Գլխավոր տեղեկություն
Համար
N 955-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.08.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2008 թվականի N 955-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԵՎ ՀԵԾԱՆՎԱՀՐԱՊԱՐԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի փոքր կենտրոնը տրանսպորտային միջոցների կայանումից ազատելու և ստացիոնար կայանատեղեր ապահովելու, ավտոկայանատեղի ու նոր հեծանվահրապարակ կառուցելու նպատակով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ու իտալական «Ռենկո» ընկերության կողմից ներկայացված քաղաքաշինական ներդրումային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության` Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասեցում գտնվող 1,3881 հեկտար հողամասն ու այդտեղ տեղակայված 9018,6 քառ. մետր մակերեսով շենքը և 615,6 քառ. մետր մակերեսով շինությունները Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի, նվիրաբերելու վերաբերյալ առաջարկությունը` հետևյալ պայմաններով`

1) նվիրաբերության առարկայի հետագա օտարումից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Երևան քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան նոր հեծանվահրապարակի կառուցման և համաքաղաքային նշանակության այլ կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը.

2) մինչև նոր հեծանվահրապարակի կառուցման ավարտը` նվիրաբերողը շարունակելու է անհատույց օգտագործման իրավունքով օգտագործել գույքը.

3) նվիրաբերության առարկայի իրացումից ստացված միջոցներով ձեռք բերված գույքը Երևան քաղաքը որպես առանձին համայնք ձևավորվելու պահից հանդիսանալու է Երևանի համայնքի սեփականությունը:

2. Ընդունել իտալական «Ռենկո» ընկերության (այսուհետ` կազմակերպություն) առաջարկությունը Երևան քաղաքում նոր հեծանվահրապարակ և Ազատության հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր) վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է կազմակերպության` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դուստր ընկերության կամ ընկերությունների միջոցով: Ծրագրով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող 1,3881 հեկտար հողամասն ու այդտեղ տեղակայված 9018,6 քառ. մետր մակերեսով շենքը և 615,6 քառ. մետր մակերեսով շինությունները փոխանակել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի վրա «Ռենկո Արմեսթեյթ» ընկերության կողմից հօգուտ պետությանը հրաժարված 2 հեկտար հողամասի վրա (հասցեն` քաղ. Երևան Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնք, Ծովակալ Իսակովի 27/8) կազմակերպության դուստր ընկերության կողմից միջազգային չափանիշներին համապատասխան հեծանվահրապարակ և Երևանի Ազատության հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու հետ կապված նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և կապիտալ շինարարության աշխատանքների հետ: Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքի փոխանակման շրջանակներում Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող անշարժ գույքը կփոխանցվի կազմակերպության կողմից նշված դուստր ընկերությանը: Հեծանվահրապարակի և ստորգետնյա ավտոկայանատեղիի կապիտալ շինարարությունը կկատարի կազմակերպության կողմից նշված դուստր ընկերությունը: Մեկից ավելի դուստր ընկերությունների միջոցով ծրագրի իրականացման դեպքում կազմակերպության դուստր ընկերություններից մեկի հետ կնքվում է Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, իսկ մյուսի (մյուսների) հետ կնքվում են նոր հեծանվահրապարակի և ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման կապալի պայմանագրերը:

3. Երևանի քաղաքապետին`

1) Հայաստանի Հանրապետության անունից «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր` ապահովելով գործարքի նոտարական վավերացման և գրանցման հետ կապված ծախսերի վճարումը, պետության սեփականության իրավունքի գրանցումը, գույքի ընդունումը, ինչպես նաև` անհատույց օգտագործման պայմանագիր` ապահովելով գործարքի նոտարական վավերացման և գրանցման հետ կապված ծախսերի վճարումը, հասարակական կազմակերպության օգտագործման իրավունքի պետական գրանցումը.

2) ապահովել «Ռենկո Արմեսթեյթ» ընկերության կողմից հօգուտ պետությանը հրաժարված` Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 27/8 հասցեում գտնվող 2 հեկտար հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցումը։ Նշված հողամասը մինչև նոր հեծանվահրապարակի կառուցման համար տրամադրելը գնահատել հողամասի շուկայական արժեքը.

3) կազմակերպության դուստր ընկերության հետ կնքել Երևան քաղաքում նոր հեծանվահրապարակի կառուցման և Ազատության հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու ներդրումային ծրագրի, ինչպես նաև Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող անշարժ գույքը դուստր ընկերությանը փոխանցելու վերաբերյալ համաձայնագիր` դրա շրջանակներում կնքելով առանձին երեք գործարք` ըստ սույն որոշման հավելվածով սահմանված հիմնական պայմանների, հանդիպական վճարումները կատարելով բանկային և գանձապետական համակարգի միջոցով` միաժամանակյա վճարում-գանձում եղանակով.

4) կազմակերպության դուստր ընկերության հետ կնքվող կապալի պայմանագրերի շրջանակներում, համաձայնեցված Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ, ապահովել շինարարական աշխատանքների կապակցությամբ Ազատության հրապարակում հուշարձանների (Հ. Թումանյանի և Ա. Սպենդիարյանի) անվտանգ ապամոնտաժումն ու պահպանությունը և շինարարությունից հետո անվտանգ վերականգնումը նախկին տեսքով` հաշվի առնելով «Ազատության հրապարակ» հուշարձանի հնարավոր փոփոխությունը.

5) որպես Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող անշարժ գույքի փոխանակման էական պայման` ապահովել կազմակերպության դուստր ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող 1,3881 հեկտար հողամասում կառուցապատում իրականացնելու համար առնվազն 35000 քառ. մետր մակերեսով վերգետնյա օբյեկտի կառուցապատման ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը` պայմանով, որ կառուցապատման նախագիծը կհամաձայնեցվի, և շինարարության թույլտվությունը կտրամադրվի միայն Ազատության հրապարակի ավտոկայանատեղիի կապիտալ շինարարության և Ծովակալ Իսակովի պողոտայի հողամասի վրա նոր հեծանվահրապարակի կառուցման կապիտալ շինարարության ավարտական ակտերի ձևակերպումից հետո:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նախատեսված` նվիրաբերված անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվում են Երևանի քաղաքապետարանի անվանմամբ բացված` Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից եկամուտներ հատուկ հաշվին (հաշվի համարը` 9000018211020), որից էլ իրականացվում է սույն որոշմամբ նախատեսված հողի գնման, ինչպես նաև կապիտալ շինարարության օբյեկտների նախագծանախահաշվային և շինարարական աշխատանքների ֆինանսավորումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գնումների լիազոր մարմնի գործառույթներն իրականացնելիս` հաշվի առնել սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գործարքների` փոխանակության բնույթը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 29
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
օգոստոսի 28-ի N 955-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԱԿԱՆ «ՌԵՆԿՈ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գործարք 1. Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող 1,3881 հեկտար հողամասի և այդտեղ տեղակայված 9018,6 քառ. մետր մակերեսով շենքի և 615,6 քառ. մետր մակերեսով շինությունների առուվաճառք.

 

Վաճառողը Հայաստանի Հանրապետություն` ի դեմս Երևանի քաղաքապետի: Առանձին համայնք ձևավորվելու պահից վաճառողի` գնի ստացման իրավունքն անցնում է Երևան քաղաքին։
Գնորդը կազմակերպության հայաստանյան դուստր ընկերություն
Առարկան հողատարածքը` տեղակայված անշարժ գույքով
Գինը [n] դրամ` առանց ԱԱՀ-ի (հարկման օբյեկտ չէ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ կետ)
Գնի վճարման ժամկետը [երկու]* տարի, մաս-մաս կամ ավարտից հետո` միանվագ Ժամկետի հաշվարկն սկսվում է 2-րդ գործարքի և 3-րդ գործարքի մասով շինարարության թույլտվության տրամադրման օրվանից:
Սեփականության իրավունքի փոխանցումը կնքումից հետո 30 օրվա ընթացքում` պայմանագրի գրանցման պահից
Գրավը վաճառքի ամբողջ առարկան` մինչև գնի վճարումը
Ծանրաբեռնումը Պահպանվում է հասարակական կազմակերպության անհատույց օգտագործման իրավունքը` [երկու] տարի ժամկետով։
Էական պայմանը Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող հողամասում առնվազն 35000 քառ. մետր մակերեսով վերգետնյա օբյեկտի կառուցապատման հնարավորություն
Նոտարական վավերացման և գրանցման ծախսերը գնորդի հաշվին
Բյուջետային պլանավորումը [2010]** թվականին Երևանի համաքաղաքային ծախսերի արտաբյուջեում կամ Երևան քաղաքի բյուջեում կապիտալի գործառնությունից մուտք

 

Գործարք 2. Ազատության հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղիի կապիտալ շինարարության պայմանագիր.

 

Պատվիրատուն Հայաստանի Հանրապետություն` ի դեմս Երևանի քաղաքապետի: Առանձին համայնք ձևավորվելու պահից պատվիրատուի` ընդունման և վճարման պարտավորությունն անցնում է Երևան քաղաքին։
Կապալառուն Իտալական «Ռենկո» ընկերության հայաստանյան դուստր ընկերություն
Առարկան 500 ավտոմեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքներ
Գինը հաստատուն [n1] դրամ` ներառյալ ԱԱՀ-ն
Գնագոյացման մեթոդը հաստատուն գին/ lump sum
Գնի վճարման ժամկետը [երկու] տարի` մաս-մաս կամ ավարտից հետո` միանվագ
Սեփականության իրավունքը պետական, առանձին համայնք ձևավորվելու պահից` Երևանի սեփականություն
Իրականացման փուլերը երկու փուլ`
1) քանդման աշխատանքներ.
2) շինարարություն` քանդման աշխատանքների արդյունքում պարզված վիճակից ելնելով կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա
Թույլտվություններ պատվիրատուի համար`
1) քանդման նախագծանախահաշվային փաստաթղթերի` սահմանված կարգով մշակում, համաձայնեցում, քանդման թույլտվություն.
2) նախագծանախահաշվային փաստաթղթերի` սահմանված կարգով մշակում, փորձաքննություն, համաձայնեցում, շինարարության թույլտվություն կապալառուի համար`
կապիտալ շինարարության լիցենզիա
Բյուջետային պլանավորումը [2010] թվականին Երևանի համաքաղաքային ծախսերի արտաբյուջեում կամ Երևան քաղաքի բյուջեում կապիտալ շինարարության ծախսի պլանավորում

 

Գործարք 3. Նոր հեծանվահրապարակի կապիտալ շինարարության պայմանագիր.

 

Պատվիրատուն Հայաստանի Հանրապետություն` ի դեմս Երևանի քաղաքապետի: Առանձին համայնք ձևավորվելու պահից պատվիրատուի` ընդունման և վճարման պարտավորությունն անցնում է Երևան քաղաքին։
Կապալառուն Իտալական «Ռենկո» ընկերության հայաստանյան դուստր ընկերություն
Առարկան Ծովակալ Իսակովի պողոտայի` պետական հողի վրա կապիտալ օբյեկտի կառուցման աշխատանքներ: Օբյեկտը միջազգային չափանիշներին համապատասխան հեծանվահրապարակ է, որի նստատեղերը փակված են ծածկով, իսկ վազքուղին (հրապարակը) առանց ծածկի է:
Գնագոյացման մեթոդը հաստատուն գին/ lump sum
Գինը հաստատուն գին [n2] դրամ` ներառյալ ԱԱՀ-ն
Գնի վճարման ժամկետը [երկու] տարի` մաս-մաս կամ ավարտից հետո` միանվագ
Սեփականության իրավունքը պետական, առանձին համայնք ձևավորվելու պահից` Երևանի սեփականություն
Թույլտվություններ պատվիրատուի համար`
     նախագծանախահաշվային փաստաթղթերի`
սահմանված կարգով մշակում, փորձաքննություն, համաձայնեցում, շինարարության թույլտվություն կապալառուի համար`
     կապիտալ շինարարության լիցենզիա
Բյուջետային պլանավորումը [2010] թվականին Երևանի համաքաղաքային ծախսերի արտաբյուջեում կամ Երևան քաղաքի բյուջեում կապիտալ շինարարության ծախսի պլանավորում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան