Գլխավոր տեղեկություն
Համար
N 953-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.09.2008-17.03.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.03/55(645) Հոդ.922
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2008 թվականի N 953-Ն

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 14-րդ, 15-րդ ու 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 192 որոշման 2-րդ, 3-րդ ու 5-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մթնոլորտային օդի աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի քննության և արտանետումներ կատարելու թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. օգոստոսի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 21-ի N 953-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է մթնոլորտային օդի աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների սահմանային թույլատրելի արտանետումների (այսուհետ` ՍԹԱ) նորմատիվների նախագծերի քննության և արտանետումներ կատարելու թույլտվություն տալու ընթացակարգը:

2. ՍԹԱ-ի նորմատիվների նախագծերը (այսուհետ՝ նախագիծ) մշակվում են մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 259 որոշման և այլ իրավական ակտերի համաձայն պետական հաշվառման ենթակա կազմակերպությունների և ֆիզիկական անձ չհանդիսացող անհատ ձեռներեցների (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) համար:

3. Տնտեսավարող սուբյեկտը նախագծերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն (այսուհետ` նախարարություն)` արտանետումներ կատարելու թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստանալու նպատակով:

4. Նախագիծը ներկայացվում է թղթային տարբերակով (երեք օրինակից)` ուղեկցող նամակի հետ միասին, կամ էլեկտրոնային տարբերակով` այն տեղադրելով նախարարության ինտերնետային www.mnp.am կայքում` դրա մասին ծանուցելով նախարարության աշխատակազմի քարտուղարության nalaverdyan@mnp.am էլեկտրոնային հասցեով:        

5. Թղթային տարբերակով ներկայացված նախագծի քննության համար սահմանվում է 30-օրյա, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացված նախագծի դեպքում` 15-օրյա ժամկետ` սույն կարգի 4-րդ կետում նշված կայքում նախագծի տեղադրման մասին ծանուցման օրվանից:

6. Նախարարությունը`

1) թղթային տարբերակով ներկայացված նախագիծը 3 օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացված նախագծի դեպքում` ծանուցում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ph@ph.am էլեկտրոնային հասցեով.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը թղթային տարբերակով ներկայացված նախագիծը 15 օրվա ընթացքում, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացված նախագիծը 5 օրվա ընթացքում ուսումնասիրում և իր իրավասությունների սահմաններում նախարարություն է ներկայացնում եզրակացություն նախագծի վերաբերյալ: Եզրակացությունը կարող է տեղադրվել նաև www.mnp.am կայքի համապատասխան էջում:

7. Նախագծի քննությունն ավարտվելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի գրությամբ տնտեսավարող սուբյեկտին`

1) նախագծի վերաբերյալ դիտողությունների բացակայության դեպքում տրվում է թույլտվություն` 5 տարի ժամկետով.

2) նախագծի վերաբերյալ դիտողությունների առկայության դեպքում տեղեկացվում է ներկայացված նախագծում թերությունների վերացման անհրաժեշտության մասին: Տնտեսավարող սուբյեկտի կողմից 10-օրյա ժամկետում թերությունները չվերացվելու դեպքում թույլտվություն չի տրվում.

3) մերժում ստացած տնտեսավարող սուբյեկտը թույլտվություն ստանալու համար նախագիծը կրկին ներկայացնում է սույն կարգով սահմանված ընթացակարգով:

8. Թույլտվություն տալը մերժելը տնտեսավարող սուբյեկտը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Թույլտվության ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ տնտեսավարող սուբյեկտն աղտոտման անշարժ աղբյուրների և աղտոտող նյութերի, ինչպես նաև ֆոնային աղտոտվածության մասով փոփոխությունների բացակայության դեպքում դիմում է նախարարություն` թույլտվությունը 5 տարով երկարաձգելու մասին խնդրանքով, իսկ փոփոխությունների առկայության դեպքում թույլտվություն ստանալու համար տնտեսավարող սուբյեկտը քննության է ներկայացնում նոր կամ լրամշակված նախագիծ` սույն կարգով սահմանված ընթացակարգով:

10. Թույլտվությունը կազմվում է մեկ օրինակից, որը տրվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ դրա պատճենը պահվում է նախարարությունում: Թղթային տարբերակով ընդունված նախագծի մեկ օրինակը վերադարձվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ մյուսը պահվում է նախարարությունում: Էլեկտրոնային տարբերակով ընդունված նախագիծը պատճենահանվում է առանձին էլեկտրոնային կրիչի վրա և պահվում նախարարությունում:

11. Նոր կառուցվող, ընդլայնվող և վերակառուցվող օբյեկտների համար տնտեսավարող սուբյեկտներին թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 192 որոշման 5-րդ կետի համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան