ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
12 սեպտեմբերի 2008 թ. |
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի մայիսի 11-ին ստորագրված` Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` ՀՀ սահմանադրական դատարան 11.06.2008 թ. մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի կանոնադրությունն ստորագրվել է 2007 թվականի մայիսի 11-ին:
Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագիրը կնքվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի CM/Res(2007)8 բանաձևի համաձայն` սպորտային քաղաքականության ռազմավարություն մշակելու և համապատասխան չափանիշներ սահմանելու, «բարոյական սպորտի» ապահով գործելակերպը հնարավորինս մատչելի դարձնելու համար մասնակից պետություններում և նրանց միջև սպորտային քաղաքականությունների և չափանիշների ներդաշնակեցումը խրախուսելու և ապահովելու, միջազգային սպորտում արդիական խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու, սպորտի` որպես առողջ ապրելակերպը խթանող միջոցի, զարգացմանը նպաստելու նպատակով:
Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագիրը վերահսկողություն է իրականացնում համաձայնագրի մասնակից պետություններում Եվրոպական սպորտային խարտիայի (Հանձնարարական թիվ R (92) 13 REV) և Սպորտային էթիկայի օրենսգրքի (Հանձնարարական թիվ R (92) 14 REV) կիրառման նկատմամբ, քայլեր է ձեռնարկում «Սպորտը բոլորի համար» ծրագրի շրջանակներում կարողությունների զարգացման նպատակով, իրականացնում է սպորտային համագործակցության միջկառավարական միջոցառումներ, Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի անդամների և Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից պետությունների համար նախապատրաստում և կազմակերպում է նախարարական մակարդակով հանդիպումներ:
Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի կանոնադրությամբ նախատեսվում է անհրաժեշտության դեպքում վերոշարադրյալ նպատակների իրականացման համար համաձայնագրի համագործակցությունը «Սպորտային միջոցառումների և հատկապես ֆուտբոլային խաղերի ժամանակ հանդիսատեսների անվայել վարքի և բռնության դրսևորումների մասին» եվրոպական կոնվենցիայի մշտական կոմիտեի (T-RV), Հակադոպինգային կոնվենցիայի մոնիտորինգի խմբի (T-DO) և Հակադոպինգային համաշխարհային գործակալության համապատասխանեցման եվրոպական համաժողովի ժամանակավոր (ad hoc) կոմիտեի (CAHAMA) հետ, Եվրոպական համայնքի, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային և ազգային մարզական ոչ կառավարական կազմակերպությունների և հակադոպինգային կառույցների հետ:
Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի մարմիններն են Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի Ղեկավար խորհուրդը և Կանոնադրական խորհուրդը: Ղեկավար խորհուրդը կազմվում է Ընդլայնված մասնակի համաձայնագրի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անդամի կառավարության կողմից նշանակված մեկական ներկայացուցչից, և պատասխանատու է Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրում սահմանված խնդիրների ընդհանուր իրականացման համար: Կանոնադրական խորհուրդը, որը կազմվում է Եվրոպայի խորհրդի Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի մասնակից անդամ պետությունների Նախարարների կոմիտեի ներկայացուցիչներից և համաձայնագրի մասնակից անդամ չհանդիսացող պետությունների կողմից հատուկ այդ նպատակով նշանակված ներկայացուցիչներից, սահմանում է Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի ամենամյա պարտադիր անդամավճարների ընդհանուր գումարը և վճարումների չափը, ըստ որի` ընդհանուր գումարը բաշխվում է մասնակից պետությունների միջև:
Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.
- նշանակել մեկ ներկայացուցիչ Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի Ղեկավար խորհրդում,
- կատարել ամենամյա վճարումներ, որոնցով ձևավորվում է համաձայնագրի բյուջեն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2007 թվականի մայիսի 11-ին ստորագրված` Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
12 սեպտեմբերի 2008 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|