Գլխավոր տեղեկություն
Համար
N 123-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (27.09.2008-10.03.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.04/16(388) Հոդ.263
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 փետրվարի 2005 թվականի N 123-Ն


ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) աուդիտորների որակավորման քննությունների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

1.1. Սահմանել, որ Հաշվապահների միջազգային դաշնության կողմից իր կրթական ստանդարտներին համապատասխան անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորները, ինչպես նաև նշված կրթական ստանդարտներին համապատասխան Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների կողմից մինչև նրանց հավատարմագրումն անցկացված քննությունները դրական հանձնած (անցողիկ միավորը հավաքած) մասնագետները համարվում են քննությունները հանձնած: Սույն կետի պահանջների կատարումը հավաստող փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման մարմինն այդ մասնագետներին տալիս է աուդիտորի որակավորման վկայական` նրանց կողմից դիմում տալու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում:

(1.1 կետը լրաց. 14.08.08 N 1009-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 14
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 3-ի N 123-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ


1. Սույն կարգով կարգավորվում են աուդիտորական ծառայությունների իրականացումը լիցենզավորելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) կողմից աուդիտորների որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Աուդիտորների որակավորումը «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 22-րդ հոդվածով սահմանված պահանջները (սույն կարգի 3-րդ կետ) բավարարող աուդիտորի որակավորում ստանալու համար լիազորված մարմին դիմում ներկայացրած ֆիզիկական անձի (այսուհետ՝ դիմող) մասնագիտական գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա աուդիտորի որակավորման վկայական (այսուհետ՝ վկայական) տալու ընթացակարգ է: Աուդիտորների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով:

3. Աուդիտորների որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր ունեն`

ա) տնտեսագետի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ՝

բ) բարձրագույն կրթություն և վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:

Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում այն դիմողին, որը դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ դատարանի վճռով զրկվել է ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

4. Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցելու համար մասնագիտական աշխատանք է համարվում աուդիտորի, աուդիտորական կազմակերպության ղեկավարի, մասնագիտական աշխատանքների գծով նրա տեղակալի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և նրանց տեղակալների, աուդիտորի օգնականի, ինչպես նաև հաշվապահական հաշվառման, ֆինանսական, հարկային, աուդիտորական, տնտեսագիտական բնույթի, նշված բնագավառներում մեթոդաբանի, մասնագետի, փորձագետի, վերահսկիչի, խորհրդատուի, գիտական աշխատողի և դասախոսի աշխատանքը:

5. Աուդիտորների որակավորման քննություններն անցկացնում է լիազորված մարմնի կողմից ստեղծված աուդիտորների որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով): Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն ինն անդամ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մեկական ներկայացուցիչ: Հանձնաժողովի կազմում լիազորված մարմնի ներկայացուցիչների թիվը չի կարող չորսից պակաս լինել:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվում լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող նախարարի տեղակալը:

6. Քննությունները կարող են անցկացվել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած աուդիտորների որակավորման քննությունների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր), ինչպես նաև լիազորված մարմնի կողմից այդ ծրագրի շրջանակներում հաստատված հարցերը (թեստերը) և տիպային խնդիրները պաշտոնապես հրապարակվելու օրվանից ոչ շուտ, քան 2 ամիս հետո:

(6-րդ կետը լրաց. 01.12.05 N 2061-Ն)

7. Լիազորված մարմնի աշխատակազմը նախապատրաստում է քննությունների հարցերը (թեստերը) և խնդիրները (այսուհետ՝ հարցաշար) և դրանք զետեղում համակարգչում: Յուրաքանչյուր հարց (թեստ) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

Համակարգչում զետեղված հարցերի (թեստերի) ընդհանուր քանակը չի կարող պակաս լինել մեկ հազարից, իսկ խնդիրներինը՝ 60-ից: Հարցաշարը չպետք է պարունակի այնպիսի դրույթներ, որոնք նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ գերատեսչական նորմատիվ ակտերով:

8. Քննությանը մասնակցելու համար դիմողը ներկայացնում է`

ա) լիազորված մարմնի կողմից հաստատված ձևի դիմում,

բ) անձնագրի պատճենը,

գ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

դ) աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը,

ե) 2 լուսանկար՝ 3 x 4 չափսի,

զ) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը:

9. Դիմումներն ուսումնասիրում է լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կարգի 8-րդ կետով պահանջվող փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում` սույն կետում նշված 15 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին բանավոր կամ գրավոր տեղեկացվում է դիմողին, իսկ սույն կարգի 3-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում` նույն ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացվում է դիմողին և մերժվում նրա` քննությանը մասնակցելու մասին դիմումը: Փաստաթղթերը ներկայացնելու ժամանակ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը չներկայացնելը հիմք չի հանդիսանում դիմումը մերժելու համար, սակայն դիմողը պետք է այն ներկայացնի մինչև քննության սկիզբը:

Պետական տուրքը չվճարած դիմողը չի կարող մասնակցել քննությանը:

(9-րդ կետը խմբ. 14.08.08 N 1009-Ն)

10. Քննություններն անցկացվում են պարբերաբար՝ լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, եթե առկա է սույն կարգի 3-րդ կետի պահանջները բավարարող առնվազն մեկ դիմում: Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողին տեղեկացվում է քննությունից առնվազն 7 օր առաջ:

(10-րդ կետը փոփ. 14.08.08 N 1009-Ն)

11. Դիմողին թույլատրվում է մասնակցել քննությանը՝ միայն անձնագրի կամ նրա անձը հաստատող այլ փաստաթղթի առկայության դեպքում: Իր անձը հաստատող որևէ փաստաթուղթ չունեցող, ինչպես նաև քննությունն սկսելուց հետո ներկայացած դիմողը չի կարող մասնակցել տվյալ օրվա քննությանը:

12. Քննություններն անցկացվում են հայերենով՝ 2 փուլով`

առաջին փուլ՝ թեստեր,

երկրորդ փուլ՝ խնդիրներ:

Քննության առաջին և երկրորդ փուլերն անցկացվում են նույն օրվա ընթացքում: Քննության առաջին փուլի տևողությունը սահմանվում է երկու ժամ 30 րոպե, իսկ երկրորդ փուլինը՝ երեք ժամ:

(12-րդ կետը փոփ. 14.08.08 N 1009-Ն)

13. Քննությունն անցկացվում է գրավոր՝ համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարից համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրված թեստերից (թեստերի փուլի համար) և խնդիրներից (խնդիրների փուլի համար) կազմված հարցաթերթիկներով:

14. Քննության առաջին՝ թեստերի փուլն անցկացնելու համար կազմվող հարցաթերթիկում ներառվում են ծրագրի հաշվապահական հաշվառման բաժնին վերաբերող 30, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների բաժնին վերաբերող 30, տնտեսական իրավունքի և աուդիտի բաժիններին վերաբերող 20-ական թեստեր (ընդամենը 100 թեստ):

Սույն կետում նշված քանակական համամասնությունների սահմաններում բաժիններից յուրաքանչյուրի առանձին թեմային վերաբերող թեստերի քանակը սահմանվում է հանձնաժողովի որոշմամբ՝ հիմք ընդունելով հարցաշարի համապատասխան բաժնում տվյալ թեմային վերաբերող հարցերի համամասնությունը (տեսակարար կշիռը):

15. Հանձնաժողովը քննության առաջին փուլն ավարտվելուց հետո նույն օրն ստուգում է դիմողների աշխատանքները և, հաշվի առնելով սույն կետի պահանջները, ընդունում է որոշում նրանց երկրորդ փուլ անցնելու հարցի վերաբերյալ և քննության երկրորդ փուլն սկսելուց առնվազն մեկ ժամ առաջ հրապարակում քննության արդյունքները: Այդ նպատակով հանձնաժողովն ամփոփում է քննության առաջին փուլի արդյունքները՝ ըստ յուրաքանչյուր դիմողի գնահատման միավորների քանակի և տոկոսի, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատելով մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը, նշած պատասխանը փոփոխելը (ուղղելը), ինչպես նաև որևէ պատասխան չնշելը:

Դիմողը քննության երկրորդ փուլ է անցնում առաջին փուլի առաջադրանքների առնվազն 70 տոկոսին, այդ թվում՝ սույն կարգի 14-րդ կետում նշված 4 առանձին բաժինների թեստերի առնվազն 60 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

(15-րդ կետը լրաց. 14.08.08 N 1009-Ն)

16. Քննության երկրորդ փուլն անցկացվում է առաջին փուլի արդյունքների հրապարակումից ոչ շուտ, քան մեկ ժամ հետո և ոչ ուշ, քան նշված փուլի ավարտից երեք ժամ հետո:

17. Քննության երկրորդ փուլն անցկացնելու համար կազմվող հարցաթերթիկում ներառվում են հաշվապահական հաշվառմանը, հարկերին, տուրքերին և այլ պարտադիր վճարներին, աուդիտորական գործունեությանը վերաբերող երկուական (ընդամենը 6), բարդության տարբեր աստիճաններ ունեցող և առավելագույնը 3, 4 կամ 5 միավորի սահմաններում գնահատվող խնդիրներ, որոնց գնահատման չափանիշները սահմանում է լիազորված մարմինը:

Հարցաթերթիկում ներառված յուրաքանչյուր խնդիր գնահատվում է 0-ից մինչև տվյալ խնդրի գնահատման համար սահմանված առավելագույն միավորը՝ 0,1 տասնորդականի ճշտությամբ՝ ըստ լիազորված մարմնի կողմից սահմանված չափանիշների:

Դիմողը որակավորված է համարվում երկրորդ փուլի առաջադրանքների առնվազն 70 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

18. Քննության հարցերին պատասխանելու համար սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամանակը լրանալուց հետո հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը հայտարարում են սահմանված ժամանակն ավարտված լինելու մասին, որից հետո դիմողը պարտավոր է հարցաթերթիկը, իսկ խնդիրների` փուլում նաև իր գրած պատասխանները հանձնել հանձնաժողովի նախագահին: Դիմողների աշխատանքները ծածկագրվում են հանձնաժողովի սահմանած կարգով: Ծածկագրերը վերծանվում են միայն քննության առանձին փուլերի արդյունքների ամփոփումից հետո:

Հարցերի պատասխանները թեստերի փուլում գրվում են հարցաթերթիկի վրա, իսկ խնդիրների փուլում՝ հանձնաժողովի կողմից տրամադրված թղթերի վրա:

(18-րդ կետը փոփ. 14.08.08 N 1009-Ն)

19. Քննության հարցաթերթիկները կազմվում են քննության օրը՝ տվյալ փուլի անցկացումից առաջ, համակարգչային ծրագրի միջոցով` պատահական ընտրության սկզբունքով` հանձնաժողովի առնվազն 3 անդամի ներկայությամբ` 3 տարբերակից, որոնցից հանձնաժողովի նշված անդամների կողմից պատահական ընտրության սկզբունքով ընտրվում է մեկը, որը բազմացվում է քննության մասնակիցներին տրամադրելու համար:

20. Մինչև քննության սկիզբը հայտարարելը` հանձնաժողովի քարտուղարը դիմողներին ծանոթացնում է քննության ընթացակարգին և այն խախտելու հետևանքներին, պատասխանում է նրանց՝ քննությունների ընթացակարգի վերաբերյալ հարցերին: Քննություններն անցկացվում են դռնբաց: Քննությունների ընթացակարգը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:

21. Դիմողին չի թույլատրվում քննության ընթացքում երկխոսության մեջ մտնել մյուս դիմողների հետ, օգտվել համակարգչից, հեռահաղորդակցության միջոցներից, իրավական ակտերից և այլ փաստաթղթերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, ծածկաթերթիկներից, ինչպես նաև դուրս գալ քննասենյակից:

Սույն կետի պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում դիմողը դուրս է հրավիրվում քննասենյակից (դրա մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը, մասնակցի ցանկությամբ, տրվում է իրեն), իսկ եթե դիմողը դուրս է գալիս քննասենյակից, ապա նրա աշխատանքը համարվում է ավարտված, և նա պարտավոր է այն հանձնել հանձնաժողովին:

22. Հանձնաժողովը քննության անցկացման օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է քննության երկրորդ փուլի (խնդիրների) պատասխանները և, հաշվի առնելով սույն կարգի 17-րդ կետի պահանջները, ընդունում է որոշում դիմողներին աուդիտորի որակավորում շնորհելու վերաբերյալ: Այդ նպատակով յուրաքանչյուր խնդիր ստուգվում և գնահատվում է հանձնաժողովի առնվազն 2 անդամի կողմից:

Հանձնաժողովը քննության արդյունքներն ամփոփում է դռնփակ: Հանձնաժողովի եզրակացությունը հրապարակվում է:

Քննության արդյունքների մասին դիմողին պատշաճ ձևով հայտնվում է կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան քննությունների ավարտի օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

23. Քննության արդյունքները կարող են բողոքարկվել լիազորված մարմնի ղեկավարին` 30 օրվա ընթացքում, կամ դատական կարգով:

Լիազորված մարմնի կողմից բողոքները քննարկվում են այդ նպատակով ստեղծված հանձնաժողովում՝ դրանք լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

24. Հանձնաժողովի եզրակացությունը եռօրյա ժամկետում ներկայացվում է լիազորված մարմնի ղեկավարին, որի հիման վրա 10-օրյա ժամկետում դիմողին տրվում է լիազորված մարմնի կողմից հաստատված ձևի վկայական: Եթե վկայականը տրվում է այն դիմողին, որին մինչև այդ տրված աուդիտորի որակավորման վկայականը դեռևս ուժի մեջ է, ապա լիազորված մարմնի կողմից այդ վկայականը համարվում է անվավեր՝ հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Չստացված վկայականը պահպանվում է մեկ տարի, որից հետո այն լիազորված մարմնի կողմից համարվում է անվավեր:

25. Վկայականը տրվում է 5 տարի ժամկետով: Վկայականի գործողությունը կարող է դադարեցվել օրենքով սահմանված դեպքերում:

26. Դիմողի կողմից հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում դիմողին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են վկայականը տալուց հետո, ապա լիազորված մարմնի կողմից այն ուժը կորցրած է ճանաչվում՝ հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

27. Քննության արդյունքների հիման վրա որակավորում չստացած, քննությանը չներկայացած, ինչպես նաև սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքերում դիմողն ընդհանուր հիմունքներով նորից կարող է մասնակցել քննությանը: Ընդ որում, քննությանը մասնակցելու համար նա կարող է ներկայացնել միայն սույն կարգի 8-րդ կետի «ա» ենթակետով պահանջվող՝ լիազորված մարմնի կողմից հաստատված ձևի դիմում, եթե փաստաթղթերը ներկայացնելու օրվանից չի անցել մեկ տարի:

(27-րդ կետը խմբ. 14.08.08 N 1009-Ն)

28. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլնի) դեպքում աուդիտորը պարտավոր է զանգվածային լրատվության միջոցով դրա մասին տալ հայտարարություն և կորցրած վկայականի կրկնօրինակն ստանալու համար դիմել լիազորված մարմին:

Աուդիտորը վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում, վկայականի կրկնօրինակը ստանալու նպատակով, դիմումի հետ միասին լիազորված մարմին է ներկայացնում նաև օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը:

Կորցրած կամ ոչ պիտանի դարձած վկայականը հանձնաժողովի եզրակացության հիման վրա համարվում է անվավեր՝ լիազորված մարմնի կողմից, իսկ դրա փոխարեն տրվում է «Կրկնօրինակ» նշագրմամբ նոր վկայական՝ սույն կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացվելուց հետո 10-օրյա ժամկետում:

Վկայականի կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու դեպքում վկայականի կրկնօրինակը տրվում է սույն կետով սահմանված ընթացակարգով:

29. Աուդիտորը պարտավոր է իր անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում` այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում ներկայացնել դիմում վկայականի վերաձևակերպման համար՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը, ինչպես նաև օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը:

Վկայականը վերաձևակերպվում է աուդիտորի դիմումը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո 10-օրյա ժամկետում:

30. Լիազորված մարմինը վարում է դիմումների և տրված վկայականների գրանցամատյաններ: Դիմումների գրանցամատյանում լրացվում են դիմումի գրանցման համարը և ամսաթիվը, դիմողի անունը, ազգանունը, հասցեն, քաղաքացիությունը, անձնագրի սերիան ու համարը, և կատարվում է նշում որակավորվելու կամ չորակավորվելու մասին: Տրված վկայականների գրանցամատյանում լրացվում են աուդիտորի անունը, ազգանունը, դիմումի գրանցման համարը, հանձնաժողովի համապատասխան եզրակացության ամսաթիվը և արձանագրության համարը, վկայականը տալու ամսաթիվը և համարը:

31. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

32. Հանձնաժողովն իր նիստերի նախապատրաստումը, դիմողի մասին անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ:

33. Քննությունների պատասխանները և հանձնաժողովի եզրակացությունները պահպանվում են 3 տարի, որից հետո դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում են արխիվ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 3-ի N 123-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


Բաժին I. Հաշվապահական (ֆինանսական) հաշվառում

Թեմա 1. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք

Թեմա 2. Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներ

ՀՀՀՀՍ 1 Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում
ՀՀՀՀՍ 2 Պաշարներ
ՀՀՀՀՍ 4 Մաշվածության հաշվառում
ՀՀՀՀՍ 7 Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին
ՀՀՀՀՍ 8 Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ
ՀՀՀՀՍ 10 Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր
ՀՀՀՀՍ 11   Կառուցման պայմանագրեր
ՀՀՀՀՍ 12   Շահութահարկ
ՀՀՀՀՍ 14   Սեգմենտային հաշվետվություններ
ՀՀՀՀՍ 16   Հիմնական միջոցներ
ՀՀՀՀՍ 17   Վարձակալություն
ՀՀՀՀՍ 18   Հասույթ
ՀՀՀՀՍ 19   Աշխատակիցների հատուցումներ
ՀՀՀՀՍ 20   Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում
ՀՀՀՀՍ 21   Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխության հետևանքները
ՀՀՀՀՍ 22 Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ
ՀՀՀՀՍ 23   Փոխառության ծախսումներ
ՀՀՀՀՍ 24   Կապակցված կողմերի բացահայտում
ՀՀՀՀՍ 26   Թոշակային հատուցումների պլանների հաշվապահական հաշվառումն ու հաշվետվությունը
ՀՀՀՀՍ 27   Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում
ՀՀՀՀՍ 28   Ասոցացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում
ՀՀՀՀՍ 29   Ֆինանսական հաշվետվությունները գերսղաճային տնտեսություններում
ՀՀՀՀՍ 30   Բանկերի և նմանատիպ ֆինանսական հաստատությունների ֆինանսական հաշվետվություններում բացահայտումներ
ՀՀՀՀՍ 31   Համատեղ ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում
ՀՀՀՀՍ 32 Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը
ՀՀՀՀՍ 33   Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ
ՀՀՀՀՍ 34   Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ
ՀՀՀՀՍ 35   Ընդհատվող գործառնություններ
ՀՀՀՀՍ 36   Ակտիվների արժեզրկում
ՀՀՀՀՍ 37   Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ
ՀՀՀՀՍ 38   Ոչ նյութական ակտիվներ
ՀՀՀՀՍ 39   Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը
ՀՀՀՀՍ 40 Ներդրումային գույք


Թեմա 3. Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլան


Բաժին II. Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ



Թեմա 1. «Հարկերի մասին» ՀՀ օրենք

Թեմա 2. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենք

Թեմա 3. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք

Թեմա 4. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք

Թեմա 5. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք

Թեմա 6. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենք

Թեմա 7. «Հողի հարկի մասին» ՀՀ օրենք

Թեմա 8. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք

Թեմա 9. «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք

Թեմա 10. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Թեմա 11. «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք

Թեմա 12. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենք

(12-րդ թեման փոփ. 14.08.08 N 1009-Ն)

Թեմա 13. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրք

Մաքսային ռեժիմներ

Ընդհանուր դրույթներ մաքսային արժեքի վերաբերյալ

Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի մաքսային արժեքը և դրա բաղկացուցիչները

Մաքսային արժեքի որոշման կանոնները

Մաքսատուրքեր

Մաքսավճարներ

(13-րդ թեման խմբ. 14.08.08 N 1009-Ն)

Թեմա 14. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենք


Թեմա 15. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենք

Թեմա 16. «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենք

Բաժին III. Աուդիտ


Թեմա 1. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք


Թեմա 2. Աուդիտի ստանդարտներ

ԱՍ 120  Աուդիտի ստանդարտների շրջանակները
ԱՍ 200  Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները
ԱՍ 210  Աուդիտի անցկացման պայմանները
ԱՍ 220 Աուդիտորական աշխատանքների որակի վերահսկողությունը
ԱՍ 230  Փաստաթղթավորումը
ԱՍ 240  Խարդախություն և սխալներ
ԱՍ 250  Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման ուսումնասիրումը
ԱՍ 300 Պլանավորումը
ԱՍ 310 Գործիմացությունը
ԱՍ 320  Էականությունն աուդիտում
ԱՍ 400  Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը
ԱՍ 401  Աուդիտի անցկացումը համակարգչային տեղեկատվական համակարգերի միջավայրում
ԱՍ 402  Սպասարկող կազմակերպության ծառայություններից օգտվող կազմակերպությունների վերաբերյալ աուդիտորական ուսումնասիրությունները
ԱՍ 500 Աուդիտորական ապացույցներ
ԱՍ 501  Աուդիտորական ապացույցներ- հատուկ հոդվածների լրացուցիչ ուսումնասիրություններ
ԱՍ 510  Սկզբնական աուդիտ- սկզբնական մնացորդներ
ԱՍ 520  Վերլուծական ընթացակարգեր
ԱՍ 530  Աուդիտորական ընտրանքը և ընտրանքային այլ ընթացակարգերը
ԱՍ 540  Հաշվապահական գնահատումների աուդիտ
ԱՍ 550  Կապակցված կողմեր
ԱՍ 560  Հետագա դեպքեր
ԱՍ 570  Կազմակերպության գործունեության անընդհատությունը
ԱՍ 580 Կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվությունը
ԱՍ 600  Այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների օգտագործումը
ԱՍ 610  Ներքին աուդիտորական աշխատանքների ուսումնասիրությունը
ԱՍ 620  Փորձագետի աշխատանքի օգտագործումը
ԱՍ 700 Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը
ԱՍ 710 Համեմատություններ
ԱՍ 720  Աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններ պարունակող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվությունը
ԱՍ 800  Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը
ԱՍ 810  Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը
ԱՍ 910  Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքներ
ԱՍ 920  Ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքներ
ԱՍ 930  Ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիա


Թեմա 3. Աուդիտորի վարքագծին ներկայացվող պահանջներ


Բաժին IV. Տնտեսական իրավունք


Թեմա 1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք


Թեմա 2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք

Ընդհանուր դրույթներ

Լիցենզավորման իրականացումը

Լիցենզավորման պայմանները և պահանջները

(2-րդ թեման փոփ. 14.08.08 N 1009-Ն)

Թեմա 3. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման անցկացման մասին» ՀՀ օրենք


Թեմա 4. «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենք

Ներդրումային ընկերությունների գործունեության տնտեսական նորմատիվները

Ներդրումային ընկերություններում հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները

Շուկայի կազմակերպումը

(4-րդ թեման խմբ. 14.08.08 N 1009-Ն)

Թեմա 5. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք

Հակամրցակցային համաձայնություններ

Գերիշխող դիրք

Համակենտրոնացում

Անբարեխիղճ մրցակցություն


Թեմա 6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք

Քաղաքացիական օրենսդրությունը և քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտեր

Իրավաբանական անձինք

Քաղաքացիական իրավունքների օբյեկտները

Սեփականության իրավունք և այլ գույքային իրավունքներ

Գործարքներ, ներկայացուցչություն, ժամկետներ, հայցային վաղեմություն

Ընդհանուր դրույթներ պարտավորությունների մասին

Պայմանագրից ծագող պարտավորություններ


Թեմա 7. (7-րդ թեման հանվել է 14.08.08 N 1009-Ն)


Թեմա 8. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք

Վարչական իրավախախտումը և պատասխանատվությունն այն կատարելու համար

Վարչական տույժը և դրա նշանակումը

Սեփականության դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումները

(Տողը հանվել է 14.08.08 N 1009-Ն)

Տուգանք նշանակելու մասին որոշման կատարման վարույթը


Թեմա 9. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք

 
Թեմա 10. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք


Թեմա 11. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք


Թեմա 12. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենք


Թեմա 13. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք


Թեմա 14. «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք


Թեմա 15. «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք


Թեմա 16. «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենք


Թեմա 17. «Ապահովագրության մասին» ՀՀ օրենք


ԹԵմա 18. «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենք


ԹԵմա 19. (19-րդ թեման հանվել է 14.08.08 N 1009-Ն)


Թեմա 20. (20-րդ թեման հանվել է 14.08.08 N 1009-Ն)


Թեմա 21. «Գնումների մասին» ՀՀ օրենք


Թեմա 22. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք


ԹԵմա 23. «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք


ԹԵմա 24. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք


Թեմա 25. «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենք


Թեմա 26. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք


Թեմա 27. «Սնանկության մասին» ՀՀ օրենք

(27-րդ թեման խմբ. 14.08.08 N 1009-Ն)

Թեմա 28. «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենք


Թեմա 29. ՀՀ աշխատանքային օրենսգիրք


Թեմա 30. ՀՀ քրեական օրենսգիրք


«Հանցագործություն» հասկացությունը և տեսակները

Քրեական պատասխանատվության ենթակա անձինք

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները

Թեմա 31. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենք

(31-րդ թեման լրաց. 14.08.08 N 1009-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան