Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-760
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.09.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.01/60(650) Հոդ.1011
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
12.09.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

12 սեպտեմբերի 2008 թ.

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՀՏ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԼՈԲԱԼ ԱԼՅԱՆՍԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև ՏՀՏ և զարգացման գլոբալ ալյանսի հետ համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` սահմանադրական դատարան 05.08.2008 թ. մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև ՏՀՏ և զարգացման գլոբալ ալյանսի հետ համագործակցության մասին համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 26-ին:

Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության միջև` ի դեմս Տնտեսական և սոցիալական հարցերով վարչության, «Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման համար» ծրագրի աշխատանքների հզորացմանն ուղղված գործընկերությունը խթանելը և ոլորտում առկա բացերը լրացնելն է: Այս համագործակցությունը կոչված է նպաստելու տեղեկատվական հասարակության զարգացմանը` մասնավորապես, ապահովելով ՏՀՏ ծառայությունների առավել լայն մատչելիություն, էլ. կառավարման համակարգի զարգացում, ՏՀՏ ոլորտում մասնավոր ներդրումների խթանում, զբաղվածության աճ և ՏՀՏ կիրառության խթանում տնտեսական և սոցիալական զարգացման հեռանկարներով:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- աջակցել Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական հարցերով վարչության «ՏՀՏ և զարգացման գլոբալ ալյանս» GLO/06/X02 ծրագրին` միանվագ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներդնելով 50.000 ԱՄՆ դոլար, որը կուղղվի տարածաշրջանում և այլ երկրներում երիտասարդների միջև գործընկերության ցանցերի ընդլայնմանը, աշխարհի տարբեր երկրների երիտասարդների միջև ՏՀՏ միջոցների տարածմանը, ինչպես նաև կարողությունների ստեղծման միջոցով տարածաշրջանում ՏՀՏ ոլորտում ձեռներեցության խթանմանը,

- Միավորված ազգերի կազմակերպությանը վճարվող 50.000 ԱՄՆ դոլարը փոխանցել միանվագ:

Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական հարցերով վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներդրված գումարը կկառավարի և պատասխանատու կլինի Միավորված ազգերի կազմակերպության ֆինանսական ընթացակարգերի ու կանոնների, ինչպես նաև գործող այլ նորմերի, կանոնակարգերի և ընթացակարգերի համաձայն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2007 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև ՏՀՏ և զարգացման գլոբալ ալյանսի հետ համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

12 սեպտեմբերի 2008 թ.
ՍԴՈ-760

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան