Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.17/72(662)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.10.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-805

Քաղաքացիական գործ թիվ 3-560(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ L. Գրիգորյան

Դատավորներ` Գ. Մատինյան

               Ե. Խունդկարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

քննարկելով Գրիշա Երվանդյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.04.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Անահիտ Գևորգյանի ընդդեմ Գրիշա Երվանդյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ կադաստր)՝ առուվաճառքի գործարքը վավեր ճանաչելու, այն կադաստրում գրանցելու, բնակարանի նկատմամբ պատասխանողների սեփականության իրավունքը դադարեցնելու, իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին և Գրիշա Երվանդյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Անահիտ Գևորգյանի և կադաստրի՝ սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործով կայացված դատական ակտի էությունը.

 

Դիմելով դատարան՝ Անահիտ Գևորգյանը խնդրել է վավեր ճանաչել Սևան քաղաքի Նաիրյան 141/30 բնակարանի առուվաճառքի գործարքը, դադարեցնել պատասխանողների սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ և անվավեր ճանաչել պատասխանողների սեփականության իրավունքի գրանցումը:

Դիմելով դատարան՝ Գրիշա Երվանդյանը խնդրել է անվավեր ճանաչել Անահիտ Գևորգյանի՝ վերոնշյալ բնակարանի 1/5-րդ մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.04.2008 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիշա Երվանդյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասը, 47-րդ հոդվածի առաջին մասը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 297-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործում առկա «ստացական» վերնագրված փաստաթուղթը չի հետազոտել բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Այսպես, վերոնշյալ փաստաթղթում արտացոլված այն փաստը, որ Նինա Վարդանյանը Անահիտ Գևորգյանի ամուսնուց ստացել է 2500 ԱՄՆ դոլար և ոչ մի պարտք ու պահանջ չունեն իրար նկատմամբ, չէր կարող հիմք հանդիսանալ հաստատված համարելու այն հանգամանքը, որ Նինա Վարդանյանը վերոնշյալ գումարը ստացել է որպես վիճելի բնակարանի վաճառքի գումար:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

12.07.2000 թվականին կազմված «ՍՏԱՑԱԿԱՆ» վերնագրված փաստաթղթի համաձայն՝ «Ես Նինա Դավթյանս ստացել եմ Հենրիկ Վաչագանի Ավետիսյանից երկու հազար հինգ հարյուր ամերիկյան դոլար և ոչ մի պարտք ու պահանջ չունենք, որի համար ստորագրում եմ»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն՝ եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

Ելնելով սույն նորմի բովանդակությունից՝ գործարքը վավերական ճանաչելու համար անհրաժեշտ է հաստատել հետևյալ 2 փաստերի միաժամանակյա առկայությունը՝

1. գործարքը լրիվ կամ մասնակի կատարված լինելը,

2. կողմի խուսափելը գործարքի վավերացումից:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (իրավական հիմնավորումները տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով, Վերաքննիչ դատարանը գործարքը վավեր ճանաչելու հիմքում դնելով Նինա Դավթյանի և Հենրիկ Ավետիսյանի կողմից ստորագրված «ստացական» վերնագրված փաստաթուղթը հաշվի չի առել, որ նրանում ոչ մի խոսք չկա անշարժ գույքի առուվաճառքի վերաբերյալ: Ինչ վերաբերում է Անահիտ Գևորգյանի՝ վիճելի բնակարանում հաշվառված լինելուն, ինչպես նաև՝ իր անվամբ վեճի առարկա բնակարանի մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական ձեռք բերելուն, ապա նշված հանգամանքները չեն կարող վկայել ամբողջ բնակարանի առուվաճառքի գործարքի գոյության մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի որոշումը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2402 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան