Գլխավոր տեղեկություն
Համար
N 1115-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.15/62(652) Հոդ.1065
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2008 թվականի N 1115-Ն

 

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՍԱԿԱՎԱՊԱՀՈՎ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» 9-ՐԴ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը 170 մլն իեն գումարի հաշվին տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի տնօրինումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2008 թվականի հունվարի 16-ին փոխանակված հայտագրի համաձայն Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհի հաշվին 2008 թվականին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համար նրա ներկայացուցիչ «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հասցեով ներկրված 29 միավոր տրակտորը, 4 միավոր գութանը, 11 միավոր հավաքիչ-մամլիչը և 5 միավոր հացահատիկահավաք կոմբայնն իրացնել աճուրդային կարգով:

2. Ելնելով 2008 թվականի հունվարի 16-ին փոխանակված հայտագրի 6-րդ կետի 1-ին ենթակետի և 2008 թվականի մայիսի 1-ին կնքված «Գործընկերային հիմնադրամի դեպոզիտ» պայմանագրի պահանջներից` սահմանել գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքի նվազագույն գինը` տրակտորի մեկ միավորի համար` 3,0 մլն դրամ, գութանի մեկ միավորի համար` 0,1 մլն դրամ, հավաքիչ-մամլիչի մեկ միավորի համար` 2,0 մլն դրամ, կոմբայնի մեկ միավորի համար` 12,0 մլն դրամ:

3. Սահմանել, որ`

1) աճուրդի կազմակերպիչն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով.

3) վաճառված գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվի համարին և օգտագործվում Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.

4) աճուրդն իրականացնող գործակալի կողմից կատարված ծախսերը փոխհատուցվում են գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` հիմք ընդունելով 2000 թվականի օգոստոսի 2-ին կնքված պահառության պայմանագիրը` «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի ստացումը, մաքսային ձևակերպումը, սերտիֆիկացումը, բեռնաթափումը, ապակոնսերվացումը, հավաքումը, կարգաբերումը և պահպանումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) գյուղատնտեսական տեխնիկայի ստացման, մաքսային ձևակերպման, սերտիֆիկացման, բեռնաթափման, ապակոնսերվացման, հավաքման, կարգաբերման և պահպանման ծախսերը փոխհատուցել ապրանքների իրացումից գոյացած միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել աճուրդն իրականացնող գործակալ` նրա հետ կնքելով գործակալության պայմանագիր.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի` աճուրդով իրացման կարգը:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական տեխնիկան եռամսյա ժամկետում չիրացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրա հետագա տնօրինման վերաբերյալ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 7

Երևան