ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2008 թվականի N 1117-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ ու 18-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սույն որոշման հավելվածում նշված տարածքում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. ծրագրի իրականացմամբ տարածքում կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` հին և ոչ ֆունկցիոնալ շինություններով, որը չի համապատասխանում Հրաչյա Աճառյան փողոցին հարակից տարածքում արդեն իսկ կառուցապատված մասին, կշտկվի Հրաչյա Աճառյան փողոցին` քաղաքի գլխավոր մուտքին անհարիր և անկանոն կառուցապատումը: Քաղաքաշինական (վերակառուցման) ծրագրի անհրաժեշտությունն անխզելիորեն կապված է Հրաչյա Աճառյան փողոցին հարակից 22.2 հեկտար տարածքում իրականացվող լայնածավալ քաղաքաշինական ծրագրին, որը թույլ կտա հնարավորինս արդյունավետ օգտագործել հողային ռեսուրսները: Ծրագրի իրականացման շնորհիվ կբեռնաթափվի քաղաքի կենտրոնական մասը. հասարակական սպասարկման նպատակով հյուսիսից եկող մեքենաները չեն հասնի քաղաքի կենտրոնական մաս: Հետագայում կլուծվի նաև Հրաչյա Աճառյան փողոցի լայնացման հարցը, որը նախատեսված է Երևան քաղաքի գլխավոր հատակագծով: Կառուցապատման ծրագրերի շրջանակներում որոշ հատվածներում ստեղծվելու են նոր փողոցային ցանց, ստորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները,
բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի` Հրաչյա Աճառյան փողոցին հարակից 22.2 հեկտար տարածքում նախատեսվում է իրականացնել խոշոր քաղաքաշինական ծրագիր, որը ներառում է հասարակական մեծ կենտրոնի կառուցման աշխատանքները: Տարածքների կառուցապատումը վերափոխվելու է առևտրային գործարարական գոտու` հյուսիսային ուղղությամբ ձգվող «Մոլի» կազմակերպման միջոցով` ապահովելով կենտրոնական գործառույթների զարգացման հյուսիսային հատակագծային ուղղությունը.
2) նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. այդ օբյեկտների անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մաս կազմող հանգույցներ,
բ. անհնար է ապահովել արդեն իսկ կառուցապատվող 22.2 հեկտար տարածքից ելք դեպի Հրաչյա Աճառյան փողոց, ինչպես նաև տարածքների ջրամատակարարումը, ջրահեռացումը և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը.
2) նախատեսված օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և իրականացման համար պատասխանատու մարմինը Երևանի քաղաքապետարանն է.
3) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.
4) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2010 թվականի հունվարի 1-ն է.
5) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
3. Երևանի քաղաքապետին`
1) անցկացնել հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն` մրցույթ: Օտարվող սեփականությունը ձեռք բերող թեկնածուի ընտրության դեպքում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. հոկտեմբերի 7 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 2-ի N 1117-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
Գտնվելու վայրը և նկարագիրը |
Նկարագրության արձանագրության կազմման ժամկետը |
Հրաչյա Աճառյան 5, Հրաչյա Աճառյան 51, Հրաչյա Աճառյան փողոցին հարակից տարածքում գտնվող պահեստ, Հրաչյա Աճառյան 2 (սխեման կցվում է) |
4 ամիս |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ս Խ Ե Մ Ա
ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔ)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|