ունենալ և պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին։

 

Կետ 7

 

1. Նախքան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուներ առաջադրելը որոշվում է քվեարկության անցկացման կարգը։ Քվեարկության անցկացման կարգի վերաբերյալ հանձնաժողովը ընդունում է որոշում։

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրությունը կարող է կատարվել բաց կամ գաղտնի քվեարկությամբ:

3. Բաց քվեարկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ:

Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ կամ հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց:

Քվեարկության ավարտից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:

4. Գաղտնի քվեարկությունը կազմակերպում է հաշվիչ հանձնաժողովը: Հաշվիչ հանձնաժողովը ձևավորվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներից՝ նիստը վարողի ղեկավարությամբ: Գաղտնի քվեարկություն կազմակերպելու համար նիստը վարողը հայտարարում է մինչև մեկ ժամ ընդմիջում:

Գաղտնի քվեարկության քվեաթերթիկները պատրաստվում են հաշվիչ հանձնաժողովի կողմից:

Քվեաթերթիկներում այբբենական կարգով ընդգրկվում են առաջադրված և ինքնաբացարկ չհայտնած թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները:

Հանձնաժողովի անդամները քվեաթերթիկը լրացնում են գաղտնի՝ քվեարկության խցիկում (կամ սենյակում), թողնելով այն թեկնածուի ազգանունը և անունը, որի օգտին նա քվեարկում է, ջնջելով մյուս ազգանունները և անունները:

Քվեաթերթիկում մեկ թեկնածության դեպքում նշվում են «կողմ» և «դեմ» բառերը:

Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում, եթե հանձնաժողովի անդամը քվեարկում է թեկնածուի օգտին, ջնջում է «դեմ» բառը, իսկ եթե քվեարկում է թեկնածուի դեմ, ջնջում է «կողմ» բառը:

Քվեարկության ավարտից հետո հաշվիչ հանձնաժողովը բացում է քվեարկության տուփը և հաշվում ձայները:

5. Գաղտնի քվեարկության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են Հաշվիչ հանձնաժողովի անդամները:

6. Հաշվիչ հանձնաժողովի ներկայացրած արդյունքների հիման վրա նիստը վարողը հայտարարում է թեկնածուի ընտրության մասին:

 

Կետ 8

 

1. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

2. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների առավել ձայներ ստացած թեկնածուն:

3. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա առավել ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն՝ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով:

 

Կետ 9

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստում ՀՀ ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված ժամկետում նախագահ չընտրվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմավորվելուց ոչ ուշ, քան 2 օր հետո՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմից:

 

Կետ 10

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են հանձնաժողովի նախագահի ընտրությունից հետո՝ հանձնաժողովի նախագահի ընտրության համար ՀՀ ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով։

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերը

 

Կետ 11

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված ժամանակացույցով։ Քվեարկության նախորդ օրվանից մինչև քվեարկության արդյունքների ամփոփելը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերն անցկացվում են ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերում և ժամկետներում:

2. Նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է գործավարության մատյանում, որտեղ հանձնաժողովի նիստին ներկա անդամները իրենց ազգանվան դիմաց ստորագրում են։

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերն արձանագրվում են գործավարության մատյանում:

 

Կետ 12

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրվում է՝

ա) հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ,

բ) հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով՝ նրանց նշած ժամկետում և օրակարգով։

2. Արտահերթ նիստ հրավիրելու ժամկետի և օրակարգի մասին հանձնաժողովի նախագահը գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան արտահերթ նիստից 2 ժամ առաջ։

 

Կետ 13

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերը դռնբաց են։

2. Հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով: Նիստերին կարող են ներկա գտնվել՝

ա) զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրված ներկայացուցիչները,

բ) դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները,

գ) Հանրապետության Նախագահի թեկնածուները կամ նրա լիազոր ներկայացուցիչները, վստահված անձինք՝ իրենց առնչվող հարցերի քննարկման կապակցությամբ,

դ) Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչները կամ թեկնածուների վստահված անձինք,

ե) Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուն կամ լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաև նրա վստահված անձը՝ իր բողոքի քննարկման ժամանակ,

զ) համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները, լիազոր ներկայացուցիչները և վստահված անձինք։

3. Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են մասնակցել հարցի քննարկմանը միայն նիստը վարողի թույլտվությամբ։

 

Կետ 14

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին։

Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ նախագահի տեղակալը։

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը սկսվում է օրակարգի հաստատումով։

3. Նիստը վարողը, ելնելով աշխատանքի արդյունավետությունից, կարող է փոխել օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը, եթե չկա առարկություն։

Օրակարգի հարցերի վերաբերյալ առարկությունների դեպքում առաջարկությունը դրվում է քվեարկության։

4. Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում։

 

Կետ 15

 

1. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգը կազմվում է հանձնաժողովի անդամների առաջարկությունների հիման վրա։

2. Հրատապ հարցերը ընդգրկվում են օրակարգ հանձնաժողովի նախագահի կողմից կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով, ոչ ուշ, քան նիստը սկսելուց երկու ժամ առաջ։ Հրատապ հարցերը կարող են ընդգրկվել օրակարգ նաև հանձնաժողովի որոշմամբ՝ նիստի սկզբում։

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում հարցեր քննարկելու ԵՎ որոշումներ ընդունելու կարգը

 

Կետ 16

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի իրավազոր նիստում՝ բաց քվեարկությամբ։

 

Կետ 17

 

1. Հանձնաժողովի նիստում հարցերի քննարկումը սկսվում է հարցը ներկայացնողի զեկուցումով: Զեկուցողին հարցը ներկայացնելու համար տրվում է մինչև 15 րոպե ժամանակ:

2. Հանձնաժողովի անդամները կարող են՝

- ելույթներ ունենալ (մինչև 5 րոպե),

- տալ հարցեր,

- ներկայացնել առաջարկություններ (մինչև 3 րոպե)։

3. Քննարկվող յուրաքանչյուր հարցի կապակցությամբ նիստը վարողն ունի ելույթի իրավունք՝ մինչև 7 րոպե տևողությամբ։

4. Նիստի ընթացքում արված նոր առաջարկությունները գրանցում է հանձնաժողովի քարտուղարը։

 

Կետ 18

 

1. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։

2. Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են քվեարկության մասնակիցների կեսից ավելին։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի (նիստը վարողի) ձայնը վճռորոշ է՝

ա) եթե քվեարկության է դրվում երկու իրարամերժ առաջարկություն և երկուսն էլ հավաքում են հավասար և բավարար կողմ ձայներ,

բ) եթե առաջարկությանը կողմ ձայները հավասար են դեմ և ձեռնպահ ձայների գումարին։

 

Կետ 19

 

1. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստը վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը՝ ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում է կողմ տրված ձայների թիվը, այնուհետև նույն կարգով՝ դեմ ու ձեռնպահ ձայների թիվը։

2. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ-որ կերպ խանգարվել է հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը։

3. Քվեարկության արդյունքները գրանցվում են գործավարության մատյանում։

 

Կետ 20

 

Նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են ստանալ տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումների, արձանագրությունների պատճենները, վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակը

 

Կետ 21

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամն իրավունք ունի՝

- նախապես ծանոթանալ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին,

- ելույթներ ունենալ հանձնաժողովի նիստերում,

- ներկայացնել առաջարկություններ և պահանջել, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն,

- նիստի մասնակիցներին տալ հարցեր և ստանալ սպառիչ պատասխաններ,

- տեղամասային արձանագրությունների վերաբերյալ ներկայացնել հատուկ կարծիք,

- ծանոթանալ տեղամասային ընտրական հանձնաժողովում ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին և մյուս փաստաթղթերին,

- հրապարակավ ելույթներ ունենալ՝ միջոցառումների ժամանակ, զանգվածային լրատվության միջոցներով, հայտնելով ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր անձնական կարծիքը,

- ստանալ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատակազմից մասնագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ բնույթի օժանդակություն։

 

Կետ 22

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է՝

1) կատարել հանձնաժողովի նախագահի կողմից՝ իր իրավասության սահմաններում, տրված հանձնարարականները,

2) մասնակցել տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին՝ իր անվան դիմաց ստորագրել նիստերի գործավարության մատյանում:

 

Կետ 23

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը՝

- ազատվում է զորահավաքներից և վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում՝ նաև զորակոչից.

- համապետական ընտրությունների ժամանակ կարող է կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ.

- իր գործունեության ընթացքում կարող է ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականությունները կատարելուց:

 

Կետ 24

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարը համապետական ընտրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ վարձատրվում են նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների աշխատավարձը ընտրությունների ընթացքում պահպանվում է:

 

Կետ 25

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից 7 օր հետո, եթե ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատական վեճ չկա: Դատական վեճի առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարեցվում են դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

 

Կետ 26

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են՝

1) եթե նա կորցրել է իր ընտրական իրավունքը՝

- կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,

- դատապարտվել է ազատազրկման,

- օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը,

2) մահացել է,

3) տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերից 3 անհարգելի բացակայության դեպքում հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշում,

4) իր դիմումի համաձայն։

Լիազորությունները վաղաժամկետ դադարեցված անդամի փոխարեն նրան նշանակված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը սահմանված կարգով կատարում է նոր նշանակում։

(26-րդ կետը փոփ. 30.04.03 N 120-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը

 

Կետ 27

 

Հանձնաժողովի նախագահը հետևում է ՀՀ ընտրական օրենսգրքի և սույն կանոնակարգի պահանջների պահպանմանը և ապահովում է վերադաս ընտրական հանձնաժողովների ընդունած որոշումների կատարումը, կազմակերպում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը։

Նախագահը համակարգում է հանձնաժողովի անդամների աշխատանքը և իր իրավասությունների սահմաններում նրանց տալիս աշխատանքային հանձնարարություններ։

 

Կետ 28

 

Հանձնաժողովի նախագահը՝

- սահմանում է հանձնաժողովի հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը.

- հրավիրում է արտահերթ նիստ.

- վարում է նիստը (սույն կանոնակարգին համապատասխան),

- ելույթների համար ձայն է տալիս ըստ հերթականության,

- զգուշացումներ է անում կանոնակարգը խախտողներին, իսկ կրկնվելու դեպքում՝ զրկում խոսքից,

- ձայն է տալիս հրավիրված անձանց և սահմանված կարգով նրանց զրկում խոսքից, խանգարողներին հեռացնում նիստից.

- համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստանում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը, քվեաթերթիկները և մյուս ընտրական փաստաթղթերը.

- կազմակերպում է հանձնաժողովի նիստում անցկացվող վիճակահանությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 28.08.2002 թ. թիվ 10/7-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն.

- ապահովում է կնիքի և ստորագրված քվեաթերթիկների պահպանումը և քվեարկության օրը՝ հանձնաժողովի համապատասխան անդամներին հատկացնում է կնիքը և ստորագրված քվեաթերթիկների փաթեթները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 04.09.2002 թ. թիվ 11/3-Ն որոշմամբ սահմանած կարգով.

- ամփոփում և հայտարարում է քվեարկության արդյունքները.

- ստորագրում և կնքում է հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները.

- տեղամասային ընտրական հանձնաժողովի գործունեության ժամանակահատվածում ապահովում է տեղամասային կենտրոնում հանձնաժողովի անդամների ամենօրյա հերթապահությունը.

- հանձնաժողովների նիստերի և քվեարկության ընթացքում ապահովում է աշխատանքային անհրաժեշտ և հավասար պայմաններ վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար.

- քվեարկության օրը՝ կազմակերպում է հանձնաժողովի անդամների աշխատանքային հերթափոխի իրականացումը.

- երեքժամյա պարբերականությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով տվյալներ է հաղորդում քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին.

- վստահված անձի կամ դիտորդի կողմից, քվեարկության օրը, ներկայացված դիտողությունների և առաջարկությունների կապակցությամբ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ.

- վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրանց տալիս է տեղամասային արձանագրությունների պատճենները, վավերացված իր կամ քարտուղարի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով.

- ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 12 ժամ հետո հրապարակում է ընտրությունների արդյունքները.

- ընտրությունների ավարտից ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում, ընտրական բոլոր փաստաթղթերը՝ քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների մեկ օրինակը, կնիքը, գրանցման մատյանը և քվեաթերթիկների զմռսված փաթեթը ՀՀ ընտրական օրենսգրքի 61-րդ հոդվածի 8-րդ կետի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 04.09.2002 թ. թիվ 11/6-Ն որոշմամբ սահմանած կարգի համաձայն ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով.

- տնօրինում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հանձնաժողովին հատկացված ֆինանսական միջոցները.

- ստորագրում է հանձնաժողովի ելից փաստաթղթերը.

- իրականացնում է ՀՀ ընտրական օրենսգրքով և վերադաս ընտրական հանձնաժողովների որոշումներով սահմանված այլ լիազորություններ:

 

Կետ 29

 

1. Հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի 2/3-ով ընդունված որոշմամբ:

2. Հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել ընտրության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ: Նույն նիստում կատարվում է հանձնաժողովի նախագահի նոր ընտրություն՝ ՀՀ ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը

 

Կետ 30

 

Հանձնաժողովի նախագահի տեղակալը հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նրան փոխարինող պաշտոնատար անձն է:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է հանձնաժողովի նախագահին վերապահված լիազորությունների որոշակի մասը:

 

Կետ 31

 

Հանձնաժողովի քարտուղարը՝

- նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի անցկացումը,

- կազմում և ստորագրում է նիստերի օրակարգը,

- տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին օրակարգի հարցերի մասին,

- ապահովում է նիստերի հրապարակայնությունը, հրավիրված անձանց ներկայությունը,

- վարում է գործավարության մատյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 28.08.2002 թ. թիվ 10/3-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն,

- ստորագրում է նիստերի արձանագրությունները:

 

Կետ 32

 

Հանձնաժողովի նախագահի տեղակալը և քարտուղարը պաշտոնանկ են արվում հանձնաժողովի նախագահի պաշտոնանկության համար սույն կանոնակարգով նախատեսված կարգով:

(հավելվածը փոփ. 30.04.03 N 120-Ն)