Գլխավոր տեղեկություն
Համար
N 1127-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.10.2008-09.01.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.15/62(652) Հոդ.1072
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2008 թվականի N 1127-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով ու «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության oտարման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշման հավելվածում նշված տարածքում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. ծրագրի իրականացմամբ Երևանում կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը, որի փոխարեն պետք է կառուցվեն բազմաֆունկցիոնալ, միջին հարկայնությամբ շենքեր և շինություններ: Որոշ հատվածներում, կառուցապատման ծրագրի շրջանակներում, ստեղծվելու են նոր փողոցային ցանց, ստորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները, և կազմակերպվելու է նոր հրապարակ` իր պուրակով,

բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Երևանի Կենտրոն թաղային համայնքի տարածքի հաստատված գոտևորման նախագծի` Տիգրան Մեծի պողոտայի շրջակայքում գտնվող` կառուցապատվող արտադրական և պահեստային տարածքները վերափոխվելու են առևտրային գործարարական գոտու` ապահովելով հարավային ճառագայթի գաղափարը, և ընդգծվելու է կենտրոնական գործառույթների զարգացման հարավային հատակագծային ուղղությունը,

գ. քաղաքաշինական ծրագրի իրականացման ընթացքում կառուցապատողի (կառուցապատողների) միջոցների հաշվին ապահովվելու են տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման ու ամրակայման աշխատանքները, հուշարձաններին մոտենալու ճանապարհների կառուցումն ու բարեկարգումը, ինչպես նաև այդ հուշարձանների հետագա օգտագործման հնարավորությունների ստեղծումը.

2) նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության oբյեկտների oտարման, քանի որ`

ա. այդ oբյեկտների անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մաս կազմող հանգույցներ,

բ. անհնար է ապահովել տարածքների ջրամատակարարումը, ջրահեռացումը և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը.

2) նախատեսված օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և իրականացման համար պատասխանատու մարմինը Երևանի քաղաքապետարանն է.

3) գերակա հանրային շահ ճանաչված տարածքի ու դրանում առկա սեփականության oբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության oտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.

4) սեփականության oտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2010 թվականի հունվարի 1-ն է.

5) գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության oբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության oրինակելի ձևով.

6) հասարակության և պետության կարիքների համար oտարվող սեփականության, ներառյալ առկա պատմության և մշակույթի հուշարձաններն ու դրանցով զբաղեցված տարածքները, ձեռքբերման պայմանագրերով պետք է նախատեսվեն`

ա. ձեռք բերողի` այդ հուշարձանների վերականգնման ու ամրակայման աշխատանքների իրականացման, հուշարձաններին մոտենալու ճանապարհների կառուցման ու բարեկարգման աշխատանքների կատարման պարտավորությունը` պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ու ժամկետներում,

բ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից մեկամսյա ժամկետում ձեռք բերողի` պետական լիազոր մարմին այդ հուշարձանների սահմանված ձևի պահպանական պարտավորագրեր ներկայացնելու պարտավորությունը:

3. Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքում առկա` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից.

2) անցկացնել հասարակության և պետության կարիքների համար oտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն` մրցույթ: Ձեռք բերող թեկնածուի ընտրության դեպքում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել oտարվող սեփականության սեփականատերերին և oտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 9

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 28-ի N 1127-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

Գտնվելու վայրը և նկարագիրը

Նկարագրության

արձանագրության

կազմման ժամկետը

Տիգրան Մեծի 10/2, Տիգրան Մեծի 20/1, Տիգրան Մեծի

3-րդ նրբ., բն. 7, Տիգրան Մեծի 3-րդ նրբ., բն. 9, Տիգրան

Մեծի 3-րդ նրբ., բն. 9/1, Տիգրան Մեծի 3-րդ նրբ., բն. 9/2,

Տիգրան Մեծի 3-րդ նրբ., բն. 9/3, Չելյուսկինցիների 1,

Չելյուսկինցիների 2/1, Չելյուսկինցիների 3,

Չելյուսկինցիների 7, Չելյուսկինցիների 8,

Չելյուսկինցիների 9, Չելյուսկինցիների 10,

Չելյուսկինցիների 11, Չելյուսկինցիների 11, բն. 1,

Չելյուսկինցիների 13, Չելյուսկինցիների 18/6,

Չելյուսկինցիների 14, Չելյուսկինցիների 16,

Չելյուսկինցիների 20, Չելյուսկինցիների 22,

Չելյուսկինցիների 24, Չելյուսկինցիների 26,

Չելյուսկինցիների 28, Չելյուսկինցիների 40

(սխեման կցվում է)

4 ամիս

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ս Խ Ե Մ Ա

 

ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

(ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻՆ ՀԱՐԱԿԻՑ` «ՏԱՇԻՐ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԴԻՄԱՑ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔ)

 

Ներմուծեք նկարագրությունը_20565

 

 

Ներմուծեք նկարագրությունը_20567