Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.17/72(662)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.10.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-1651

Քաղաքացիական գործ թիվ 3-578(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

               Դ. Խաչատրյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վահան Գրիգորյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Անդրանիկ Այվազյանի հայցի ընդդեմ «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ վարձակալության պայմանագիր կնքելուն հարկադրելու, վարձակալության պայմանագիրը և այդ պայմանագրի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Անդրանիկ Այվազյանը պահանջել է հարկադրել Կազմակերպությանը իր հետ կնքել Գեղարքունիքի մարզի նախկին Կրասնոսելսկի վարչական տարածքում, Սևանա լճի ափին գտնվող 50,3 քմ ընդհանուր մակերես ունեցող տանը կից 1000 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր և մասնակի անվավեր ճանաչել Կազմակերպության և Վահան Գրիգորյանի միջև 25.10.2007 թվականի թիվ 659-584 վարձակալության պայմանագիրը և այդ պայմանագրի պետական գրանցումը:

Տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.03.2008 թվականի որոշմամբ Տնտեսական դատարանի 28.12.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահան Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անդրանիկ Այվազյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վահան Գրիգորյանը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի վայրի և ժամանակի մասին, որի հետևանքով նա չի կարողացել ծանոթանալ հայցադիմումին, ներկայացնել հայցադիմումի պատասխան, ապացույցներ և օգտվել հակընդդեմ հայց ներկայացնելու իր դատավարական իրավունքից:

Ավելին, Վերաքննիչ դատարանը անտեսել է գործում առկա Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավարի 07.01.2008 թվականի տեղեկանքը, համաձայն որի՝ Վահան Գրիգորյանը 20.06.2007 թվականից ծառայում է ՀՀ բանակում, Սևանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Տ.Աթայանի 17.01.2008 թվականի տեղեկանքը, ըստ որի՝ Վահան Գրիգորյանը 21.06.2007 թվականին Սևանի զինկոմիսարիատից զորակոչվել է թիվ 10724 զորամաս:

Ինչ վերաբերում է 14.12.2007 թվականին ուղարկված ծանուցագրի ստացման թերթիկում առկա ստորագրությանը, ապա այն անհասկանալի է, և Վահան Գրիգորյանը այն չի ստացել և չի ստորագրել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.03.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

2.1. Անդրանիկ Այվազյանի վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկը.

 

Վահան Գրիգորյանը պատշաճ ձևով ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, քանի որ ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկվել է Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովագյուղ հասցեով, որը նրա հասցեն է: Նամակը ծանուցագրով առաքվել է նույն հասցեով և հետ չի վերադարձվել: Ծանուցագիրը ստանալու մասին առկա է հասցեատիրոջ ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը և տարին:

Վահան Գրիգորյանը վճռաբեկ բողոքում իր բնակության հասցեն նույնպես նշել է Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովագյուղ, այսինքն այն նույն հասցեն, որով դատարանը ծանուցել է նրան դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավարի 07.01.2008 թվականի տեղեկանքի համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ Վահան Գրիգորյանը 20.06.2007 թվականից ծառայում է ՀՀ բանակում (գ.թ. 102):

2. Սևանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Տ.Աթայանի 17.01.2008 թվականի տեղեկանքի համաձայն՝ Վահան Գրիգորյանը 21.06.2007 թվականին Սևանի զինկոմիսարիատից զորակոչվել է թիվ 10724 զորամաս (գ.թ. 109):

3. Վահան Գրիգորյանը պատշաճ ձևով չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.        

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ (տես՝ «Հայկապ» բանկ ԲԲԸ-ն ընդդեմ Շահեն Բաբայանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ 2-2128(Ա) գործով Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի որոշումը):

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում: Գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որի չպահպանելը ՀՀ քաղաքացիական դատավարության oրենսգրքի 228-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում:

Սույն գործում առկա՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավարի 07.01.2008 թվականի տեղեկանքով հիմնավորվում է, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ Վահան Գրիգորյանը 20.06.2007 թվականից ծառայում է ՀՀ բանակում, Սևանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Տ. Աթայանի 17.01.2008 թվականի տեղեկանքով հիմնավորվում է, որ Վահան Գրիգորյանը 21.06.2007 թվականին Սևանի զինկոմիսարիատից զորակոչվել է թիվ 10724 զորամաս:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վահան Գրիգորյանը, 21.06.2007 թվականից գտնվելով զինվորական ծառայության մեջ, չէր կարող ստանալ և ստորագրել Դատարանի կողմից 14.12.2007 թվականին ուղարկած ծանուցագիրը, ուստի նա պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Դատարանի կողմից 14.12.2007 թվականին ուղարկած ծանուցագրի վրա առկա ստորագրությունը վկայում է, որ Վահան Գրիգորյանը պատշաճ ձևով ծանուցված է եղել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Հյուսիսային քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան