Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 163-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.07.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.07.15/23(297) Հոդ.218
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.05.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հուլիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008213

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 մայիսի 2008 թ.

թիվ 163-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 2-ի II գլխի 4.3. կետն ուժը կորցրած ճանաչել:

2) Կանոնակարգ 2-ի V գլխի 49-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«49. Ն31 , Ն32 , Ն41  և Ն42  նորմատիվների հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված են.

ա) Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերով,

բ) Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով կամ երաշխավորություններով,

գ) Որոշման Հավելված 3-ի (այսուհետ՝ Հավելված 3) Աղյուսակ 1-ի 6.6. կետով սահմանված կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերով,

դ) Հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6. կետով սահմանված կազմակերպությունների կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով,

ե) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանիշային գործակալությունների տրամադրած ԱԱ-(Աա3) և ԱԱ-(Աա3)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի թողարկած արժեթղթերով,

զ) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանիշային գործակալությունների տրամադրած ԱԱ-(Աա3) և ԱԱ-(Աա3)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով,

է) տվյալ բանկում ներդրված ավանդներով, տվյալ բանկին տրամադրված վարկերից կամ փոխառություններից բխող պահանջի իրավունքով:

Ընդ որում, այդ պահանջները և դրանց ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև պահանջների՝ մինչև մարումն ընկած ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկում ներդրված ավանդների՝ մինչև մարումն ընկած ժամկետները, տվյալ բանկին տրամադրված վարկերից կամ փոխառություններից բխող պահանջի իրավունքի իրականացման ժամկետները, ինչպես նաև երաշխիքների կամ երաշխավորությունների տրամադրման ժամկետները:»:

3) Հավելված 3-ի Գլուխ 2-ի Աղյուսակ 1-ի 6.30. կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.30. Ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված վարկեր և դեբիտորական պարտքեր, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթեր:»

100

4) Հավելված 3-ի Գլուխ 2-ի 10.1. կետը ուժը կորցրած ճանաչել:

5) Հավելված 3-ի Գլուխ 3-ի 16-րդ կետի ա. ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ա. ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի գծով առկա է սույն հավելվածի 26-րդ կետով սահմանված առաջնային ֆինանսական գրավ, որը վերագնահատվում է նվազագույնը վեց ամիսը մեկ անգամ, կամ Ստանդարտ և Փուրզ/Ֆիթչ/Մուդիզ վարկանիշային գործակալությունների կամ Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած այլ սուբյեկտի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Կենտրոնական բանկի երաշխիք կամ երաշխավորություն,»:

6) Հավելված 3-ի Գլուխ 3-ի 16-րդ կետի դ. ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«դ. փոխառուի վարկունակության և գրավի առարկայի, երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողի միջև չկա դրական կորելացիա (օրինակ՝ երաշխավորը փոխառուի հետ փոխկապակցված անձ չէ, կամ գրավը փոխառուի կողմից թողարկված արժեթուղթ չէ և այլն):»:

7) Հավելված 3-ի Գլուխ 3-ի 17-րդ կետի ա. ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ա. ՎՌԶՄ-ին ենթակա այն պահանջների նկատմամբ, որոնք դասակարգվել են որպես ոչ ստանդարտ և կասկածելի վարկեր և դեբիտորական պարտքեր, միջին ռիսկային և բարձր ռիսկային արժեթղթեր»:

8) Հավելված 3-ի Գլուխ 3-ի 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«18. ՎՌԶՄ-ի կիրառումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է կատարել սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված արժեքի տատանման գործակիցների միջոցով ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի և ապահովվածության մեծության ճշգրտում, եթե դրանց գծով սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված են արժեքի տատանման գործակիցներ, կամ ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և համապատասխան ապահովվածությունն արտահայտված են տարբեր արժույթներով:»:

9) Հավելված 3-ի Գլուխ 3-ի 22-րդ կետի առաջին նախադասությունը և երկրորդ նախադասության «Ընդ որում,» բառերը հանել:

10) Հավելված 3-ի Գլուխ 3-ի 23.2. կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«23.2. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողը

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ Կենտրոնական բանկը,

բ) դասվում է սույն հավելվածի 27-րդ կետով սահմանված շուկայի հիմնական մասնակիցների շարքին, որոնց նկատմամբ պահանջները, սույն հավելվածի 6-րդ կետի համաձայն, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 0% ռիսկի կշռով:»:

11) Հավելված 3-ի Գլուխ 4-ի 33-րդ կետը «ժամկետայնությունից» բառից հետո լրացնել «, արժույթից» բառով:

12) Հավելված 3-ի Գլուխ 4-ի 36-րդ կետի վերջին նախադասությունը հանել:

13) Հավելված 3-ի Գլուխ 4-ի 39-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

14) Որոշման Հավելված 4-ի (այսուհետ՝ Հավելված 4) Գլուխ 2-ի 7.1. կետում ««Դ» - արտարժույթների դիրքերի բացարձակ մեծություններն են՝ ըստ արտարժույթների տեսակների,» բառերը փոխարինել ««(Դ1 , Դ2 , . . . , ԴԱ ) - արտարժույթների դիրքերի մեծություններն են՝ ըստ արտարժույթների տեսակների,» բառերով:

15) Հավելված 4-ի Գլուխ 2-ի 7.2. կետի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ժամանակային շարքերը պետք է կազմված լինեն տվյալ օրվա և արտարժութային ռիսկի հաշվարկմանը նախորդող 250 աշխատանքային օրերի տվյալներից:»:

16) Հավելված 4-ի Գլուխ 2-ի 7.3. կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7.3 Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծություններն՝ ըստ օրերի.

Ln (ՓՕ / ՓՕ-1 );

որտեղ՝

«ՓՕ » տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքն է՝ տվյալ օրվանից «Օ» օր առաջ,

«Օ» արտարժութային ռիսկի հաշվարկման օրն է կամ դրան նախորդող 250 աշխատանքային օրերից մեկը:

17) Հավելված 4-ի Գլուխ 2-ի 7.8. կետի վերջին պարբերությունը «օրական» բառից հետո լրացնել «զուտ» բառով:

18) Հավելված 4-ի Գլուխ 3-ի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը, գրավադրված պարտքային արժեթղթերը, ինչպես նաև այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, որոնց հիմքում ընկած է պարտքային արժեթուղթ: Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը, ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով պարտավորությունները, որպես գրավ ստացված, ինչպես նաև բանկի կողմից հավատարմագրային կառավարվող պարտքային արժեթղթերը:»:

19) Հավելված 4-ի Գլուխ 3-ի 14.3. կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14.3. ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում պարտքային արժեթղթերի մինչև մարումն ընկած ժամկետայնությունը:»:

20) Հավելված 4-ի Գլուխ 3-ի 16.5. կետը վերջին «հանրագումարի» բառից հետո լրացնել «(բացարձակ մեծությամբ)» բառերով:

21) Հավելված 4-ի ամբողջ տեքստում «զուտ երկար» բառերը փոխարինել «երկար զուտ» բառերով, իսկ «զուտ կարճ» բառերը փոխարինել «կարճ զուտ» բառերով:

22) Հավելված 4-ի Գլուխ 4-ի 17-րդ կետը «տրված» բառից հետո լրացնել «սեփական» բառով:

23) Հավելված 4-ի Գլուխ 4-ի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«19. Կապիտալի գործիքների դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև ռեպո համաձայնագրերով վաճառված կապիտալի գործիքները, գրավադրված կապիտալի գործիքները, ինչպես նաև այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, որոնց հիմքում ընկած են սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված կապիտալի գործիքները: Կապիտալի գործիքների դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում ռեպո համաձայնագրերով ձեռք բերված կապիտալի գործիքները, ռեպո համաձայնագրերով ձեռք բերված կապիտալի գործիքների գծով պարտավորությունները, որպես գրավ ստացված, ինչպես նաև բանկի կողմից հավատարմագրային կառավարվող կապիտալի գործիքները:»:

24) Հավելված 4-ի Գլուխ 4-ի 21-րդ կետը «դիրքը» բառից հետո լրացնել «որպես ակտիվ հանդիսացող» բառերով:

25) Որոշման Հավելված 6-ի (այսուհետ՝ Հավելված 6) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրի գործողության ավարտը վարկառուն (համավարկառուն) գույքի նկատմամբ ունի սեփականության իրավունք:»:

26) Ուժը կորցրած ճանաչել Հավելված 6-ի 4-րդ կետը:

27) Հավելված 6-ի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Վարկի տրամադրման պահից առավելագույնը երկու ամիս առաջ գույքը գնահատվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:»:

28) Հավելված 6-ի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Վարկի գումարը տրամադրման պահին չի գերազանցում գույքի՝ գնահատված շուկայական արժեքից կամ ձեռքբերման գնից նվազագույնի յոթանասուն տոկոսը:»:

29) Հավելված 6-ի 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) ամսական մեծությունը չի գերազանցում վարկառուի (համավարկառուի) ամսական եկամտի (համախառն եկամուտ՝ հանած բոլոր հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները) քառասուն տոկոսը:»:

30) Հավելված 6-ի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) և վարկառուի այլ վարկային պարտավորությունների գծով կանոնավոր մարումների ամսական մեծությունների հանրագումարը չի գերազանցում վարկառուի (համավարկառուի) ամսական եկամտի (համախառն եկամուտ՝ հանած բոլոր հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները) հիսուն տոկոսը:»:

31) Հավելված 6-ի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«9. Վարկային պայմանագրի համաձայն վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրից բխող պարտավորությունների լրիվ կատարումն ընկած ժամկետի ցանկացած պահի դրությամբ գույքն ապահովագրված է ոչնչացման, վնասի և փչացման ռիսկերից՝ նվազագույնը վարկի մնացորդային արժեքի չափով:»:

32) Կանոնակարգ 2-ի ողջ տեքստում «փոխատվություն» բառը համապատասխան հոլովներով փոխարինել «փոխառություն» բառով՝ համապատասխան հոլովներով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 2-րդ ենթակետով Կանոնակարգ 2-ի փոփոխվող 49-րդ կետի «ե» ենթակետի, ինչպես նաև սույն որոշման 3-րդ, 5-րդ, 7-րդ, 11-րդ, 28-րդ, 29-րդ և 30-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ

Ա. Ջավադյան

 

2008 թ. հունիսի 5

Երևան