Գլխավոր տեղեկություն
Համար
N 487-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (07.08.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.03/25(480) Հոդ.497
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2006 թվականի N 487-Ն

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 06.07.06 N 1008-Ն)

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ`

ա) «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշված ծրագրերի իրականացման աշխատանքների կատարումն է,

բ) «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմն է,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական ոչ առևտրային կազմակերպությունների լիազորված պետական մարմիններին վերապահված այլ լիազորություններ,

դ) մինչև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի արժողությամբ գույքը, բացառությամբ հողի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի, կարող է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվել սեփականության իրավունքով, իսկ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, հողը, շենքերը, շինությունները և պատմամշակութային նշանակության գույքը նշված կազմակերպությանը տրվում են անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։

(2-րդ կետը փոփ. 06.07.06 N 1008-Ն, 24.07.08 N 776-Ն)

3. Թույլատրել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` «Ուրիշ խմբերում չներառված այլ ֆինանսական միջնորդություն (65.23.9)»։

4. Հաստատել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել`

ա) «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելու նպատակով` 27.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների կատարման ծախսեր» հոդվածով),

բ) ըստ լիազորված պետական մարմնի կողմից հաստատված նախահաշվի` ամսական 100.0 հազ. դրամ ծախսեր կատարելու նպատակով` 300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

(5-րդ կետը փոփ. 06.07.06 N 1008-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 20
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
ապրիլի 13-ի N 487-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է (այսուհետ` կազմակերպություն)։

(1-ին կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

2. Կազմակերպությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) 2006 թվականի ապրիլի 13-ի N 487-Ն որոշմամբ` հիմնադրման միջոցով։

(2-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, որը գործում է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով, 2006 թվականի մարտի 27-ին ստորագրված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրով, դրան կից այն պայմանագրերով, որոնց կողմ է հանդիսանում կազմակերպությունը (այսուհետ` բոլորը միասին` համաձայնագիր), և սույն կանոնադրությամբ։

(3-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

4. Հիմնադրի և կազմակերպության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համաձայնագրով և սույն կանոնադրությամբ։

(4-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք:

(5-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

6. Կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

(6-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

7. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և հաշիվներ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

(7-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

8. Կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

անգլերեն լրիվ` Millennium Challenge Account Armenia State Non-Commercial Organization,

հայերեն կրճատ` «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ,

անգլերեն կրճատ` MCA-Armenia SNCO։

(8-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

9. Կազմակերպության գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/1:

(9-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն, փոփ. 24.07.08 N 776-Ն)

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

10. Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից համաձայնագրի կատարման վերահսկողությունն ու կառավարումն է, համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային ծրագրի իրականացման աշխատանքների կատարումը։

(10-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

11. Կազմակերպության խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության հաշվին` իր անունից համաձայնագրով նախատեսված աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացումը, որպես Հայաստանի Հանրապետության գործակալ,

բ) համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում աշխատանքների կատարման ժամանակացույցի ու ծրագրի բյուջեի նախագծի կազմումը և կառավարման խորհուրդ ներկայացնելը,

գ) համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման մրցույթների անցկացումը,

դ) համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում աշխատանքների, ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերման ժամանակ ներկայացված առաջարկների գնահատումն ու վերլուծությունը,

ե) համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման հետ կապված` իր լիազորությունների սահմաններում բոլոր տեսակի պայմանագրերի նախապատրաստումն ու ստորագրումը,

զ) համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման մոնիթորինգը` ներառյալ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի համար ընդունելի ձևով հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը,

է) կապալառուների և մատակարարների կողմից համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունը,

ը) համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` նաև խորհրդատվական) ձեռքբերումը,

թ) գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը և (կամ) իրականացումը,

ժ) համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման հետ կապված վճարումների կազմակերպումը,

ժա) համաձայնագրի իրականացման շրջանակներում անհրաժեշտ կամ իրատեսորեն պահանջվող այլ գործողություններ:

(11-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

12. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` «Ուրիշ խմբերում չներառված այլ ֆինանսական միջնորդություն (65.23.9)»:

(12-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

13. Կազմակերպությունն օգտվում է համաձայնագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված արտոնություններից։

(13-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

14. Կազմակերպության իրավունակությունը ծագում է օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

(14-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

15. Կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ, համաձայնագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով:

(15-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

16. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:

(16-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

17. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի, իսկ հիմնադիրը` կազմակերպության պարտավորությունների համար:

(17-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

18. Կազմակերպության իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով։

(18-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

19. Կազմակերպությունը պարտավոր է`

ա) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.

բ) ապահովել կազմակերպության փաստաթղթերի պահպանումը.

գ) համաձայնագրով նախատեսված ծրագրի ավարտից հետո ամփոփ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) լիազորված պետական մարմնի կողմից իր տարեկան ֆինանսական հաշվետվության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում այն հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով:

(19-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

20. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության գործակալն է և համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության հաշվին` Հայաստանի Հանրապետության անունից:

(20-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

21. Կազմակերպությունն իր պահպանման ծախսերն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կողմից որպես գործակալական վարձատրություն տրվող գումարների հաշվին: Համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում կազմակերպության պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրանում առանձին ծախսատեսակների նորմատիվները (ներառյալ աշխատավարձը) և հաստիքացուցակը հաստատվում են լիազորված պետական մարմնի կողմից:

(21-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն) 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

22. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, կառավարման խորհուրդը և գործադիր մարմինը:

(22-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն) 

23. Կազմակերպության հիմնադրի բացառիկ իրավասության հարցերն են`

ա) կազմակերպության հիմնադրումը,

բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը,

գ) կազմակերպության կանոնադրության հաստատումը,

դ) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը։

(23-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

24. Լիազորված պետական մարմնի իրավասության հարցերն են`

ա) կազմակերպության կանոնադրության փոփոխությունների ու լրացումների կատարումը,

բ) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը,

գ) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը,

դ) կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը,

ե) կազմակերպության գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը,

զ) կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը,

է) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ հսկողության իրականացումը,

ը) կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ հսկողության իրականացումը,

թ) կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը,

ժ) կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը հաստատելը,

ժա) օրենքով, համաձայնագրով և հիմնադրի որոշումներով նախատեսված այլ գործառույթներ:

(24-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

25. Կազմակերպության կառավարման խորհուրդը գործում է համաձայնագրով սահմանված կարգով և համաձայնագրով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:

(25-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

26. Կառավարման խորհուրդը բաղկացած է ձայնի իրավունք ունեցող 12 անդամից և ձայնի իրավունք չունեցող 2 դիտորդից: Կառավարման խորհրդի անդամները պետք է ընդունելի լինեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի համար` հաշվի առնելով պատշաճ ներկայացուցչությունը:

(26-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն, փոփ. 24.07.08 N 776-Ն)

27. Կառավարման խորհրդի առաջին անհատական կազմը հաստատվում է հիմնադրի որոշմամբ, իսկ դրա մեջ փոփոխություններ կատարվում են լիազորված պետական մարմնի կողմից:

(27-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

28. Կառավարման խորհրդի` ձայնի իրավունք ունեցող անդամներն են`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետը,

բ) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը,

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը,

դ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը,

ե) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը,

զ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը,

է) Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը (կառավարման խորհրդի նշված 7 անդամ, այսուհետ` կառավարության ներկայացուցիչներ),

ը) քաղաքացիական հասարակության 5 անդամ` նշանակված համաձայնագրով նախատեսված շահառուների հանձնաժողովի կողմից (կառավարման խորհրդի նշված 5 անդամ, այսուհետ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ):

(28-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն, 24.07.08 N 776-Ն)

29. Կառավարման խորհրդի անդամները չեն վարձատրվում:

(29-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն) 

30. Կառավարման խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

(30-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

31. Կառավարության ներկայացուցիչները մասնակցում են կառավարման խորհրդի աշխատանքներին` ի պաշտոնե, և ոչ թե որպես անհատներ: Կառավարման խորհրդում հատկացված տեղերն զբաղեցնում են այդ պաշտոններն այդ պահին զբաղեցրած անձինք: Այն դեպքում, երբ կառավարության ներկայացուցչի մասնակցությունը կառավարման խորհրդի նիստին անհնար է, նրա փոխարեն նիստին կարող է մասնակցել ի պաշտոնե նրա հիմնական տեղակալը հանդիսացող պաշտոնատար անձը կամ վերջինիս պաշտոնին հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձը:

(31-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

32. Կառավարության 7 ներկայացուցչից յուրաքանչյուրը կարող է փոխարինվել համաձայնագրով նախատեսված ծրագրին առնչվող պետական մարմինների ներկայացուցիչներից մեկով, որը պետք է հաստատվի հիմնադրի և «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից:

(32-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն, փոփ. 24.07.08 N 776-Ն)

33. Քաղաքացիական հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է քաղաքացիական հասարակության մյուս ներկայացուցիչների մեծամասնության հաստատմամբ նշանակել փոխարինող, որը տվյալ անդամի փոխարեն (երբ նա չի կարող մասնակցել նիստին) կարող է մասնակցել կառավարման խորհրդի նիստին:

(33-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն) 

34. Կառավարման խորհրդի դիտորդներից մեկին նշանակում է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան, իսկ մյուսին` համաձայնագրով նախատեսված շահառուների խորհուրդը: Շահառուների խորհրդի կողմից նշանակված` կառավարման խորհրդի անդամ հանդիսացող դիտորդը պետք է հանդիսանա բնապահպանության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ: Եթե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից որևէ մեկն արդեն իսկ ներկայացնում է բնապահպանական հարցերով զբաղվող որևէ հասարակական կազմակերպություն, ապա հենց այդ անդամն էլ կգործի որպես բնապահպանության դիտորդ` համաձայն համաձայնագրի:

(34-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

35. Կառավարման խորհրդի դիտորդներն իրավունք ունեն մասնակցելու կառավարման խորհրդի բոլոր նիստերին և քննարկումներին, ստանալու կառավարման խորհրդին տրամադրված ամբողջ տեղեկատվությունը և բոլոր փաստաթղթերը, ծանոթանալու կառավարման խորհրդի փաստաթղթերին, պարզաբանումներ ստանալու կազմակերպության աշխատողներից, մուտք գործելու կազմակերպության աշխատավայրերը` կառավարման խորհրդի անդամներին հավասար պայմաններով:

(35-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

36. Կառավարման խորհրդի բացառիկ իրավասություններն են և չեն կարող փոխանցվել կառավարման այլ մարմիններին`

ա) կազմակերպության աշխատակազմի, համաձայնագրին համապատասխան ծրագրի ընդհանուր իրականացման, կազմակերպության կողմից համաձայնագրով սահմանված իրավունքների և պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը,

բ) այն բոլոր գործարքների, գործունեության, պայմանագրերի կամ փաստաթղթերի հաստատումը, որոնց նկատմամբ համաձայնագրով պահանջվում է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությունը` ներառյալ մատակարարի համար նախատեսված հատկացման վերաբաշխման հաստատումը` «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի պահանջով,

գ) այն բոլոր պայմանագրերի` ներառյալ դրանց փոփոխությունների, լրացումների, կասեցումների և լուծումների հաստատումը, որը կազմակերպության համար կարող է առաջացնել 100,000 ԱՄՆ-ի դոլարի (կամ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի և կազմակերպության կողմից սահմանված այլ գումար) և դրանից ավելի պարտավորություն, ինչպես նաև այն բոլոր գործողությունների հաստատումը, որոնց համար «Գնումների մասին» պայմանագրով պահանջվում է կառավարման խորհրդի հավանությունը,

դ) կազմակերպության կողմից «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի վճարման հայտագրի ներկայացումը,

ե) իրագործման պլանի, աուդիտի պլանների և աուդիտի արդյունքում տրված հանձնարարականների նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև կադրային համալրման պլանների հաստատումը,

զ) որևէ լրացուցիչ պայմանագրի կնքումը` ներառյալ դրա որևէ փոփոխությունը, լրացումը, դադարեցումը կամ լուծումը,

է) աշխատակազմի ձևավորումն ըստ համաձայնագրի,

ը) գլխավոր գործադիր տնօրենի, աշխատակազմի անդամների, ինչպես նաև
2,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և ավելի ամսական վարձատրությամբ որևէ աշխատողի աշխատանքի ընդունումը, աշխատանքային պայմանագրի հաստատումը և աշխատանքից ազատումը,

թ) «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային կամ կառավարություն ներկայացվելիք հաշվետվությունների, պլանների և այլ փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաստատումը,

ժ) ծրագրի տարբեր մասերի միջև հատկացումների փոփոխումը,

ժա) կառավարման խորհրդի անդամների թվի ցանկացած փոփոխությունը (նախապես ստանալով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գրավոր համաձայնությունը),

ժբ) շահառուների հանձնաժողովի կազմի ցանկացած ընդլայնումը և (կամ) փոփոխությունը (նախապես ստանալով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գրավոր համաձայնությունը),

ժգ) շահառուների հանձնաժողովի տեսակետների կամ առաջարկությունների քննարկումը և, իր հայեցողությամբ, աշխատակազմից` իրեն կամ շահառուների հանձնաժողովին համապատասխան տեղեկությունների և փաստաթղթերի տրամադրում պահանջելը,

ժդ) ցանկացած որոշման ընդունումը, որը վերաբերում է կազմակերպության վերակազմակերպմանը, կազմակերպության լուծարմանը կամ կազմակերպության վերակազմակերպմանը` պայմանով, որ յուրաքանչյուր նման որոշման համար կպահանջվի քվորում ապահովող` նիստին ներկա գտնվող, ձայնի իրավունք ունեցող կառավարման խորհրդի անդամների ձայների 75 տոկոսի հաստատումը (նախապես ստանալով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գրավոր համաձայնությունը),

ժե) ցանկացած այլ գործունեություն, պայմանագիր, փաստաթուղթ կամ գործողություն, որի համար համաձայնագրով պահանջվում է կառավարման խորհրդի հավանությունը կամ, որն անհրաժեշտ է համաձայնագրի իրականացման համար:

(36-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

37. Կառավարման խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի, այլ նիստերի ու ենթահանձնաժողովների նիստերի միջոցով: Կառավարման խորհրդի արտահերթ նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի, խորհրդի ցանկացած 2 անդամի կամ գլխավոր գործադիր տնօրենի պահանջով:

(37-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

38. Կառավարման խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը:

(38-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն) 

39. Նիստի անցկացման վայրի, ամսաթվի, ժամի և օրակարգի մասին ծանուցումը պետք է գլխավոր գործադիր տնօրենի (կամ, նրա կարգադրությամբ, կազմակերպության քարտուղարության) կողմից տրվի կառավարման խորհրդի յուրաքանչյուր անդամին` հերթական եռամսյակային նիստի վերաբերյալ` առնվազն 7 օր առաջ, արտահերթ նիստի վերաբերյալ` առնվազն 48 ժամ առաջ, իսկ հեռախոսով ծանուցման դեպքում` առնվազն 24 ժամ առաջ: Կառավարման խորհրդի ցանկացած անդամ կարող է հրաժարվել ծանուցման իրավունքից: Նիստին մասնակցելը համարվում է ծանուցման ստացման հաստատում:

(39-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

40. Կառավարման խորհրդի նիստերը տեղի են ունենում խորհրդի նախագահի աշխատասենյակում, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման վայր չնշանակի:

(40-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

41. Կառավարման խորհրդի բոլոր նիստերի ընթացքում որոշումներ ընդունելու համար քվորում ապահովվում է ձայնի իրավունք ունեցող անդամների մեծամասնությամբ` պայմանով, որ այդ մեծամասնությունը պետք է ներառի առնվազն 2 քաղաքացիական հասարակության ներկայացուցչի,

ա) եթե կառավարման խորհրդի որևէ նիստում քվորում ապահովված չէ, ապա ներկա գտնվող կառավարման խորհրդի անդամներն իրավասու են նիստը հետաձգելու` մինչև քվորումի ապահովումը` առանց հավելյալ ծանուցման.

բ) եթե կառավարման խորհրդի որևէ նիստի ընթացքում քվորում ապահովված չէ, ապա կրկնակի նիստի համար քվորում կհամարվի կառավարման խորհրդի` ձայնի իրավունք ունեցող անդամների մեծամասնության ներկայությունը` պայմանով, որ կառավարման խորհրդի բոլոր անդամները կրկնակի նիստի մասին պատշաճորեն ծանուցվել են (կամ հրաժարվել են ծանուցումից), և կրկնակի նիստի օրակարգում փոփոխություններ չեն կատարվել:

(41-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

42. Կառավարման խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաև կառավարության հրավիրված անդամներ` խորհրդակցական ձայնի իրավունքով: Անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել նաև օրակարգում ընդունված հարցերի գծով մասնագիտացած կամ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

(42-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն) 

43. Կառավարման խորհրդի` քվեարկելու իրավունք ունեցող յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայն: Բացառությամբ համաձայնագրով նախատեսված դեպքերի` կառավարման խորհուրդը որոշումներ է ընդունում ձայների պարզ մեծամասնությամբ` պայմանով, որ որոշումն ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 4 կողմ ձայն, ընդ որում, կողմ պետք է քվեարկի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից առնվազն մեկը: Եթե ձայները հավասար են բաշխվում, ապա նախագահի ձայնը վճռորոշ է: Կառավարման խորհրդի` դեմ քվեարկած անդամներն իրավունք ունեն ներկայացնելու հատուկ գրավոր կարծիք, որը պետք է կցվի նիստի արձանագրությանը: Կառավարման խորհրդի որոշումներն ստորագրում է նախագահը:

(43-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

44. Եթե համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, ապա կառավարման խորհուրդը կարող է որոշումներ ընդունել գրավոր համաձայնությամբ` առանց նիստ հրավիրելու, պայմանով, որ կառավարման խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է գրավոր ծանուցում ընդունվելիք որոշման մասին, և ձայնի իրավունք ունեցող կառավարման խորհրդի անդամների մեծամասնությունը, ներառյալ քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ, համաձայնել են որոշման հետ: Անկախ նշվածից` կառավարման խորհրդի առնվազն 2 անդամի պահանջով կառավարման խորհուրդը հրավիրում է նիստ (հեռախոսով կամ այլ կերպ)` նախքան գրավոր համաձայնությամբ նման որոշում ընդունելը:

(44-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

45. Եթե համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, կառավարման խորհրդի նիստերը կարող են անցկացվել հեռախոսակապով, տեսահամաժողովի կամ հաղորդակցության այլ այնպիսի միջոցներով, որոնք նիստի բոլոր մասնակիցներին թույլ են տալիս լսել միմյանց և խոսել միմյանց հետ:

(45-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

46. Կառավարման խորհրդի նիստերն արձանագրվում են, և արձանագրությունները կառավարման խորհրդի կողմից հաստատվելուց հետո երկշաբաթյա ժամկետում տեղադրվում են MCA-Armenia ինտերնետային կայքում: Կառավարման խորհրդի նիստերի արձանագրությունները պետք է պարունակեն նիստի օրակարգը, նիստի մասնակիցների անունները, քննարկված հարցերը, ընդունված որոշումները, այդ թվում` գրավոր համաձայնությամբ ընդունված որոշումները:

(46-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

47. Կազմակերպության գործադիր մարմինը (աշխատակազմը (տնօրենը և մյուս աշխատողները) աջակցում է կազմակերպության կառավարման խորհրդին` համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման վերահսկողության գործում, իրականացնում համաձայնագրով նախատեսված ծրագրի ընդհանուր կառավարումը, այդ թվում`

ա) մշակում, փոփոխում և վերահսկում է իրագործման պլանի բոլոր մասերը, աուդիտի պլանները և աուդիտի արդյունքում տրված հանձնարարականների նկատմամբ վերաբերմունքը, կադրային պլանները և «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի` վճարումների հայտագրերի պատրաստումը և ներկայացումը կառավարման խորհրդի հաստատմանը, ինչպես նաև հետևում նշված խնդիրների իրականացմանը.

բ) կառավարում, իրականացնում, համակարգում և վերահսկում է ծրագրի և նախագծերի մոնիթորինգն ու գնահատումը.

գ) մշակում, վերահսկում, կառավարում, համակարգում և իրականացնում է ծրագրեր, որոնք կարող են անհրաժեշտ լինել համաձայնագրի արդյունավետ իրագործմանը նպաստելու համար, ինչպես նաև ձեռք է բերում ու պահպանում կառավարման տեղեկատվական համակարգեր` ապահովելու համար ֆինանսական և ծրագրային տեղեկատվության պատշաճ գրանցումը.

դ) պատրաստում է ծրագրի ֆինանսական և հաշվապահական հաշվառման մասին հաշվետվությունները և աուդիտային հաշվետվություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող բոլոր ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունները.

ե) վարում է ծրագրի, այդ թվում` յուրաքանչյուր ծրագրի համար` առանձին, հաշվապահական հաշվառումը.

զ) իրականացնում է համաձայնագրով նախատեսված «Մ» և «Գ» պլաններով նախատեսված յուրաքանչյուր ծրագրի սկզբնական և վերջնական ուսումնասիրությունները, ինչպես նաև ընդհանուր ծրագրի և յուրաքանչյուր ծրագրի տվյալների հավաքման, վերլուծության ու հաշվետվության համակարգերի ստեղծման աշխատանքները.

է) իրականացնում և վերահսկում է գնումները` համաձայն «Գնումների մասին» պայմանագրի և գնումների վերաբերյալ ուղեցույցներով սահմանված չափանիշների.

ը) MCA-Armenia ինտերնետային կայքի վերահսկողությունը` համաձայնագրի վերաբերյալ թարմ տեղեկատվություն տեղադրելու համար.

թ) կառավարման խորհրդին ներկայացնում է խորհրդատվություն և գրավոր առաջարկություններ` ներառյալ կառավարման խորհրդի կողմից որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը` որոշումների վերաբերյալ առաջարկություններով.

ժ) հանդիպում է շահառուների հանձնաժողովի հետ` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, կառավարման խորհրդին տրամադրում է հաշվետվություններ հաշվետու ժամանակամիջոցում շահառուների հանձնաժողովի հետ հանդիպումների և դրա կողմից կատարված առաջարկությունների ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ.

ժա) ծրագրին վերաբերող հարկային արտոնությունների մասին տեղեկանքների պատրաստումը և տրամադրումը.

ժբ) կատարում է ծրագրի իրականացումը կառավարելու իր գործառույթի շրջանակներում ցանկացած այլ պարտականություն, որը ժամանակ առ ժամանակ կարող է պահանջվել կառավարման խորհրդի կողմից։

(47-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

48. Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը գործում է սույն կանոնադրության, համաձայնագրի և հիմնադրի կողմից տրված հանձնարարականների համաձայն։ Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը ղեկավարում է կազմակերպության ընթացիկ գործունեությունը և դրա հետ կապված`

ա) տնօրինում է կազմակերպության գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները) և գործարքներ կնքում կազմակերպության անունից.

բ) ներկայացնում է կազմակերպությունն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

գ) գործում է առանց լիազորագրի և տալիս լիազորագրեր.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

ե) բանկերում բացում է կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

զ) հաստատում է կազմակերպության կառուցվածքը.

է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և հսկում դրանց կատարումը.

ը) բաց և մրցակցային ընտրության գործընթացի միջոցով աշխատանքի է ընդունում կազմակերպության աշխատողներին.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին.

ժ) կազմակերպության աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, համաձայնագրով և հիմնադրի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ։

(48-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

49. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից և կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտներից:

(49-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

50. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ, տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

(50-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն) 

51. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

(51-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

52. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

(52-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

53. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

(53-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

54. Կազմակերպության կողմից կառավարվող (սպասարկվող) համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային միջոցները համարվում են պետական միջոցներ, որոնց ծախսման իրավասությունը, ըստ ծախսերի նախահաշվի, վերապահվում է կազմակերպությանը, և հաշվառվում են կազմակերպության արտահաշվեկշռում` հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն գործակալին հանձնված միջոցների հաշվառման կանոններին համապատասխան:

(54-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

55. Համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային միջոցների հաշվին ձեռք բերված (գնված) նյութական ու ոչ նյութական արժեքները համարվում են պետական սեփականություն, բացառությամբ կազմակերպության կարիքների համար ձեռք բերվածի, և հաշվառվում են կազմակերպության արտահաշվեկշռային հաշիվներում` մինչև համապատասխան ստացողին հանձնելը, որից հետո հաշվառվում են համապատասխան ստացողի հաշվապահական հաշվեկշռում` որպես սեփականություն կամ ստացողին ամրակցված գույք:

(55-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

56. Կազմակերպությունը սույն կանոնադրությամբ նախատեսված խնդիրներն իրականացնելիս ստացված շահույթն ամբողջությամբ ուղղում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը:

(56-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

57. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո մնացած կազմակերպության շահույթը կազմակերպության լիազորված պետական մարմնի թույլտվությամբ ուղղվում է կազմակերպության տեխնիկական զարգացման ֆոնդին:

(57-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

58. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(58-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

59. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

(59-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

60. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

(60-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

61. Կազմակերպությունը կարող է լուծարվել սնանկության հետևանքով:

(61-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

62. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել` միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

(62-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

63. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը կօգտագործվի 2006 թվականի մարտի 27-ին կնքված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրի համաձայն, որից հետո մնացած գույքը կուղղվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(63-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

VIII. ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

64. Սույն կանոնադրության որևէ դրույթի և համաձայնագրի որևէ դրույթի միջև հակասությունների առկայության դեպքում համաձայնագրի համապատասխան դրույթը կգերակայի: Համաձայնագրի փոփոխման դեպքում կառավարման խորհուրդը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` հնարավորինս սեղմ ժամկետներում սույն կանոնադրությունը համաձայնագրի փոփոխության հետ համապատասխանեցնելու համար։

(64-րդ կետը խմբ. 06.07.06 N 1008-Ն)

(հավելվածը խմբ. 06.07.06 N 1008-Ն, փոփ., խմբ. 24.07.08 N 776-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան